Հայկական անկախ իշխանության էության լավագույն ինդիկատորը ժամացույցի սլաքի հետ խաղերն էին: Դրանք սկսվեցին 1992-ին: Մեր սուպեր-ժողովրդավար տղերքը կոմունիզմի վերջին մնացուկները տապալելու գործին էին՝ սովետական արձաններն արդեն գցված էին, ու նրանց թվաց, թե ժամանակի սեզոնային փոխություններն էլ սովետներից եկող խաղեր են ու դրանց էլ է պետք վերջ տալ:
«Որոշեցին» արեցին՝ 1992-ի աշնանը վերացվեց ժամանակի սեզոնային շեղումը: Վրացիք հակառակն արեցին՝ սլաքը մեկ ժամ առաջ գցեցին և ուժի մեջ թողեցին սեզոնային փոփոխությունը:
Նորմալ տրամաբանության մարդու համար կատարվածն անբացատրելի էր: Երբ Երևանում ցերեկվա ժամը 12-էր, Թբիլիսիում ժամ 2-ն էր, չնայած այս քաղաքները մոտավորապես նույն միջօրեականի վրա են:
Էներգետիկ ճգնաժամն արդեն կար, ու դրան գումարվել էր նաև ժամացույցի սլաքի ահաբեկչությունը: Լույսը բացվում էր առավոտյան ժամը 5-6-ին, երբ մարդիկ անկողում էին, ու որևէ անելիք չկար, քանի որ ըստ ժամացույցի սլաքի՝ դեռ վաղ էր: Եվ մթնում էր ցերեկը ժամը 3-ին, քանի որ ժամացույցը հենց այդ ժամն էր ցույց տալիս: Փաստացի, իր աշխատանքային ռիթմով ու նիստ ու կացով Հայաստանը շեղվել էր արևից երկու ժամով:
1992-1993-ի ձմեռն ամենասարսափելին եղավ մեր կյանքում: Մութ ու ցուրտ տարիները սկսվեցին հենց այդ ժամանակ: Ցուրտը ջեռուցման բացակայությունից էր, իսկ մութը հետևանք էր էլեկտրաէներգիայի պակասի ու ժամացույցի սլաքի միտումնավոր շեղման:
Այս ինտելեկտուալ-քաղաքակրթական բարբարոսության հետևանքը եղավ մարդկանց տարրական ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Ու նաև դա խթանեց արտագաղթ-փախուստը երկրից:
Ժողովրդի ուղերձներն ու բողոքներն իշխանականին՝ ժամացույցի սլաքն իր տեղը բերելու մասին, մնացին անհաղորդ:
Մի քանի տարի անց, երբ արդեն ով արտագաղթելու էր՝ արդեն արտագաղթել էր, ու Հայաստանն էլ վեր էր ածվել Ռուսաստանի խամաճիկի, սուս ու փուս, ռուսների օրինակով, ժամացույցի սլաքն սկսեցին հնի պես, սեզոնայինով տանել:
Մի քանի տարի առաջ էլ, երբ Հայաստանն արդեն ռուսների ոչ թե խամաճիկն էր, այլ ֆորպոստը, հայ փառապանծ իշխանությունները մտածեցին, որ ֆորպոստին վայել չէ կենտրոնից տարբեր ժամանակ ունենալը, և սլաքն ուղղեցին համաձայն մոսկովյան ժամացույցի:
Վերջին երկու քայլերով, իրենցից անկախ ու առանց որևէ բան հասկանալու, հայկական իշխանությունները դրական բան արեցին, որովհետև բորդելային-ուտուշ-խմուշային կյանքին տուրք տված հայ ավագանին մնացած մարդկանց ևս իր կյանքի ռիթմն էր պարտադրում:
Իրոք, եթե շեֆը տուն է վերադարձել գիշերվա ժամը 2-ին, ապա հաջորդ օրն իր ակտիվությունը կսկսի լավագույն դեպքում ժամը 12-ին: Հետևաբար, իր հիմնարկում ու բիզնեսում էլ բոլոր աշխատանքները կարող են սկսվել ասենք ժամի 10-ին: Եվ այդպես էլ կա՝ Հայաստանը միակ երկիրն է աշխարհի երեսին, ուր կյանքն սկսվում է լուսաբացից շատ ավելի ուշ և ավարտվում է մայրամուտից շատ ուշ: Այ այդպիսի երկրում, որպես ֆորպոստ հարմարվելն ու աստղաբաշխական ժամանակից մեկ ժամ առաջ ընկած լինելը փրկություն էր մեզ համար:
Փաստացի, հետանկախական ժամանակահատվածում մենք հասցրեինք և հետ ընկնել աստղաբաշխական ժամանակից, և առաջ ընկնել: Իսկ քաղաքակրթական ժամանակի հարցում մենք ուղղակի չկանք: Մեզ մոտ երևի երկրագունդը ամառ-ձմեռային արևային տատանումը չունի՝ չէ որ մենք ուրիշ ենք՝ մենք Հայաստան ենք:
Այս օրերին, Ռուսաստանում սեզոնային ժամանակային շեղմանը վերադառնալու հետ կապված, նորից բարձրացել է սլաքի հարցը՝ «մոսկվան» արդեն մեկ ժամ հետ է ընկել, իսկ մերոնք՝ անտեղյակ-անտեղյակ, բաց են թողել պահը:
Սուս ու փուս հետ գցես սլաքը՝ մի քիչ սիրուն չի: Էսպես, իր տեղում թողնելն էլ երևի էլի սիրուն չի, չհաշված, որ շեֆն էլ կարող է նեղանալ, եթե իհարկե իր աչքին դեռ Հայաստան ու հայ իշխանություն գոյություն ունի:
Ինձ համար ակնհայտ է մի բան՝ հետսովետական առաջին խաղերը ժամացույցի սլաքի հետ դրսից հուշված ու երկիրն ավիրելու նպատակ հետապնդող քայլեր էին: Եվ մերոնք «գերազանց» կատարեցին առաջադրանքը:
Հետագա ժամանակային վայրիվերումները ողորմելի խամաճիկության արտահայտություն էին: Իսկ ներկա վերաբերմունքը՝ իշխանական ծայրահեղ անկարողության ու տգիտության վկայություն:
Տնտեսության ավիրումն ու երկրի կործանումը մենք միշտ կապել ենք ռուսական ծիրում գտնվելու, դրսի խամաճիկ լինելու ու օլիգարխիկ–պլուտոկրատիկ անտերության հետ:
Հիմա արդեն բոլորիս է պետք համոզվել, որ գործ ունենք իշխանական անմեղսունակ տգիտության հետ: Հարց որոշողներն ուղղակի գաղափար չունեն ժամից, ժամացույցից ու ժամանակից: Որովհետև եթե ունենային, ժամանակն ու սլաքը չէին կապի քաղաքականի կամ ֆորպոստության հետ: Գոնե իրենց բնական արևի իրավունքը կպաշտպանեին ոչ թե տիրոջ, այլ գոնե հենց իրենց խղճի առջև:
Իմ առաջարկն այն է, որ ձեռք չտրվի սլաքին: Ոնց կա, թող էդպես էլ մնա: Եթե մենք ամեն պարամետրով դուրս ենք գլոբուսից, ժամացույցով ինչու պետք է գլոբուսի վրա լինենք: