Մարդ ասածը բարդ բան է: Նա ինչ որ բաներ գիտի, ինչ որ բաներ չգիտի, ինչ որ բաներ հասկանում է, ինչ որ բաներ՝ ոչ:
Ինչ որ բան չիմանալը, կամ չհասկանալը ամեն մարդու իրավունքն է, բայց երկրի մեջ չիմացողի ու չհասկացողի կուլտն ու դիկտատն արդեն ոչ թե իրավունքի խնդիր է, այլ գոյատևման՝ լինել-չլինելու:
Այսօր մենք հայտնվել ենք չիմացողների ու չհասկացողների ողորմածության ներքո և գահավիժում ենք: Մենք չգիտեինք, թե ինչ է սահմանադրությունն ու սահմանադրականը, ու համապատասխանաբար ստացանք «սահմանադրական» մեր երկիրը:
Չգիտեինք, թե ինչ բան է կապիտալիզմն ու ազատական տնտեսությունը՝ և ստացանք մեր չիմացածին համարժեքը:
Չգիտեինք, թե ինչ է պետությունն, ու մսխում ենք այն:
Հիմա էլ չգիտենք, թե ոնց դուրս գանք էս վիճակից, և դրա համար էլ շարունակում ենք անդունդ գլորվելը:
1988-ին հրապարակ մտան մարդիկ, որոնք քաղաքականից ու քաղաքազիտականից անտեղյակ լինելով հանդերձ, սահմանեցին մեր պետականության ու հանրային կյանքի սկզբունքները: Նրանք վաղուց արդեն առաջին դեմքեր չեն, բայց նրանց ներդրած ընդդիմադիր ու իշխանական դրվածքները շարունակում են իշխել երկրում: Եվ հենց նրանց առաջնային դրվածքներով են զորք հանում ժողովրդի դեմ, դատում անմեղին, թալանում, հոշոտում, արտագաղթի դրդում մարդկանց:
Այդ նույն կոհորտայի կողմից ներդրված մտածալակերպն է, որ կատարվողը համարում է սովետականի մնացորդ՝ հայկական միջավայրից ու ներքին պատասխանատվությունից դուրս դնելով հայ տականքին ու հայ հանցագործին:
Համաձայն դրա, ամեն կործանարար երևույթ իր խորքային պատճառներն ունի, որոնք հայկական չեն: Կամ ասիական են, կամ սովետական, կամ անձնական, կամ պատմական, կամ պատահական:
Երկիր կործանող հայ օլիգարխը մեղավոր չէ՝ այլ նրա մեջ մնացած սովետն է մեղավորը: Հայ դատավորը մեղավոր չէ՝ սովետական դատական համակարգն է մեղավորը: Հայ գործակալը մեղավոր չէ՝ դեռ սովետից եկող նրա հիմնարկն է մեղավորը: Մշտապես պարտվող հայ միտինգիստը մեղավոր չէ, սովետական մտածելակերպն է մեղավորը:
Իսկ ոչի՞նչ, որ հայ օլիգարխների մեծամասնությունը սովետի օրոք բանտերում էր: Ոչի՞նչ, որ հայ դատավորների մեծամասնությունը սովետի օրոք իրավաբանական ընդունվելու համար փող հավաքող շարքային միլիցա էր: Որ սովետի օրոք Հայաստանը արդյունաբերական երկիր էր:
Առաջին նախագահը միավորվել է մարտի մեկի պատասխանատուներից մեկի հետ ու միտինգավորներին էլ պարտադրում է սուս մնալ ու ինքնագլուխ որևէ քայլ չանել, որովհետև ինքն ու օլիգարխն են «որոշելու» ազգի ճակատագիրը:
Եվ սա դեռ ընկալվում է ու հանդուրժվում: Ու ոչ միայն հանդուրժվում է, այլ «ռեալ պոլիտիկով» զինված, կրթված երիտասարդ քաղաքագետներն ու «ընդդիմադիր» ՏՎ կայանները «ռացիոնալ» բացատրություններ են տալիս կատարվող ազգակործան ֆարսին:
Մի ժամանակ հույս կար, թե վերջիվերջո կսպառվեն այլոց վրա հույս դնելու աղբյուրները, և ստիպված կլինենք հաշվի նստել ռեալ իրականության հետ, որում միայն մենք ենք, իսկ այլ գործոնները երկրորդական են:
Բայց տաբուները գնալով ավելի խորանում են: Եվ հիմա արդեն տաբուապատ են հարյուրավոր սրիկաներ, հանցագործներ ու բնատուր շեղվածներ:
Երկիրը կորցրինք, հիմա էլ մտավոր աճպարարությունների միջոցով հայ մարդուն ավիրելու գործին ենք:
Հանրային կյանքի ամեն պահ ինչ որ նախորդ քայլերի հետևանք է: Եթե մարդու ապագան ենթակա է ճակատագիր կոչված անորոշությանը, ապա հանրության համար ճակատագիր ասածն ինքնին անիմաստ է:
Անհատը, անձը ստատիստիկական չէ, միջինացված չէ, ամեն մեկն իր ուղով ընթացող է: Եվ հենց դրանում է մարդու՝ ճակատագրին ենթակա լինելու անխուսափելիությունը:
Իսկ հանրությունը միջին է՝ ստատիստիկորեն նկարագրելի-հաշվարկելի է: Հանրությունն ինքն է որոշում իր հաջորդ օրը, ճանապարհ տալով այս կամ այն ծրագրերին, լավին կամ վատին, իր լիդերներին, սրիկաներին, հանցագործներին կամ բարեգործներին: Հանրությունն ինքն է կերտում իր ճակատագիրը:
Եվ եթե այսօր մի տգետն այնքան ազդեցություն կունենա, որ միլիոններին կհամոզի սխալ ճանապարհով գնալու, ապա այդ հանրությունն արժանի է վաղվա հենց այդ կանխատեսելի օրվանը: Եվ այդ դառն օրն էլ հանրության ոչ թե ճակատագիրն է, այլ նրա ոչ ադեկվատության ու անկարողության ապացույցը:
Հանրություն ասածը դա թիվ չէ, միտինգային միլիոն չէ, «գյուղ կանգնի գերան կկոտրին» չէ, այլ ամեն անձի մեջ նստած աշխարհին նայելու արժեքայինն է: Եթե այդ արժեքայինը համարժեք է մարդուն ու իրականությանը, ապա այն ուղղորդում է բոլորին գործելու հատուկ մեթոդաբանությամբ ու նույն նպատակային դաշտում: Իսկ եթե ոչ՝ ապա տարակարծիք, անօգնական ամբոխ է ասպարեզում, որի ճակատագիրն այլևս որոշում են նրան կեղեքողները:
Չեչենները մեկ միլիոնից էլ քիչ էին, բայց կարողացան դիմադրել ռուսական ահռելի ռազմական մեքենային և հաղթեցին: Մենք Ռուսաստանից մի երկիր հեռու էինք, բայց հեքիաթային «հրաշքով» որպես պետություն հայտնվեցինք ռուսական կազարմայի կարգավիճակում, իսկ որպես ժողովուրդ էլ՝ ռուսական սևագործ աշխատուժի կարգավիճակում:
Ինչպե՞ս եղավ, որ չեչեններն այսօր Մոսկվայի տերն են, իսկ մենք՝ աղախինը:
Ինչպե՞ս եղավ, որ 23 տարվա մեջ երկիր կործանողներն այսօր էլի հարթակներին են, իսկ նրանց լսողները աշխարհով մեկ սփռված ու տնավեր եղած:
Ինձ համար դա այլևս զարմանալի չէ՝ որովհետև մեր ընկալմամբ հերոսը ճգնավորն է, պետական գործիչը՝ ողորմություն բաժանողը, փրկիչը՝ բարձրախոսով ճառ ասողը, իսկ պետությունն էլ քրեականների պաշտպանված արգելոցն է, որում ձայն հանելու, գործելու, ինքնուրույն քայլեր անելու իրավունքը քոնը չէ: Որ կան հարց լուծող այլ մարդիկ, որոնք քո փոխարեն սպանված ազգականիդ վրեժը կլուծեն, երկրիդ ապագան կորոշեն, քեզ պապենական տնից տեղահան անողին իբր կպատժեն, ու առհասարակ, քո փոխարեն կապրեն:
Դու չկաս՝ դու միտինգի գլխաքանակ ես, ուժայինի, ախպերականի ու դատավորի զոհ, պետության հպատակ ու թնդանոթի միս:
Դու «ոչինչ» ես՝ տղերքի, երևելիների, տականքի, օլիգարխիայի, ախպերականի ու ընդդիմության ոչինչն ես:
Ու ոչինչն էլ կմնաս, եթե շարունակես հավատալ պադավատով քո շահերը հոգացող փրկիչներին, քեզ թալանած ու դրա փշրանքները քեզ մատուցող բարերարներին, քո հաշվին բազա պահող ու երկիրը որպես նվիրատվություն ստացած ռուսներին ու բոլոր քեզանից դուրս եղած սուբյեկտներին: