Ազգովի մեր դժբախտ ճակատագրի ու վիճակի պատասխանի փնտրտուքի մեջ ենք: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ի՞նչը հանգեցրեց այս անփառունակ պետականությանն ու ոչ արժանապատիվ կյանքին:
Ես կարծում եմ, որ պատմականորեն, ինչ որ պահից սկսած, մենք կորցրել ենք պետականության ողնաշարը, սկսել իրար հալածել ու դարձել այն, ինչ կանք հիմա:
Տիգրան Մեծի օրոք մենք պետականության բարձրակետին էինք, իսկ Խորենացու «Ողբի» մեջ մենք արդեն մեր բոլոր մանրամասներով հանդերձ այսօրվա «մենքն» ենք: Իրականում Խորենացուց հետո մենք որակապես չենք փոխվել:
Խորենացին Մաշտոցից երկու սերունդ է հետ և եղել է նրա աշակերտը: Գրերի ստեղծման /405 թվական/ և Ողբի միջև /480-ականներ/ մոտ 75 տարի կա ընկած: Դժվար է պատկերացնել, որ Խորենացու նկարագրած հանրությունը սեփական գրերի կարիք ունենար և Մաշտոցին քաջալերեր գրերի ստեղծման ահռելի աշխատանքին լծվելու:
Հետևաբար, Մաշտոցի միջավայրն ու Խորենացունը գոնե ինչ որ առումներով սկզբունքապես տարբեր են եղել: Ինչ որ մի պրոցես է եղել ընթացքի մեջ այդ տարիներին, որը մի գուցե հայտնի է պատմաբաններին, բայց ես տեղյակ չեմ, և կփորձեմ ներկա անալոգիաներով և երևակայությամբ լրացնել իմ գիտելիքային բացը:
Իմ կարծիքով, այդ տարիներին մենք մսխելիս ենք եղել հայոց նախկին թագավորությունների փառքն ու նյութական ու արժեքային ունեցվածքը: Մաշտոցի միջավայրը դեռևս հպարտ, լեզվով և կենսակերպով առաքինի, սեփական արժանապատվության բարձրության վրա գտնվող շատ մարդիկ է ունեցել, որոնք պահանջկոտ և պատասխանատու մթնոլորտ են ձևավորել: Իսկ Խորենացու օրոք արդեն բոլորովին այլ արժեքային է տիրելիս եղել:
Այլապես դժվար է պատկերացնել Խորենացու նկարագրած հայտնի կերպարների համատարած առկայությունը 5-րդ դարում:
Ցանկացած քաղաքագետ կամ հասարակագետ կասի, որ այսքան մակաբույծ չէին կարող գոյություն ունենալ ստաբիլ վիճակում գտնվող երկրում: Նրանք կամ պետք է շահագործելիս լինեին նվաճված այլ ժողովուրդների, կամ էլ պետք է մսխելիս լինեին եղած ինչ որ պոտենցիալներ, շահագործելով իրենց իսկ ժողովրդին: Այդ տարիների Հայաստանն այլ երկիր չուներ նվաճած, հետևաբար վերը նշված երկրորդ սցենարի մեջ էր:
Խորենացու ժամանակների Հայաստանը կործանման գնացող հանրություն ու երկիր էր, և ի վերջո այդ ճանապարհով էլ գնաց: Բայց հետաքրքիր է, թե որոնք էին այն պոտենցիալները, որոնք կարող էին առիթ տված լինել նման մասշտաբային մակաբուծության գոյությանը երկրում:
Ինձ համար ամենաուշագրավը աշակերտի նկարագիրն է. «Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են»։ Հիմա էլ նույնն է՝ բացարձակ տգետ երիտասարդը, անտեղյակ իր տգիտությունից, «սովորեցնում» է իր հոր կամ պապու հասակի մեկին:
Նոր սերունդն իր չիմացածով և ուսուցիչ է, և պաշտոնյա, և նախարար, և դատավոր, և իշխանավոր, և յուրովի հարց լուծող: Եւ առհասարակ, երկրում հարց լուծողը լկտի, տգետ, վայրենի, քրեամերձ երիտասարդն է, կամ էլ այդպիսի երիտասարդությամբ կյանք ապրած ու արդեն տարիքավոր սրիկան:
Սա սերունդների միջև կապի բացակայության հիմնական ցուցիչն է: Նորմալը հակառակն է, երբ ավագ սերունդն է սովորեցնում երիտասարդ սերնդին: Իսկ եթե չկա սերունդների կապը, ապա չկա նաև նախորդ գիտելիքի, արժեքայինի ու մշակույթի փոխանցումը:
Այդ պայմաններում չկա օբյեկտիվը, այն փոխարինված է պատահականով, կեղծով ու դատարկությամբ: Չկան չափանիշերն ու իրական նպատակները՝ միայն ընթացիկ, անսկզբունք, անիմաստ մսխման պրոցես է, որին ներգրավված է ողջ հանրությունը: 5-րդ դարի հայերը մսխում էին հայոց նախորդ թագավորությունների ստեղծածը, մենք էլ հիմա մսխում ենք Սովետի օրոք կերտածը:
Սա մակաբուծություն է: Մակաբուծություն է հանդեպ ավագ սերունդը, հանդեպ միջավայրը, հանդեպ պետությունը, հանդեպ քո կողքինը և հանդեպ ապագա սերունդը:
Այն կշարունակվի, քանի դեռ կան ինչ որ մնացորդային ռեսուրսներ: Եթե դեռ կա մի կաթիլ արտեզյան ջուր, ապա այն կմսխվի իշխանի բուծման վրա: Եթե կան հանքեր, ապա նրանք կմսխվեն մինչև սպառվելը, եթե կա համեստ մարդը, մասնագետը, նորմալ մարդկային արժեքների կրողը, ապա նա էլ կմսխվի՝ դառնալով բանտարկյալ, արտագնա սևագործ, չարքաշ բանվոր, կամ էլ իրավազուրկ, զուտ գոյություն քարշ տվող հպատակ:
Եվրասիական միություն մտնելը զուտ նախագահի քմահաճույքը չէր՝ այն մակաբուծության նոր հույս է հայկական իշխանական ու ընդդիմադիր ողջ համակարգի համար: Իրոք որ՝ կմեծացվեն մաքսերը՝ առավել մեծ բյուջե կհավաքվի, ու իրենց թալանը կծաղկի:
Դեմները բողոքողներ կլինեն՝ ռուսական զինվորը կգա ապստամբին հալածելու ու իշխանավորին պաշտպանելու:
Մեկ հարվածով երկու նապաստակ է խփված՝ հայկական իշխանությունը կհալածի, կթալանի իր ժողովրդին, բայց ռուս զինվորն ու կգբ-ն կծեծեն մարդկանց: Եվ հայ իշխանավորն ու ընդդիմադիրն էլ կշարունակեն իրենց շրջապատում շշնջալ, թե մեր ձեռն ինչ կա՝ սաղ ռուսն ա մեղավորը:
Արդյոք սա չէ ներկա պահի հիմնական թեզը: Ու այս մակաբույծ թեզը չի եղել մեր վիճակի արդարացումը:
Վաղը եվրասիական մակաբուծության ասպարեզն արդեն պաշտոնապես կդառնա փրկօղակ յուրաքանչյուր հին ու նոր սրիկայի, դատավորի, ոստիկանի ու «հարց լուծող» լակոտի համար: Հետո ինչ, որ պետականությունը կորսված կլինի, իսկ հայն էլ աշխարհով մեկ պանդուխտ դառած:
Ի դեմս եվրասիական միջավայրի և տերերի, մակաբուծման նոր հնարավորություններ են ստեղծվել, և նոր՝ արտահայաստանյան տանիք է հայտնվել երկիրը չոքացրած այս իշխանությունների համար:
Առաջներում նախագահը բոլորի «տանիքն» էր, իսկ ինքն «անտանիք» էր: Հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը՝ այլևս անդեմ այս երկրում անտանիք պաշտոնյա չկա:
Մակաբուծել ենք դարերով ու կշարունակենք՝ երևի մեկ սերնդի մարսելիք էլ դեռ ունենք: