Տարածաշրջանը և մենք
Վերջին մի քանի ամիսներին մեր շուրջը սրընթաց աշխարհքաղաքական պրոցեսներ են ընթանում, որոնք կարող են ճակատագրական լինել Հայաստանի համար:
Քննարկենք հարցերը ըստ մասնակիցների և նրանց հեռահար շահերի:
Թուրքիա: Սկսած 2009-ին Դավոսում Իսրայելի նախագահ Սիմոն Պերեսի հանդեպ խաղարկած հզոր դիվանագիտական խաղից, այնուհետև 2011-ին «Գազայի ազատագրության նավատորմիղ»-ի կազմակերպմամբ ընդդեմ Իսրայելը՝ Թուրքիան մտել է աշխարհի գեոքաղաքական հզոր խաղացողների ակումբ և հաստատվել որպես ինքնուրույն սուբյեկտ, որի շահերն ու քայլերը դժվար հաշվարկելի են:
Սիրիայում ապստամբներին զինելու, բացահայտորեն ISIS-ին հովանավորելու, նրանց օգնությամբ քրդերին ու տարածաշրջանում այլ ուժերին մասնատելու, ու շանտաժելու թուրքական նկրտումները դեռևս ըստ արժանվույն չեն գնահատված մյուս մասնակիցների կողմից:
Գործը հասավ նրան, որ Թուրքիան պարտադրեց փոխնախագահ Բայդենին ներողություն խնդրել իրենց հասցեին արված բացարձակ տեղին քննադատության համար:
Թուրքիան բազմաքայլ, մեծ քաղաքական կոմբինացիաների նախաձեռնող է դարձել իր շրջապատում, որի շառավիղները մի կողմից Ռուսաստանում են, ապա թուրանում ու արաբական աշխարհում: Իսկ իր էլեգանտ դիվանագիտականով ու գործնական քայլերով հանդեպ աշխարհի հարց լուծող գերհզոր Իսրայելը՝ Թուրքիան դարձել է տարածաշրջանային համար մեկ պետությունը՝ ետին պլան մղելով մյուսներին:
Իր ներսում նա արյունալի հաշվեհարդարների մեջ է իր փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի դեմ արդեն մոտ մեկ դար, բայց և դա որևէ կերպ չի անդրադարձել նրա միջազգային վարկի վրա:
Դեռ որ Թուրքիան կարողացել է «մարսել» իր բոլոր հանդուգն քայլերը և աշխարհի հզորների վերաբերմունքից չի էլ նշմարվում, թե երբևէ նրա դեմն առնվելու է:
Թուրանի կերտման քողարկված, լուռ, անդրկուլիսյան պրոցես է ընթանում, Իսկ Ալիեւի հետ տանդեմով ու Վրաստանի ակտիվ միջամտությամբ Հայաստանին ծնկի բերելու և երկրի հայաթափման արդյունքներով, Թուրքիան արդեն իսկ ֆանտաստիկ արդյունքներ ունի:
Թուրքիան առերես որևէ պետության դեմ թշնամություն չունի, սակայն իր քողարկված մանիպուլատիվ իսլամական ու ազգայնական լծակներով ահռելի հզորության տեր է:
Թուրան. 1988-ին, ղարաբաղյան շարժման սկզբին, մեզ մատուցվեց թեզը, թե ժամանակներն արդեն փոխված են, և որ պանթուրքիզմն ու թուրանիզմն արդեն սպառված, իրենց դարն ապրած գաղափարներ են, և մենք այդ առումով որևէ վտանգի մեջ չենք:
Բայց արդեն 91-ից մենք տեսանք, թե ինչպես Թուրքիան ակտիվորեն սկսեց շրջափակումը մեր հանդեպ, որը շարունակվում է առ այսօր: Իսկ ռազմաքաղաքական համգործակցությունը Ադրբեջանի ու թուրանական մյուս երկրների հետ, որին ներգրավված է նույնիսկ Եվրասիական միություն մտած Ղազախստանը, որևէ տարակուսանք չեն թողնում, որ Թուրանն արդեն իսկ կայացած ռազմաքաղական մեծ ուժ է Թուրքիա-Միջին ասիա ահռելի տարածքում:
Թուրանն արդեն կա ու գործում է, այլապես որն է բացատրությունը, որ հեռատես ու իմաստուն Նազարբաեւը հանդես է գալիս Հայաստանի սուբյեկտայնության դեմ շատ ավելի ակտիվորեն, քան առկա թուրքական սուբյեկտներից որևէ այլ մեկը:
Մինչև հիմա ամբողջ աշխարհի համար ղարաբաղյան հարցը ուլտիմատիվ տոների հարց չի եղել որևէ մեկի համար: Բայց արի ու տես, որ Նազարբաեւը իր ուլտիմատիվ պահանջներով հարցականի տակ դրեց Հայաստանի սուբյեկտայնության հարցը: Ավելին, ղարաբաղյան հարցն ամբողջովին անջատեց իր կոնտեքստներից և հասավ իր նպատակին:
Թուրանն այլևս իրողություն է և ծայրահեղ թեթևամտություն կլինի, մանավանդ հայերիս համար, այն որպես հիպոթետիկ, կամ անհավանական համարելը:
Եվրասիական միություն: Այս գաղափարը՝ որպես հետսովետական մնացորդային միջուկ, դեռ Սոլժենիցինի կողմից էր առաջ քաշված: Այն նպատակ էր հետապնդում պահպանել ռուսականը սլավոնականի հիմքի վրա՝ գումարած Ղազախստանը:
Իր ժամանակին այն չիրացվեց, ու ղազախներն էլ երբևէ դեմ չեղան գաղափարին: Իսկ երբ Պուտինն այն վերցրեց որպես իրագործելի, ապա պարզվեց, որ Ուկրաինան արդեն թշնամական է հանդեպ Ռուսաստանը, Բելառուսն իր խաղային տարերքների մեջ է, իսկ Նազարբաեւյան Ղազախստանն էլ իր 2,7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով ու ահռելի բնական ռեսուրսներով արդեն ինքնուրույն ու պայմաններ թելադրող “գերտերություն” է:
Եվրասիան մի գուցե կայացել է թղթի վրա, բայց որևէ հավանականություն չկա, թե կկայանա իրականում: Ակնհայտ է, որ կամակոր Պուտինի համար Եվրասիան դարձել էր սևեռուն-կպչուն միտք և ամեն գնով պետք է իրագործվեր: Եվ հիմա արդեն, իրագործվելուց հետո, մի գուցե ռուսները կհասկանան, որ քաղաքականության մեջ արհեստականությունը թույլատրելի է միայն մեծ խելագարներին կամ տհասներին: Թե դրանիցից որն է եղել հիմնականը ռուսների դեպքում՝ կտեսնենք մոտ ապագայում:
Ռուսաստան. Սովետ միության կործանումից ստացված մեծ տնտեսական խթանից հետո ներկայում արևմուտքը կանգնած է ֆինանսական ծանր խնդիրների առջև:
Իրաքյան պատերազմով սկսված, ապա արաբական գարուններով հրահրված տեղային փլուզումները չտվեցին շոշափելի արդյունք: Իսկ BRICS երկրների կոնսոլիդացիայի հետ կապված, Արևմուտքը հասկացավ, որ հասել է Ռուսաստանին որպես պաշտոնական թշնամի ձևակերպելու պահը: Որ այլևս տեղային պատերազմներով հնարավոր չէ ապահովել ֆինանսական հեգեմոնիան, և պետք են առավել լուրջ պատերազմներ և երկարատև հակամարտություններ:
Ուկրաիանական մայդանը և Ղրիմի ինքնորոշումը բավարար եղան արևմտյան կոնսոլիդացիայի համար, և Ռուսաստանն այլևս Արևմուտքի համար մեկ պաշտոնական թշնամին է:
Ակնհայտ է, որ գնալով օղակը Ռուսաստանի շուրջը սեղմվելու է, և այդ պայմաններում ռուսներին անհրաժեշտ են զիջման փոխարկելի ռեսուրսներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի դիմակայել Արևմուտքին:
Ի հակադրություն եվրասիական միության ընդհանուր արհեստականությանը, Պուտինի կողմից Հայաստանին Եվրասիա քարշ տալը կոնկրետ նպատակներ է հետապնդում և իմաստալից է միայն իր կոնկրետ տրամաբանության շրջանակներում:
Հայաստանը այնտեղ է մտցվել մի քանի նկատառումներով.
1. Վերջին 23 տարիներին Ռուսաստանը տիրացել է ահռելի ենթակառուցվածքների ու ունեցվածքի Հայաստանում: Եվ ռուսները չեն կարող եղածը զիջել այլ տերերի՝ անկանխատեսելի պարագաներում, ասենք պատերազմի դեպքում:
2. Եվրասիական խողովակներով հնարավոր կլինի Հայաստանում մշտապես ունենալ խամաճիկ ղեկավարություն, որը կհպատակվի ոչ թե եվրասիական, այլ զուտ ռուսական պահանջներին:
3. Ղարաբաղյան հարցի շնորհիվ ռուսները մեծ մանիպուլատիվ պոտենցիալ ունեին հայ-ադրբեջանական հարաբերություններում, և սա լավ ռեսուրս էր նաև ռուս-ադրբեջանական հարցերի առումով: Իսկ ներկայում, որպես ոչ սուբյեկտ Եվրասիայում հայտնված Հայաստանի պարագայում, ռուսները ձեռք են բերում առավել մեծ լծակներ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
4. Ոչ սուբյեկտային Հայաստանի հանդեպ գերիշխանությունը նաև ահռելի խաղաքարտ է ռուսների համար ռուս-թուրքական և ռուս-թուրանական հարթություննում:
5. Հայաստան-Ղարաբաղ տարածքը թուրքերին ու թուրանին մաս-մաս զիջելը ռուսներին մի քանի տասնամյակ ձգվող առավելություններ ու հնարավորություններ կտա միջազգային ռազմաքաղաքական հարթակներում:
ISIS. Մեր սահմաններից ոչ հեռու ծավալվող և աշխարհն արդեն սարսափի հասցրած իսլամական և պարտիզանականի ոճով ձևակերպված այս շարժումը օրեցօր նոր հաղթանակներ է տոնում:
Շատ բան դժվար հասկանալի է այս պրոցեսում: Մոտ մեկ տարի առաջ գրավելով Մոսուլը, նրանք կողոպտեցին մի բանկ, տանելով $ 425 միլիոն: Սա աշխարհի պատմության մեջ երևի ամենամեծ կողոպուտն է: Որպես կանոն, բանկերը նման մեծ գումարներ չեն ունենում իրենց պահուստներում: Բայց այս դեպքում, կարծես հատուկ նվեր է պատրաստած եղել: Կամ էլ նման բան չի եղել իրականում, բայց ասվել է նման կողոպուտի մասին, որպեսզի հետագայում հարցեր չծագեն այդ շարժման ֆինանսավորման հետ կապված:
Հիմա էլ պարզվում է, որ ISIS-ը մեծ քանակությամբ նավթ է արտահանում Թուրքիայի միջոցով:
Այսինքն, ISIS-ը ներկայանում է որպես ֆինանսապես հզոր, պետությանը հավասար մի ուժ, սակայն որը մի տեսակ խելագարի մեկն է, որի հետ բանակցելու հնարավորություններ էլ չկան:
Հետևաբար, եզրակացությունն այն է, որ ISIS-ը միջազգային հզոր հովանավորներ ունի, որոնց հեռահար նպատակները դեռևս անորոշ են:
Այն, որ կոնկրետ նպատակ է դրված Սիրայի ղեկավարության դեմոնտաժի հարցը, Սիրիայի մասնատման հարցը, քրդերին անկյուն քշելու հարցը, արաբական հարցերը շղարշելը, և լոկալ պատերազմներով աշխարհին գամված վիճակում պահելը, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ դեռևս այս ամենից շահած է դուրս եկել Թուրքիան:
Թե որ ուղղությամբ կշարժվի ISIS-ը հաջորդ քայլով, դժվար կանխատեսելի է: Ակնհայտ է, որ նրանք հանդես են գալիս որպես միջկրոնական պատերազմի կողմնակիցներ: Իսկ թե որտեղ կլինի այդ պատերազմի առաջին թատերաբեմը, կախված է սցենարիստների մտահղացումներից: Եթե նրանց ծրագրերում միջկրոնական հետագա էսկալացիան է, ապա Հայաստանը մերձակա ամենահեշտ և ամենահարմար թիրախներից մեկն է նման մտահղացման համար:
Մի կողմից, Հայաստանը Թուրանի կոկորդում է, և թուրքերը շահագռգիռ կլինեն ոչ իրենց ձեռքերով այստեղ պատերազմ հրահրելու մեջ: Մյուս կողմից էլ, Գենոցիդով անցած Հայաստանը քրիստոնեական թերակղզի է մուսուլմանական աշխարհում, որին կարելի է նոր փորձությունների մեջ մտցնել, աշխարհին դեպի մահմեդականությունը հրահրելու համար:
Մենք: Անկախությունից հետո մենք ամեն հնարավորությունն ունեինք քաղաքակիրթ երկիր դառնալու: Բայց կատարվեց անհնարինը՝ մենք արտաքսվեցինք երկրից, կորցրինք պետականությունը, իսկ որպես էթնոս էլ դարձանք պատանդ մեր տականքի ձեռքին:
Իսկ թե ինչու 2014-ին, ճակատագրական այս պահին էլ ռազմաքաղաքական նման գերազանց դիրքեր ու պոտենցիալներ ունեցող Հայաստանը ոչնչացվեց որպես պետություն՝ հենց այս անփառունակ նախագահով, այս անինքնասեր պառլամենտով, այս տգետ ու պատեհապաշտ ընդդիմությամբ ու այս նվաստացմանը հասած ժողովրդով՝ քննարկման այլ հարց է: