Ժամանակակից աշխարհում գեոքաղաքական մեծ գործերը որպես կանոն արվում են բազմաշերտ կոնսպիրացիոն փաթեթների կիրառմամբ, որոնք առաջին հայացքից շատերի համար ընդունելի լուծումների տեսքով են, ինչպես օրինակ իրաքյան ու աֆղանական պատերազմներն էին, կամ արաբական գարուններին արևմտյան միջամտությունները:
Սակայն երբ արդյունքն է ձևավորվում, մեկ էլ պարզվում է, որ իբր ինչ որ բան այնպես չի ստացվել, սցենարը շեղվել է նախնական առաքինի նպատակներից, և նախապես խոստացվածը չի «կայանալու»:
Իրականում ահռելի անալիտիկ կենտրոններ և ամբողջ ինստիտուտներ են մշակում նման սցենարները և դրանց վրա միլիարդներ են ծախսվում:
Ըստ որում, այնքան մանրամասն են մշակվում մոտավոր անելիքների բոլոր ճյուղավորումները, հրապարակայնորեն ասելիքներն ու իրական անելիքները, որ ոչ հեռատես անհատները և ոչ էլ հանդիպակաց հետախուզական ուժերը չեն կարող լրիվ բացահայտել սպասվելիքը:
Բանն այն է, որ նման գործերը չունեն նախապես մշակված կարծր սխեմաներ, այլ տարվում են ըստ ընթացքի ու համաձայն ճյուղավորված իրավիճակային սցենարների: Ամեն պահի իրականացվում է անելիքի ճշգրտում և առաջարկվում է նոր սցենար: Պահանջվում է պահպանել միայն նպատակային գիծը, մնացած ամեն ինչը փոփոխման ենթակա է:
Օրինակ մինչև հիմա բացահայտված չէ, թե որոնք էին վերը նշված պատերազմների ու ներխուժումների իրական նպատակները: Կան մի քանի արդյունքներ, որոնց վերաբերյալ նույնիսկ այսօր՝ տարիներ անց, դժվար է ասել, թե արդյոք դրանք նախապես հաշվարկված են եղել, թե ոչ:
Օրինակ պատերազմներից փախչող մահմեդական փախստականների կուտակումը Եվրոպայում ահռելի ծանր հարված էր եվրոպացիների համար, բայց կարճաժամկետ հեռանկարում այն ձեռնտու էր ԱՄՆ և որոշ այլ երկրների համար, ֆինանսական մագնատների ու համաշխարհային օլիգարխիկ ուժերի համար:
Մտածել, թե այդ պատերազմները ծրագրավորողներն անտեղյակ էին, կամ չէին կանխատեսել այս հետևանքերը, լուրջ չի լինի: Բայց և այնքան բազմազան են շահավետ ու վնասակար արդյունքերը կարճաժամկետ ու հեռանկարային առումներով ու տարբեր մասնակից սուբյեկտների համար, որ անհնար է միարժեք եզրակացությունների գալ, թե արդյոք դրանք ևս սցենարի մաս էին, թե ոչ:
Մոտավորապես նման վիճակ է նաև ուկրաինական պատերազմի հետ կապված: Սկսված է մի ահռելի պրոցես՝ Ռուսաստանը մասնատելու պրոցեսը, և նախապես հնարավոր չէ ասել, թե արդյոք նախագծողները լրիվ հաշվարկել են հետևանքները, և իրականում արդյոք դա հաշվարկելի է, քանի որ ի տարբերություն այս դեպքի, նախկինում պատերազմներն ընթացել են սահմանափակ տարածքում և առանց կողմնակի անվերահսկելի խաղացողների միջամտության:
Ներկայում և տարածական, և ռազմական-ուժային ու հեռանկարային այլ մասշտաբներ են: Ուժի մեջ են բազմաթիվ հրահրված պրոցեսներ, որոնք մեծ օպերատիվ հնարավորություններ ու ճկունություն են ապահովում նախագծողներին:
Միաժամանակ, հրապարակի վրա են և Ուկրաինայի պետական կազմակերպման ու կողմնորոշման հարցը, և Ռուսաստանին պատժելու կամ մասնատելու հարցը, և մահմեդական էքստրեմիստ ISIL-ը, քրդական հարցը, Իրանը, Գազայի հարցը, հետսովետական թեժ կետերը, BRICS –ը և այն կազմող տարբեր երկրների նկատմամբ վերաբերմունքի հարցերը:
Իրականում ցուցակը շատ ավելի մեծ է, բայց այս ամենի շարժիչ ուժն ընդամենը մեկն է՝ միջազգային ֆինանսական կարտելը:
Ըստ նախկինում իրացված դեպքերի կարելի է ասել, որ սցենարիստները դեռ երբևէ պարտություն չեն ունեցել կոնկրետ իրենց առաջարկված անելիքի առումով: Ինչ առաջարկվել է, այն ծրագրավորվել և իրացվել է:
Այլ հարց, որ հենց ֆինանսական օլիգարխիան առանց որևէ վերահսկման նախաձեռնել է բազմաթիվ անհավասարակշիռ քայլեր, որոնց արդյունքում Արևմուտքը հայտնվել է ծանրագույն ֆինանսական իրավիճակում:
Առաջին հերթին դա վերաբերում է Չինաստանի արդյունաբերական կենտրոն դառնալուն «անզգուշաբար» սատարելուն: Մարդկային ու տնտեսական ռեսուրսներով հզոր BRICS երկրների հեռանկարային հզորացման դեմն առնել չկարողանալուն:
Իսկ կոնկրետ արաբական ու մահմեդական երկրներում տարվող պատերազմների առումով իհարկե չի եղել մի դեպք, որում սցենարից դուրս թեկուզ մի քայլ է կատարվել: Ով որ պետք է պարտվեր՝ պարտվել է: Որտեղ պետք էր ներսում թշնամացնել՝ թշնամացվել է: Ում պետք էր ավիրել՝ ավիրվել է: Դեռ որ անթերի են ընթանում ընդհանուր մեծ խաղերը
Ըստ նախանշանների ու դրանց ուժգնության կարելի է ասել, որ մոտավորապես նման սցենար էլ մշակված է ռուսների հանդեպ: Դժվար է ասել, թե ինչ խորության է նպատակային խնդիրը՝ Ռուսաստանի մասնատում, կործանում, Սիբիրի զավթում, թշնամանքի կուտակում ու ռուսներին որպես արևմտյան աշխարհի երկարաժամկետ կոսնոլիդացնող թշնամի ձևակերպում /սառը պատերազմ- 2/, ռուսների հանդեպ պատժամիջոցների կիրառմամբ BRICS երկրների ծրագրերի տապալում և առհասարակ կամակորների սանձահարում, պերմանենտ միջուկային պատերազմի վտանգի հարցը նորից միջազգային օրակարգ մտցնելը:
Սցենարնները շատ են, բայց թե որը, կամ որոնք կիրացվեն, պարզ չէ:
Նկատվում են նաև մի քանի ածանցյալ սցենարներ ևս, որոնցից կարևորներն են Եվրոպայի նկատմամբ ամերիկյան վերահսկողության ավելացումը, Ուկրաինայում Խազարիայի ստեղծման հեռանկարը, ներսլավոնական թշնամության սերմանումը և խորացումը, ռուսական հարևանության բևեռացումը հանդեպ Ռուսաստանը և այլն:
Ակնհայտ է, որ Ռուսաստանի հանդեպ արևմտյան թշնամանքի սրման սցենարին զուգահեռ, մերձռուսական տարածքների ռազմաքաղաքական շախմատային տախտակի ահռելի վերաձևումներ են պահանջվելու:
Այս փուլում դժվար է կանխատեսել սպասվող հրահրումների վերջանական դասավորությունները, բայց և որոշ կանխատեսումներ հնարավոր են:
Որպես կարևորագույն ռեսուրսային երկրի, պետք է թուլացվի է լարվածությունը Իրանի հանդեպ, ու դա կատարվում է:
Արդեն օրակարգի մեջ է շրջապատող երկրներին հանդեպ Ռուսաստանը որոշակիորեն վերադասավորելու հարցը: Այս համատեքստում ածանցյալ բազմաթիվ ծանր խնդիրներ են առաջանում, որոնք նախկինում հիմնականում Ռուսաստանի հոգածության հարցեր էին, իսկ հիմա դառնում են արևմուտքինը:
Օրինակ, խնդիր է ծագում Հայաստանի ապագայի ու Թուրանի հետ կապված: Թուրանը ռուսների, ինչպես նաև Չինաստանի բնական թշնամին է, և այդպիսին կլինի անկախ արևմուտքի կամքից: Բայց և Թուրանը Սիբիրի նկատմամբ նկրտումներ ունեցող է, և այդ առումով հակադիր է արևմտյան նպատակներին: Ինչպես նաև Թուրանն Իրանական Ատրպատականի հանդեպ անխուսափելի պահանջներ ունի, որը հակասում է Իրանին հատկացվելիք նոր դերերին, ինչպես նաև Թուրանի խիստ ուժեղացման գործոն է, որը որևէ կերպ ձեռտնտու չէ Արևմուտքին:
Կամ էլ խնդիրը, թե ինչպես վերաբերվել Ղազախստանին, որը մեծ ռեսուրսային հզորություններ ունի, տարածքով աշխարհի ամենամեծ երկրներից է և արդեն լուրջ միջազգային խաղացող է մոտակա և հեռահար հարևանության առումով՝ ներառյալ Չինաստանը:
Պետք է նշել, որ իրենց սցենարները ռուսների դեմ լիարժեք իրացնելու անհրաժեշտ պոտենցիալն արևմուտքն ունի, և այլ մասնակիցների, մանավանդ մահմեդական «օգնողների» կարիքը չունի:
Այս սցենարների ֆոնին, Հայաստանի հանդեպ և ռուսների, և Արեւմուտքի վերաբերմունքը մեծապես կախված է լինելու մեր պետական պատասխանատուների քայլերից: Եթե շարունակվի մինչև հիմա տարվող ոչ սուբյեկտային գոյակերպը, ապա հնարավոր է, որ համատեղ որոշում կայացվի հայկական պետականության խիստ սահմանափակման կամ վերացման վերաբերյալ, և մի գուցե Իրանով ու Վրաստանով պատնեշվի հայկական տարածքը Թուրանի հանդեպ, որը ձեռնտու կլինի և ռուսներին, և Արևմուտքին:
Սպասվում են ծանրագույն ժամանակներ, որին որևէ կերպ պատրաստ չէինք և հույս էլ չկա, որ մոտ ապագայում կկարողանանք ներկայանալ որպես պահանջատեր ու ինքնուրույն սուբյեկտներ: