Վարդան Պետրոսյանի «դատավարությունը» մի ահռելի հայելի է, ուր արտացոլված են և հայ պետականությունը, և հայ դատավորը, և հայ էլիտան, և հայ մարդն ընդհանրապես:
Վարդանին բանտում պարփակած վթարից անցել է 11 ամիս, բայց և թքած ունենալով վթարի մանրամասների, մասնակիցների վարքի ու ֆիզիկայի օրենքների վրա, իշխանությունը շարունակում է բեսպրեդելը:
Դատավորի ու դատական համակարգի փոխարեն ես հատուկ եմ ասում «իշխանությունը», որովհետև անկախության 23 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանում չկան ոչ անկախ դատական համակարգ, ոչ իշխանության անկախ ճյուղեր, և ոչ էլ օրենք: Այլ կա օլիգարխական օբշակ, որն իր աչքաչափով ու ցանկությամբ վարում է հայաստանյան կյանքը:
Իշխանականի մասով ինձ ամեն ինչ պարզ է՝ տգետ, հանցագործ, չտես ու սահմանափակ մարդիկ վերցրել են իշխանությունը, տիրացել երկրի հարստությանն ու ապագային ու անում են խելքներին փչածը:
Բայց ինձ պարզ չէ, թե ինչու են լուռ ոչիշխանականները՝ շարքայիններն ու էլիտար հատվածը: Այն հատվածը, որը Վարդան Պետրոսյանի ելույթներին գնում էր որպես իշխանականի վայրենին քննադատող-ձաղկող դերասանի համակիրը, համախոհն ու դաշնակիցը: Այն հատվածը, որը Վարդանի անմեղության ու տուժող լինելու մասին ինքնուրույն եզրակացությունների կարող էր հանգել իր կյանքի փորձի ու գիտելիքի շնորհիվ՝ վթարի առաջին իսկ պահից: Իսկ եթե ոչ անձնական գիտելիքի, ապա գոնե վստահելի ծանոթների եզրակացությունների շնորհիվ:
Բայց ինչպես միշտ, գերակայեց «շառից ու փորձանքից հեռու» անմարդկայինն ու շահեկանը՝ դե ինչ իմանաս, մարդ ես, մեկ էլ տեսար Վարդանը հարբած է եղել, մեկ էլ տեսար արագ է քշել, մեկ էլ տեսար քշել չի իմացել, մեկ էլ տեսար… ի՞նչ իմանաս:
Ու անցել է համարյա մեկ տարի և անատամ ստորագրություն հավաքելուց՝ առ երկրի տերերը, էն կողմ հայ էլիտան՝ Վարդանի երկրպագուն, հայ մասնագետն ու հայ քաղաքացին չգնացին:
Հայաստանում գոնե 500 ֆիզիկայի ուսուցիչ, մի 100 ֆիզիկայի դասախոս ու 400 էլ գիտնական կլինի գիտահետազոտական հիմնարկներում: Նրանց գոնե 10 տոկոսը, այսինքն հարյուր հոգի կարդացել են վթարի մասին, նայել նկարներն ու տեղյակ են մանրամասներին ու գիտեն, որ՝
1. Ըստ պարզագույն կինեմատիկայի օրենքների, Վարդանի մեքենան չէր կարող ընթացքով դուրս գալ ճանապարհից, ճակատային հարվածել իբր ճանապարհից դուրս կանգնած մեքենայի հետին ամբողջ մասին, ու այդ մեքենան դուրս հրվեր դեպի ձախ ու հանդիպակաց կանգներ ճանապարհի ձախ մասում: Որովհետև նման բան անհնար է համաձայն կինեմատիկայի օրենքների:
2. Եւ այդպիսի, նույնիսկ տեսականորեն անհնար հարվածից հետո էլ Վարդանի մեքենան չէր կարող ճանապարհին զուգահեռ մնար, այն անպայման պետք է կամ շուռ գար, կամ էլ առավել թեքությամբ կանգներ ճանապարհի հանդեպ: Որովհետև ճանապարհից դեպի ճամփեզր մտնող մեքենան ունի կինետիկ թեք վեկտորային բաղկացուցիչ, որը պետք է բացահայտվի բախման արդյունքում մեքենայի վերջանական դիրքի մեջ:
3. Հետևաբար, վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում, ուր Նիվան հայտնվել է հետընթացով: Այդ պայմաններում Վարդանը որևէ հնարավորություն չուներ խոսափելու բախումից:
Այսքան բանը հոյակապ գիտեն ժողովրդի կեսը կազմող բարձրագույն կրթություն ստացած ավագ ու միջին սերնդի մարդիկ, բայց լուռ են:
Այսքան բանը գիտեն բոլոր առողջ տրամաբանության տեր ոչ մասնագետներն ու հումանիտարները, բայց լուռ են:
Իրականում այսքան բանը գիտի ողջ երկիրն ու ողջ հայությունը, բայց և հետադարձ ազդու ձայնը չկա:
Եւ արդյունքում՝ տուժած, իրականում անմեղ Վարդանը բանտում է, «դատ» կոչված հաշվեհարդարը ընթանում է, և Վարդանի ապագան կախված է միայն իշխանականի քմահաճույքից՝ կամ բութները ներքև կպարզեն, ոնց գլադիատորների դեպքում, Վարդանին կործանելու պահանջով, կամ էլ մեծահոգաբար կորոշեն մի 10 տարի «փտեցնել» բանտում, իսկ հետո՝ «ով սաղ, ով մեռած»:
Փաստացի, մի կողմից մենք ունենք իր ուզածն անող իշխանական կուռ թիմ-ոհմակ՝ իր ողջ պոտենցիալով ու «սկզբունքներով», իսկ մյուս կողմում՝ անատամ ու կամազուրկ հոտի վերածված հանրություն, որի միակ հոգսն է սուսուփուս մնալը, չերևակվելը, որպեսզի հանկարծ իրենք էլ Վարդանի կարգավիճակում չհայտնվեն:
Եւ զարմանալին միայն դյուրությունն է, որով իրացվում է այս հրեշային «արդարադատությունը» հանդեպ օրենքը, ճշմարտությունն ու մարդկայինը: Մի դատավոր է ներգրավված, մի քննիչ, մի «տուժած» կողմի դատապաշտպան՝ «ոհմակի» կողմից, և ձայնը կտրած, մեկուսացումն ու լուռ ստորությունը որպես դիրքորոշում ընդունած մարդկային հոտը՝ մյուս կողմից:
Մենք 21 դարում ենք, ինֆորմացիոն ամենատես ու ծավալուն դաշտի մեջ՝ պարզ դատականի պահանջները հաղթահարած առնվազն 6 միլարդ մարդկության հետ միասին:
Բայց և չկա մի երկիր, որը հաշվեհարդար տեսնի իր ներքին հակառակորդի հետ նման վայրենի հրապարակային պրիմիտիվիզմով, թքած ունենալով օրենքի ու մարդկային վրա:
Չկա մի երկիր, ուր քաղաքացիական գործով դատավորը 100 տոկոսով իշխանության կցորդն է, կամակատարն ու դահիճը:
Չկա մի երկիր, ուր օրենքը ոտնահարված է հոգուտ միայն ու միայն հանցագործի:
Չկա մի երկիր, ուր անօրենությունն ամեն քայլափոխի է՝ ազատամարտիկին կեղծ մեղադրանքով դատապարտելիս, բանկիրի կողմից մարդու ունեցվածքը խլելիս, մարդկանց սեփական տնից արտաքսելիս, սպանված զինվորի մարդասպանին պարտակելիս, ու հազարավոր այլ հրեշային դեպքերում:
Չկա մի երկիր, ուր հարյուր հազարավոր շարքայինները, բանակը, պետական ծառայողներն ու առհասարակ իրենց նորմալ մարդ համարողները նման ստորացված, անարգված, անպաշտպան ու զուտ գոյության մուլուցքի ռեժիմի մեջ մտցված լինեն, ոնց Հայաստանում է:
Մենք ունիկալ էինք մեր գենոցիդով: Հիմա ունիկալ ենք մեր իշխանությամբ, մեր իշխանավորներով, ժամանակակից կյանքի սկզբունքների հանդեպ մեր քամահրանքով, մեր վարք ու բարքով ու աշխարհից դուրս լինելու հանգամանքով:
Դժվար է ասել, թե ինչով կավարտվի Վարդանի դատավարությունը: Ոնց հասկանում եմ, ինքը հոգեբանորեն պատրաստ է ամենավատին:
Անցած 23 տարիներին մենք վերակերտեցինք մեզ որպես անհաղորդ, կույր ու համր մարդկային հոտ: Մենք չկարողացանք հանդես գալ որպես արժանապատիվ հանրություն, որը նույնիսկ ամենաչնչին հարցերում ընդունակ լինի օրենք և սկզբունք պարտադրել կապը կտրած մերձավորին, քրեականին, տականքին, իշխանականին ու դրանց մանկլավիկներին:
Ակնհայտ է, որ մեզանից որևէ մեկն անկարող է փոխել իրերի ընթացքը Վարդանի գործում: Շատերը կարող են մտածել, որ սրելով հարցերը, ես վատություն եմ անում Վարդանին: Այդպես մտածելով մենք գենոցիդ ունեցանք, այդպես մտածելով մենք հասանք պետականության վախճանին, այդպես մտածելով մենք հանդուրժեցինք և քաջալերեցինք մեր մեջի տականքին՝ դառնալու հրեշ, մեզ տեր ու իշխանություն:
Նաև չեմ կարծում, թե օբշակը որևէ մեկի ասելով է որոշումներ կայացնում: Այն անում է իր ուզածը՝ թքած ունենալով ցանկացած օբյեկտիվ տրամաբանության վրա:
Ներկա Հայաստանի ու հայության համար ինտելեկտուալ կույր ու համր ձևանալը շլանգայինից ու պլինտուսայինից էլ առավել վատ է: