Տեր կանգնիր ինքդ քեզ
Անկախությունից ի վեր, հայկական իրականություն մտան անթիվ-անհամար կեղծիքներ, որոնք իբր նպատակ ունեին ծանր պայմաններում ժառանգված հայ նորաստեղծ պետականությունը զերծ պահել արտաքին արհավիրքներից:
Իհարկե, ցանկացած պետության գործառույթում առկա են կրկնակի ստանդարտների մի քանի համակարգեր` ներքին և արտաքին օգտագործման, դիվանագիտական և իրական կյանքի համար, հասկացողի ու տգետի համար, շարքայինի ու էլիտայի համար:
Բայց կեղծիքների քանակով մենք սահմանել ենք բոլոր հնարավոր ու անհնար ռեկորդներն ու անվրդով շարունակում ենք վայրընթացը՝ առանց հաշվի առնելու արդեն իսկ գրանցված կործանարար հետևանքները:
1988-90 թվերի՝ ղարաբաղյան հարցի աներկբա, «միացում» սխեման 91-ից սկսած, իբր միջազգային հանրության աջակցությունը ստանալու ակնկալիքով, իր տեղը զիջեց «Անկախ Ղարաբաղի» մոդելին:
Իհարկե, «միացում» բղավող մարդիկ արդեն իշխանություն էին, պետության տերեր, և անհոգ իշխանություն վայելելու համար պետք էր անցնել կրկնակի ստանդարտներին: Եվ առաջինը կրկնակի ստանդարտների դաշտ բերած «անկախ» Ղարաբաղի հարցն էր, որն այսօր դատարկել է երկիրը, իշխանության բերել հանցագործներին, ավիրել տնտեսությունը, բարոյալքել մարդկանց:
Ներկայում կեղծիքն արդեն սողոսկել է հայկական կյանքի բոլոր ասպարեզները՝ կեղծ գեներալների, հանցագործ բարերարների, մարդակեր օլիգարխների, գող պաշտոնյաների ու իբր բարգավաճող երկրի տեսքով:
Պետականությունն իբր փրկելու կեղծիքով մսխվեց ամբողջ տնտեսությունն ու երկիրը: Էներգետիկան, նույնիսկ համաշխարհային ինժեներական մտքի փայլուն արգասիքներից մեկը, Սևան-Հրազդան հիդրոկայանների կասկադը, իբր պարտքի դիմաց սիմվոլիկ գումարով նվիրվեց Ռուսաստանին:
Հասել ենք նրան, որ ակնհայտ պարտությունը, թալանն ու կողոպուտն արդեն որպես փայլուն պետական ու դիվանագիտական հաղթանակ ենք ընկալում, իսկ երբեմն էլ՝ որպես պատմական նվաճում:
Վերհիշենք ցանկացած պետական ու ներքին գործարք, ցանկացած քաղաքական պրոցես, ցանկացած ընտրություն ու պաշտոնական նշանակում, ցանկացած դատ ու բանտարկություն, ցանկացած նախաձեռնություն՝ ամեն ինչում միայն ու միայն կեղծիք է, անամոթ ու լպիրշ կեղծիք:
Կեղծիքը համատարած է և գնալով աճում է: Հիմա էլ մեզանից պահանջվում է խորը գիտակցականություն և զսպավածություն՝ չէ որ երկիրը պատերազմի մեջ է, և չի կարելի խոսել արտագաղթի մասին, թերությունների ու բացերի մասին, թալանի ու բեսպրեդելի մասին:
Լավ, քանի կեղծիք կարող է պարտակել միջին մարդու ուղեղը, որպեսզի չերկփեղկվի և չհայտնվի գժանոցում:
Քանի անգամ կարող է հանրային կարծիքի կողմից ներվել գույնը փոխած քաղաքական գործիչը, երկիրն ավիրած գող-ավազակը, փուչ ու տգետ «հայրենասերը», երկիրը միջնադար մտցրած վայրենին, գողական շրջապատին պաշտոնյա կարգած իշխանավորը:
Եվ զարմանալին այն է, որ այս ամենն ընթացել է իրեն ընդդիմադիր հռչակած «էլիտայի» հովանավորությամբ, որը մշտապես «ըմբռնումով» է մոտեցել իշխանության բանդիտիզմին և կերակրատաշտին մոտ լինելու ակընկալիքով կռացել է մինչև հակամարդկայինը:
Նայում ես շատերին, ովքեր և ընդդիմադիր են, և գողի ընկեր, և ազնիվ են, և ընբռնող, և սկզբունքային են, և թքած ունեցող:
Եթե հանուն շահի ու փողի տասը կեղծիք ունի մեկ իշխանավորը, ապա ոչ պակաս էլ իր դրսևորումների մեջ ունեն իրենց հետևից անփորձ ջահելություն քարշ տվող «էլիտար» «անշահախնդիր» տիկնայք ու այրերը:
Փաստացի հայ պետականությունն ու ժողովուրդը բազմաշերտ կեղծիքի մեջ են պարուրված, որն ամեն պահի սպասարկվում է իշխանական ու ընդդիմադիր ահռելի կոհորտաների կողմից:
Կեղծիքների մի մասն էլ տաբուի կարգավիճակի է հասցված ու սպասարկել էլ պետք չէ՝ չէ որ հայի ու հայ մարդու ներքին գրաքննիչն արթուն է ամեն պահի:
Արժեքայիով սաստող ներհայկական արսենալն ուղղակի անսպառ է՝ հանդուրժիր, սպասիր, ձայնդ կտրիր, դու չես հասկանում, սահմանադրական ճամփով գնա, դու ով ես, որ կարծիք հայտնես, աջդ քաշած մնա, ով էշ՝ ես փալան, եղունգ ունես՝ գլուխդ քորի, և այլն:
Ինչպե՞ս է հայ էլիտան հանդուրժում մարդուն ստրկացնող արժեքային սույն շարքը: Մի անգամ լսած կա՞նք խոսակցություն այս թեմաներով:
Երևանը կործանվում է թուրքական մուղամոտ ու բարձրաձայն գիշերային երաժշտությունից և ձայն հանող չկա, դիմադրող չկա:
Ծանոթներիցս մեկը, ով արտերկում է և ահռելի գումարով էլիտար տուն է գնել Երևանում, շիվարած էր՝ տան ներքևում ռեստորան է բացվել, որը չի թողնում գիշերը քնել: Ասում եմ՝ դե քեզ է հասել գործը, դու էլ թաքուն, ռեստորանի ապակիները կոտրի, մի վնաս տուր դրան՝ ձայն չի հանում:
Այ էսպես՝ մեկս ձայն չի հանում, մյուսս մեծամտորեն լռում է, երրորդը աջ է քաշած, և արդյունքում երկիրն ու մեր ապագան նվիրել ենք գողին, լպիրշին, տականքին, սրիկային ու հանցագործին:
Ներպետական ու ներհանրային ցանկացած հարց պետք է լուծվի ներքևից՝ շարքային մարդիկ պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին ու շահերին, և անձնապես, իրենց ձեռքերով ու կամքով պարտադրեն կարգ ու կանոն ու սկզբունքայնություն:
Եվ այս միջոցով, աստիճանաբար, սկզբունքը վեր կբարձրանա մինչև իշխանության վերևները: Հակառակ ճանապարհը չի աշխատում և չի աշխատել որևէ երկրում՝ բացառությամբ գուցե Սինգապուրից, ուր ժողովուրդը պատրաստ էր նորությունների:
Սկզբում մենք սպասեցինք, թե իշխանությունները հարցերը կարգի կգցեն՝ փոխարենը նրանք հոշոտեցին երկիրը: Հետո սպասեցինք, թե էլիտան մի բան կանի: Նրանք էլ, իրենց մի փոր հացի համար դավաճանեցին մարդու կոչմանն ու նպատակին:
Մենք այլևս չպետք է որևէ արտաքին հույս ունենաք: Չկա ոչ մեկը՝ բացի քեզանից: Չկա ու չի էլ կարող լինել:
Արտաքին օգնությունն ու հարգանքը քո հանդեպ կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ դրսում կտեսնեն, որ դու պատրաստ ես մտավոր ստրկությունից վեր բարձրանալու, ֆիզիկապես քեզ պաշտպանելու և ներքին թշնամու հախից ինքնուրույն գալու:
Մոռացիր, որ կա հայ էլիտա, անշահախնդիր առաջնորդներ, հանրային բարօրությանը նվիրված սկզբունքային նվիրյալներ: Չնչին բացառություններով, հրապարակում եղած բոլորն ապացուցել են, որ արժանի չեն քո վստահությանն ու զոհողություններին:
Ինքդ ես քո տերն ու ճակատագրի կերտողը: Արա այն, ինչ ճիշտ ես համարում՝ վրեժ լուծիր քեզ վատություն անողից:
Արդեն իսկ ջնջված են ներքին և արտաքին թշնամու սահմանները: Եթե պետությունը քեզ չի պաշտպանում ներքին տականքից ու անօրենությունից, չի ստեղծում կյանքի մինիմալ պայմաններ, ապա այն որևէ կերպ չի տարբերվում արտաքին թշնամուց:
Ո՞րն է լինելու մեզ սպասվող ամենավատը՝ նոր գենոցի՞դը, պատերա՞զմը, որի մասին արդեն հանգիստ խոսում է նախագահը՝ թե իրենք Երևանը կոչնչացնեն, մենք էլ 300 կմ շառավղով իրենց քաղաքները:
Ներկա դարում գենոցիդը միլիոնանոց զոհերի մաշտաբների հասնել չի կարող: Որովհետև դարի սկզբունքներն են այլ: Ըստ որում, եթե մանրակրկիտ նայենք, ապա կտեսնենք, որ վերջին ժամանակների ամենամեծ գենոցիդները տեղի են ունեցել հենց երկրների ներսում՝ իշխանության կողմից:
Հայաստանում հարկադրված արտագաղթը, ներքին անօրենությունն ու անհուսությունը հայ ժողովրդի և պետականության առումով արդեն շատ ավելի կործանարար են իրենց արդյունքներով, քան ֆիզիկական գենոցիդը կամ պատերազմը կարող էր լինել:
Ամեն մեկի՝ իր իրավունքներին տեր կանգնելը և անօրենից վրեժ լուծելը միակ ելքն է՝ հայ ժողովուրդն ու պետականությունը վերահաս կործանումից փրկելու:
Միգուցե այս ճանապարհով տասից մեկը հիմարությունների էլ կգնա, բայց մնացած ինը հարց կլուծեն՝ տականքին կպարտադրեն սկզբունքային, նորմալ մարդկային համակեցության նորմեր:
Տնտեսագիտության մեջ կա շուկայական ակտիվության մինիմումի ստորին կետ ասած պայմանական հասկացողությունը: Ենթադրվում է, որ վիճակը պետք է մինչև վերջ վատանա, էլ «իջնելու» տեղ չլինի, որպեսզի հրվելով ամենավատ, այլևս կայուն հատակից, հնարավոր լինի վեր բարձրանալ «ջրի երես»:
Մենք ազգովի հասել ենք ստորին կետին: Կամ քաջություն կունենանք բոլորովս ընդունել վիճակի կործանարարությունը, և ամեն մեկս զատ-զատ, մեր հնարավորի սահմաններում «կհրվենք հատակից», մեր անձնական անելիքը կանենք, մեր կողքի հանցագործին կմեկուսացնենք, կպատժենք ու մեր կյանքը կտնօրինենք, կամ կկործանվենք:
25 տարվա անընդմեջ միտինգայնությունն ու հայկական իբր ուրույն, հայրենասեր, հայասեր ու գյուղ կանգնի գերան կկոտրի թեզի հետնորդ լինելը մեզ հասցրեց կործանման:
Երբեք մենք, ամեն մեկս, մեր մեջ ուժ և գործոն չտեսանք, այլ հույս դրեցինք ինչ որ միֆական անձանց վրա:
Հենց այդ հեքիաթային միջավայրի ու ինքնախաբեության շնորհիվ դրության տեր դարձավ մեր մեջի տականքը:
Այս ընթացքն ու դրվածքները կազմալուծելու համար առաջին հերթին պետք է կործանվի հին արժեքայինը: Այն արժեքայինը, որը հանդուրժողականություն ու արտաքին օգնություն էր քարոզում: Այն, որը փրկիչ ու սասունցի դավիթ էր սպասում, այն, որը հեղինակություններ է պաշտում:
Չկա որևէ ներհայկական հեղինակություն այլևս: Եղածները կեղծ են, տգետ, ինքնասիրահարված ու ազգակործան:
Դու ես քո տերը՝ տեր կանգնիր քեզ: