Ադրբեջանը հարստացել է, զինվել է, միջազգային ասպարեզում շատ լուրջ աշխատել է, ներսում սաֆարովակերպ զոմբիների բանակներ է կերտել, արևմուտքի ու արևելքի թուրքերի անվերապահ աջակցությունն ունի, մանևրում է գերուժերի արանքում, մանրակրկիտ և նախահարձակ աշխատում է հնարավոր բոլոր ճակատներով, ապացուցել է, որ ինքնուրույն, ամբիցիոզ գեոքաղաքական մասշտաբների խաղացող է, և հիմա էլ մեր սահմաններին ավելացնում է լարվածությունը:
Ստրատեգիական մտքի տառապյալներն ասում են, թե ռուսն է նրանց «քսի» տալիս:
Միգուցե:
Բայց ես հիշում եմ սովետական ժամանակների համով անեկդոտներից մեկը, երբ տաչկա արտադրող գործարանի բանվորն ամեն օր մի նոր տաչկայի վրա կեղտոտ թղթեր ու աղբ լցրած դուրս է գալիս: Պահակն էլ թե՝ ստոպ, էս ինչ ես տանում: Սա էլ թե ինքդ նայի տես: Պահակը քրքրում է աղբն ու թղթերը, ոչինչ չի գտնում ու բաց է թողնում: Վերջը, մի օր էս պահակն էլ չի դիմանում ու դիմում է բանվորին, թե ախպերս, գիշերները չեմ քնում, գիտեմ, որ դու մի բան գողանում ես: Շատ եմ խնդրում, ասա, էլի տար, ձեն չեմ հանի: Սա էլ թե՝ տաչկա եմ գողանում:
Հիմա մերն է:
Ադրբեջանը զինվել է, համակողմանիորեն պատրաստվել է պատերազմի, բայց դա մեզ չի համոզում: Անպայման պետք է մի այլ, խորհրդավոր ու անհաղթահարելի գործոն լինի մեջը: Ու ներկա պահին էլ այդ գործոնը իբր ռուսն է:
Այն, որ ռուսն իսկապես շահագրգիռ կլինի, որ հայ-ադրբեջանական պատերազմ բորբոքովի, ուր ինքը կարողանա միջամտել իր շահերով՝ անհերքելի է: Եվ ես ինքս բազմիցս այդ մասին գրել-հիմնավորել եմ:
Բայց արդյոք Ադրբեջանն այդ աստիճան հիմար է, որ ռուսի ցուցումով դա անի: Ես ավելի շատ կհավատամ, որ մեր կամազուրկները ռուսի ցուցումով հիմարություններ անեն, քան ադրբեջանցիք:
Անցած տարիների փորձը և ներկա ընթացքը ցույց են տալիս, որ սադրանքները հենց Ադրբեջանի կազմակերպածն են և կոնկրետ նպատակ են հետապնդում: Իսկ հարցը, թե այն ձեռնտու է Ռուսաստանին, զուտ ածանցյալ է:
Անցյալ տարիներին սահմանային մշտական դեպքերն ու սրացումները Հայաստանի շրջափակման ու արտագաղթի երկրորդ ամենահիմնական խթանն էին՝ հայկական իշխանությունների հակազգային ու համակարդկային ոճրագործություններից հետո:
Իսկ թե այս պահին ադրբեջանցիք ինչ ունեն մտքներում, դժվար կանխատեսելի է: Միգուցե սա էլ հին ոճի առավել սուր շարունակությունն է, ու շուտով կմարի: Բայց և հնարավոր է, որ պրոցեսը դառնա անվերահսկելի և վերածվի պատերազմի: Մենք պարտավոր ենք ի նկատի ունենալ բոլոր տարբերակները և պատրաստ լինել դիմադրության:
Վիճակն իսկապես սուր է, բայց մենք սովետական պահակի խելքին ենք դեռ: Նոր բան չէ սա՝ 1915թվի ապրիլի 23-ին էլ նույնն ենք եղել, Սումգայիթից ու Բաքվից առաջ էլ՝ նույնը: «Բա հո մենք խուճապի ենթակա ազգ չե՞նք: Մենք լուրջ, հանգիստ, մեր ծանր տեղն իմացող ժողովուրդ ենք»:
Այսօր էլ նույնն է՝ չորս կողմից իրար սաստող մեծամիտ կարծիքներ են, թե խուճապի մատնվել պետք չէ, ադրբեջանցիների զենքն էլ կվերցնենք, ու էս անգամ հաստատ Բաքուն կլցնենք ծովը:
Իհարկե, որպես չափավոր հայրենասեր, դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Ոչ միայն Բաքուն, այլ Աստանան ու Ստամբուլն էլ կլցնենք ծովերը:
Բայց մինչև դա, երևի պետք է որոշ նախապատրաստական աշխատանք տանել, մեր ծովը չլցվելու համար էլ: Օրինակ, կազմակերպել կարևորագույն կառույցների ու քաղաքների հակաօդային պաշտպանությունը: Մարդկանց տարրական գիտելիքներ տալ պաշտպանական ռեժիմի մասին: Բացատրել, թե ինչ ասել է խուճապը և ինչ ասել է քաոսը: Նախօրոք նշանակել և հրապարակային ներկայացնել ռազմական ու քաղաքացիական պաշտպանության պատասխանատու դեմքերին, որ իմանանք, թե կորուստներ կրելու հարցում որ «մամայի կամ պապայի» բալային ենք լինելու պարտական:
Մի քանի շաբաթ առաջ, մամուլում ինքնապաշտպանական նպատակներով համազգային զինման մասին խոսակցություններ եղան: Մասնավորապես, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ հրապարակավ առաջարկեց, որ գոնե սահմանային գյուղերում զենք բաժանվի:
Վտանգ զգալով իր ու իր շրջապատի անվտանգության առումով, Սերժ Սարգսյանն իսկույն շտապեց արձագանքել, թե զենվել պետք չէ, որ եթե ցանկացողներ կան, թող գան փողով ծառայեն բանակում:
Եվ ազգի ու պետականության դեմ այս ակնհայտ դեմարշին որևէ լուրջ պատասխան չեղավ, թե հարգելի նախագահ, խոսքը գնում է սաֆարովներից բաղկացած ու հայատյացորեն տրամադրված յոթ միլիոնանոց թշնամուն սաստելուն: Որ այդ նույն սխեմայով են պաշտպանված Շվեյցարիան ու Իսրայելը: Որ զինված չլինելու և նախապես անփույթ լինելու պատճառով մենք հասել ենք պետականության և ազգայինի կորստի եզրին:
Եվ զարմանալիորեն, նույն մոտեցումներն են տիրաժավորում իբր ընդդիմադիր կեցվածքի լրատվության շատ պատասխանատուներ: Նրանք իբր վախեցած են, թե թշնամու փոխարեն մենք իրար կգնդակահարենք:
Միգուցե իրար էլ կգնդակահարենք: Բայց կգնդակահարվեն մինչև այժմ օրինականորեն, վարչապետների հրամանագրերով 2500 զինված բեսպրեդել անող քրեականները, առանց որոնց մեր երկիրն արդեն իսկ շատ ավելի անվտանգ կլինի:
Ինչևէ, ներկա պահին, անկախ արտաքին գործընթացներից, մեր առջև դրված է սպասվող պատերազմին դիմագրավելու հարցը: Եվ սթափ հայացքը դեպի այդ ապագան ոչ խուճապ է, և ոչ էլ նախապաշարմունք:
Մենք պատերազմի մեջ ենք, մեզ մահ է ազդարարված յաթաղանը անօդաչու ինքնաթիռներով փոխարինած ու ժամանակակից զենքով զինված թշնամու կողմից: Գնդակոծել, ֆիզիկապես ավերել երկիրը նա միգուցե կարող է, բայց զինված ու պաշտպանության պատրաստ ժողովրդին հաղթելն անհնար է:
Նույնիսկ ամերիկացիք սայթաքեցին Իրաքում և Աֆղանստանում, երբ նրանց դեմ կանգնեց զինված շարքային անհատը:
Այսօր մենք կանգած ենք պատմական ջրբաժանի առջև: Կամ կհասկանանք մեր հետագա գոյության մեթոդականը, այսինքն ազգովի, զինված հայությամբ թշնամուն սաստելու և խաղաղություն պարտադրելու կարևորությունը և կգնանք այդ քայլին, կամ կենթարկվենք մեր պետականությունը չոքացրած ու երկիրն ամայացրած մի բուռ սակավամիտների ագահ կամքին ու կլռենք:
Եվ շատերն էլ կլռեն, որպեսզի տգետների աչքերում չերևան որպես խուճապարարներ:
Միայն մեկ եզրագահանգում է տեղին այս ամենից հետո՝ եթե վտանգը կանխազգողն ու տրամաբանական ելքեր փնտրողը խուճապարար է գնահատվելու մեծամասնության կողմից, ուրեմն հեռու չէ նոր գենոցիդը: