Մալազիական ինքնաթիռի կործանաման հետ կապված, միավորված Արևմուտքն սկսել է մեղադրել Պուտինին անձնապես: Իսկ Պուտինն էլ փորձում է արդարանալ՝ ներկայացնելով փաստեր, որոնք սակայն առանց քննարկման անտեսվում են:
Սկզբում սպասվում էր, թե Արևմուտքն ունի ծանրակշիռ ապացույցներ Պուտինի ու ռուսների ներգրավվածության մասով, բայց ժամանակն անցնում է, և բացի ուկրաինացիների անհաջող թխած, իբր անջատողականների հեռախոսային զրույցներից, այլ բան չի ներկայացվում:
Ավելին, բացահայտվում է իբր ռուսների կողմից Ուկրաինա ներթափանցած, կրակած, հետո դուրս բերված ԲՈՒԿ կայանների վիդեոների կեղծությունը: Բայց մեկ է, զրո արդյունք է: Պուտինի պարանոցի շուրջը ձևավորվող պարանն ավելի ու ավելի տեսանելի է դառնում:
Հայկական քաղաքականի «էլիտար» հատվածը ևս ներգրավված է՝ հիմնականում որպես պարանը ձգողների թիմի անդամ:
Ես կարծում եմ, որ հիմա աշխարհի ապագայի համար ճակատագրական պահեր են, և առաջնայինը պետք է լինի զուտ ճշմարտությունը, այլ ոչ Պուտինը, Օբաման, Ռուսաստանը, կամ միավորված Արևմուտքը:
Կան մի քանի սկզբունքային հարցեր, որոնք առաջին հերթին աշխարհի մարդկանց ազնվությունն են պահանջում, քան աշխարհի տերերի նեղ սուբյեկտիվը:
Մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում, ուր այլևս կեղծիքը տեղ չպետք է ունենա: Արաբական աշխարհն ավերակների է վերածված կեղծիքի պատճառով: Եվրոպան լցվել է մահմեդական փախստականներով, որոնք հիմնովին փոխում են նրա քաղաքակրթական քարտեզն ու արևմտյան կյանքի հիմնաքարերը:
Պատերազմները դարձել են մարդկանց մասսայաբար ստրկացնելու գործիք ու էժան աշխատուժի աղբյուր: Իսկ պատերազմի եկամուտներն էլ կենտրոնանում են համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի՝ մի բուռ մարդկանց ձեռքին, որոնք էլ տիրապետում են պատերազմը՝ տեղադրելով այն իրենց ընտրած նոր զոհի տարածքում:
Ըստ բոլոր նախանշանների, մենք՝ հայերս ու Հայաստանը մոտակա զոհերի ցուցակում ենք, և գոնե մենք պարտավոր ենք բացարձակ կեղծիքը տարբերակել «հալած յուղից»: Որովհետև եթե լռեցինք, ինչպես 1915-ին, ապա անհրաժեշտ պահին մեր վրայով են տանելու պատերազմը:
Որո՞նք են ներկա պահի տարբերությունները մինչև հիմա եղած արաբականից ու այլ դեպքերից:
1. Արևմուտքի թիրախին հայտնված Ռուսաստանը բնական հարստություններով լի ահռելի տարածքի տեր է, բայց և տնտեսապես, ներքաղաքականով, դեմոգրաֆիականով ու իր կառուցվածքով հետամնաց երկիր է:
Իհարկե, Արևմուտքի համար գայթակղիչ է գրավել այդ տարածքն ու ապահովել հետագա՝ առնվազն մի քանի տասնյակ տարիների «լի ու բոլ կյանք»: Բայց և հրապարակում այլ գերխաղացողներ էլ կան՝ մասնավորապես Չինաստանը, որը բնականաբար իրեն Սիբիրի ապագա տերն է համարում: Նաև BRICS այլ երկրները, որոնք չեն ուզենա գործերի նման ընթացքի շարունակումն աշխարհում:
2. Ռուսաստանն ահռելի միջուկային պոտենցիալի տեր երկիր է, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կործանվող Ռուսաստանն իր հետ չի կործանի մնացածին էլ:
3. Մինչև հիմա արևմտյան բոլոր հարձակումները սկսվել են զոհ ընտրված երկրների առաջնորդների հրեշացմամբ: Եվ որոնք, ի վերջո, կյանքով են հատուցել: Հիշենք կախաղան բարձրացված Սադդամին, գնդակահարված Կադաֆիին, բանտում իր մահկանացուն կնքած Միլոշևիչին, ներկայում Ասադի դեմ տարվող անձնական կամպանիան:
Նույն էլ կատարվում է Ռուսաստանի պարագայում՝ արդեն իսկ նշմարվում է նույն ձեռագիրը և հեռվում ճոճվող կախաղանը: Պուտինը տեսել է նախորդների ճակատագիրը և հեշտությամբ չի գնա կառափնարան:
4. Աշխարհի մարդիկ ևս տեսել են այդ ամենը, և եթե համակերպվեցին հին սցենարներին, հաջորդն արդեն իրենց երկրների գլխին է կատարվելու:
Մենք ռուսականի օղակներից մեկն ենք, և առաջիններից ենք ուտիլիզացվելու: Որովհետև հետանկախական տարիներին հայկական իշխանությունները մեզ ու Հայաստանը սարքեցին Ռուսաստանի կցորդն ու խամաճիկը՝ ավերված պետականությամբ, ոչնչացված տնտեսությամբ, Ռուսաստան տեղահանված ժողովրդով, և դարձրին նոր պատերազմի թատերաբեմ:
Արդյոք ռուսներն ու Պուտինն են մալազիական ինքնաթիռի կործանման մեղավորները: Համադրենք եղած ավիացիոն-տեխնիկական, ռազմական և քաղաքական փաստերն ու բաղադրիչները:
1. Ավիացիոն տեխնիկական տարօրինակությունները
Ուկրաինական արևելքով օրեկան թռչելիս է եղել մոտ 400 ինքնաթիռ, ու խփվել է հենց մալազիական ահռելի՝ 450 տեղանոց ինքնաթիռը:
Եթե ընդունենք, որ ապստամբների օդային հատվածը առնվազն ուկրիանական արևելյան հատվածի կեսն է, ապա թռչող ասենք 200 ինքնաթիռներ խուսափել են, և կործանվել է հենց մալազիականը: Հետևաբար, հենց այդ ինքնաթիռի կործանման հավանականությունը կազմում է 1/200. (Որովհետև ապստամբները այդ բարձրություններին չէին կարող տարբերակել ինքնաթիռը մեծ է, փոքր է, ռազմական է, հետևաբար նրանք չէին կարող գերադասել որևէ ինքնաթիռ):
Հիմա տեսնենք, թե ինչքան է կազմում հավանականությունը, որ այլ մեծ ինքնաթիռ կարող էր խփվել:
Հայտնի է, թե աշխարհում որ երկրներն ինչ տեսակի քաղաքացիական ինքնաթիռներ ունեն. Մասնավորապես, մեծ ինքնաթիռների մասով՝ https://en.wikipedia.org/wiki/List_of_Boeing_777_operators https://en.wikipedia.org/wiki/List_of_Boeing_747_operators
Հիմնվելով այս տվյալների վրա, ինչպես նաև հաշվի առնելով Եվրոպա-արևելք ուղղություններով թռիչքների պատկերը, որը գաղափար է տալիս այդ տարածքի վրայով թռիչքի հավանականության մասին, կարելի է գալ որոշ քանական պատկերացումների:
Հարկ է նշել, որ այդ հատվածով մեծ ինքնաթիռների Եվրոպա ու հակառակը թռիչքն իմաստալից է հիմնականում Մալազիայի /17 ինքնաթիռ/, Հնդկաստանի- /20/, Պակիստանի- /9/ ու Բանգլադեշի- /5/ համար: Իհարկե, այդ ինքնաթիռների չնչին մասը կարող էր լինել հենց այդ տարածքում, որովհետև դրանք սպասարկում են ողջ աշխարհով մեկ: Իսկ Չինաստան, Ճապոնիա, Կորեա և հարակից այլ մարդաշատ երկրներ թռչելու ուղին ավելի հյուսիս է ընկած: Արաբական ուղիներն էլ խիստ հարավ են:
Նշված երկրներ թռչելու ուղին էլ հիմնականում հարավով է եղել, ինչը ապացուցվում է թռիչքների պատմությամբ / https://www.flightradar24.com/data/flights/mh17/#3c330e6/
Եթե հաշվի առնենք բոլոր նշված գործոնները, ապա մեծ ինքնաթիռի կործանման շանսը մի կողմից պետք է մեծանար, այլ ինքնաթիռների ներգրավման հաշվին, բայց և մալազիականի համար շատ ավելի փոքրանար, քանի որ այդ օրը պատահմամբ է հայտնվել այդ տարածքում, օդային դիսպետչերների՝ Գերմանիայի և Լեհաստանի վրա թռիչքի ուղու փոփոխման հետևանքով: Այսինքն, ամեն դեպքում մալազիական ինքնաթիռի կործանման հավանականությունը ավելի մեծ չի եղել, քան 1/200 –ը:
2. Ռազմական բաղադրիչը ըստ հետախուզական ու փաստացի տվյալների:
Ուկրաինական ու ուկրաինականի վրա հիմնված արևմտյան տվյալները, բացի անհայտ պարտիզանների՝ կործանման շուրջ հեռախոսային հրճվանքներից, այն կողմ չեն գնում:
Ռուսները ներկայացրել են իրենց ռադիոլոկացիոն կայանների, արբանյակներից ստացված ինֆորմացիայի և նույնիսկ ուկրաինական վիդեոների համադրումները: Եվ այդ համադրումներով ապացուցվում է նույնիսկ, որ Ուկրաինայի կողմից ներկայացված իբր մեղավոր կայանքներն իրականում ուկրաինական են: Որովհետև վիդեոների վրա պարզորոշ երևում են ուկրաինական վերահսկման տակ գտնվող քաղաքի գովազդային վահանակները: Եվ բացի այդ, ապացուցված է, որ տարածքում է եղել ուկրաինական կործանիչ, որն իրավունք չուներ մոտենալու քաղաքացիական ինքնաթիռին 3-5 կմ:
Ամերիկացիները չեն կարողացել հակադարձել որևէ փաստարկով, բացի այն, որ ցուցադրել են արբանյակային նկարներ Ռոստովի մոտակայքի ինչ որ կայանատեղիի, ուր սկզբում ԲՈՒԿ կայանքներ եղել են, և հետո չկան:
Երեկվա թղթակիցների՝ ամերիկյան պաշտոնյային տրված հարցերից էլ պարզ էր, որ այլ տվյալներ ու ապացույցներ չկան:
Ռազմականի ամենակարևոր տարրն է նաև այն, որ ապստամբներին լրիվ բավարար էր ուսային կայանների՝ ստինգերների օգտագործումը, որովհետև ռազմական ինքնաթիռների բարձրությունը հասանելի է հենց այդ հրթիռներին: Իսկ Բուկի կիրառումը, որը մասնագիտական լուրջ գիտելիք ու հմտություն է պահանջում, այդ պայմաններում աբսուրդ էր: 10 կիլոմետրը ստրատեգիական ռազմական բարձրություն է, որտեղով թռչում է միջուկակիր ծանր ավիացիան, որը ուկրաինացիք երբևէ չեն կիրառել, և որի դեմ պայքարելը ապստամբի գործը չէ:
3. Հիմա ներառենք քաղաքական հիպոթետիկ բաղադրիչը, ենթադրելով, որ ինքնաթիռի կործանումը նախապես ծրագրավորված գործ է եղել:
Ա. Ինքնաթիռի մեծ լինելը աներկբայորեն գործոն է, քանի որ միջին կամ փոքր ինքնաթիռի կործանումը չէր կարող մեծ, համաշխարհային ռեզոնանսի պատճառ դառնալ:
Բ. Եթե ռուսներն էին հեղինակները, ապա այս աղետը որևէ կերպ ձեռնտու չէր նրանց՝ անկախ ինքնաթիռի մեծությունից: Բացի այդ, ռուսներն ունեին միջոցներ տարբերակելու թիրախային ինքնաթիռը և չէին գնա նման կործանարար քայլի:
Գ. Եթե ըստ տեխնիկականի, կործանվելու շանս ունեին միայն նշված երկրների մեծ ինքնաթիռները, ապա իհարկե, կընտրվեր երկներից ամենաթույլիկը:
Իրոք, Մալազիան հարաբերականորեն թույլ երկիր է, չի կարող խառնվել, միջամտել, ուլտիմատումներ դնել աշխարհի հզորների առջև: Իսկ մնացածների հետ, բացի Բանգլադեշից, նման խաղեր խաղալը շատ վտանագավոր կլիներ: Մանավանդ որ, Հնդկաստանը ռուսների դեմ չէր գնա, իսկ Պակիստանն էլ արդեն զզվել է իր դեմ նկրտումներից:
Երևի Բանգլադեշն էլ այս ուղղությամբ ինքնաթիռ չունի կամ այդ օրերին չի ունեցել:
Ինքնաթիռը շեղված է եղել իր ավադական ուղուց դեռ Գերմանիայի ու Լեհաստանի տարածքներում, և այդ մասին առաջինը գիտեին ուկրաինական դիսպետչերները, որոնք ինքնաթիռին հետևել են ամբողջ Ուկրաիանայի տարածքով և պահանջել են իջնել 500 մետր:
Այ, այսպիսի գործոնները հաշվի առնելու դեպքում, ինքնաթիռի մալազիական լինելու շանսը կտրուկ բարձրանում է, եթե ոչ հավասարվում մեկի:
Եվ զարմանալի չէ, որ մինչև հիմա ձայն չկա, թե ինչու է փոխվել ինքնաթիռի հիմնական երթուղին, ինչ հիմնավորումներ են եղել: Սա համար մեկ հարցն էր, որն այսօր պետք է պարզաբանվեր ու հայտնի լիներ բոլորին, բայց այն լռեցված ու մի կողմ է դրված:
3ա. Միջազգային քաղաքական բաղադրիչը: Հուլիսի 15-ին, օդանավի կործանումից երկու օր առաջ, հանդիսավոր պայմաններում հիմնադրվեց BRICS երկրների միացյալ բանկը՝ 100 մլրդ դոլար հիմնադիր կապիտալով, որը նպատակ ուներ հակակշռելու դոլարային համակարգին:
Այդ գործը գլուխ բերողն իհարկե Պուտինն էր: Եվ այն ամենադաժան ձևով հակասում էր Արևմուտքի շահերին: Երևի հենց այս համախմբումն էր, որը լցրեց Արևմուտքի համբերության բաժակը հանդեպ Պուտինը: Ներկա գործընթացները ցույց են տալիս, որ վթարից ու Պուտինին դրանում մեղադրելուց հետո BRICS երկրների ղեկավարներն ինքնամեկուսացվել, կողմ են քաշվել, դիրքորոշում չեն հայտնում և սպասում են հետագա սցենարներին:
Գերմանիան և Ֆրանսիան փորձում են դիմադրել գոնե լոկալ փոքր հարցերում, որը սակայն աննշմարելի է: Պուտինից մեկուսացել են նաև Լուկաշենկոն ու Նազարբաևը, և ինքը հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ:
Եղած ապացույցները, որ կործանումը հենց Պուտինի արածն է, խիստ անբավարար են: Հետևաբար նման մեկուսացումը միայն ու միայն մեկ բացատրություն ունի՝ որ բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական ահռելի ինտրիգ է արանքում և ահավոր բարձր, մահացու է կողմնորոշման գինը:
Իմ կարծիքով, այս ողբերգության մեջ մեծ ներդրում ունի նաև մեր «հայրենակից» Սերգեյ Կուրղինյանը, ով առանց իրեն հաշիվ տալու, մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, թե «ապստամբները առևանագել են մի ԲՈՒԿ կայան, հիմա վերանորոգում են ու անպայման կվերանորոգեն»:
Իր շեշտադրումն իհարկե այլ էր, թե էնքան էլ լավ չեն արել, պետք էր համաձայնության եզրեր գտնել: Բայց ջինը շշից արդեն բաց էր թողնված, և այսօր ունենք ԲՈՒԿ կայանով կործանված ինքնաթիռ, ունենք համաշխարհային ահռելի սկանդալ, ու մեծ պատերազմի արդեն խիստ նշմարելի ուրվական:
Ես ներկայացրի իմ տեսած ճշմարտությունը վիճակի մասին: Մի գուցե այն ճշմարտություն էլ չէ: Բայց և ավելի գերադասելի է «զոմբիականությունից», որը ներկայում առկա է թե համաշխարհային և թե լոկալ հրապարակնեորում:
Ճշմարտությունը միջավայր է՝ ինչպես և ժողովրդավարությունը, Ճշմարտությունը մեխանիզմ է՝ ինչպես և ժողովրդավարությունը: Եվ չի կարելի այն զոհել հանուն կեղծիքի: