Ծանրագույն բարոյահոգեբանական վիճակում ենք, և ամեն մեկն իր ելքերն է փնտրում:
Քանի որ ներհայկական նշաձողերը պլինտուսային են, ապա ջանքեր թափելու, նոր բան հնարելու, ուղեղ աշխատեցնելու կարիքն էլ չկա՝ կրկնիր «հաջողության» հասած որևէ մեկին և դու էլ կհաջողես:
Կողքինին ընդօրինակելը բիզնեսի կանոններից մեկն է, բայց ոչ հիմնականն ու միակը: Այն սկսնակների համար խրախուսելի մոտեցում է, բայց որպես պետության ու ազգի փիլիսոփայություն ու աշխարհայացք՝ ինքնակործան տգիտություն է:
Սոցիալիզմից վայրի կապիտալիզմին անցնելիս մենք անցանք աներևակայելի սցենարներով և հայտնվեցինք նախնադարում: Եթե կասկածողներ կան, որ մենք նախնադրում ենք, ապա թող փորձեն հասկանալ, թե Սևան-Հրազդան, Որոտանի կասկադներ, ատոմակայան ու 80 տարի բազմաթիվ նեղ որակավորման էներգետիկներ պատրաստող ճարտարագիտական համալսարան ունեցող երկիրն ինչպե՞ս է դարձել Վրաստանից հոսանք ներմուծող:
Թե ով ինչ բացատրություն կտա մեր ողբերգություններին, իր գործն է: Ես հետևյալ պատճառներն եմ տեսնում՝ հետամնացությունը, ժամանակին հարիր սկզբունքների ու նպատակների բացակայությունն ու վատին ընդօրինակելու մեր ագզային մարմաջը:
Անկախության առաջին իսկ օրվանից իշխանությունները սկսեցին ձևավորվել ըստ «շուստրիության, բաշարելու, մուղամբազության» ու կամակատարության:
Առաջին նախագահի մտերիմները զրույցներ էին ունենում հարյուրավոր աչքի ընկնող մարդկանց ու մասնագետների հետ՝ որպես որևէ պաշտոնի հնարավոր թեկնածու և խոտանվում էին նշված տեստերը չանցնելու պատճառով:
Արդյունքում երկրի ղեկավարման վահանակին հայտնվեցին բացառապես «շուստրիներ», ներառյալ նաև կատարյալ խեղկատակները, որոնք մի քանի տարվա մեջ կործանեցին տնտեսությունն ու զարգացման բոլոր հեռանկարները:
Հայկական ինքնաթիռներից որը որ երկրում փչացավ, այնտեղ էլ մնաց ու վաճառվեց որպես մետաղի ջարդոն: Թեկուզ և պրիմիտիվ արտադրանք տալու ունակ գործարանները ջրի գնով սեփականաշնորհվեցին ու որպես ջարդոն վաճառվեցին: Եւ այդ վայրի գործընթացը որակվեց որպես տնտեսագիտական հերոսություն:
Մտովի անցկացնենք անցած տարիների երևելի դեմքերին՝ սկսած բազմաթիվ կիսագրագետ խորհրդականներից, ներմուծված գործակալներից, կես տարվա մեջ երկրից փախած գիտության ու կրթության նախարարից ու վերջացրած միջանկյալ ու ներկա ունիկումներով, ու կտեսնենք, որ մեր սպասումների նշաձողը շատ էլ մտածված սցենարով է իջեցվել զրոյականի ու ոչնչացվել:
Եթե երկրի կյանքը որոշող նախարարն ու պատասխանատուն արտակարգ «շուստրի» ոչնչություն է, սրիկա ու խեղկատակ, ապա հասարակ մահկանացուի մոտ առաջացող միակ տրամաբանական հարցն է՝ թե ե՞ս ումից եմ պակաս: Ես էլ եմ արժանի և պաշտոն, և դիրք ու հարստություն ունենալու:
Եթե ներհանրային ու պետական բարձրագույն դիրքերի հասնելու մեջ գիտելիքն ու մասնագիտականը մերժված է, ապա իրոք, «ի՞նքն ումից է պակաս»: Ինչո՞ւ ինքը չի կարող երկրի հարստությունը ջարդոնի վերածել ու վաճառել: Թալանել ու պատասխանատվության չենթարկվել: Խաբել ու հարգվել: Տգետ հալով երկրի ճակատագիր որոշել ու դա հայրենասիրություն կոչել:
Եթե լկտիության դոզան բավարար է, ապա ամեն մի տգետ էլ կարող է:
Փաստացի արդեն 23 տարի է մենք անարժանների ու կառավարմանը հակացուցված խուժանի՝ դեպի իշխանություն ընտրասերման արտակարգ, չլսված մի գործընթացի մեջ ենք:
Եւ երկրի խորտակմանը զուգահեռ դրա ամենաահավոր հետևանքներից մեկն էլ մարդկանց այլասերումն է՝ «Խի, ե՞ս ումից եմ պակաս» քարոզվող, քաջալերվող, սպանիչ արժեքայինով ու մտայնությամբ:
Եւ մտածելով, որ ոչ մեկից էլ պակաս չեն, լծվում են դիրքի հասածներին ստորաքարշորեն ծառայելու գործին, որ վաղն էլ իրենք դառնան հարց լուծող ու մնացածի նախանձի առարկա:
Եւ հենց այս ընտրասերումն էր, որ երկրում հիդրոկայան աշխատեցնող ու որևէ բնագավառի ոչ մի լուրջ մասնագետ չի մնացել, մարդավայել, ազնիվ բիզնես անող չկա: Բայց հաստավիզ թիկնապահների ու տարատեսակ պնակալեզների պակաս չկա:
Փակ շթղա է՝ իշխանությունն անսասան է, որովհետև կրակող է, իշխանավորն անպատիժ է, որովհետև պատժելու գաղափարն իսկ տաբուապատված է, մարդիկ ապակողմնորոշված են, որովհետև խրախուսվող հակամարդկայինից բացի այլ բան չեն տեսել:
Եւ եթե խոսվում էլ է եղած բազմաբովանդակ աննորմալությունների մասին, ապա համակարգի պահակների կողմից այն իսկույն պիտակավորվում է որպես հոռետեսություն, որպես ազգադավություն, որպես թևաթափ անելու միտում:
Վատի, աննորմալի ու անմարդկայինի նման կուտակումի պայմաններում այլը սպասելն էլ չափազանցություն կլիներ:
Համատարած անհաղորդություն է ընթացողին: Եւ զարմանալին այն է, որ եղած էլիտան է այդ անհաղորդության գլխավոր «կառավարիչը»:
Հանգիստ, լուրջ, ինքնավստահ ու իբր հեռատես կեցվածք է որդեգրված միկրոֆոնին մոտենալու հնարավորություն ունեցող համարյա բոլոր երևելիների կողմից: Միգուցե իրենք իրավունք ունեն իրենց խաբելու, բայց մի ամբողջ ժողովրդի հիմարացնելու իրավունքը հաստատ չունեն:
«Ե՞ս ումից եմ պակաս»-ի իրավունքն ունեն մասնագետ, ունակ, գիտակ մարդիկ, բայց այն պետք է հրապարակայնորեն մերժելի լինի տգետների, պատեհապաշտների ու պնակալեզերի համար:
Երկրում հետագա կյանք ունենալու համար փողի կուլտն ու սրիկայությամբ դիրքի հասնելու ձգտումը պետք է ամեն քայլափոխի մերժվեն: Եւ հակառակը՝ մարդկային ու մասնագիտական որակները պետք է գնահատվեն ու հարգվեն:
Սրիկային առերես պետք է հնչեցվի նրա սրիկա լինելու փաստը: Տգետին էլ պետք է ասվի իր տգիտության մասին:
Մենք ենք մեր հարցերը լուծելու պատասխանատուները, այլ ոչ թե համակարգի ընտրյալները, որոնք ամեն ինչ անում են մեզ խորտակելու համար:
Մեզանից ամեն մեկն էլ բոլորից պակաս է, քանի հրապարակայնորեն չի ապացուցել մյուսներից առավել լինելու իր իրավունքը: