Ժամանակավոր կառավարությունը միակ ելքն է
Աշխարհքաղաքականությունը կոնկրետ, տարածքային-ուժային է, ինչպես շախմատը, ուր նույնսիկ մեկ զինվորի դիրքի հաշվարկի սխալը ամբողջ ստրատեգիայի տրամաբանությունն է փոխվում:
Նույնը նաև գեոքաղաքականության մեջ: Կախված ներգրավված սուբյեկտների վարքից, արտաքին ու ներքին ուժագծերի, հանգամանքների ու հակումների նրբագույն իսկ փոփոխություններից, անհրաժեշտ է արմատական վերանայումներ անել նպատակների ու ընթացքային հարցերի մեջ:
Օրինակ ամերիկացիք իրաքում չհասկացան իրենց տերերի հեռահար նպատակները ու ահավոր սխալներ գործեցին: Եւ հետևանքները հիմա կործանարար են երկրի համար:
Այսօր նման խնդիր Ռուսաստանի ու հետսովետական տարածքի չկողմնորոշված երկրների առջև է ծառացած:
Ուկրաինական շրջադարձերի հետ կապված ահռելի անորոշություններ են առաջացել այդ տարածքում: Ռուսները ստիպված էին վերցնել Ղրիմը, բայց փոխարենը կորցրեցին Ուկրաինայի հանդեպ բոլոր լծակներն ու արհեստականորեն ձևակերպվեցին որպես Արևմուտքի թիվ մեկ թշնամի:
Սա համաշխարհային մասշտաբի տեկտոնիկ տեղաշարժ էր, որն անհապաղ քայլեր է պահանաջում բոլոր ներգրավված սուբյեկտների կողմից:
Ռուսների նախնական ծրագրերը եվրասիականության մասին, որոնք ի սկզբանե բավարար հիմանվորում չունեին, այլ հիմնված էին դեռ Սոլժենիցինի հնչեցրած սլավոններ գումարած Ղազախստան՝ հետսովետական փոքրացված միության վրա, այս պահին ոչ միայն կորցրել են իմաստը, այլ շարունակելու դեպքում կործանարար են լինելու հենց Ռուսաստանի համար:
Առանց Ուկրաինա, իր սուվերենությունն ատամներով պաշտպանող Բելառուսի և ակնհայտորեն պանթուրանիզմի գործակալ Նազարբաեւի Ղազախստանով, Ռուսաստանը հայտնվելու է իր մուսուլմանական ավտոնոմիաների ու թուրքական աշխարհի մամլիչի մեջ:
Արևմուտքի թիվ մեկ թշնամի ձևակերպվածությամբ, ներքին ու հարևանական նման թշնամության պայմաններում Ռուսաստանը ոչ թե արտաքին, այլ ներքին միավորման լուրջ խնդիրներ ունի:
Բացարձակորեն փոխված մահացու, ցուգցվանգային աշխարհքաղաքական խաղատախտակ է, ուր պաշտպանական ռեսուրսները քիչ են, իսկ սխալվելու հավանականություններն էլ՝ շատ մեծ:
Եւ զարմանալի չէ, որ ռուսներն արդեն պարբերաբար փրփուրներից բռնելու քայլեր են ձեռնարկում: 1960-կանների արտադրության օդանավերով ու իր դարն ապրած ռազմանավերով հայտնվում են ՆԱՏՕ-ական երկրների սահմանամերձ ջրերում: Մամուլում խիստ ընդգծված հայտնվում են լուրեր իբր գերժամանակակից նոր ռազմանավերի ու ինքնաթիռների փորձարկումների մասին: Ինչպես նաև շարունակվում են խոսակցությունները Եվրասիական գոտու ստեղծման մասին, իբր ոչ մի նոր բան էլ չի պատահել, առանց Ուկրաինա էլ գործը գնում է:
Ոչ, ոչ մի գործ էլ չի գնում: Իսկ եթե գնում է, ապա գնում է դեպի կործանում:
Ակնհայտ է, որ Ռուսաստանի ներկա խնդիրը ոչ թե եվրասիականությունը գլուխ բերելն է, այլ «կենդանի» մնալու հարցը: Եւ այս պայմաններում Հայաստանի զոհաբերությունը թուրքերին, որը վաղուց նախատեսված քայլ էր, բավարար չի լինելու ռուսների փրկվելու համար:
Եթե գեոքաղաքական կարճամտությանն ու վախկոտությանը զուգահեռ Ռուսաստանը գոնե մի փոքր խելք ունի, ապա պետք է կտրականապես ձեռք քաշի եվրասիականության գաղափարից:
Նույնիսկ Բելառուսի հետ միավորվելու հնարավորությունն արդեն հարցականի տակ է դրված, որովհետև ռուսների հետ մերձեցումն արդեն մեծ վտանգներով է հղի ցանկացած երկրի համար:
Արտաքին այսպիսի աղետալի շրջադարձի պայմաններում ակնհայտ է, որ Ադրբեջանին զենքի վաճառքն ինքնասպանությանը համարժեք քայլ է եղել ռուսների համար:
Հիմա էլ, թուրքերի հետ ինչ որ հեռահար ծրագրերն ատոմակայանի կառուցման ու գազային ծրագրերի առումով անհեռատես, տգետ քայլեր են, որոնք միգուցե կասեցվեն մոտ ապագայում:
Ինչ է սպասվում Հայաստանին, նման վերադասավորումների պայմաններում: Իհարկե, ռուսները կփորձեն մեզ մաս-մաս, կամ ամբողջությամբ զոհաբերել թուրքերին, հանուն ժամանակավոր շահերի:
Կախված հայկական իշխանությունների ռուսամետությունից և որակից, Արևմուտքի վերաբերմունքն այդ գործընթացին տարբեր կլինի: Ներկա իշխանությունների պարագայում Արևմուտքը չի կարող տեսնել Հայաստանը որպես հարգանքի արժանի պետականություն: Եւ եթե նրանք գտնեն անդրկովկասյան գեոքաղաքական տարածքի կայուն տեսք, առանց Հայաստանի, ապա իհարկե կհամաձայնվեն Հայաստանի մասով թուրքական առաջարկներին:
Ռուսաստանի թուլացմանը զուգընթաց, Հայաստանի գեոքաղաքական գինը ընկավ և ներկայում ամենացածրն է անկախությունից ի վեր: Եւ շարունակում է իջնել, իշխանության կատարյալ տգետ և ապասուբյեկտային լինելու պատճառով:
Այս ճակատագրական թուլությունը նկատել են նաև հայ իշխանականի մասնակիցները, և վերջին ամիսների ներքին գզվռտոցները հենց դրա ապացույցն են:
Նոր վարչապետի նշանակմամբ, թե դրսում և թե ներսում սպառվեցին ռեֆորմացիայով նվազագույն փոփոխությունների հնարավորությունները, և փաստվեց, որ Հայաստանը գործիչների առումով ներքուստ սպառված է:
Հրապարակում հայտնված երկրորդ նախագահի հավակնությունները մի գուցե իմպուլս տան ներհայկական նիրհից ու անզգայությունից դուրս գալուն: Բայց և, առկա դեմքերի պոտենցիալները ծայրահեղ ցածր են՝ Հայաստանն այս փոսից դուրս հանելու և պետականությունը փրկելու համար:
Հարցի լուծումը անցումային ժամականավոր, արտակարգ լիազորություններով օժտված կառավարության ստեղծումը կարող է լինել, որը պետք է կազմվի հինգ–յոթ ազդեցիկ մարդկանցից: Դրանում իհարկե չպետք է լինի ներկա նախագահը, որը համակողմանի ապացուցել է երկիր կառավարելու իր լիակատար անկարողությունը:
Թե ինչ սկզբունքով պետք է համալրվի այդ կառավարությունը, տարբեր տեսակետներ կարող են լինել: Ես կառաջարկեի անհնար թվացող մի տարբերակ՝ արտերկրից մի մեծահարուստի, խորհրդարանի կողմից մեկին, մի բանիմաց քիմիկոսի, մի բանիմաց տնտեսագետի, մի IT մասնագետի և երկու տեխնոկրատների՝ արտերկրի կամ հայաստանյան համալսարաններից: (Այդ մարդկանց պետք է ընտրեն Հայաստանում և տարբեր երկրներում աշխատող իրենց կոլեգաները):
Կառավարության բոլոր նիստերը պետք է ուղիղ եթերով հեռարձակվեն: Նրանց որոշումները պետք է պարտադիր լինեն նախարարությունների համար: Խորհրդարանի աշխատանքը պետք է կասեցվի: