Ադրբեջանը զինվում է արդեն քսան տարի շարունակ, իսկ մենք «հաղթանակած» ենք ու վստահ, որ անելիքն ընդամենը սպասելն է: Որ Ղարաբաղում նոր սերունդ է աճել, որը չի կարող համակերպվել որևէ փոփոխության հետ: Որ իբր աշխարհն էլ գիտի, թե ինչն ինչոց է ու չի թողնի, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սանձազերծի:
Որ կբանակցենք՝ մի քիչ ավել-կամ պակաս զիջելով, ու անկախ Ղարաբաղով ու Եվրասիական Հայաստանով կապրենք:
Սա իշխանական-համատարած տեսակետն է, որը մի կողմից իբր ինքնավստահ տղամարդկային կեցվածք է, իսկ մյուս կողմից էլ՝ լուրջ-սոլիդ-պետական:
Սեպտեմբերի երեքը և դրանից հետո Հայաստանի գլխին եկած արտաքին քաղաքական հարվածները՝ գազային-ցանցային զիջումները, սուվերենությունից հրաժարումը հանուն անձնականի ու Աստանայի «թուքումուրը» լավատեսության որևէ տեղ չեն թողնում, և այսօր ժամն է սթափ գնահատելու վիճակը և կանխատեսելու գալիքը:
Իշխանականի մասով
Եղած դեմքերն ու ընթացող կադրային նշանակումների անլրջությունն ու անհոգությունը որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորում՝ բացի անմեղսունակությունը: Բոլորին է տեսանելի, թե ով ով է, ինչ մասնագետ է, ինչ արժանիքներ ունի և ինչի է ընդունակ: Ողբալի վիճակ է:
Ընդդիմության մասով
Եթե շատ չափազանցենք ու համարենք, որ ընդդիմության ինչ որ փշրանքներ դեռ կան, ապա այն իշխանականի հայելայինն է՝ անընդունակ հասկանալու թե արտաքին ու թե ներքին քաղաքականի խորքայինը: Նույն ողբալին էլ այստեղ է:
Քաղաքացիականի մասով
Զարմանալիորեն, քաղաքացիականն էլ մտել է շրջապտույտի մեջ՝ բողոքի ակցիա-ոստիկան-քաշքշուկ-բաժանմունք-գիշերվա կեսին՝ տուն, սխեմայով: Վերջին մի քանի տարիների փորձը ցույց տվեց, որ այս հատվածում մտքի զարգացման դեմ բետոնյա պատեր են բարձրացած, և խոսել-քննարկելն էլ ավելորդ է: Տխուր է՝ ողբալիի մեծ խառնուրդով:
Ժողովրդի մասով
Հասարակ մարդիկ վաղուց և շատ էլ լավ հասկանում են հայաստանյան բոլոր պատասխանատուների անլրջությունը և որպես լուծում են տեսնում փախուստն այդ մարդկանցից:
Արտագաղթի հիմնական լծակը հենց հայ պատասխանատուների դիմասրահն է: Որին նայես, որ հավատաս քո վաղվա օրվան: Սա արդեն ողբալի չէ, պետականի ու ազգայինի իրական կործանում է:
Ձայն բառնառո հանապատի համայանպատկեր է: Չկա մեկը, չկան խմբեր, չկան մարդիկ ու չկա որևէ հույս՝ որը գոնե մասնակի լավատեսական է:
Անողոք ճշմարտության հետ հաշվի նստելու սթափ տղամարդկությունը տեղը զիջել է համազգային ինքնախաբեությանը՝ էսօր-վաղը քարշ տալու մեր ավանդականին: Դա էլ ելք է՝ փախուստ իրականությունից:
Բայց և փաստերի հետ հաշվի նստել է պետք՝ գոնե մարդկային մեծ կորուստներից խուսափելու համար: Հենց այս կտրվածքով քննարկենք ներկա ամենակարևոր հարցը՝ պատերազմի վտանգի հեռակարը:
Հետսովետական տարիներին Հայաստանի գեոքաղաքական արժեքը տատանումների մեջ էր: Կախված մեր դրսևորումներից, հարևանների նկրտումներից ու գլոբալ աշխարհի տրամաբանություններից, այն մերթ աճում էր, մերթ իջնում:
Ուկրաինայում Ռուսաստանի կատաստրոֆիկ պարտություններից, ինչպես նաև Վրաստանի իրական անկախացումից հետո, և հայկական իշխանության արտաքին քաղաքական բացարձակ փալասային վարքի հետևանքով Հայաստանը վեր է ածվել գեոքաղաքական կույր աղիքի, որի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր մարում է արտաքին աշխարհում:
91 թվականին արդեն Ադրբեջանը լրիվ անկախացավ սովետականից ու ռուսականից: Վրաստանը սկսեց պայքարել անկախացման համար, իսկ Հայաստանը գնալով սկսեց ավելի ու ավելի կառչել ռուսականի փեշերին: Արդյունքում այսօր ունենք անկախացած Վրաստան, տնտեսապես ու ռազմականորեն արագ տեմպերով հզորացող, ռեգիոնալ գերտերության ախորժակներ ունեցող Ադրբեջան և անկլավ, դրսից ու ներսից թշնամիներով շրջապատված Հայաստան:
Այս պայմաններում ամենակարևոր խնդիրն է հասկանալը, թե ինչ կարող է և չի կարող անել Ռուսաստանը: Որովհետև հայերի համար «ռուս» ասածը աներկբայորեն ներկայանում է որպես դաշնակից, որպես հայամետ միջուկային հզոր երկիր, որը կմիջամտի պատերազմի դեպքում, իր զորքերը կտեղադրի Ղարաբաղում, կդիմակայի Թուրքիային, կզսպի մեր թշնամիներին, մեզ «տիրություն կանի», եւ այլն:
Բայց բանն այն է, որ եթե հիվանդ երևակայությամբ մտածենք, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ապա գոնե պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը դեռևս խոսքի իրավունք ունեցող է աշխարհի միայն այն կետերում, ուր ինքը ֆիզիկապես հասնելու հնարավորությունն ունի:
Հետևաբար, հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում Ռուսաստանը հայերի օգտին մասնակցելու ոչ միայն կամքը, այլև հնարավորությունը չունի, որովհետև մեր ու Ռուսաստանի միջև Վրաստան ու Ադրբեջան կա:
Սա աքսիոմատիկ դրվածք է, որի հետ հաշվի է պետք նստել: Եվ հենց սահմանի բացակայությունն է, որը չի թողնելու հետագայում Հայաստանին մտնել մաքսային կամ եվրասիական միություններ: Իսկ եթե հանկարծ մտնի էլ, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի աղախինի կարգավիճակով:
Ինչ վերաբերում է առավել հեռու համաշխարհային գերուժերին՝ ԱՄՆ-ին կամ Երոպային, ապա Հայաստանի իշխանությունների ապասուբյեկտացման ու Ռուսաստանի թուլացմամբ օրակարգից դուրս է եկած նաև Հայաստանի գեոքաղաքական խաչմերուկ լինելու հարցը:
Գերուժերի համար գեոքաղաքական արժեք չունեցող ու քրեականի տակ կռացած Հայաստանն ընդամենը անիմաստ մի տարածք է դարձել քարտեզի վրա, որը կարող է հափշտակվել կամ մեջ-մեջ արվել հարևանների կողմից: Եվ քիչ կարևոր է, թե կոնկրետ ինչ ձևով դա կարվի:
Ներքին ու արտաքին այս փակուղային ու հոռետես վիճակների նկարագրմամբ ես հետապնդում եմ երկակի նպատակ.
1. Հրապարակ բերել պատերազմի խնդիրը, որպես ներքին պատասխանատվության հարց: Ռուսը չի, որ մեզ օգնելու է կամ վնասելու: Պատասխանատվությունը հայ տկարամիտ ու տգետ պաշտոնյայինն է, անհաղորդ քաղաքացունը, ինքնակենտրոն շարքայինինը, որը երկիրը հասցրել է բնաջնջման ու չի էլ հասկանում իր արածը:
Փողոցում կանգնեցնես ցանկացած հաստավզի ու առաջարկես երկրի նախագահություն, պատգամավորություն, նախարարություն, հաճույքով կհամաձայնի: Սա մահացու հիվանդ, ոչ ադեկվատ վիճակ է, որի հետ շատ լուրջ հաշվի է պետք նստել:
2. Իրենց մեջ Հայաստանն այս մղձավանջից հանելու կամք ու պատրաստակամություն տեսնող մարդկանց ուշադրությունը հրավիրելու քաղաքական վերլուծաբանության մեջ առկա հեքիաթները, խավարամոլությունն ու ոչ մասնագիտական մոտեցումները մերժելու հարցի վրա:
Բազմաթիվ մանկամիտ լրագրողներ տարիներով ծամծմել են երկրորդական հարցերը, գաղափար իսկ չունենալով ներքին հանրային-քաղաքացիականից ու գլոբալ քաղաքական օրինաչափություններից: Եվ հենց լրագրողական ու վերլուծական պրիմիտիվիզմն է եղել պատճառը, որ Հայաստանը հայտնվել է այս անդունդի մեջ:
Անորակ լրագրողությունն ու վերլուծություններն են նաև իշխանություններին համոզել իրենց բազմաչափ հիմարությունների մեջ, որ կարելի է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի, սարերի ու ձորերի վրայով ռուսների դաշնակիցը լինել, որ կարելի է ճարպիկ հանցագործներով իշխանություն լինել ու հարցազրույցներ տալով ժողովրդավարական դեմք պահել աշխարհով մեկ:
Ես շատ լավ տեղյակ եմ, որ հետանկախական առաջին իսկ տարիներին խիզախ լրագրողների համատարած հետապնդումների պատճառով ասպարեզից փաստացի վերացավ գիտակ լրագրողների շերտը, և մնացին լպիրշ պաշտոնյաների հետ հանաքով ու խաթրով լեզու գտնող աղջիկները:
Անցածը շտկել չենք կարող, բայց գոնե սթափվել դեռ կարելի է: