Քաղաքացու իրավունքները մարդու իրավուքներից ցածր չեն
Պատկերավոր ասած՝ միջազգային «բեսպրեդել» է, ով ինչ ուզում ու կարողանում է՝ անում է: Գերհզորները հարցերն իրենց օգտին ներկայացնում ու զոռբայությամբ շահում են, ըստ որում սևը սպիտակի, սուտը շիտակի ու հրեշայինը մարդկայինի տեղ հրամցնելով ու ստիպելով, որ իրենց ասածն ընդունվի, ու դեռ շնորհակալություն էլ հայտնվի:
Հիմա էլ աճել է սերունդ, որը ոչ սովետ է տեսել, ոչ արևմուտք, ոչ կապիտալիզմ, ու ոչ էլ ժողովրդավարություն: Նմանին դժվար չէ ապակողմնորոշել, զոմբիացնել, կամ ուղարկել մարդասպանության:
Վերջին 25 տարիներին ահռելի փոփոխություններ եղան մեր կյանքում: Սովետն ու սոցիալիզմը գնացին, տեղը եկան «անկախացածները», քրեականը, միլիարդատերերը, սնանկացածները, փախստականներն ու աշխարհով մեկ եղած՝ պատերազմներից ու մահից մազապուրծները:
Տականքը վեր ելավ, վերևինն անհետացավ: Կիրթն ու թերուսը, մասնագետն ու տգետը, մարդն ու տմարդը հայտնվեցին ոնց ռինգում՝ դեմ հանդիման, ու ամեն դրվագում արժանավորի հոշոտում է գնում:
Պատմականորեն երևի միշտ էլ նույնն է եղել՝ վայրենին հաղթել է, հետո դանդաղ, սերունդների ընթացքում քաղաքակրթվել ու պարտվել նոր վայրենուն, ու այսպես շարունակ:
Սրա դեմ բողոքելն իհարկե անիմաստ է, բայց քանի որ ես էլ պարտվածների շարքերում եմ, մի քանի հարցերով իմ կարծիքն ասեմ:
Արաբական աշխարհում դեմոկրատացվում էին: Դեմոկրատացվեցին ու հետ գնացին դեպի նախորդ դարերը: Ուկրաինան էլ է դեմոկրատացվում՝ արյամբ ու վառելով «անկախանում» է Ռուսաստանից:
Ուկրաինացիք իրենց անկախ, սուվերեն պետությունն են կերտում: Լավ են անում, իրենց գործն է: Գտնում են, որ վառելով, ահաբեկչությամբ է պետք դա անել, էլի իրենց գործն է:
Բայց իրենց գործն ու իրավուքը չէ բանակով հարձակվելն ու այլազգի քաղաքացիների իրավունքները սահմանափակելը:
Եւ իմ գործն է նման հարցերն ընդհանրացնելը, հարցի տեսականը քննարկելը և ելքեր առաջարկելը:
Առաջին անգամը չէ, երբ մարդիկ հայտնվում են ազգամիջյան կոտորածների մեջ: Բայց ամեն անգամ մի նորություն է մեջտեղ գցվում, թե իբր սա լրիվ այլ պատմություն է ու նոր մանրամասներ են, որոնցով այս մի կոտորածը արդար է, իսկ այն մեկը՝ ոչ:
Երկակի ու բազմակի ստանդարտներն արդեն դժվարամարս են դարձել ու հաշվարկված են բացարձակ տգետների համար: Զոմբիացումն ահավոր մասշտաբների է հասել, և ամեն մեկին անձնապես լռեցնելու միլիոնավոր մեխանիզմներ են ներդրված:
Բանն այն է, որ տականքն իշխանության է հասել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում էլ, և մարդիկ պարտավոր են սթափվել ու իրենց իրավունքներին տեր կագնել:
Ես հասկանում եմ, որ նման մտքերը քմծիծաղի առարկա են մեր՝ իշխանականին ենթարկված հայության համար, բայց և, զուտ տեսականորեն, ասելն է ճիշտը:
Երբ թուրքերն են մեզ վառել, դա գենոցիդ է եղել, երբ թուրքերը հիմա քրդերին են հետապնդում, դա էլ գենոցիդ է: Երբ ադրբեջանցիք 400000 հայի կոտորելով, ունեցվածքը յուրացնելով արտաքսեցին երկրից, դա գենոցիդ էր, երբ ալբանացիք ու սերբերը հանդիպակաց իրար էին կոտորում, դա էլ գենոցիդ էր:
Բոլոր այս դեպքերում կոնֆլիկտը երկրի ներսում եղած հիմնական և փոքրամասն էթնոսների միջև է: Ուժեղը փորձում է վերացնել թույլին և տիրանալ նրա՝ որպես քաղաքացու, պետական սեփականության բաժնեմասին:
Փորձենք ձևակերպել նման հակամարտություններում կատարվողը զուտ տեսականորեն՝ հաշվի առնելով ներառված սուբյեկտներին:
Որո՞նք են սուբյեկտները:
1. Պետությունն՝ ի դեմս իշխանության:
2. «Ազգ» կոչված ամբոխը, որը ղեկավարվում է տարբեր կողմերից, և շահագործվում է նրա զգայականը:
3. Հարևան պետություններն ու միջազգային գերուժերը, որոնցից ամեն մեկն իր շահերն է հետապնդում օբյեկտ երկրի ներքին պրոցեսներից:
4. Պաշտպանվող փոքրամասնությունը, որը փորձում է ֆիզիկապես փրկվել, այն դեպքում, երբ որպես կանոն, պրոցեսն ավարտվում է մեծաթիվ էթնոսի հաղթնակով և թույլի արտաքսմամբ:
Կոնֆլիկտների նկարագրման մեջ երբևէ չես հանդիպի հարցին, թե ինչ եղավ գենոցիդվածի, կամ արտաքսվածի անձնական ու նրա պետական հարստության բաժնեմասի հետ:
Չէ որ այդ մարդը երկրի քաղաքացի էր և նրան հասնում էր պետական սեփականության որոշ բաժնեմաս: Սպանվեց, կամ արտաքսվեց, վե՞րջ: Նրա ունեցվածքն արդեն իրենը չէ, այլ հաղթողի՞նը:
Այդ դեպքում ի՞նչ տարբերություն նախնադարյան՝ թրերով ու վահաններով ընթացող, հետո էլ բռնաբարող ու թալանող պատերազմների ու ներկա քաղաքակիրթ «դեմոկրատացման ու ինքնորոշման» սցենարների մեջ:
Արդյունքի առումով ես ոչ մի սկզբունքային տարբերություն չեմ տեսնում՝ նույն վայրենությունն է:
Բայց իրացման սցենարների առումով տարբերություններ կան: Եւ դրանք տրամագծորեն տարբեր են, կախված նրանից, թե արդյոք փորամասնությունն ունի այլ մայր պետություն, թե ոչ:
Եթե առկա է նման պետություն (ղարաբաղյան կոնֆլիկտը, հարավային-oսականը, Ղրիմի ու ուկրաինական ռուսների պրոցեսները), ապա բնական է, որ դրսում եղած սուբյեկտներն ու ազգակից մարդիկ փորձում են օգնել իրենց հայրենակիցներին:
Իսկ եթե չկա (1915 թվականի գերնոցիդը, ներկայում քրդերի դեմ տարվող բեսպրեդելը), ապա մեծամասնության ձեռքերն ազատ են այդ մարդկանց հետ ավելի դաժան վարվելու:
Այս տեսնակյունից դիտարկելով, պարզ է դառնում, որ ուկրաինական պրոցեսն այլևս քաղաքական չէ, այլ զուտ ազգամիջյան է, որի մեկնաբանման ու բնորոշման հարցում միջազգայնորեն մեծ անորոշություններ ու դեմագոգիա կա:
Չխորանալով լայնորեն հայտնի՝ սահմանների անձեռնմխելիություն-ազգերի ինքնորոշման իրավունք կոնցեպտների հակասությունների մեջ, շեշտենք մինչև հիմա անտեսվող ամենակարևորը՝ կոնֆլիկտի կիզակետում հայտնված մարդու իրավունքների խնդիրը:
Մինչև կոնֆլիկտն ու պարտությունը այդ մարդը երկրի լիիրավ քաղաքացին է եղել, աշխատել-կերտել-արարել է, հարստացրել երկիրը: Ու մի վայրկայնում նա հայտնվում է պարտված ու որևէ իրավունքից զուրկ ստրուկի կարգավիճակում:
Ժամանակն է, որ այս մասին աշխարհով մեկ ահազանգվի:
Ես այսպիսի հիմնարար սկզբունք եմ տեսնում:
– Քաղաքացին իր սեփականության փոխարկելի, փոխանցելի մասնաբաժինն ունի ժամանակակից պետության մեջ՝ անկախ նրա ազգային պատկանելությունից:
– Հետևաբար, եթե հրահրված ներազգային կոնֆլիկտում մարդը զոհվում է, կամ բռնի հեռացվում է երկրից, ապա նրա նկատմամբ երկու հանցանք է իրացվում՝ Ա. գենոցիդ, Բ. քաղաքացու պետական սեփականության մասնաբաժնի հափշտակում:
Կապ չունի, թե ով ինչպես է սկսել-հրահրել: Եթե պետությունը թույլ է տվել, որ իր քաղաքացու սեփականության իրավունքները ոտնահարվեն, ապա միջազգայնորեն պետք է ամրագրվի փոխհատուցման հարցը, որն առաջնային պետք է լինի տարածքային անձեռնմխելիության ու ինքնորոշման իրավունքների համեմատ:
Միայն այդ դեպքում վերջ կտրվի ներկա անմարդկայնությանը տարբեր երկրների ներքին գործառույթներում:
Եթե դիտարկենք ասվածն օրինակ ղարաբաղյան կոնֆլիկտի օրինակով, ապա կտեսնենք, որ Ադրբեջանից արտաքսվեցին 400 000 հայեր, իսկ Հայաստանից էլ 140 000 ադրբեջանցիներ: Հետևաբար, որպես բալանսային, քննարկման առարկա պետք է լիներ Ադրբեջանից արտաքսված՝ թվով 260 000-ով ավել հայ փաստականների հողային և ունեցվածքային իրավունքների փոխհատուցման հարցը:
Ըստ փախստականների հարաբերական թվերի, և լքված երկրներում նրանց հասնող հողային մասնաբաժնի, ստացվում է, որ Ադրբեջանից տեղահանված հայերին (առանց պատերազմի արդյունքների ներգրավման), որպես փոխհատուցում հասնում է մոտ Քելբաջարին ու Լաչինին հավասար տարածք:
Զարմանալիորեն, հայկական դիվանագիտությունը երբևէ չգնաց այս ճանապարհով, երևի հույս ունենալով, թե հայ փառապանծ գեներալիտետն ու վագրի ցատկերով զարգացող Հայաստանը կպահեն եղածը, ու Ադրբեջանն էլ կհամակերպվի պարտությանը:
Բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ մերոնք պարտավոր էին իրարից զատել պատերազմի հետևանքների բանակցումը մարդկանց արտաքսման հարցերի բանակցային պրոցեսներից ու ապահովեին տարածքային և ունեցվածքային փոխհատուցումն անկախ ռազմականից (Ունեցվածքային տարբերություններն էլ մանրամասն հաշվարկելի ու քննարկելի են):
Ինչևէ, այս տեսակետով նայելով ուկրաինական պրոցեսներին, կարելի է արձանագրել, որ Ղրիմի ժողովուրդը ինքնորոշվելով դուրս է եկել Ուկրաինայի կազմից: Բայց տարածքային և ունեցվածքային առումներով պետք է վերահաշվարկվի, թե արդյոք Ղրիմի բնակչությանը հասնող տարածքը լրիվ իրենցն է, թե ավել կամ պակաս են վերցրել: Եվ արդյոք իրենք սեփականության իրավունքներ ունեն, թե հակառակը՝ պարտք են ուկրաինական այլ հարստությունների մասով:
Նմանապես, հարավ-արևելքում բնակվող ռուսները որպես քաղաքացիներ ունեն տարածքային և պետական հարստության մասնաբաժնի իրավունքներ, որոնք պետք է հաշվի առնվեն, եթե բռնի արտաքսվեն երկրից:
Կարծում եմ, ժամանակն է, որ մարդու իրավունքների, սահմանների անձեռնմխելիության ու ազգերի ինքնորոշմանը զուգահեռ, առաջնակարգ ուժ ստանա նաև անհատ քաղաքացու պետական մասնաբաժնի մեջ նրա սեփականատիրական իրավունքների հարցը:
Այդ դեպքում և ներքին դաժանությունը կչափավորվի, և արտաքին մեջամտությունը կնվազի, և աշխարհը կդառնա շատ ավելի հանդուրժողական ու սկզբունքային՝ զերծ պատերազմներից, ֆինանսական բորենիներից ու միջուկային ապագայից: