Հրահրված սառը պատերազմի հեռանկարները
Արևմուտքը Ռուսաստանին որպես հակաբևեռ է ընտրել և օրեցօր այրում է հետդարձի կամուրջները: Նման է, որ որոշումը վերջնական է, և մեզ սպասվում է մի նոր, հիստերիկ, միջուկային սարսափներով պարտադրված կյանք, թե ՄՄ-ում, թե Արևմուտքում ու թե այլուր:
Արևմուտքի հարձակումը տեղի ունեցավ Ուկրաինայում, արտաքնապես իբր քաղաքացիական գործընթացների շրջանակներում: Բայց Յանուկովիչի քրեա-օլիգարխիկ համակարգի դեմ դուրս եկած պրոցեսն արագորեն վերաճեց Ռուսաստանի դեմ ուղղված ազգայնական, ապա Ղրիմի անջատման հետ կապված՝ նաև գլոբալ դեմագոգիկ հիստերիայի:
Պուտինին պարտադրվել էին պաշտպանական եզակի արահետներ, որոնցով գնալով Ռուսասատանը հայտնվեց լավ նախապատրաստված ծուղակում: Ղրիմից, և մասնավորապես Սեվաստոպոլի ռազմածովային բազայից հրաժարվելը Ռուսաստանի համար կնշանակեր համակերպվել երրորդական երկրի կարգավիճակին, որն անընդունելի էր և անհամատեղելի նման տարածք ու ռազմական պոտենցիալ ունեցող երկրի հավակնություններին: Իսկ դիմադրելն էլ հղի էր սպասվելիք կազմակերպված թշնամական հետևանքներով, որը և տեղի է ունենում մեր աչքի առջև:
Փաստորեն, Ռուսաստանին առաջադրված էր առանց այլընտրանքների ցուգցվանգային խաղ, որը և իրացվեց:
Ռուսաստանը հռչակված է ագրեսոր, այն դեպքում, երբ դա պարտադրված վարք էր: Ուկրաինան հռչակված է որպես զոհ, այն դեպքում, երբ Ուկրաինան ընդամենը ռազմադաշտ էր:
Ուկրաինական քաղաքացիական պրոցեսն այլասերված է, իշխանությունը նվաճված է խամաճիկների կողմից, միջսլավոնական ահավոր թշնամություն է հրահրվում, որն անպատկերացնելի էր սերբական դժբախտություններից հետո:
Դժվար չէ գուշակել, որ հետագա քայլով դրված է Ռուսաստանի մասնատման խնդիրը՝ Ղրիմի թաթարների և ներռուսական ավտոնոմիաների հրահրման միջոցով:
Արևմտյան հարձակումը էշելոնավորված էր և ժամանակի մեջ խելացի տեղադրված: Գործակալներով ու հեռահար լրատվական պայքարով քողարկված նախնական փուլն այժմ իր տեղը զիջել է բազմաֆրոնտալ թեժ ճատակատամարտի: Մարտը վարվում է և ռազմականով՝ հրթիռների և զորքերի մերձեցում ռուսական սահմաններին, և ֆինանսական ահռելի մամլիչների գործադրումով, և քաղաքական ծավալուն հակառուսական հիստերիայով:
Նպատակները մի քանիսն են.
1. Դոլարի միջազգային դիրքերի ապահովում՝ սառը պատերազմով գեներացված ու պարտադրված երկարատև կոնսոլիդացիայի շնորհիվ:
2. Ռուսաստանի հետագա հնարավոր մասնատման հետ կապված համաշխարհային գլոբալ քաղաքական պրոցեսների հրահրում և կառավարում, որի շնորհիվ էլ՝ մշտապես գերակա դիրքերի ապահովում:
3. Ռուսաստանը մասնատելու և Սիբիրը որպես տարածք վերաբաշխելու հեռանկարով և իր բաժինը խոստանալով՝ Չինաստանի գայթակղումն ու զսպումը:
4. Ռուսաստանի տարածքով մեկ լոկալ պատերազմների հրահրում և քրիստոնյա փախստականներով եվրոպական մուսուլմանության դեմ հավասարակշռության նոր հնարավորությունների նախաձեռնում:
5. Ապագա փախստական աշխատուժի շահագործում, ինչպես որ եղավ սովետի կործանումից հետո, և դրանով իսկ՝ ներքին տնտեսական խնդիրների կարգավորում:
6. Կեղծ երկբևեռության և սառը պատերազմի վրա հրահրված միջազգային ուշադրության շեղում և դրանով իսկ միաբևեռ աշխարհի հրատապ կրիտիկական հարցերի քողարկում և լուծումներ գտնելու համար անհրաժեշտ ժամանակի շահում:
7. Ռուսաստանի՝ որպես հակակապիտալիստական, հակագլոբալիստական, սոցիալիստական, գաղափարական կենտրոնի ոչնչացում:
Այլ մոտիվներ էլ կան, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ Ռուսաստանը վերցված է անհաղթահարելի աքցանների մեջ և համարժեք հակաքայլեր չունի:
Ներկայում նախաձեռնվող, մեկուսացման ճանապարհով ագրեսիային դիմակայելու ռուսական սցենարները՝ սեփական ինտերնետ, եվրասիականություն, ՄՄ, բանկային համակարգի մեկուսացում և այլ քայլերն անիրական են:
Միակ քիչ թե շատ իմաստալից պատասխանը դոլարի դիրքերի սասանումն է, այլ երկների հետ ոչ դոլարային հարաբերությունների անցնելով: Բայց դա էլ անիմաստ է, եթե նրանում չներգրավվեն այլ հզոր տնտեսություններն ու սպառման շուկաները, ինչպիսիք են BRICS հարևանության երկրները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը:
Բայց տեսական այս քայլն էլ է ձախողված, քանի որ միջազգային քաղաքականը գլխավորապես պրագմատիկ է, և միայն բացառիկ դեպքերում՝ գաղափարական ու հայեցողական:
Ո՞րն է Հայաստանի անելիքը: Սուբյեկտության բացակայության պայմաններում այդ հարցը քննարկելն իսկ անիմաստ է:
Այլ հարց է՝ թե մեզ ինչ է սպասվում: Սրա պատասխանն էլ է աղոտ՝ որովհետև ոչ ոք չգիտի ու չի էլ կարող գուշակել բազմաճյուղ սցենարներով ընթացող դինամիկ, հենց ներկա պահին նախագծվող (real time simulation) սցենարների մանրամասները: