Արդեն 6 ամիս է Վարդան Պետրոսյանը բանտում է՝ չապացուցված հանցանքի համար: Վթարի հանգամանքների ուսումնասիրման առաջին իսկ րոպեներից պարզ էր, որ Վարդանը կամ մեղավոր չէ, կամ էլ շատ ավելի քիչ է մեղավոր, քան Նիվայի վարորդը:
Վթարի մանրամասները նկարահանված են րոպեներ անց, պատկերը ֆիքսված է և այն պետք է որ կցված լինի գործին https://shamshyan.com/old/arm/2013-10-20-vardan-accident.html
Վարդանի վերջանական մեղավորության հարցը պետք է պարզվեր կախված ոչ միայն Վարդանի գործողություններից, այլև Նիվայի ընթացքի ուղղության, տեխնիկական վիճակի ու վարորդի վարքի ու վարորդական ադեկվատության հետ կապված:
Միակ տարբերակը, երբ ամբողջ մեղավորությունը միայն Վարդանինն է, դա այն է, որ Վարդանը դուրս եկած լինի երթևեկելի հատվածից և հարվածած լինի ամբողջությամբ ճամփեզրին կանգնած Նիվային:
Մնացած բոլոր տարբերակներում Վարդանի մեղավորությունը կամ մասնակի է, կամ էլ առհասարակ ինքը մեղք չունի, և տուժող կողմ է:
Համակողմանի քննարկենք հենց այդ տարբերակը, որը թույլ կտար քննությանը՝ Վարդանին նման դաժանությամբ մեղադրելու և բանտարկված պահելու:
Վարդանի՝ որպես վարորդի, գործողությունները, կապված մեքենայի արագության, ճանապարհի երթևեկելի հատվածում հարվածի կոնկրետ տեղադրության հետ, ինչպես նաև բախումից հետո իներցիոն տեղաշարժի պատկերը ցանկացած քիչ թե շատ մասնագետի պետք է հուշեին, որ
1. Վարդանը մեքենան վարել է թույլատրվածից ավելի դանդաղ (71կմ/ժամ, թույլատրված 90-ի հատվածում):
2. Ըստ բժշկական քննության, Վարդանը խմիչք օգտագործած չի եղել, մեքենան վարել է երթևեկելի մասով, հեռախոսով խոսելիս չի եղել: Այսինքն իր վարորդական վարքում վթարի հանգեցնող որևէ նախադրյալ չի եղել:
3. Մոտավորապես սիմետրիկ վնասված է ԲՄՎ-ի առջևի ճակատային մասը և Նիվայի ետին մասը: Հետևաբար, մեքենաների բախումը տեղի է ունեցել նույն գծով՝ աննշան անկյան տակ՝ ԲՄՎ-ն առջևի ամբողջ մասով սիմետրիկ հարվածել է Նիվայի հետին մասին:
4. Հարվածից հետո ԲՄՎ-ն մի փոքր շեղվել է դեպի աջ, շարունակել է իներցիայով ընթանալ դեպի ճամփեզր և կանգ առել թեքությամբ դեպի ճանապարհը: Իսկ Նիվան առաջ է գնացել, շրջադարձվել է և հայտնվել հանդիպակաց ճանապարհի ձախ մասում:
5. Այն, որ հարվածը տեղի է ունեցել հենց երթևեկելի հատվածում՝ ասֆալտի վրա, ուղղընթաց ընթացող ԲՄՎ-ի և նույնպես, ճանապարհի երթևեկելի մասում, ընթացքին զուգահեռ վիճակում գտնվող՝ կանգնած, կամ հետ ընթացող Նիվայի միջև, ապացուցվում է բազմաթիվ փաստերով:
Ա. Եթե Նիվան թեկուզ ցածր արագությամբ առաջ ընթանալիս լիներ, ապա և ԲՄՎ-ի և Նիվայի հետվթարային ընթացքային հեռավորությունները հարվածի կետից շատ ավելի մեծ կլինեին, քան առկա է: ԵՎ հետևանքներն էլ նման աղետալի չէին լինի:
Բ. Եթե վթարը տեղի ունեցած լիներ ճամփեզրին, ապա հարվածը սիմետրիկ չէր լինի երկու մեքենաների առումով, և հետվաթարային դիրքերն այլ կլինեին: Իրոք որ, եթե ԲՄՎ-ն 71 կմ/ժամ արագությամբ թեքվում, դուրս էր գալիս ճանապարհից դեպի աջ, ապա այն իներցիոն վեկտոր կունենար դեպի աջ: Այդ դեպքում, եթե ընդունենք, որ Նիվան էլ նույն կերպ թեք է կանգնած եղել ճանապարհի հանդեպ, ապա հարվածից հետո և ԲՄՎ-ն, և Նիվան կհայտնվեին ճանապարհի աջ կողմում, ըստ շարժման վեկտորի:
Ըստ որում, ԲՄՎ-ն պետք է շուռ եկած լիներ ձախի վրա, որովհետև նման կորագծում 71 կմ/ժամ արագությամբ թեքվող մեքենան չէր կարող ուղիղ կանգնած մնալ: Իսկ Նիվայի որևէ այլ դիրքի դեպքում վնասվածքները կլինեին ոչ սիմետրիկ: ԵՎ բացի այդ էլ, Նիվան ոչ մի կերպ չէր կարող հայտնվել ճանապարհի վրա: Այն կամ տեղում շուռ կգար՝ հարվածից քիչ հեռու, կամ էլ կհայտնվեր աջ ճամփեզրին:
Նույն արդյունքն է ցույց տալիս նաև վթարի 3D իմիտացիան https://www.pastinfo.am/hy/node/36663:
Շեշտեմ նաև, որ հայ ոստիկանության պրիմիտիվ պատկերացումները, թե ամեն պարագայում հետևից հարվածողն է մեղավորը, այս դեպքում չեն գործում, որովհետև՝
Ա. գիշերով է եղել դեպքը, և մի գուցե առանց Նիվայի հետին լույսերի,
Բ. շատ մեծ է հավանականությունը, որ Նիվան հետ տալով է հայտնվել ճանապարհի երթևեկելի մասում և Վարդանն ի վիճակի էլ չէր կարող լինել արգելակել, կամ խուսափել բախումից,
Գ. ավելին, եթե Նիվան հետընթաց է շարժվելիս եղել, ապա այդ դեպքում վթարը որպես ԲՄՎ-ի կողմից «հետևից հարված» չի կարող դիտվել, այն պետք է դիտվի որպես անսպասելի, հանդիպակաց ընդհարում, որի մեղավորությունն ամբողջությամբ Նիվայինն է:
Այսինքն բավական պարզ վթարային պատկեր է, որի պարզաբանումը ամենաշատը օրերի հարց էր, և դատական պրոցեսը վեց ամիս ձգձգելը ակնհայտորեն ոչ իրավական ոլորտի պարտադրանք է եղել:
Ես ոչ մի կասկած չունեմ նաև, որ այս ակնհայտ վերլուծությունը պարզ է եղել հենց վթարի տեղում, և քննությանը մասնակից բոլոր քննիչները շատ հստակ իմացել են, թե ով է մեղավորը և իրականում ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը:
Եղած փաստերն ամբողջությամբ բավարար են եղել հենց սկզբից Վարդանին ոչ մեղավոր ճանաչելու համար: Բայց արդեն վեց ամիս է Վարդանը բանտարկված է, իսկ դատարանն ու քննիչներն էլ չեն շտապում որևէ պարզաբանում տալ գործի ընթացքի ու մանրամասների մասով:
Վերը նկարագրվածը լիովին բավարար է եզրակացնելու, որ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ առողջության քայքայմամբ, հոգեբանական մեծ հարվածներով ու անարդարությամբ՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ հաշվեհարդարի հետ:
Վարդան Պետրոսյանը երևելի անձնավորություն է՝ ներկա հայ բեմի երևի ամենաակնառու դեմքը: Հայությունը այլ Վարդան Պետրոսյաններ չունի, որպեսզի գործում ներառված քննիչներն ու դատավորները նման ցինիզմով, մասնագիտական ընդգծված քամահրանքով ու դաժանությամբ շարունակեն իրենց հաշվեհարդարը՝ որպես քաղաքացի հանդես եկած ականավոր դերասանի ու մեծ հայրենասերի հանդեպ:
Իհարկե, Վարդանի դեպքը ոչ առաջինն է, և ոչ էլ երևի վերջինն է լինելու մեր իրականության մեջ: Բայց այն արդեն դուրս է ամեն մարդկայինից, ու նույնիսկ անմարդկայինից:
Եթե երկիրն ունի դատարան, ապա այն պետք է գոնե ինչ որ բանով դատարան հիշեցնի, այլ ոչ գիլիոտին լինի ոչ լեգիտիմ իշխանությունների, հանցագործ փողատերերի ու մարդկային տականքի ձեռքին:
Եկել է պահը, որպեսզի մենք ամբողջ լրջությամբ նայենք հայկական իրավական համակարգին` սկսած սահմանադրական դատարան կոչված ազգակործան դակիչից, վերջացրած կամակատար շարքային քննիչ-ոստիկան-դատավորը, որոնք երկրի սույն վիճակի համար մեկ պատասխանատուն են:
Չի կարող երկիր գոյություն ունենալ, ուր դատավորը ոչ միայն կաշառակեր կամակատար է, այլև անսկզբունք՝ իրավունքը որպես քաղաքական մահակ օգտագործող ու բանտերն անմեղներով լցնող մեքենա է:
Հայկական ամեն մի օրինազանցություն, այլանդակություն, վայրենություն ու հանցագործություն հայկական «դատարանով» է անցել, հայ դատավորով է «օրինականացվել» ու դարձել երկրի կործանման լծակ:
Հասկանալի է, որ ներկա անտերության պայմաններում ոչ մեկից էլ օրինականություն չես կարող սպասել: Բայց կան մարդիկ, որոնց և ես, և հայությունն ասելիք ունի:
Դրանք հայ իրավականի, քննիչների, դատախազների ու դատավորների մերձավոր ու հեռավոր բարեկամությունն են՝ քեռիներն ու հորեղբայրները, քավորներն ու խնամիները, ընկերներն ու հարևանությունը:
Դիմում եմ իրենց:
Դուք շատ լավ գիտեք, թե ովքեր են նշած մարդիկ: Մենք որևէ լծակ չունենք մարդկայինը կորցրած այդ կամակատարների հանդեպ, բայց նրանք հասանելի են ձեզ: Համապատասխանաբար՝ ըստ իրենց արածի ու չարածի, սրիկայության ու հրեշության վերաբերվեք դրանց: Եv հիշեք, որ և մեր և ձեր դժբախտությունների պատճառն էլ իրենք են, ոչ մեկ ուրիշը:
Սաստեք, կարգի հրավիրեք դրանց ձեզ հասու ձևերով, ձեր ներկայի և ապագայի համար: Դրանով դուք ամենահայրենասիրական գործն արած կլինեք, որը երբևէ հայությունն ունեցել է անելու:
Իմաստուն հայրս հաճախ կրկնում էր՝ «Իշխանության սրից պետք է մշտապես արյուն կաթա: Բայց վայ այն իշխանությանը, որի սրից անմեղի արյունն է կաթում»:
Այս իշխանությունը դուրս է եկել մարդկային բոլոր տրամաբանություններից և ընթանում է զուտ մեր պատմական- ավանդական-քրիստոնեական հանդուրժողականության հաշվին:
Երբ թուրքն էր գենոցիդի ենթարկում մեզ, հասկանալի էր՝ թշնամի էր: Երբ հայն է հային գենոցիդում, ծայրահեղ վերապահումներով նույնպես հասկանալի է, բայց ոչ հանդուրժելի: