Ստրուկը նա է, ով սպասում է, թե մեկը կգա և կազատի իրեն:
Էզրա Փաունդ, ամերիկացի բանաստեղծ
Անխակության սկզբին ներհանրային սեգրեգացիայի դիապազոնը փոքր էր՝ մի կողմում մարլբորո ծխող վարչապետն էր, մյուսում՝ մարլբորոյի փող չունեցող մնացածս:
Անցած տարիներին մեզանից ոմանք ձգտեցին մարլբորո ծխողների շարքերում հայտնվել, ոմանք էլ լծվեցին մարլբորո ծխողների հարցերը «լուծելուն»:
Երկրորդները հիմնովին պարտվեցին բոլոր մարտերում և ճակատամարտերում, և ներկայում մենք դասավորված ենք իրար կողքի, իրար տակ, իրար մեջ ու իրար վրա՝ որպես բազմաշերտ ու չարագուշակ մի կոնգլոմերատ, ուր մի կողմում արդեն հացի փող չունեցողն է, իսկ մյուսում՝ ամբողջ Հայաստանն իր գրպանում ունեցողը:
Գիտունների համար սա իբր վայրի կապիտալիզմ է, քաղաքականների համար՝ իբր անարխիա-օլիգարխիա, սթափների համար՝ գենոցիդ, հուսալքվածների համար՝ արտագաղթի խթան, մնացողների համար էլ՝ ամենօրյա տաժանակիր կյանք:
Խնդիրը՝ թե ինչ է սա, կամ ինչու է սա, արդեն իմաստազուրկ է, որովհետև ենթադրենք թե պարզեցինք, թե ինչն ինչոց է, դրանից ոչ ներկան և ոչ էլ հեռանկարը չի փոխվելու: Երկիրը կանգի մեջ է՝ մեկուսացած աշխարհից, իր մարդկանցից, ազնվությունից ու ապագայից:
Այն, որ իշխանությունը քրեականի ձեռքին է, ինձ չի զարմացնում, դա աստիճանական ուզուրպացիա էր, որն իրենց տգետ հալով տղերքը հոյակապ իրագործեցին: Բայց այլ բան է ինձ ու երևի շատերին հետաքրքրում՝ թե ինչպես ենք մենք՝ ստրկացվածներս և ստրակատերերը նույն տարածքում համերաշխ ապրում:
Իմ՝ ոչ պատմաբանի կարծիքով, ստրակտիրական Հռոմում ստրուկը պատերազմում պարտվածն էր, կամ նրա ժառանգը, որը ստրուկ էր ծնվել: Այն ժամանակվա ստրկությունը պատերազմների հետևանք էր և դրանով իսկ՝ անբեկանելի քաղաքակրթական դրվածք:
Ամեն պատերազմ իր ավարտն ուներ, և դրա հետ կապված պարտվողի անձնական ապագայի խնդիրը կոնցեպտուալ լուծում էր պահանջում: Կամ նա պետք է սպանվեր, կամ էլ ենթարկվեր-ստորադասվեր հաղթողին: Ստորադասվելու ձևերից ամենահարմարն էլ ստրուկն էր՝ առանց որևէ իրավունքի, մանրամասների ու նրբությունների՝ ստրուկ ես, և վերջ:
Ավելին, եթե պատերազմն ավարտվեր հակադիր ելքով, ապա մեկ է, նույն խնդիրն առկա է՝ ի՞նչ անել պարտվածի հետ: Այսինքն, պատերազմողը գիտի, որ եթե չզոհվեց, իր ապագան ստրկությունն է, եթե պարտվում է, և ստրկատեր լինելն է, եթե հաղթում է:
Ստրկատիրականի մի հիմնարար դրսևորումն էլ ստրուկի և ստրկատիրոջ համատեղ կյանքն է: Ստրուկն ապրում է ստրկատիրոջ կողքին, նույն տարածքում, բայց տարբեր պայմաններում: Եւ դա քաղաքակրթական դրվածք է՝ մեկը ստրուկ է, մյուսը ստրկատեր, բայց նրանք պետք է համատեղ ապրեն:
Ստրկատիրական մշակույթից այս կողմ շատ բան փոխվեց աշխարհում, ընդհուպ մինչև ստրուկ-ստրկատեր հարաբերությունների դաշտի անճանաչելի փոփոխումը: Բայց ներկա դարում էլ, տարբեր երկրների ներհանրային հարաբերություններում ինչ որ աստիճանի «ստրկատիրություն» կա ամեն քայլափոխի:
Եթե դիտարկենք հայկական ներկա իրականությունը՝ որպես ֆեոդալախառն, կապիտալիզմախառն, բառադիախառն, գողախառն ստրկատիրություն, ապա շատ բան կպարզվի մեր պատկերացումներում և ակնկալիքներում՝ թե իշխանություններից և թե մեկս մյուսից:
Նախ տեսնենք, թե ինչով է ներկա հայկական՝ «ախպերական»-միլիոնատեր-օլիգարխ-գողական ստրկատիրությունը տարբեր պատմական-Հռոմեականից:
1. Մենք, շարքային ստրուկ երևացողներս չենք պարտվել ապագա ստրկատերերին ճակատային պատերազմում: Բայց իհարկե պարտվել ենք 25-ամյա քարոզչական, կենցաղային ու ներհանրային ամենօրյա լոկալ մարտերում, ուր տականքը կռիվ է տվել ամեն մի միկրոն տարածքի, ամեն մի գրամ ունեցվածքի, ամեն մի կոպեկ սովետից ժառանգված հարստության համար, ամեն մարդկայինի տապալման ու իր քստմնելի արժեքայինի հաստատման համար: Եւ ձևերի մեջ որևէ խտրականություն չդնելով դաժանորեն հաղթել է մեզ:
2. Մեզ լրջորեն չի մտահոգել, որ քաղաքակիրթ ապրելու ու զարգացման փոխարեն ամեն քայլի կենաց-մահու զիջելու, կամ արտագաղթելու, ստրուկ կամ դիակ դառնալու կատեգորիկ երկընտրանքն է մշտապես մեր դեմ դրել հայի ազգանունով ու մայրենիով բարբաջող քրեական տականքը՝ շահագործելով մեր իսկ թուլությունները՝ որպես գենոցիդված, միամիտ ազգի ու թշնամական շուրջկալի մեջ հայտնված հանրության:
3. Մենք նախ հայտնվել ենք հոգեբանական կախվածության մեջ մեր տականքից, որն այնուհետև նյութականացվել է որպես սահմանադրական դրվածքների համակարգ, այն է՝ վայրի թալան՝ կապիտալիզմի անվան տակ, հանդուրժողականություն՝ ազգայինը չվտանգելու «հրամայականի պահանջով», համբերատարություն՝ սոցիալական, ունեցվածքային անհավասարությունը ժամանակի մեջ իբր հարթելու հեռանկարով, և ստրկամտություն՝ դրվածքը որպես այդպիսին անվերապահորեն ընդունելու առումով:
4. Հարմարվել-համակերպվել-քարշ ենք եկել: Բայց արդյոք սթափ ու պատասխանատու ենք նայել մեր կերտած իրականությանն՝ իր սևապակի-ամենագնացներով վխտացող վերակացուներով:
Արդյոք հաշի՞վ ենք տվել, որ օրը 24 ժամ մարդաորսով զբաղվող ոստիկանը, քննիչը, թաղ նայողը, քրեական հանցագործը մեր տերերն են այլևս:
Հասկանո՞ւմ ենք արդյոք, որ հենց մեր մեջ, մեր կողքին, ու մեր վրա միջնադարյան դղյակներ կառուցած հրեշը մեր արյամբ ու արժանապատվության հաշվին է դա արել ու շարունակում է միլիարդներ կորզելը՝ մեզանից, հողից, ջրից ու երկրից որպես արդեն ստրկատեր:
Արդյոք վայե՞լ է մեզ, որ 21-րդ դարի մեր գեներալը անտառաճանաչ հանցագործ է, պառլամենտականը՝ մարդակեր, իշխանավորը՝ հրեշ, գիտնականն էլ՝ կռճոնակեր-պնակալեզ:
Արդյոք հասկացե՞լ ենք, որ կես դար առաջ աֆրիկյան սևամորթը բարձրացրեց իր երկիրը նվաճած սպիտակի հետ հավասար իրավունքներով, ոչ մեկուսի ու արժանապատիվ կյանքով ապրելու խնդիրը, կռվեց դրա համար և հասավ իր նպատակին: Իսկ մենք առավել նպաստավոր պայմաններում գահավիժեցինք դեպի ստրկություն՝ հենց մեր տականքի ձեռքին:
Եւ արդյոք նկատել ենք, որ համակերպվել ենք մեզ ստրկացնողի հետ պարտադրված ապարտեիդի պայմաններում գոյատևելուն:
Ֆանտաստիկ ապարտեիդ է՝ դժբախտ-անմեղներով լցված բանտերով, սիբիր մեկնող ավտոբուսներով, ցրտից ու սովից մահացող երեխաներով ու ծերերով մի կողմից, և զրահամեքենաների, սևապակիների, ոստիկանական կորտեժների, սեփական հրոսակային զորքերի հետևում, մեր կողքին խոյացած ամրոցների մեջ ու դուբայական սխոդկաներում երևակվող մակաբույծ ոչնչություններով՝ մյուս կողմից:
Մենք սխալ ենք եկել ու սխալ ենք գնում:
Սա պետություն չէ – պետությունը սա չէ:
Սա ապարտեիդի ամենածայրահեղ դրսևորումներով ստրկատիրություն է՝ ներս ու դուրս հոսքերի մանրակրկիտ հաշվառմամբ, մարդկանց անձնական քայլերի վերահսկմամբ, ներքին լրտեսության աննախադեպ ծավալով, ամեն մարդկայինի ոտնահարմամբ ու դավաճանությամբ:
Նայենք՝ և կտեսնենք, հաշիվ տանք մեզ՝ և կհաղթահարենք: