Ուկրաինական իրադարձությունների հետ կապված՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների վերջին ամիսների սրացումը խորքային պրոցես է, որն իր լուսաբանումն է պահանջում:
Քաղաքական վերլուծաբանների մեծամասնությունը համաձայն է այն մտքին, որ միաբևեռ աշխարհը փորձում է ամեն գնով երկրորդ բևեռ կերտել: Սակայն խնդիրն այն է, որ երկրորդ բևեռը չի կարող կեղծ լինել: Այն պետք է իրական ու համարժեք լինի առաջինին՝ թե ռազմաքաղաքական և թե տնտեսական-գաղափարական ու արժեքային առումներով:
Բայց Ղրիմի հետ կապված իրադարձությունները ցույց տվեցին, որ Արևմուտքն ընդհանուր հայտարարի է եկել տնտեսապես հետամնաց Ռուսաստանը որպես արհեստական թշնամական երկրորդ բևեռ ձևակերպելու հարցում և գլխապատառ սուրում է այդ ուղղությամբ:
Փորձենք հասկանալ, թե ինչու:
Հետսովետական 23 տարիներին Արևմուտքը ներգրավված էր առաջին հայացքից տարօրինակ ու անտրամաբանական բազմաթիվ պրոցեսների մեջ, որոնց բացատրություն գտնելը հեշտ չէ:
Բռնապետերին «պատժելու» և դրանով «ժողովրդավարության տարածման» թեզով հրահրած գրեթե բոլոր պատերազմներն ավարտվել են խնդրո առարկա երկրների ենթակառուցվածքների տոտալ ոչնչացմամբ, անթիվ զոհերով, ժողովրդի կենսամակարդակի իջեցմամբ, մարդկանց մեծ զանգվածների բռնի տեղահանմամբ ու տեղերում արևմտամետությամբ զոմբիացված մեծ բազմությունների բուծմամբ:
Դեռ որ այդ ամենից հեռու են մնացել միայն ասիական զարգացող երկրները, որոնց հաջողվել է կտրուկ խթանել ժամանակակից արտադրությունները, դառնալ համաշխարհային արտադրողներ, դրա շնորհիվ ինչ որ չափով անձեռնմխելիություն նվաճել և իրենցից հեռացնել ժողովրդավարության սպասվելիք հարվածները:
Սակայն շարունակաբար կրկնվող անտրամաբանական վարքի պատճառով մեծապես տուժել են նաև արևմտյան երկրները: Արևելք են արտահանվել բազմաթիվ կարևորագույն արտադրություններ, և ԱՄՆ-ն կորցրել է իր տնտեսական հզորությունների մի ահռելի հատվածը: Համաշխարհային գերուժը դարձել է մի բուռ մարդկանց ռազմաֆինանսական շահերի սպասարկողը:
Եվրոպան լցվել է միգրանտներով և այսօր կանգնած է տնտեսական, դեմոգրաֆիկ, ներքին հանրային համակեցության ու հանդուրժողականության լրջագույն խնդիրների առջև:
Շատերի մոտ օրինաչափ հարց է ծագում, թե այդ ինչպես է, որ նույնիսկ ոչ մասնագետը տեսնում է արևմտյան աշխարհում առկա այս աբսուրդային վեկտորևները, իսկ այդ երկրների իշխանություններն ու անալիտիկ կենտրոնները ոչ միայն «չեն տեսնում», այլ կուրորեն շարունակում են նույն գործելաոճը:
Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ էր ԽՍՀՄ կործանումը հակամարտող կողմերի ֆունկցիոնալության առումով:
Բոլորս գիտենք, որ ԽՍՀՄ-ը և ֆիզիկապես, և կառուցվածքային ու մասնագիտական առումներով դեգրադացվեց և ապամոնտաժվեց, վերածվելով որպես ազգային պետություններ ձևակերպված բազմաթիվ ծավալուն «աղբակույտերի»:
Իսկ ի՞նչ էր ԽՍՀՄ կործանումը Արևմուտքի առումով: ԽՍՀՄ-ից հետո ամերիկյան հաղթական էյֆորիան անասելի մեծ էր և այդպիսին էլ մնացել է: Ամերիկացիք համարում են, որ հաղթեցին իրենք, հաղթեց կապիտալիզմը, հաղթեց ժողովրդավարությունը և որ իրենք ու իրենց արժեքներն անբեկանելի են ու միակն են աշխարհում:
Ես սրանում ոչ մի մերժելի բան չեմ տեսնում, դա հաղթողի նորմալ վարք է: Բայց մերժելի եմ համարում այն կուրությունը, որով նրանք շարժվում են արդեն 23 տարի: Նրանք չեն տեսնում, որ կորցրել են արտադրությունները, ու շարժվում են զուտ ֆինանսական մեքենայությունների հաշվին:
Չեն տեսնում, որ որպես իրենց որոշում կայացնող ու դոգմատիկ ղեկավար են մնացել սառը պատերազմի ժամանակաշրջանի հետախուզական ու անալիտիկ մասնագետները, որոնք բացի ԽՍՀՄ հայհոյելուց ու նրա դեմ գործելու ստանդարտ դոգմատիկ, «նավթալինոտ» սխեմաներից բացի այլ բանի ընդունակ չեն և նույնքան ապաշնորհ են, որքան սովետական պարտված մասնագետներն էին:
Չեն տեսնում, որ իրենց երկիրը որպես պատանդ է հայտնվել մի բուռ ֆինանսական մագնատների ու մի քանի շահային խմբերի ձեռքին, որոնք ուզուրպացրել են կոնգրեսն ու որոշումների ընդունման ամերիկյան բոլոր կենտրոնները:
Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին երեք երիտասարդներ՝ Մաննինգը, Ասանժը և Սնոուդենը աշխարհի առջև բացեցին ամերիկյան ներկա իրականության հենց այս կողմը՝ որ որոշումների ընդունման մենաշնորհը առևանգված է մի քանիսի կողմից, ովքեր ենթակա չեն ժողովրդին և նույնիսկ կոնգրեսի հիմնական պատասխանատուներին:
Որոշումների ընդունման ղեկին են քառորդ դար հետ ընկած, սառը պատերազմի հետախուզական մտածելակերպով մարդիկ, ֆինանսական լծակներին տիրապետող անհայտ ուժեր, լոբբիստական մի քանի հզորագույն խմբեր, ամբողջովին մոնոպոլացված լրատվությունը ու աշխարհով մեկ անհիմն պատերազմների մղող մասնավոր խորհրդատվական ընկերությունները:
Եւ այսօր աշխարհը կանգնած է այն փաստի առջև, որ վերը նշված զառամյալ ու իրականությունից կտրված մեքենան որոշեց որպես երկրորդ բևեռ «նշանակել» միջուկային հսկա, բայց տնտեսական ու հումանիտար թզուկ Ռուսաստանին:
Բայց, մյուս կողմից, նման գլոբալ հարցի ձևակերպումը միայն թղթաբանական պրոցես չէ, պետք է աշխարհը տեսնի, հավատա, որ սա է, որ կա, տեսեք, հրեշը Ռուսաստանն է: Որ Ռուսաստանը թալանել է Ուկրաինան, որ Ռուսաստանը հրահրել է մայդանյան պրոցեսը, Ռուսաստանը կրակել է: Որ Ռուսաստանը զենքով գրավեց Ղրիմը, կեղծեց ղրիմցիների ինքնորոշումը ու վաղն էլ ողջ Ուկրաինան կգրավի, կողքիններին կստրկացնի, աշխարհը կվտանգի:
Մի խոսքով, պետք է բոլորին համոզել, որ ներկա աշխարհի պրոբլեմը ռուսն է, ռուսներն ու Ռուսաստանն են: Որ ռուսները նոր բևեռ են, որի դեմ պետք է դուրս գա ողջ մարդկությունը:
Հասկանալի է, Արևմուտքի համար շատ ավելի հեշտ է հին փորձված մեթոդբանություններով մրցել մի նոր, թույլիկ «սովետ միության» հետ ու էֆեկտով հաղթել, քան թե զբաղվել իր զարգացմամբ և մրցել չինացիներ հետ՝ արտադրության ոլորտում: Եվ սրա ապացույցն այն է, որ գործի մեջ են ՄըքՔեյնը, Բզեժինսկին ու Քիսինջերը:
Այսօր մենք ականատեսն ենք հենց այդ բեմադրության, որով մեր առջև կերտվում է նոր հրեշը՝ Ռուսաստանը: Վաղը այս նոր աբսուրդով է զբաղվելու ողջ աշխարհը: Ռուսաստանի դեմ մարդիկ հիստերիայի մեջ են ընկնելու, իրենց բակերում միջուկային ապաստարաններ են կառուցելու և անքուն գիշերներ ապրելու:
Ես մտադրություն չունեմ ռուսներին արդարացնելու, որովհետև իրենք էլ իրենց բարձրության վրա չեղան, իրենց երկիրն ու ներքին հարցերը լուծելիս:
Ես նաև իրավունք չունեմ շարքային ամերիկացիներին մեղադրելու: Այդ մարդիկ էլ կյանքին նայում ու գործում են այն ինֆորմացիայով ու գիտելիքով, որը նրանց մատուցվում ու քարոզվում է:
Ես չեմ մեղադրում նաև ամերիկյան որոշումների լծակներին տիրացածներին՝ նրանք անում են այն, ինչը թույլատրել ենք մենք՝ աշխարհի մարդիկ:
Բայց ես մեղադրում եմ ինքս ինձ ու իմ նմաններին, որ մեկուսացել ենք կատարվողից և սպասում ենք հրաշքների, թե վաղը ինչ որ հրաշքով «լավ» կլինի, հարցերը կլուծվեն, աշխարհը կընթանա իր հին հունով, ոնց եղել է:
Ոչ, չի լինելու այդպես, քանի կան մեր փոխարեն ու մեզ խաբելով հարց լուծողներ, ճշմարտությունը քողարկող զեղծարարներ ու քաղաքականությունը էմոցիայի վեր ածող տգետներ: Դա նշանակում է նոր արյուն, նոր դժբախտություններ, նոր փախստականներ ու նոր աբսուրդներ:
Քանի դեռ մարդկությունը մի քանիսի քմահաճույքին է, որպես բևեռներ կնշանակվեն կեղծ գերուժերը, որպես նպատակներ կընտրվեն կեղծ արժեքներն ու կեղծ պրոցեսները ու կհրահրվեն կեղծ հիմնավորումներով, բայց իրական ավերիչ նոր պատերազմներ:
Գալով մեզ, շահագռգիռ անմիջական իրականություն, կասեմ հետևյալը: Օլիգարխիկ, հետամնաց, խմող ու անկյուն մղված Ռուսաստանն այլ ելք չուներ, քան Ղրիմն իրենով անելն էր եւ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հարձակմանը դիմագրավելը:
Դա էլ Ռուսական պատմական ու աշխարհքաղաքական դաժան ժառանգության պարտադրանքն է: Իր ներքին սպեցիֆիկ առանձնահատկությունների ու դրսի աննախադեպ միջամտությունների շնորհիվ Ռուսաստանն այժմ շատ թույլ է ներքնապես և խոցելի է արտաքնապես:
Պուտինը չէր կարող ավելի նահանջել, որովհետև հաջորդ քայլը Ռուսաստանի՝ որպես պետության ապամոնտաժումն էր լինելու: Եվ սա ռազմաքաղաքական ակնհայտ տրամաբանական փաստ է, որը չհասկանալը ոչ թե Պուտինի, այլ չհասկացողի խնդիրն է:
Մենք՝ հայերս, իրավունք չունենք նրբությունները չհասկանալով դրոշակներ պարզել, հոխորտալ, ուրիշներին նվիրվել կամ ատել: Մեր անելիքը ինքնակրթվելն է, աշխարհին լայն բացված աչքերով նայելը, ներքին դաժանության դեմն առնելը և մեր մեջի տգետին հետին պլան մղելը՝ լինի դա փրկիչ տղան, թե օլիգարխ սրիկան: