Հայաստանում կործանարար անոմիկ վիճակ է: Առաջնորդների, կարող դեմքերի աղետալի դատարկություն է: Եվ գնալով վիճակն ավելի է վատանում: Եղած քիչ թե շատ խոստումնալից դեմքերն անխնա պարտվում են երևակայական պայքարների մեջ, վարկաբեկվում և դուրս շպրտվում ասպարեզից:
Խորենացուց այս կողմ, հոգեբանորեն մենք նույն հանրությունն ենք՝ պարտություններից կքած, արդյունքներից շիվարած, և անելիքի ու չանելիքի, ճշտի ու սխալի միջև շփոթված:
Ստորև քննարկելվու են վերը նշված երկու դժբախտությունեերի՝ առաջնորդների բացակայության և հանրային պարտությունների արմատները և մասնավոր առաջարկներն են արվելու անելիքների մասով:
– Հետամնաց և հակառակը՝ զարգացող արևմտյան աշխարհների քաղաքական դրվածքների տարբերությունն այն է, որ արևմտյան անհատն ինքն է անձնապես, առանց միջնորդի ու առաջնորդի, տերն իր շահի, արժանապատվության ու իրավունքների:
Եվ դա ոչ թե թղթերով է, սահմանադրությամբ, կամ պայմանական օրենքներով, այլ իր արժեքային աշխարհայացքով է, իր բոլոր քայլերով՝ կյանքի բոլոր ոլորտներում:
Հետապանդելով իր շահն ու պաշտպանելով իր իրավունքները, այդ անհատն ազնվորեն և հետագայի հաշվառմամբ խրախուսում, առաջ է քաշում լիդերների մի ամբողջ համակարգ, որոնք հաշվետու են իրեն և ենթակա՝ հետ կանչման:
Հատուկ շեշտեմ՝ ոչ թե լիդերն է միավորում, իր հետևից տանում հանրությանը, այլ ամեն անհատ եղածներից ընտրում, սատարում, առաջ է քաշում ունակներին որպես լիդերների, որոնց պարտադրում է աշխատել իր համար:
Ինչպես է արևմուտքցին դա անում:
– Ստեղծում է համեմատման 2 և ավելի, իրարից զատ հարթակներ: Ամեն կուսակցություն իր նախնական հարթակն է ստեղծում: Կուսակցությունն իր մեջ եղած հավակնոտներին հավաքում է բաց, հանրությանը հեռարձակվող արենայում, կանգնեցնում կողք-կողքի ու ասում՝ մենք ձեզ հարցեր կտանք, հերթով պատասխանեք մեր հարցերին, իրար մերժեք ու վիճեք: Եվ որիդ պատասխաններն ու լուծումները մեր դուրը եկան, նրանց էլ կհանենք հետագա փուլերում իրար հետ մրցակցելու:
Ամեն նման մարտերից հետո և կուսակցությունը, և հանրությունը հրապարակային, շատ մանրազնին քննարկում են բոլորի պատասխանները, գնահատական տալիս, հետազոտում ինչպես մանրադիտակի տակ ու ստեղծում հասարակական կարծիք ամեն մեկի մասին:
Հաջորդ փուլով թույլերը մաղվում են և բազմաստիճան պրոցեսի միջոցով, վերջում բաց մրցակցության արդյունքում ի հայտ է գալիս այդ կուսակցության լավագույն թեկնածուն:
Նույնը կատարվում է այլ կուսակցություններով ու անկախ խմբերով, և ամեն խումբը վեր է հանում իր առաջնորդացուին:
Այս նախնական փուլերից հետո կուսակցական թեկնածուները պայքարի մեջ են մտնում իրար դեմ՝ արդեն ամբողջ հանրության առջև և նորից նույն սկզբունքով, բազմաստիճան փուլերով, գործը հասնում է ընտրությունների: Ընտրություններով ընտրվածը որոշ ժամականահատվածի համար դառնում է առաջնորդ և ձեռք բերում լեդիտիմ իրավունքներ՝ որոշումներ կայացնելու և տիրապետելու:
Իսկ հիմա, այս տարրական գիտելիքով զինված՝ վերադառնանք մեր իրականություն և քննենք, թե մե՞նք ինչ գործի ենք:
Բացառությամբ 1996 թվականի՝ ընդդիմության ճամբարում կայացած և միասնական թեկնածու վեր հանած քաղաքակիրթ ընտրական նախապայքարից, մենք երբևէ չենք ունեցել իրական դեբատներ, քննարկումներ, թե ում ենք ընտրելու: Նույնիսկ 1991–ի միակ լեգիտիմը համարվող ընտրություններին, հետագա հաղթողը հրաժարվեց դեբատներից: Իր ձեռքում միտինգն էր, ուր ինքը առանց որևէ մեկի հետ համեմատության, անբեկանելի հեղինակություն էր:
Իրականում մենք զբաղված ենք սկզբունքային ինքնախաբեությամբ, բողոքարկում ենք ընտրությունների կեղծիքը, առանց հաշվի առնելու, որ որպես հանրություն պատրաստ չենք ժամանակակից ընտրությունների ու դրա արժեքայինից ենք դեռ դարերով հեռու:
Նույնիսկ կենսաբանական աշխարհում, արուների իրական պայքար կա սերունդներ թողնելու համար: Իսկ հոտային կենդանիների մոտ նաև հոտն առաջնորդելու համար է հրապարակային, կատաղի, մահացու պայքար: Ոչ մի հոտ չի հանդուրժի, որ իրեն առաջնորդի թույլիկ խաբեբայի մեկը, որովհետև այդպիսին իսկույն կկործանի հոտը:
Բնական ընտրությունը մոլորակի վրա կենդանի է թողել միայն մրցունակ, ռացիոնալ, կենսունակ հոտերին: Թույլերն ու ինքնախաբեբաները հոշոտվել են հարևանների կողմից:
Հիմա նույնը մեզանում է կատարվում: Մենք երբևէ իրարու հետ չենք համեմատել, կռվացրել, փորձարկել մեր «արուներին», առաջնորդներին: Բայց փոխարենը դոշ պատռողներ, խաբեբաներ, սրիկաներ հավաքվել են իրար գլխի՝ ով ինչպես կարողացել է՝ բանդաներ, թայֆաներ ու թատերական ջոկատներ ստեղծել, նենգափոխել են ուժեղի ու թույլի գաղափարներն իսկ, վերացրել լիդերների համեմատության որևէ հնարավորություն ու ամեն ինչ վերցրել իրենց ձեռքը:
Դրա համար այսօր ունենք թղթե վագր երկիր, արյունախում փողատերեր, հացադուլավոր լիդերներ ու արժանապատվությունից զուրկ պաշտոնյաներ: Դրանցից և ոչ մեկը հանրության առջև համեմատական պայքարի մեջ չի եղել մեկ ուրիշի հետ:
Իհարկե, թայֆաների ներսում նրանք մրցակցել են իրար հետ՝ վատ, առավել հրեշային, առավել մարդակեր լինելու սանդղակներում, և այդ առումով իրենք ջոկված են:
Եվ նաև դրանում է նրանց ուժը, որ զոռբայությամբ ու նենգությամբ իշխանություն են մտած վատերից վատերը: Իսկ հանրության կողմից էլ այդ ահռելի ուժին դեմ են կանգնած միտինգային «հսկաներ», որոնք խաղալիք են իշխանական ջոկված ու բտված, բացասականորեն հնարամիտ ուժի դեմ:
Այս հիմնարար թուլության առջև այլ մանրամասներն անիմաստ են: Մեր անհապաղ անելիքն առաջնորդների վեր հանման համակարգ կերտելն է և մարդկանց այդ գործին ներգրավելը:
Հացադուլավորն իրավունք չունի լիդեր համարվելու: Նա օբյեկտիվորեն թույլիկի մեկն է, որի հույսը հանրային խղճահարությունն է: Սա հակամարդկային, հակահանրային, հակատրամաբանական է աշխարհի ցանկացած երկրում:
Որոնք են անելիքները:
– Մենք չունենք կուսակցություններ, բայց ունենք որոշակի քաղաքացիական դաշտ՝ քիչ թե շատ աչքի ընկնող մարդկանցով:
– Պետք է ստեղծվեն հրապարակային բանավեճի, հարցերի քննարկման և անձերի ինքնարտահայտման ու մրցակցության այլընտրանքային հարթակներ, որոնցում վեր կհանվեն ընդդիմադիր, քաղաքացիական առաջնորդ դեմքերը:
– Նրանք պետք է ազնիվ լինեն և առաջինը հենց իրենք հանրությանը բացատրեն, թե ինչ են անում և ինչի համար են անում:
– Ներքաղաքական ելքերի մասին գաղափարներ առաջարկելով ու բանավիճելով, նախ հանրությունը կտեղեկանա, կկրթվի, կկողմնորոշվի, կիմանա իր անելիքը՝ ում սատարի, ում՝ ոչ:
– Նաև զուգահեռաբար, մարդիկ կհասկանան, որ իրենք էլ են պատասխանատու իրենց կյանքի ու ապագայի համար, որ լիդերն ընդամենը քաղաքացուն ենթակա լծակ է, միջոց, այլ ոչ առաջնային գործոն:
-Որ այդ ձևով վեր հանված լիդերն իր էությամբ առավելագույնն է համապատասխանում հանրության խնդիրներին, և նա չի դավաճանի ոչ իրեն, ու ոչ էլ իր ընտրողին:
Նման բազմաթիվ հարթակներ պետք է ստեղծվեն, ամեն մեկն ասենք 5 հոգանոց, որը փախադարձ լսելի լինելու և արդյունավետ քննարկման համար օպտիմալ թիվ է: Շաբաթը մեկ ամեն թիմ կարող է իր ասելիքը ծավալել, իր թեմայով որևէ հեռուսատաալիքով: Կամ էլ, եթե հնարավորություն չեղավ, ապա համացանցով: Երկու թիմ կլինի, թող դրանք իրենց ներսում և իրար հետ մրցեն, 5-10 կլինեն, ավելի լավ:
– Այս մեթոդով կես տարվա ընթացքում և լիդերներ կհայտնվեն, և հանրությունն էլ դուրս կգա փրկիչների, սասունցի դավիթների, հացադուլավորների ու միտինգիստների այս մահացու փակուղուց:
Արդյունքում ոչ միայն լիդերներ առաջ կգան, այլ առաջ կքաշվեն գաղափարներ ինչ անելու և ինչպես անելու, ինչպես կանգնեցնելու պետական անկումը:
Օրակարգ կմտնեն իշխանությունը փոխելու իրական առաջարկներ, համապատասխան լուծումներով, որոնց ստիպված է լինելու համաձայնել նույնիսկ այս քրեական իշխանությունը: Որովհետև սպասվող փլուզումից ոչ մեկը չի շահելու, նույնիսկ ամենավերջին տականք-հանցագործը:
Մենք պարտադրված ենք ամեն ինչ նորից սկսելու և կանգնեցնելու մեր դարավոր վայրընթացը: