Պետությունը հավակնոտ մարդկանց կերտվածք է և պահպանվում ու վերարտադրվում է հենց այդպիսիքի կողմից:
Ինչպես ժառանգված հարստությունն է արագորեն մսխվում անկարող ժառանգորդի կողմից, այնպես էլ հեշտորեն ժառանգված պետականությունն է գնում անկման ու կործանման, եթե իշխանությունն ու ժողովուրդը չունեն անհրաժեշտ հավակնոտությունն ու բավարար որակները՝ պետությունը տիրապետելու:
Անկախության տարիներին արվեց ամեն անհնարը մեր պետականությունը վարկաբեկելու և երկրից ու անկախությունից մարդկանց վանելու համար: Ներկայում հայաստանցիների մեծամասնությունը Հայաստանը որպես պետություն չի էլ ընկալում: Փոխարենն այն տեսնում է որպես հրապարակի վրա պատահաբար հայտնված և օրենքով պահպանվող քրեական փողատերերի արգելոց, որի ապագան որևէ կերպ իրենից կախված չէ:
Իրենցից որևէ բան կախված չէ, բայց և ամեն մեկը փայփայում է երազանքը, թե մի օր հայտվելու է մի հերոս, մի Սասունցի Դավիթ ու ազատագրելու է երկիրն ու իրեն:
Զարմանալիորեն, դարեր շարունակ նույն աշխարհայացքի ու մտահորիզոնի տերն ենք՝ արտաքին փրկիչի հույսին:
1915-ին էլ նույնն էր՝ հույսը նույնիսկ օրօրոցի մանչուկն էր:
Ապշեցուցիչ երգ է «Խեղճ մշեցին»: Մի կողմից «խեղճ մշեցին» հավաքական կերպար է՝ ավիրված, ոտնատակ եղած, մշեցու կերպարն է: Մյուս կողմից էլ հերոսն արական սեռի հասուն մարդ է, որն ինքը չի պայքարում, միայն պատմում, նկարագրում, բողոքում է և հույսն էլ կապել է օրօրոցային մանչուկի հետ:
Ապացույցը, որ օրօրոցի գլխին իրոք տղամարդ է կանգնած, գալիս է երգի տոնայնությունից և փաստից, որ երգը ռազմերգ է, առնականության ելևէջներով ու տոնայնությամբ:
Խրոխտ, ուս-ուսի տված, միահամուռ դոփելով, գետին դղրդացնելով երգում ենք երգը, չնկատելով, որ այն նվաստացուցիչ է, դժբախտությունը հավերժացնող և իրական անելիքը ագրեսիվ հույսով նենգափոխող:
Այլոց վրա հույս դնելու մեխանիզմը մեզանում կատարելության է հասցված հիերարխիկ տանիքների տեսքով:
Չկա մեկը իշխանականում, ով իր վրա հուսադրված լինի: Դիտարկեք բոլոր օլիգարխներին, պաշտոնյաներին ու հայտնի դեմքերին մեկ առ մեկ՝ ամեն մեկն իր տանիքն ունի:
Կարելի էր կարծել, որ անտանիք էր երկրի նախագահը, բայց ինքն էլ պաշտոնապես «տանիքավորվեց»՝ Հայաստանը հանձնելով Ռուսաստանին՝ տեղը ստանալով անձնական տանիք:
Գալով ազգային արժեքայինի կոնցեպտուալ դրույթներին, արժե նկատել, որ Լաոյի ու Սասունցի Դավթի անիրական կերպարներից անհամեմատ ավելի իրատեսական են «Մկների ժողովի» հերոսները, որոնք ոչ թե ներկա կամ ապագա դյուցազուններ են, այլ մկներ՝ տրամաբանականով շարժվող մկներ:
Մկների հույսն էլ իհարկե իրենք չեն, ուրիշներն են, բայց գոնե կա բացատրությունը՝ թե ինչու ոչ ինքը:
Առաջին հայացքից անիրական, զարմանալի միջակայք է Սասունցի Դավիթ-մշեցի-ժողովի մուկ՝ ազգային արժեքային – աշխարհայացքային ինտերվալը: Բայց մանրամասն դիտարկման դեպքում այն շատ էլ տրամաբանական է:
Հայաստանյան կյանքի վերջին 23 տարիները հենց զանգ կախողի, օրօրոցի վրա հույս դնողի, դավթի սպասումի տարիներ էին, որով և երկիրը մսխվեց փրկիչի ու հերոսի սպասելով:
Այն, որ անհետացող Հայաստանը քրեականի ձեռքում է, միայն քրեականի մեղքը չէ: Իրենք վերցրել են այնքան, ինչքան թույլատրել է ժողովուրդը:
Հասարակական-պետական կյանքը անհատների ներքին պայքարի հայելին է: Եթե քրեականն է հաղթել, ուրեմն մնացածն են ոչ հասուն եղել հասկանալու համար, որ անկախ քաղաքական շղարշներից, քրեականի դեմն ադեկվատ մեթոդներով է պետք առնել:
Այսինքն, հրապարակից բացակայել է հավակնոտ, ազնիվ, արժանապատիվ անհատը, որը կամք կունենար համարժեք ձևերով պայքարելու քրեականի դեմ:
Եվ այդ անհատն էլ չկա ոչ թե այն պատճառով, որ չի ծնվել, այլ որովհետև հանրային արժեքայինը սպանել է նրան օրորոցում՝ չստոյի, մշեցու ու դավթի քարոզներով ու իր թուլությունները նրան փոխանցելով:
Մենք հաճախ նայում ենք այլ երկրների պայքարի օրինակներին և հուսադրվում, թե մեզ մոտ էլ նույնը կլինի:
Ցավոք, հանրային-քաղաքական պրոցեսներն իրենց տրամաբանությունն ու նախապայմաններն ունեն, որոնք սպեցիֆիկ են տվյալ հանրությանը, երկրին ու կոնկրետ հանգամանքներին:
Մեթոդը, որը հաջողություն է ունեցել Վրաստանում, կամ Թայլանդում, բացարձակ անիմաստ կարող է լինել մեր պայմաններում:
Հայաստանում իշխանական պնակից օգտվելու և սրիկայություն անելու պատրաստների ահռելի հերթ կա կանգնած: Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ վատին գալիս է փոխարինելու ավելի վատը: Սա է եղել մեր վայրընթացի բանաձևը:
Երկիրն անբողջովին քրեականի ձեռքին է: Դեռ 1850-ականներին ճապոնական նախարարներից մեկն է ասել՝ եթե քրեականն անպատիժ մնաց, ապա կվերցնի իշխանությունը, և նրանից ազատվելը տասնամյակների տաժանակիր, հետևողական աշխատանքի ու մեծ կորուստների հարց է:
Իտալացիք 100 տարի մաֆիայի ձեռքն էին, և մինչև հիմա դրա դեմ պայքարելու գործին են: Ամերիկյան մաֆիաներին միայն ֆիզիկապես ոչնչացնելով շարքից հանեցին: Նույնը նաև Սոմալիի ծովահենների դեպքում էր՝ միայն դաժան հաշվեհարդարով նրանց կարգի հրավիրեցին:
Եվ տեսականը, և համաշխարհային փորձն ասում են, որ մեկ առ մեկ ֆիզիկական պայքարել է պետք իշխանության հասած կարգազանցի ու քրեականի դեմ: Այս բանաձևով մարդկությունն է շարժվում, նույնիսկ ամենացիվիլ երկրներում:
Մի 10 տարի առաջ տեխասցի մեկին իր հիմնարկի ղեկավարությունը նեղացրել էր: Իր անձնական փոքր ինքնաթիռով տարանի գնաց հիմնարկի հսկա շենքի այն պատուհանի վրա, ուր նստած էր նեղացնողը:
Ինքը զոհվեց, նեղացնողը կենդանի մնաց, բայց արձագանքն իրենն արեց՝ ամբողջ երկիրն ամենաբարձր մակարդակներով քննարկում էր կատարվածը: Եվ «համը հանելուց» առաջ մի այլ պաշտոնյա լավ կմտածի՝ գնալ այդ քայլին, թե ոչ:
Պաշտոնյան, հանցագործը, եթե հաշվեհարդարից չվախեցավ, կհոշոտի մինչև վերջ՝ երկիրն էլ, ընկերոջն էլ, հարազատին էլ:
Ցավոք, պաշտոնյային կարգի հրավիրող բոլոր ճշմարտությունները մեզանում խլացված են լաո-չստո-դավիթ եռամիասնության մշտական քարոզով:
Ոչնչության ու քրեականի սերուցքը, որը բռնազավթել է Հայաստանը, արդեն ոչնչություն չէ, այլ հեղինակություն է ու գողական, նախարար ու օլիգարխ, ազգային դեմք ու կերպարանք, շատերի նպատակ ու երազանք: Եվ 23 տարվա ընթացքում դրանցից որևէ մեկը անձնապես պատժված չէ:
Կարելի է ենթադրել, որ կոնկրետ մարդը մի կտոր հացի համար կարող է ստորանալ, դավաճանել, սրիկայություն անել: Բայց որ մի քանիսը մի ազգի ուղեղ մթնացնեն այն աստիճան, որ ազգն էլ մի կտոր հացի համար նույնն անի, դժվար պատկերացնելի էր:
Ես չգիտեմ տառաճանաչ, սեփական գիր ունեցող մի ժողովուրդ ու երկիր, որն ինքնակամ ստորանա մինչև այս վիճակը:
Ադրբեջանցիք ու թուրքերը Հայաստանի վրա չեն հարձակվում ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ որովհետև եթե հարձակվեն, հայերին վերացնելու կամ էլ արտաքսելու հարցը կմնա:
Ներկա իշխանությունները գիտակցաբար, կամ անգիտակցորեն հենց այդ հարցն են լուծում՝ Հայաստանն առանց հայերի: Հարց, որը 15 դար շարունակ ոչ մեկը չի կարողացել լուծել:
Կոփված ենք դիմանալու անմարդկայինին, բայց հասու չենք գործելու տարրական մարդկայինով: