90-ականների սկզբին ընկերս իր տան առաջին հարկում, որը հենց փողոցի մայթին էր, ուտելիքի մի փոքր խանութ բացեց, որ «յոլա» գնա: Շուտով պարտքերի տակ ընկավ՝ հարևաններին պարտքով հաց տալու պատճառով:
Բայց գտավ ձևը: Վաճառասեղանի հետևի պատին մի հայտարարություն գրեց, որ խանութը պարտքով հաց չի տալիս:
Գալիս է հարևանը, թե Դրաստամատ (պայմանական ասած) ջան, մի հատ պարտքով հաց տաս: Ընկերս՝ թե նայի պատին գրածը: Հարևանն էլ կարդում է ու հակադարձում՝ էդ դու չես գրե՞լ: Հա, ես եմ գրել, բայց էսօրվանից դա էս խանութի սկզբունքն է: Հարևանը թե՝ լավ, իմ վրա բացառություն արա, հացն էսօր տուր, վաղը փողը կտամ: Ընկերս էլ՝ ես չեմ կարող սկզբունքին դեմ գնալ: Հարևանը մի քիչ զարմացած, մի քիչ Դրաստամատին հիմարի տեղ դրած, առանց հաց դուրս է գալիս խանութից:
Այդ օրը հացի կեսն է վաճառվում, հաջորդ օրը՝ 80 տոկոսը, մեկ շաբաթից վաճառքը կայունանում է 90 տոկոս առձեռն, ու սկսում է կամաց- կամաց աճել, մինչև նախկին առևտուրը: Իրականում ո՞րն է եղել այս մեթոդի ուժը:
1. Պաշտոնական պահ է ներմուծվում պրոցեսի մեջ՝ իբր ինքը չէ պատասխանատուն, այլ իրենից վեր մեկ այլ պատասխանատու է:
2 . Բազառ անելու պահն է վերացվում:
3 . Սովորեցնում է հաշվի նստել փաստացի իրականության հետ:
4. Կոչ է անում և պարտադրում է սթափություն ու պատասխանատվություն:
5. Ազդարարում է տարածքի նոր դրվածքների մասին և ստեղծում նոր սթափ վերաբերմունք: Այլ պահեր էլ կան, բայց բավարարվենք այսքանով ու գանք հայկական քաղաքական պրոցեսին և ընդդիմության գործելակերպի հետ զուգահեռներին:
1. Ընդդիմությունն արդեն 18 տարի, ավանսով, կանչում է հանրահավաքի, պարտվում ու մարդկանց հուսալքված ուղարկում տուն: Փաստորեն այն ոչ մի անգամ իր «վերցրածի» համար չի «վճարել» և պատասխանատվության կանչվել:
2. Ընդդիմությունը մշտական բազառի մեջ է եղել իր խղճի հետ, իշխանությունների հետ ու մարդկանց հետ՝ փորձելով գտնել անվճար լուծումներ:
3. Ընդդիմությունը երբեք ճշմարտությունը չի ասել այն մասին, որ անելիքը ոչ թե իր քմահաճույքով միտինգի գալն է, այլ իրական գործ անելը՝ մշտապես իր շրջապատում քաղաքացիական դիրքորոշումներ սերմանելը, ամեն մարդու՝ իրեն հասանելի տականքի դեմ պայքարելը:
4. Ընդդիմությունը երբեք չի ազնվացել հայտարարելու, որ ինքը շարքային մարդկանցից առավել գլուխ հանողը չէ կոնկրետ հարցերում, որ ամեն մեկից խիզախը չէ՝ կռիվ տալու մեջ, որ ամեն մեկից պատասխանատու չէ՝ իր կորուստների համար, ու ազնիվ չէ՝ քաղաքականությունը բիզնեսի վերածելով:
5. Միայն միտինգով, միլիոնով մարդ հավաքվելով, իբր միասնությամբ հարց լուծելու ընդդիմության ինքնախաբեությունը, կամ էլ՝ լավ էլ հաշվարկված ու մտածված խաբեությունը, երկիրը այս մղձավանջի մեջ մտցնելու ուղին է եղել՝ չթողնելով այլախոհ մեթոդաբանության մեջտեղ գալը:
6. Անորոշությամբ, միստիցիզմով ու իրենց էլ գերկարողություն վերագրելով, նրանք մարդկանց մշտապես զրկել են քաղաքականապես կրթվելու, ինքնուրույն սուբյեկտ դառնալու հնարավորություններից և սարքել կամազուրկ հանդիսատես:
7. ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Տանելով կեղծ ճանապարհներով ու կեղծ թիրախներով, ընդդիմությունն իր «դախլի» հետևում մշտապես գրված է ունեցել՝ սկզբունքս անսկզբունքայնությունն է, պատեպատ տալը, բանտ ընկնելը, զոհվելը, կոտորվելը, կործանվելը, բայց ոչ իրական պայքարը:
Սկզբունքս կարմիրբերետավորից, ոստիկանից ու սափրագլխից ծեծվելն է, բայց այդ կարմիրբերետավորի, ոստիկանի ու սափրագլխի հետ կենցաղում քեֆ անելը:
Սկզբունքս քաղաքական տգիտությունն է ու ճշմարտության հետ հաշվի չնստելն այս տարածքում:
8 . ՆԵՐԿԱ ԱՆԵԼԻՔԸ
Ա. Իրենց ընդդիմություն, ակտիվիստ, քաղաքացի համարողները պետք է մտովի ցուցակագրեն իրենց հասու բարեկամ, ծանոթ բոլոր տականքներին ու գիտակցեն, որ դրանց դեմ պարտավոր են անձնապես պայքարելու՝ երեսով տալով, հեղինակազրկելով, պախարակելով, պատասխանատվության կանչելով և պետք եղած դեպքում՝ նաև ֆիզիկապես կռվելով:
Բ. Ինքնակամ պարտավորություն վերցնեն, որ իրենց նորմալ բարեկամներին ու ծանոթներին ևս բացատրելու են անելիքը և նրանց էլ հորդորելու են նույնապես վարվելու:
Գ. Դրանով իսկ, օլիգարխիայի ու նրա հենարանի դեմ դիմադրության և կարգի հրավիրման համատարած ու ինքնածավալվող ալիք կստեղծվի։
Սա ինքնածավալվող խաղերի նմանակն է քաղաքականի մեջ, որի իմաստը շահային խնդրի շուրջ մարդկանց մեծ զանգվածներին արագորեն ներգրավելն է:
Տեսականորեն, ժողովրդավարությունը կարող է պարտադրվել հանրությանը և կյանք մտնել կամային, հզոր անհատականությունների շնորհիվ: Բայց և անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ պրոցեսի համար ժողովրդավարացվող հանրությունն էլ պետք է պատրաստ լինի զիջելու իր դոգմաները, տաբուներն ու ավանդական դրվածքները նորին, հրաժարվելով հնից:
Որպես հանրություն, մենք բազմիցս ենք ապացուցել, որ ծայրահեղ պահպանողական ենք՝ սկսած 20-րդ դար հասած անփոփոխ տոլմայից, ավանդական խաշ-խորովածից, թոնրից ու վերջացրած կենցաղային աչքակապ նիստուկացով: Հետևաբար, մեր անելիքը վերը նկարագրած՝ իրար քաջալերման ու զսպման մեխանիզմներով՝ երկրով ու ողջ հայությամբ, պահանջկոտ, սթափ, արժանապատիվ մարդու վերակերտումն է:
Դեռ անտիկ ժամանակներից, ժողովրդավարությունը սկզբնավորվել է կզղիացած, մեկուսացած հանրություններում: Հիշենք Հին Հունաստանը, Հռոմը, 13-րդ դարից սկսված անգլիական ժողովրդավարացումը: Բոլոր այս դեպքերում համատեղ բնակության սահմանափակ տարածքը պարտադրել է վարքի հավասար պայմաններ բոլորի համար: Եւ դա էլ կատարվել ու հսկվել է բոլորի մասնակցությամբ:
Իսկ մենք մշտապես հույս ենք դրել «մեր տղերքի», «բարի թագավորի» ու փրկիչների վրա՝ դրանով իսկ ոչնչացնելով շարքային մարդուն որպես սուբյեկտի: Առաջարկվող մեթոդն իմ հեղինակածը չէ, այլ պարզագույն տեսականն է, որը հայտնի է ամբողջ աշխարհում՝ բացառությամբ Հայաստանի:
Մենք պարտավոր ենք սթափ գնահատել և հասկանալ այս մեթոդաբանության մեջ եղած հսկա պոտենցիալը, լուրջ վերաբերվել մեր ապագային ու տարածել այն ժողովրդի մեջ: Արդյունքը շատ կարճ ժամանակում՝ ամիսների ընթացքում կերևակվի: Ըստ որում, առանց միտինգի, երթերի, բանտերի, կուրծք ծեծոցիի և քիթ ու մռութ կոտրելու:
Դեռ 2008-ին, երբ մարդիկ մասսայաբար դուրս էին եկել բողոքի, և հակամարտությունն արդեն սկսել էր թափանցել ընտանիքները, արագորեն հասկանալով սպառնացող վտանգը, իշխանական տեսաբանները հրապարակ մտցրեցին «Դուք ախպորն ախպոր դեմ եք հանում» դեմագոգիան:
Տեսականին անպատրաստ շատ-շատերը դրա մեջ հային անհարիր բան տեսան: Բայց այսօր պահն է սթափ նայելու այլ ազգերի հայտնի ճշմարտություններին: Աշխարհում բոլոր եղբայրներն էլ իրենց եղբայրների դեմ են ելած՝ եթե նրանցից մեկը հոշոտել է մյուսին և շարունակաբար չքմեղացել, թե ինքը եղբայր է:
Չկա էդպիսի բան՝ ամեն մարդ, իր ծննդյան օրվանից՝ և կենսաբանորեն, և հանրայնորեն, և քրիստոնեականով, և քաղաքականով պարտավոր է առաջինն իր շահը հոգալ, և ոչ թե կողքինի:
Միայն այդ դեպքում լկտի, հանցագործ, մարդակեր կողքինը, ներառյալ նաև եղբայրը, հաշվի կնստի ոչ իրեն նմանի հետ: Իսկ ներկայում, օլիգարխի ու անօրենի մոտ միայն մի այլ իր պեսն արժեք ունի, մնացածը անկարող ոչնչություն են իրենց տեսադաշտում:
Դարձեք սկզբունքային, կամային, արժանապատիվ անհատներ և որպես արդյունք՝ երկրի ապագա որոշող ու սեփական ճակատագրի տեր։