Հայկական պետականության՝ ռուսական ժամանակավոր ռազմակայան դառնալուց հետո, իմաստալից է հասկանալ, թե ինչու և ինչպես հասանք այս վախճանին:
Նախ շեշտենք, որ անկախ հանգամանաքներից ու մանրուքներից, պետությունը բյուրեղակերպ կառուցվածք ունի: Այսինքն ինչպես առաջնային բյուրեղի կազմի մեջ եղած ատոմներն ու միմյանց հանդեպ նրանց դիրքավորումը կառուցում է ամբողջ մակրոբյուրեղը, այնպես էլ ժողովուրդն իր անհատներով ու արժեքայինով կերտում է պետությունն ու նրա բոլոր դրվածքները: Այսինքն ժողովրդի հատկություններից ածանցված դրվածքները, նիստ ու կացն են տիրում երկրում:
Իհարկե, պետականի մակարդակում ազգային-ժողովրդականի դրսևորումների կոնկրետ ձևերն ու կառույցները կարող են ինչ որ մեկի կողմից հնարված կամ դրսից ներմուծված էլ լինել: Բայց եթե դրանք հանդուրժվում են մարդկանց կողմից, ապա միանշանակ է, որ դրանք առնվազն խորթ չեն տվյալ հանրությանը:
Ակնհայտ է, որ մենք ունենք առանձնահատկություններ, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել մեր այսօրվա արդյունքների մեջ: Դրանց մեծամասնությունը երբևէ չքննարկված տաբուների հետևանք են, որոնց հիմնական մասը նաև նախապատմություն ունի:
Քննարկենք դրանցից առանցքայինները:
1. Բարոյախոսությունն ինքնին անբարոյականություն է
Մի քանի անգամ, հենց այս կտրվածքով խոսել է առաջին նախագահը:
Առաջին հայացքից մոդեռն-գրավիչ այս միտքն իրականում տաբու-պահանջ էր` ուղղված հանրությանը՝ լռել և ոչ հաճո հարցերի ու իշխանության մարդկանց մասին չխոսել:
Իրականում այն կրկնակի նպատակ էր հետապնդում: Պախարակելով բարոյականը՝ զինաթափել բարոյական նորմերով առաջնորդվող մարդկանց` կարծիք հայտնելու կատարվող այլանդակությունների մասին, և հետևաբար նաև ձայն չունենալու և չմիջամտելու երկրի քաղաքականությանը:
Մյուս կողմից էլ, այն կանաչ լույս էր անբարոյականության պատրաստ մարդկանց առջև՝ անելու իրենց մտքով անցածը: Սրանով լղոզվում էին ենթագիտակացական-քրիստոնեականով շարժվող շարքային անհատի խրախուսելի վարքի սահմանները՝ թե որն է թույլատրելին և որը՝ ոչ:
Այս տաբուն՝ այսինքն հանրային կյանքի նորմերը քննարկումից հանելն ու հանրության մյուս անդամից սիմետրիկ կեցվածք պահանջելու արգելանքը, մեր ներքին այլասերման առաջին հիմնաքարն էր:
Հանցագործը, քրեականը, այլանդակn ազատվեց հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունից: Թալանիր, գողացիր, հոշոտիր՝ ոչ ոք իրավունք չունի հաշիվ պահանջելու կամ հանդիմանելու: Կա պետությունը իր դատարանով, և նա է քո հարց լուծողը, այլ ոչ թե ինչ որ մի բարոյախոս:
Հասկանալի է, որ նախագահի համար սույն թեզը իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու նպատակ էր հետապնդում: Բայց շատ շուտով այն դարձավ անտեսանելի ու սանձարձակ մի ուրվական, որն սկսեց խժռել երկիրը:
Իսկ հետագայում էլ այս հիմքի վրա բուծվեց անբարոյական անհատը, որը դարձավ և իշխանություն, և միջոց, և նպատակ:
Ներկայում էլ, որևէ խոսակցություն առ մնայուն, հանրային համակեցության արժեքները հանդիպում է դիմացինի գռեհիկ, նվաստացուցիչ վերաբերմունքին, թե «եղունգ ունես՝ գլուխդ քորի»:
Մեր դեպքում իհարկե իր մեծ դերն է ունեցել նաև հայ եկեղեցին, որը մոնոպոլացնելով բարոյականության մասին խոսքը, իր գործառույթներով ու օրինակով միայն անբարայականություն էր սփռում, և էլ ավելի խորացնում վիհը՝ հայ մարդու և մարդկայինի միջև:
Շատ երկրներում է բարոյականության դեմ քարոզ եղել, բայց և ոչ մեկում այն չի հասել տաբուավորված արգելանքի: Միշտ էլ եղել են նեղ խողովակներ, որոնցով բարոյականը շարունակել է շնչել և կիրառվել կյանքում:
2. Ազգիս բան չասեք: Ազգը, ժողովուրդը երբեք չի սխալվում: Դու շատ փոքր ես ազգիս քննադատելու համար
Այս տաբուն երևի վաղնջական, հին է: Այն հզորների, բայց և անդեմների ձեռքին հզոր գործիք է եղել՝ աչքի ընկնող խելոք, ուղղամիտ, հանդուգն անհատի նսեմացման, լռեցնելու համար: Եւ հիմա էլ, այս տաբուն դեռ լիարժեքորեն կենսունակ է հայաստանյան քաղքենու բառարանում:
Զուգակցված նաև ազգը որպես իր սեփականություն տեսնելու մեծամտությանը՝ ամեն առիթով «ազգՍ» շեշտելով, սույն կոչերի տերերը իրենց լիիրավ են զգում դիմացինին չթույլատրելու բարձրաձայնել իր իմացածը «ազգի» վերաբերյալ:
Անկախ այն բանից, որ ազգը հավասարաչափ նաև դիմացինինն է, այդ «հայրենապաշտ» քաղքենին անպարտելի է: Ինքը յուրացրել է «հայրենասիրության» այդ զենքը և գիտե, որ ցանկացած տեղ այն օգտագործելն ամենաանվտանգ ձևն է, հայրենասեր ներկայանալով լռեցնել ու հաղթել դիմացինին:
Արդյունքում «ազգիս» բան ասողների թիվը նվազելով հասել է զրոյի, ու ազգ ու տակով ռեստորաններում թուրքերեն ենք երգում ու պարում, ռաբիսով բարլուսի ու բարի գիշերվա գնում, գողականով հարաբերվում, ռազբիռատով օրը մթնեցնում, անճաշակով ծնվում, պսակվում ու թաղվում:
Իրոք, եղունգ ունես՝ գլուխդ քորի օլիգարխի բարեկամ ես՝ նստի մյուսների գլխին, դատախազ ընկեր ունես՝ գյուլլի բոլորին:
3. Ամեն գյուղ իր շունն ունի: Կոնկրետ մարդիկ մեղավոր չեն, իրենց միք վատաբանի: Իշխանության մեջ էլ լիքը լավ մարդ կա, բայց իրենք ինչ կարող են անել
Այս տաբուն միջոց է ամեն սրիկայի ձեռքին՝ տարալուծվելու համակարգի մեջ և չքմեղանալու կոնկրետ իր արարքների համար, նսեմացնելով իր հնարավորություններն ու պատասխանատվությունը:
Այս տաբուի ներքո են մարդկության դեմ եղեռնագործած հանցագործների մեծ մասը՝ թե իրենք հրաման են կատարել ընդամենը, մեղավոր չեն:
Այս տաբուի էֆեկտը ցայտուն երևում է քվեարկությունների դեպքում, երբ ասենք 100-ից 99 դեմ քվեարկած բոլորը թաքնվում են կողմ քվեարկված մեկ քվեի հետևում, թե հենց ինքն է եղել այդ մեկը:
Իսկ առօրյա կյանքում այս տաբուն հզոր վահան է, որի ետևում թաքնված է ներկա հայության գերակշիռ մեծամասնությունը: Որովհետև երբ մարդ առ մարդ «արդարացնելով», սպառվում է կոնկրետ անձերի ցուցակը, որպես «անմեղների»՝ իսկույն մեջտեղ է գալիս համակարգ կոչված «մեղավորը», որի վրա և բարդվում է ամեն ինչը:
Տաբուն ենթադրում է, որ ազնիվ մարդը կարող է աշխատել անազնիվ միջավայրում և շարունակել համարվել ազնիվ: Չէ որ ինքը ոչինչ էլ չի կարող անել վերադասի, կամ համակարգի դեմ: Եւ բնական է, որ «չմասնակցելով» համակարգային անօրենությանը, «ազնիվն» անձնապես դուրս է հանցագործությունից:
Բայց իրականում համակարգում լինելու հանգամանքով իսկ արդեն ինքը մասնակիցն է, որովհետև համակարգը համակարգ է նաև հենց կոնկրետ իրենով, այլ ոչ մեկ այլ պատահական մարդով:
Ինքն ընտրված, փորձված, «չեզոք» մարդ է՝ ըստ որում որպես պետքական, մասնագետ չեզոք: Այս նկատառումներով մոտենալով խնդրին, կստացվի, որ հայկական պետական համակարգում նույնիսկ մեկ ազնիվ մարդ չկա: Որովհետև համակարգն ամեն քայլափոխի նրան ստիպում է ենթարկվել իր ստին, անել իր պահանջած հրեշավորը մարդկանց հանդեպ, ու այդ “ազնիվը” չի հակաճառում, լռում է:
Լռում է, որ իր օրվա հացն ունենա: Բայց հաշվի չի առնում, որ իր հացի խաթեր հացից զրկում է հազարավորների:
Հանրային խորամանկությունն իբր անգիտակցաբար, այդ անազնիվին փորձում է նույնացնել «моя хата с краю» – մեկուսացած մարդու հետ:
Այդպես չէ, մեկուսացած մարդը համակարգի մեջ չէ և իրավունք ունի չեզոք լինելու: Իսկ հայկական կյանքում նույնիսկ դպրոցի ուսուցիչն իրավունք չունի այդպես դիրքավորվելու, որովհետև իր դիրեկտորը, իր կողքի ուսուցիչը կեղծում են ընտրությունները, իսկ ինքը համակարգի ներսում լինելով հանդերձ անհաղորդ է ձևանում:
4. Ընտանիք եմ պահում, մի կտոր հացի համար եմ անում, հետևաբար դրա իրավունքն ունեմ
Հանրության հաշվին հակաօրինական ձևերով ու միջոցներով ընտանիք պահելու համահայկական դրվածք-տաբուն քննարկելու կարիք էլ չունի: Կմանրամասնեմ միայն, որ միլիարդներ աշխատելն էլ է այս տաբուի տակ: Իհարկե, երբ տաբուն հասցվում է բացարձակ ցինիզմի, այն արդեն տաբու չէ, այլ դատավճիռ՝ տվյալ հանրության վերաբերյալ:
Որովհետև տաբուն անտեսանելի, անքննարկելի, չբացահայտված «կողմ և դեմ» պահեր ունի իր մեջ, և դրա համար էլ տաբու է: Իսկ պետականություն ու միլիարդներ արժեցող օրվա հացը լրիվ այլ բան է:
5. Ղարաբաղի հարցը մեր առաջնային հիմնահարցն է: Հանուն Ղարաբաղի պետք է դիմանանք բոլոր փորձությունններին
Փաստենք, որ անկախությունից հետո պետականակերտման անելիքները ղարաբաղյան հարցից կախվածություն ունենալով հանդերձ, այլ էին:
Դրանք էին՝ տնտեսությունը մոդեռնացնելն ու այն մասնավոր շուկայականի վրա դնելը, մասնագետների վերապրոֆիլավորելն ու տարբեր լծակներով նոր տեխնոլոգիաների մուտքը ապահովելը, երկիրը ռեգիոնում որպես կարևոր սուբյեկտ տեղադրելն ու սպասարկելը:
Գործնականում արվեց անհարաժեշտ արվելիքի տրամագծորեն հակառակը: Ես բացատրություններ չունեմ կատարվածի համար, բացի այն, որ գործ ունեինք ազգային պետական մեծ դավաճանության հետ:
Իսկ ղարաբաղյան հարցը՝ հայաստանյան անկախությունից զատ, որպես զուգահեռ հայկական երկրորդ անկախ պետականություն ներկայացնելը խորամանկ թվացող, բայց վախկոտ ու անպատասխանատու աչքակապություն էր: Իսկ հիմա էլ, անկախ Հայաստանի վերացումից հետո, անկախ Ղարաբաղի մոդելը այլ զարգացումների էլ կարող է բերել:
Բացառված չէ, որ ռուսները Թուրքիա -Ադրբեջան տանդեմի հետ իրենց հարցերը բանակցեն Հայաստանի ու Ղարաբաղի նոր վերաձևումների տեսքով, որոնք կանխատեսելը ներկայում անհնար է: