Գավառականությունը /պրովինցիալիզմը/ տիպական նկարագիր և մի քանի սկզբունքային դրսևորումներ ունի:
Գավառն անոմիկ է: Նրանում բացակայում է սուբյեկտային անհատը՝ մտածող, որոշող, իր կյանքին տեր կանգնող մարդը: Որպես կանոն, այդ կարգի մարդիկ գավառից կամ հեռացած են նախապես, կամ էլ ֆիզիկապես գավառում լինելով հանդերձ, ապրում են ոչ գավառական կյանքով: Իսկ գավառն ամբողջությամբ անդեմների, անտեղյակների, կյանքից հետ ընկածների ու անճարների հավաքատեղի է:
Գավառում իհարկե առկա են տեղական հեղինակություններ, որոնք պասիվ միջնորդ են գավառի և մետրոպոլիայի միջև, բայց ոչ երբեք անկախ մտածողներ:
Գավառի միջուկը շարքային մարդիկ են, որոնք սեփական կարծիք չունեն և մտածում ու խոսում են հղումներով՝ էս մեկն ասեց, էն մեկն ասեց, ով գիտի, տեսնենք, աստված տա, ով սաղ՝ ով մեռած, Աստված էլ բեթարից ազատի, ով էշ՝ ես փալան, եղունգ ունես՝ գլուխդ քորի և այլ մոտավորություններով ու անորոշություններով:
Կենցաղայինից դուրս գավառական կյանքն իր անելիքը չգիտի: Այն պետք է դրսից ցուցումներ ստանա՝ ինչ անելու, ինչպես ապրելու, ինչպես տեսնելու ու արձագանքելու:
Սովետական Հայաստանն իր նիստ ու կացով, արժեքայինով կիսագավառական էր: Սովետականից ածանցված երևանյան էլիտար բարալիկ շերտը՝ սերուցքը, բարձր էր ավանդական գավառականությունից և ունակ էր ազգայինի շրջանակներում նոր խոսք ասելու: Բայց և բավարար հասուն ու լիարժեք չէր՝ ինքագիտակցելու և օբյեկտիվորեն ինքնագնահատվելու այլոց համեմատ:
Հայաստանյան արվեստագետը, գիտնականը, քիչ թե շատ գրագետ մասնագետը երկրի հանրության մոտ ընկալվում էր որպես համաշխարհային ստանդարտի մաս ու ներկայացուցիչ: Եւ դրան համաձայնվելով արդեն, հենց սերուցքը կերտում ու բազմապատկում էր իր մեծության մասին միֆը և մաս կազմում հայաստանյան ընդհանուր գավառականության:
Չնչին բացառություններով, հայ երևելիները երբևէ հանրության առջև խնդիր չբարձրացրեցին գնահատականների չափավորության ու համեստության մասին: Այն մասին՝ թե ովքեր են իրենք աշխարհի մեծերի համեմատ: Ովքեր ենք մենք՝ այլոց համեմատ որպես հանրություն և որպես ազգ: Ինչ ենք մենք կերտել ինքնուրույն, ինչը ներմուծել և ինչ ունենք ինքնուրույն անելու:
Սովետ միության կազմում գավառական չափազանցված ինքնագնահատականը մեզ շոյում էր, իսկ արտաքին աշխարհին էլ որևէ կերպ չէր անհանգստացնում, որովհետև հայկական որևէ ասպարեզային սուբյեկտը Հայաստանից դուրս շոշափելի հեղինակություն չուներ:
Հետսովետական տարիներին, անկախ պետականության պայմաններում, մեր գավառականությունն արդեն երևակվեց իր ահավոր հետևանքներով, որպես ավերիչ գործոն ու ինքնակործանման մեխանիզմ:
Առաջին պլան մղվեց կուրծք ծեծող կեղծ հերոսը, կեղծ հայրենասերը, կեղծ պետական գործիչը, կեղծ մարդասերն ու կեղծ մտավորականը:
Ազատ աշխարհում էլ հայտնված հայկական պետությունը դարձավ այդ պատեհապաշտների խաղալիքն ու փորձադաշտը:
Կանգ չառնենք անցած ուղու վրա, այլ տեսնենք, թե ինչ ունենք հիմա՝ գավա՞ռ, թե պետություն, որոշում կայացնո՞ղ ենք, թե ենթակա, մե՞նք ենք մեր ճակատագրի տերը, թե ուրիշները:
Նախ փաստենք, որ անկախությունն անզոր եղավ Հայաստանում անկախ մարդ կերտելու՝ անկախ մտածելակերպ սերմանելու և արժանապատիվ ապագա խոստանալու:
Առաջին տարիների պատեհապաշտներն աստիճանաբար պարտվեցին բացարձակ քրեականին, և դրության տեր դարձան տարբեր կազմի ու պրոֆիլի ոհմակներ՝ իրենց պարագլուխներով:
Երկիրը թալանվեց մարդ առ մարդ, մարզ առ մարզ, ասպարեզ առ ասպարեզ, ռեսուրս առ ռեսուրս: Սուբյեկտային Հայաստանը մսխվեց ու սպառվեց որպես պետական ունեցվածք, սեփականություն, հարստություն: Մարդկանց կեսն արտաքսվեց երկրից: Իրական հայրենասերը զոհվեց պատերազմում, միջին մարդու ու մասնագետի ճակատագրերը խեղվեցին:
Մատաղ սերնդին մերժվեց իրական ուսումն ու ժամանակակից գիտելիքը՝ նրան զրկելով դառնալու 21 դարի լիիրավ մասնակիցն ու քաղաքացին: Փոխարենն առատորեն քաջալերվեց ու բուծվեց տականքը, տգետը, սրիկան ու այլանդակը:
Գոնե ուշացումով հետ նայելով, պետք է խոստովանել, որ հենց սովետական անհոգ, թույլիկ կիսագավառական էլիտար հատվածն էր այն պատասխանատու սուբյեկտը, որը պարտավոր էր հասկանալ հետսովետական նոր վիճակը, վերցներ ղեկն ու նոր, ազնիվ, կեղծիքներից զերծ արժեքային պարտադրեր մնացածին:
Բայց այդ հատվածը գերադասեց ենթարկվել կուրծք ծեծողին, քան պատասխանատվություն վերցնել ու գործել:
Պարտվելով սկզբում, էլիտան կատարեց իր երկրորդ կործանարար սխալը՝ որոշեց ենթարկվել, հանդուրժել, դիմանալ ու հուսադրված սպասել, քարոզելով ու պարտադրելով նույնը բոլորին:
Եւ սկսած անկախության առաջին իսկ տարիներից, հայկական կիսագավառը սկսեց շարժվել դեպի լիարժեք գավառի կարգավիճակը:
Արդեն երևի տասնամյակ է, ինչ մենք դասական գավառ ենք: Ըստ որում գավառը համասեռ է: «Գավառ» է և իշխանությունը, և ընդդիմությունը, և հանրությունը: Գավառ է և նոր էլիտան, և հինը, և ահելը, և ջահելը:
Գավառը համակել է մեզ որպես կենսակերպ, որպես արժեքային ու աշխարհայացք: Գավառը ոչ մի հարց չի լուծում, չի արձագանքում որևէ հարցի ու մարտահրավերի, այն քարշ է գալիս ու քարշ է տալիս ժամանակը, կյանքը, մարդուն ու երկիրը:
Դրսից գավառ է գալիս և ապրանքը, և փողը, և մերսեդեսը, և բենթլին, և հագնելիքը, և ուտելիքը: Եւ բնական է, որ պետք է մի օր էլ գար ցուցումը՝ ինչ անել-չանելու:
Սեպտեմբեր 3-ի պարտությունն ու գազի պառլամենտական նողկալի տեսարանը միայն նախագահի կամակորության ու պառլամենտի փալասության դրսևորումը չէին: Դրանք արդյունք էին մեր 22-ամյա՝ դեպի «գավառը» ինքնամոռաց սողալու ցանկության:
Մենք հասանք նրան, ինչի ձգտում էինք: Մեզ գավառը չի պարտադրվել դրսից, մենք ենք հետապնդել ու հասել նրան:
Գավառական Հայաստանում անկախությանը դեմ են ոչ միայն ռուսամետներն ու սովետախտով ապրող տարիքավորները, այլ հայության մեծամասնությունը:
Դե մարդ են, հասկանում են, որ անկախության կամքն ու համարձակությունը ոչ իրենք ունեն, ոչ իշխանություն կոչված քրեականը, ոչ ընդդիմությունը, ու ոչ էլ բանակը, կամ փողատերերը:
Բոլորին է «ձեռնտու» գավառը:
Ցավոք, գավառն էլ է խաբկանք: Չի կարող գավառ լինել սարերի հետևից, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, կամ Թուրքիայի վրայով: Եւ գավառն էլ ոչ միայն մտավոր հոգեվիճակ է, այլև տարածական, նյութական իրական գոյացություն:
Գավառամտության կարելի է հասնել հետևողական տենչանքով, բայց գավառի կարգավիճակին հասնելու համար նաև ապագա տերը պետք է ցանկանա գավառամիտ անհատին ու գավառային տարածքը որպես ամբողջական գավառ տիրապետելու:
Ներկա պահին ռուսները պատրաստ են Հայաստանը որպես կազարմա ու հետագա վաճառքի առարկա ունենալու, բայց ոչ որպես գավառ պահելու ու տիրապետելու:
Նման է, որ սա վերջապես հասկացվել է ամենավերևներում էլ: Ոմանք փախած են երկրից ֆիզիկապես, ոմանք առնետավազքի են դիրքավորված, ոմանք՝ թիմային վերակազմավորման, իսկ ոմանք էլ վարչապետության ու նախագահության հույսերով:
Բայց և նրանց տեղապտույտային խաղերից գավառը չի վերջանալու, կամ փոխվելու: Խնդիրը սերուցքինն է: Նրանցը, ովքեր կամային են, հավակնոտ, պատրաստ մարտահրավերների՝ ըստ որում ոչ թե կոչերի, այլ գործի մեխանիզմներով: