Հայաստանն ու նրա ժողովուրդը պարուրված են բազմաթիվ պատմական ու ընթացիկ, մշտապես սպասարկվող կեղծիքներով ու բլեֆերով, որոնք նպատակ ունեն կուրացած պահելու մարդկանց տեսողությունն ու թմրած՝ զգայարաններն ու ուղեղը:
Ստորև կքննարկվեն որոշ ընթացիկ բլեֆեր, որոնք կենսունակ են շնորհիվ հանրային անտեղյակության ու դրանց սպասարկողների նենգության, քրեական արժեքայինի ու մտասևեռման:
Բլեֆ 1. Երկրում տիրող թալանն ընդամենը կապիտալի նախակուտակմանը բնորոշ անհրաժեշտ անցումային փուլ է: Այդ փուլով են անցել ներկայում զարգացած բոլոր նորմալ երկրները: Ի վերջո, երկրի հարստությունը լրիվ կբաժանվի ձեռներեց մարդկանց միջև, դրանք կդառնան գրագետ, իսկական, կարգին կապիտալիստներ, ստիպված կնորմալանան ու երկիրն էլ կսկսի բարգավաճել:
Բլեֆ 2. Բոլոր երկրներն էլ անցել են բանդիտ տնտեսականի ու բանդիտ ղեկավարների փուլով: Վաղ թե ուշ այդ բանդիտները դուրս կգան իշխանությունից, կզբաղվեն բիզնեսով՝ միայն փող սարքելով, իսկ պառլամենտն էլ կհամալրվի նորմալ, գրագետ, մասնագետ մարդկանցով, ու երկիրը խելքի կգա:
Բլեֆ 3. Օլիգարխայի ներքին հակասությունները հեսա ու որ է դուրս կգան ջրի երես, ինքնուրույն «կպայթեն», ու օլիգարխները ավտոմատ դուրս կմղվեն քաղաքական դաշտից:
Բլեֆ 4. Նախահագները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կա ու կմնա:
Բլեֆ 5. Ռուսաստանը մեր բարեկամն է, քանի որ ինքը թուրքերի մշտական թշնամին է: Ռուսաստանը ներսում թուրքալեզու մուսուլմանական մեծ հատված ունի և հետևաբար իրեն որևէ կերպ ձեռնտու չէ թուրքերի հետ դաշնակցելը հայերի դեմ:
Բլեֆ 6. Հայաստանն իր խելացի երիտասարդությամբ, սփյուռքով, մտավոր ու հանքային ռեսուրսներով հզոր է հարևան Վրաստանից ու Ադրբեջանից, և ներկա ժամանակավոր, «օբյեկտիվ» դժվարությունները հաղթահարելուց հետո ամեն ինչ լավ կլինի:
Բլեֆ 7. Քաղաքացիական պայքարը կընդլայնվի, իսկ օլիգարխիան էլ, չկարողնալով իշխել նման ճնշման պայմաններում, ստիպված կլինի զիջել ամբողջ իշխանությունը:
Մի քանի երկրորդական բլեֆներ էլ կան, բայց բավարարվենք սրանցով:
Համար 1 և 2 բլեֆները նույն տեսական արմատի վրա են խարսխված: Որպես կանոն, այս բլեֆների կողմնակիցները բերում են 18 -19 րդ դարերի հոռի կապիտալիզմի օրինակները՝ անտեսելով փաստը, որ այդ ժամանակներում որևէ երկրում իշխանությունն ամբողջությամբ չի եղել քրեական-օլիգարխիկ: Նույնիսկ ֆեոդալական միջնադարում արդեն կար թագավորի և ֆեոդալների փոխադարձ պարտավորությունների սկզբունքային կոդեքս, համաձայն որի ֆեոդալը պարտավոր էր և հարկեր վճարել, և պետության պաշտպանությանը մասնակցել իր զորքով:
Պետության մասին տեսությունը պնդում է, որ ցամաքային երկրներում հարևան, մրցակից երկրների առկայությունը մշտապես զգաստացրել է իշխանությանը՝ ուշադիր լինելու ներքին կարգազանցի հանդեպ: Այլապես ամբողջ պետությունը կթուլանա և կպարտվի արտաքին թշնամուն:
Այս նախապայմանի պահանջով, գիտակից ու շրջահայաց իշխանությունն ունեցել է լծակներ չափավորելու ներքին կարգազանցի ախորժակները և ապահովելու ներհանարային այն մինիմալ համերաշխությունը, որը կապահովի զինվորի իմաստն ու գոյությունը այդ երկրում:
Կապիտալիզմի մուտքով այս սկզբունքներն առավել խստացվեցին: Մասնավորապես կատարելագործվեցին հարկային համակարգն ու իրավական դաշտը, հենց ներհանրային համերաշխություն ու արդարություն ապահովելու և դրանով պետության պաշտպանությունն ապահովելու մասով:
Եթե ներքին թալանն այնպիսին է, որ մարդը գերադասում է հեռանալ երկրից, ամեն գնով իր որդուն ազատել բանակից, ապա դա նշան է, որ իշխանություն գոյություն չունի երկրում, կամ էլ եղածը ժամանակավոր, բուտաֆորային, ինքնակոչ մի բռնատիրություն է, որն ունակ չէ սպասարկելու պետության մինիմալ ֆունկցիաները և այն տանելու է կործանման:
Բերելով սույն տեսականը հայկական ներկա իրականություն, կտեսնենք, որ ներկա հայկական իշխանությունը դասական որևէ մոդելի չի համապատասխանում:
Իրոք, այն զուտ ֆեոդալական չէ, որովհետև առկա ֆեոդալների զորքերը զուտ անձնական գվարդիաներ են, որոնք չեն կարող և որևէ կերպ մտադիր էլ չեն մասնակցել պետության պաշտպանությանը: Այլ հակառակը՝ թալանի ու բեսպրեդելի հիմնական գործիքներն են: Այն կապիտալիստական, կամ նախակապիտալիստական էլ չէ, որովհետև երկրում իսպառ բացակայում են արտադրություններն ու կապիտալիստական որևէ հարաբերությունները գործատուի ու վարձու աշխատողների միջև, արտադրողների ու սպառողների միջև, չկա ոչ միայն արտադրական կամ առևտրային հակամոնոպոլ որևէ իրական արգելք:
Երկիրն ամբողջությամբ սպասարկման մի հրապարակ է, ուր բարիք չի ստեղծվում, այլ դրսում ստեղծվածը ներսում առք ու վաճառքի է ենթարկվում՝ հօգուտ ներկրող մենատերերի, քրեական պաշտոնյաների ու բնական ռեսուրսատերերի:
Առք ու վաճառքը շուկայի գործառություն է, ոչ պետության: Հետևաբար Հայաստանում եղածը ոչ թե պետական իշխանություն է, այլ նախնադարյան շուկայի տիրոջ իշխանություն:
Օլիգարխիա կոչվածն էլ ոչ թե տնտեսության մոնոպոլիստներ են, այլ շուկայի որոշակի սեկցիաների դախլեքի տերեր, շուկայի պահակ, շուկայի գող ու շուկայի ոստիկան:
Վերը նկարագրվածից արդեն պարզ է, որ բլեֆ 3-ը իրոք մեծ բլեֆ է: Դախլի տերերը իրար հետ մշտապես գզվռտոցի մեջ են, բայց նրանց գզվռտոցը իր մեջ երբևէ իր կտորից հրաժարվելու պահ չունի:
Նրանք իրար կկծոտեն դախլեքի համար, ավելի նենգերը՝ սեկցիաների ու ամբողջ շուկայի տերը դառնալու համար, բայց երբևէ նրանք չեն զիջի շուկան ինքնին, որևէ մեկին:
Բլեֆ 4-ի՝ «Նախահագները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կա ու կմնա»-ի հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Իր իմաստով այն շատ ավելի ընդգրկուն է, քան նախագահներին վերաբերողն է:
Այս ազգային ու հանրային հագստություն ներշնչող միտքը ազդարարում էր, և շարունակում է թևածել, որ ցանկացած ընթացիկ շեղում ու աննորմալություն չնչին ու ժամանակավոր է անսասան «հսկայի»՝ Հայաստանի համեմատ:
Իսկ իրականում այն նեղն ընկած մարդկանց ուղեղ «անջատելու», չտեսնելու, չքննադատելու, անգործության մատնելու, հանդուրժելու և հնազանդվելու գաղափարախոսություն էր, մեծ հզորության սոփեստություն ու կեղծիք, որով սկսվեց և շարունակվում է Հայաստանի կործանումը:
Աշխարհի պատմությունը լի է ամենահզոր երկրների ու կայսրությունների կործանման փաստերով: Մեր իսկ՝ հայկական պատմությունը նման բազմաթիվ օրինակների հզոր հավաքածու է:
Եւ այս միտքն էլ աշխատեց միայն ու միայն այն պատճառով, որ մտքի հեղինակը մի կողմից պատմաբան էր, մյուս կողմից երկրի նախագահը, և դա ասվել էր հեռուստացույցի էկրանից, որը սովետական մարդու վրա հիպնոտիկ ազդեցություն ուներ:
Անցել է երկու տասնամյակ, երկիրը կես է կանգնել, օրեցօր կործանումը խորանում է, բայց այսօր էլ լիքն են լավատեսները, որոնց թվում է, իբր թե Հայաստանն է կանգուն ու թե նախագահներն են «գնացող»:
Բլեֆ 5-ը մեծ քննարկման կարիք էլ չունի, հիշենք Ադրբեջանին զենքի վաճառքը, հիշենք թուրքերի հետ ռուսների սիրահետումները մեր դեմ, հիշենք սեպտեմբերի 3-ը, հիշենք տարբեր ժամանակների իշխանություն կոչված մեր քրեականներին շանտաժելով բոլոր ռազմավարական կառույցների, գազի ցանցերի ու ամբողջ Հայաստանի ձեռքբերումը:
Միայն մեկ մասով ասելիք կա: Ռուսները Հայաստանը չեն պահպանելու որպես սեփական տարածք-կազարմա, դա անհնար է: Հայաստանը վաճառվելու է թուրքերին ճիշտ նույն ձևով, ոնց վերցվել է մեզանից:
Բլեֆ 6-ի մասով: Ցանկացած ռեսուրս, եթե նույնիսկ այն կա, իրոք առկա է, այլ ոչ թե ինքնին բլեֆ է, տարիների ընթացքում ու նրա խորը օգտագործման, վերամշակման, սպասարկման շնորհիվ է դառնում էֆեկտիվ, շահավետ գործոն: Միլիոն հանճարեղ երիտասարդ հավաքիր անապատում, նրանք ոչինչ չեն կարող անել: Միլիոնավոր տոննա ոսկի ունեցիր ընդերքումդ՝ այն հանողն է օգտվելու միայն, եթե չի վերամշակվելու պատրաստի արտադրանքի՝ հենց քո երկրում:
Բլեֆ 7–ի մասով: Քաղաքացիական պայքարն ինքնին իմաստալից է սուվերեն ու ժամանակակից պետության ներսում: Հայաստանը չի համապատասխանում այս պայմաններից որևէ մեկին: