Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ինչու եւ ինչպես մենք հասանք այս վիճակին

4 Հունվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Հետսովետական անկախությունը մեզ բաժին հասավ բազմաթիվ ծանրացուցիչ հանգամանքներում: Մի կողմից ղարաբաղյան կոնֆլիկտն էր, մյուս կողմից՝ երկրաշարժի ավերածությունները, սովետական պետականության կեղծ ու երկդիմի ժառանգությունը, Գենոցիդի բեռն ու ամենակարևորը՝ մեր քաղաքական տկարամտությունը, որը հետագա տարիներին իր կործանարար «հզորությամբ» մեզ կանգնեցրեց լինել-չլինելու խնդրի առջև:

Հետադարձ հայացքով նայելով մեր անցած ուղուն, կարելի է համոզված պնդել, որ հենց քաղաքական տկարամտությունն էր այն լծակը, որն էֆեկտիվորեն ավիրեց մեզ և որպես հանրություն, և որպես էթնոս, և որպես պետություն:

Գոնե ուշացումով, փորձենք դիտարկել մեր թուլությունները: Եւ դրանք էլ տեսնելու համար քննարկենք պետությունը, նրանում առկա դրվածքներն ու շահային  ուժագծերը՝ համաձայն այլ երկրների պատմական փորձի և առկա դրսևորումների:

Հայտնի է, որ պետությունը սեփականություն է, որը տնօրինվում է ընթացիկ իշխանության կողմից: Կախված նախապատմությունից, այդ սեփականությունը ինչ որ սկզբունքներով տարաբաշխված-բաժանված է հանրության անդամների միջև: Կախված ներհանրային արժեքային դրվածքներից, անհավասարությունը կարող է  շատ մեծ լինել:

Ամեն կոնկրետ պահի, իշխանությունը հանդես է գալիս որպես եղած դրվածքների պահապան: Իր այդ հատկությամբ, այսինքն՝ եղած դրվածքների պահպանության ձգտումով, իշխանությունը պահպանողական է: Եւ բնականորեն, ի հակադրություն իշխանության, ընդդիմությունն էլ հանդես է գալիս եղած դրվածքների փոփոխության պահանջով:

Վերը բերվածը պետության էության այսպես ասած մակրո նկարարագիրն էր, որը մանրամասնելիս արդեն կարող ենք պետությունը դիտարկել որպես ժողովրդավարական, միապետական, բռնապետական, օխլոկրատիկ, կամ օլիգարխիկ: Այսինքն պետության ներսում առկա հանրային դրվածքները կերտում են պետության առանձնահատկությունները, բայց ոչ արմատական էությունը:

Ամենաժողովրդավարական երկրում էլ՝ իշխանություն- ընդդիմություն հակասությունը արտաքնապես կարող է ձևակերպված լինել որպես այս կամ այն օրենքի, երևույթի կամ պրոցեսի նկատմամբ բևեռային վերաբերմունք, բայց իր խորքում այն հակամարտություն է՝ պահպանողական ու փոփոխության ուժերի միջև:

Բռնապետության պայմաններում էլ, բռնապետի դեմ պայքարն իրականում պայքար է բռնապետի շուրջ համախմբված պահպանողականների-իշխանականների ու մնացած՝ փոփոխություն տենչացող ժողովրդի միջև:

Անկախ պետականության կերպից, հանրության ներսում միշտ առկա են երկու տարբեր հատվածներ՝ իշխանամետ և ընդդիմադիր:

Եթե սույն տեսականը դիտարկենք հայկական հետսովետական 22 տարիների կտրվածքով, ապա կտեսնենք, որ մշտապես առկա է եղել ամեն գնով իր աթոռից կառչած պահպանողական իշխանությունն իր սատելիտներով, և փոփոխություն պահանջող ընդդիմությունն իրեն հարող հատվածով:

Հաջորդը, որն անհրաժեշտ է պարզել՝ հարցն է, թե ովքեր են կազմում ամեն պահի իշխանությունը և ովքեր՝ ընդդիմությունը:

Որո՞նք են այն անհատական հատկությունները, որոնցով մեկը մշտապես իշխանության մեջ է, իսկ մյուսը՝ մշտապես ընդդիմադիր: Արդյոք այդ բաժանումը աշխարհայացքային է, արժ֊եքային, թե դրվածքային: Գիտակցված ընտրություն է, թե իրերի բերումով:

Հանրահայտ է, որ իշխանության համար պայքարը հավակնոտ մարդկանց պայքար է: Դա բխում է պետության սուբյեկտայնությունից, իշխանության սուբյեկտայնությունից և որոշումների ընդունման մեխանիզմների տրամաբանությունից:

Ցանկացած իշխանություն կառուցված է որպես տարբեր ասպարեզներում  մասնագիտական պատասխանատու որոշումներ ընդունող կառույցների՝ և հորիզոնական, և ուղղահայաց, միասնություն:

Իշխանական կառույցներում բոլոր որոշում ընդունողները հավակնոտ անհատներ են, որոնք հասել են այդ դիրքին՝ պայքարելով ու հաղթելով այլ հավակնորդների: Նմանապես, իրենք շրջապատել են իրենց բազմաթիվ տեղակալներով ու օգնականներով, որոնք նույնպես որոշակի հավակնոտություն ունեն և ուշադիր են իրենց դիրքերը այլոցից պաշտպանելու հարցում:

Շարունակելով այս տրամաբանությունը ներքև, դեպի այդ պաշտոնյաների հետ առնչվող ծանոթների ու բարեկամների շրջանակը, կտեսնենք, որ շահագռգռությունները կարող են իջնել ու տարածվել շատ ավելի հեռու, քան ենթադրելի է սկզբնապես:

Ծանոթների /ԽԾԲ/ օղակների թիվը, որոնցում դեռ առկա է կախվածություն կամ կապ պաշտոնյայի հետ, ինչ որ առումով տվյալ հանրության ներքին ազատության  ցուցանիշն է: Հանրությունները, որոնցում այդ օղակները կտրվում, վերջանում են մեկ երկու օղակ հեռու, այսինքն նեղ ընտանեկանի, կամ ընկերականի վրա՝ համեմատաբար օրինապաշտ են ու քաղաքացիորեն ազատ:

Իսկ հանրությունները, ուր նույնիսկ հեռավոր բարեկամականի ու ընկերականի համար պաշտոնյան կարևոր, «պետքական» սուբյեկտ է, ավանդական են, անօրեն, թույլ ու կախյալ՝ կամայականություններից:

Իշխանության հաջորդ կարևոր դրսևորումն այն է, որ այն միասնական է: Իշխանության  բոլոր օղակները գիտակցում են, որ ընդդիմության դեմ պայքարում իրենց ուժը միասնության մեջ է: Միասնության գաղափարը տարածվում և իջնում է իշխանական պաշտոնականին ասոցացված բարեկամականի ու ընկերականի մեջ և ձևավորում է իշխանամետ շերտ, որն իշխանամետ է ըստ ներհանրային դրվածքների:

Ընդհանրացնելով, ստացվում է առաջին հայացքից տարօրինակ, բայց կուռ մի պատկեր: Իշխանությունը կառուցված է ըստ մարդկային տիպերի՝ հավակնոտ մարդկանցից՝ վերից վար, որպես վերադաս ու ստորադաս պաշտոնյաների համակարգ ու նաև դեպի նրանց շրջապատը ձգվող իշխանամետ շերտի տեսքով՝ ըստ անձնական հարաբերությունների ու բարեկամական սանդղակների:

Այս ամբողջ իշխանական համակարգը զբաղված է պետություն կոչված սեփականության տիրապետմամբ: Նրա մասնակիցները զտված, ջոկված են թե ըստ անձնական որակների և թե ըստ դրվածքի՝ որպես բարեկամներ և ընկերներ, որոնք թույլ են եղել անձնապես պայքարել իշխանության մեջ տեղ ունենալու համար: Բայց նաև «ուժ֊եղ» են եղել օրենքի գերակայությունը ոտնահարելու ու բարեկամի սպասավոր-կամակատարը դառնալու համար: Ոչ բավարար խիզախ են եղել՝ համակարգից իրենց դուրս դնելու համար, բայց բավարար անազնիվ են եղել կողքինին ոտնահարելու ու նրան շահագործելու համար:

Նման կերպ դիտարկելով ընդդիմադիր ճամբարը, կնկատենք նրանում առկա 2 իրարամերժ հատվածների:

1. Նախորդ՝ պարտված իշխանության հետ իշխանականից դուրս մնացածներն են, ովքեր նույն հավակնոտ ու վերը նկարագրված իշխանական տիպերն են, բայց և որոնք ստիպված են եղել զիջել իշխանությունը առավել ուժեղներին:

2. Իրապես ընդդիմադիր հատվածն է, որը կազմված է հիմնականում ոչ հավակնոտ, բայց հանրային արժեքայինով, սոցիալականով առաջնորդվող ժողովրդավարական, հայրենասիրական, մարդասիրական, տեխնոկրատական կամ այլ սկզբունքներով առաջնորդվող մարդկանցից: Նրանք դուրս են իշխանականից և ձգտում են հարցերը լուծել ոչ թե ոհմակային տրամաբանության մեջ, այլ հանրային համաձայնության ու արդարության շրջանակներում:

Քանի որ իրական ընդդիմադիր հատվածը զուրկ է բավարար հավակնոտություն ունեցող անհատներից, որպես կանոն այն դառնում է ենթակա վերը նշված առաջին հատվածին, այսինքն նախորդ իշխանության դեմքերին:

Այդ մարդիկ էլ, իրենց էությամբ չտարբերվելով առկա իշխանական դեմքերից, գնում են ոչ թե արմատական, համակարգային փոփոխությունների պահանջի ճանապարհով, այլ այս կամ այն շղարշով քողարկված՝ իրենց իշխանության հասնելու հարցն են հետապնդում:

Դրա համար էլ, սկսած 95-96 թվականների կեղծված ընտրություններից, երբևէ քաղաքական ամբիոնում չքննարկվեց իշխանության խորքային էության հարցը: Եւ խնդիրը մշտապես պարտակվեց դեմքերի մակարդակի վրա:

Մեր դեպքում դա դժվար էլ չէր անելը, որովհետև ամեն հետագա իշխանության դեմքերն առավել ու առավել հրեշավոր էին, և թվում էր, որ իրոք, մեր խնդիրը «սխալ» դեմքերն են, այլ ոչ իշխանությունն ու նրա հայաստանյան խնդիրների կծիկը:

Հաջորդ թերացումն այն էր, որ երբևէ տեսականորեն չքննարկվեց ու չբացահայտվեց իշխանությանն ու ընդդիմությանը հարող հատվածների վարքի օբյեկտիվ տրամաբանությունը:

Ինչպես ասվեց վերը, իշխանամերձ հատվածի վարքն օբյեկտիվ հակվածությունների, պարտադրանքների ու ակնկալիքների վրա է հիմնված: Ի հակադրություն դրա, ընդդիմադիրին հարող հատվածը չունի ոչ մի կոնկրետ պարտավորություն ու որոշակի ակընկալիք՝ տեսականորեն հնարավոր իշխանափոխությունից:

Դրա համար էլ այն ունակ չէ ավելին անել, քան ընտրություններին քվերաթերթիկն արկղը գցելն է ու կողք քաշվելը: Նա չի տեսնում անհրաժեշտ կամքն ու հավակնոտությունն ընդդիմադիր առաջնորդների մեջ, և իր կողքի շարքայինների մեջ էլ չի տեսնում իշխանամետ շարքայինի «ժանիքներն ու ախորժակները»՝ պայքարելու իրենց իրավունքների ու շահի համար:

Եւ հենց դա էր պատճառը, որ ընդդիմությունը որպես գործիք տեսնում էր ոչ թե մանրակրկիտ տեսական ու գործնական աշխատանքը, այլ միլիոնանոց միտինգը,  որն ինչ որ անբացատրելի հրաշքով վեցնելու էր իշխանությունը:

Իհարկե, այսօր արդեն ուշ է խոսել հայկական պետականության մասին, բայց ուշ չէ քաղաքացիականին հորդորել՝ ուսումնասիրել քաղաքագիտությունը և տեսնել իրական անելիքը: Զատելու այն տնազից և անելու անհրաժեշտը, այլ ոչ իշխանականի պարտադրած թույլատրելին ու ավանդական պարտության տանող հնարավորը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes