Մեր պետականության անկման պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե դա արտաքին ճնշման հետևանք էր, թե նեքինն էլ կար: Եւ թե արդյոք կային հայ մարդուն, հայ հանրությանն ու ձևավորված հայկական պետությանը հատուկ ուրույն թուլություններ, որոնք կանխելի էին, բայց մենք չկարողացանք դա անել:
Այս հարցը պարզելու համար քննարկենք մարդ-հանրություն- պետություն պատճառահետևանքային շղթան, տեսնելու համար, թե մարդու որ հատկություններ են, որ կանխորոշում են նրա կերտելիք պետությունը:
1. Մարդն առաջին հերթին կենսաբանական էակ է՝ այսինքն իր սուբյեկտայնությունը, իր «հացն ու ջուրը» ապահովող առաջնային էգո ունի, որը վեր է մնացած էգոներից:
2. Այդ անձնական էգոն ստիպված է համակերպվել հանրային կենսաձևերին, քանի որ մարդը նաև հանրային էակ է: Համակերպվելը դա միաժամանակ բանակցել-վերցնել-տալ-օգտվել-շահագործել-շահագործվելն է:
3. Պատմականորեն, կյանքի ու գիտատեխնիկական զարգացման արդյունքում, մասնավորապես փողի ու մասնավոր սեփականության մեջտեղ գալով, մարդու հանրային ու անձնական կյանքը բարելավելու այլ ձև էլ գտնվեց- պետությունը:
Պարզվեց, որ պետությունն ունակ է ներքին հարցերը լուծել նաև դրսի, հարևան հանրություների հաշվին՝ պատերազմելով, թալանելով ու գողանալով ուրիշի ունեցածը:
4. Մինչ պետությունը, հանրային կյանքն արդեն իսկ ուներ ներքին հակասականություն մարդու և հանրության միջև, իսկ պետության ի հայտ գալով, հակասականությունը մտավ նաև մարդու արժեքայինի մեջ՝ կարող ես սպանել անծանոթին որպես թշնամու, և դա հերոսություն է ու հանրօգուտ գործ, իսկ եթե ներսում ես սպանում, հանցագործ ես:
5. Արժեքայինի այս պարադոքսը, չնայած մարդու իրավունքների ու ժողովրդավարության դոգմաներին, դեռևս ներկա քաղաքակիրթ աշխարհի առանցքն է: Միջազգային իրավունքով պատերազմ հրահրողը տեսականորեն հանցագործ է մարդկության դեմ, բայց գործնականում աշխարհի հզորներն իրենց զինվորներին ուղարկում են կես մոլորակ հեռու՝ մարդ հոշոտելու, երկիր ավիրելու ու թալանելու համար:
Եւ արդյունքում, ներկա աշխարհում գործում է մի բարդ արժեքային համակարգ, իր մարդ -հանրություն, մարդ -պետություն, մարդ -թշնամի երկիր, մարդ- ներքին հանցագործ, մարդ -իշխանություն, մարդ- դատավոր և տարատեսակ այլ բաղադրիչներով, որոնք ներքնապես հակասական են:
Տարբեր հանրություններ տարբեր սկզբունքերով ու մոտեցումներով են հաղթահարել այդ հակասությունները: Եւ նրանք, որոնք կարողացել են ներհանրային համերաշխություն ապահովել և հաղթել արտաքին թշնամուն, հասել են ամենամեծ հաջողությունների:
Եթե խորամուտ լինենք նրանց փորձին, ապա կտեսնենք, որ նրանք մաքսիմալ համաձայնեցրել են ներհանրային հակամետ շահերը, միաժամանակ չզոմբիացնելով անհատին և չվնասելով հանրային արժեքայինի հիմնարար դրվածքները, որոնցով գեներացվում-բյուրեղացվում է յուրահատուկ պետությունը:
6. Պետականության մրցարշավում մենք, հայերս պարտվել էինք դեռ միջնադարում, իսկ երբ ձեռքներս ընկավ ներկա պետությունը, գնացինք հին սխեմայով- հրաժարվեցինք համաշխարհային քաղաքական սկզբունքներից, ազգերի պետականորեն մրցակցելու տրամաբանությունից՝ անտեսելով պետությամբ գոյատևելու ու զարգանալու հնարավորությունը:
Եւ սրա հետևանքը զարհուրելի եղավ: Իբր պետությունը կա, բայց այն իրացնելու փոխարեն նրա տնազի վերարտադրման մեջ ենք:
Դրսում որպես սուբյեկտ ընկալվելու համար մի կերպ քարշ ենք տալիս պարտադրված պետականությունը՝ իր կեղծ ինստիտուտներով, կեղծ դրվածքներով ու դրսևորումներով:
Եւ դրսին ցուցադրվող կեղծն էլ թափանցել է ներս՝ ներսում էլ թելադրելով միմիկրիայի տակ թաքնված անասելի դաժան նիստ ու կաց, ուր դատարանը ոչ թե արդարության պահապանն է, այլ թույլին հոշոտողը, օրենքները ոչ թե հանրային համակեցության համար են, այլ թույլին հետապնդելու, տնտեսությունը ոչ թե պետության հիմքն է, այլ նրա կործանման լծակը:
Փաստորեն ներսում մշտական իրական պատերազմ է՝ «ուժեղների» ու «թույլերի» միջև, աննորմալի ու նորմալի միջև՝ վերջիններիս անմնացորդ ջախջախմամբ:
Ակնհայտ է, որ հայ օլիգարխն ու իշխանավորները «կատու» են դրսում և «կատու ճղող»՝ ներսում:
Հայը հոշոտում է ինքն իրեն որպես թշնամի, բայց ոչ սուբյեկտային է արտաքին թշնամու հանդեպ:
Սա նման է աուտոիմունային հիվանդություններին, երբ օրգանիզմի իմունային համակարգը չտարբերակելով սեփական սպիտակուցներն արտաքին մարմիններից, մշտապես խժռում է իր իսկ մարմինը:
Շարքային անհատը կուչ է եկած երկու թշնամիների արանքում՝ ներքին հալածող, կեղեքող, ավիրող քրեականի և արտաքին թշնամուց սպասվող պոտենցիալ ֆիզիկական վտանգի միջև:
Ներքին թշնամին ասում է՝ տես, ես քեզ ֆիզիկապես չեմ ոչնչացնում, միայն թալանում եմ, դրա համար քեզ խելոք պահիր, որովհետև եթե ես չեղա, քեզ արտաքին թշնամին ֆիզիկապես կհոշոտի: Իսկ արտաքին թշնամին էլ դե հայտնի բան է՝ իհարկե վատն է:
Հայաստանում անհատ-հանրություն-պետություն շղթան չկա, ուղղակի գոյություն չունի, այն վերջանում է անհատի վրա՝ դեռ չսկսված: Մենք իհարկե ունենք ինչ որ հանրայնություն, բայց այն ունակ չէ պետականակերտման:
Եւ պետության անվան տակ միջանձնային գզվռտոց ու թալան է տիրում, որում ուժեղները գզվռտոցի կենտրոնում են, թույլերը պերիֆերիայում, իսկ առավել թույլերն էլ մեկուսացված են պրոցեսից և հենց գզվռտոցի առարկան են:
Փաստորեն հայկական պետականության անփառունակ էության հիմքը մեր շեղված պատկերացումներն են անհատ-հանրություն-պետություն, հարաբերությունների մասին և դրանից բխող այլանդակ արժեքայինն ու դրվածքները: Մենք նույնիսկ չենք էլ մտել հանրային կազմակերպման բարդ ձևերի մեջ, մնացել ենք վերը նշված առաջին, զուտ անձնական էգոյի բավարարման մակարդակի վրա:
Հետևաբար հայկական պետական ինքնիշխանության ու արտաքին աշխարհի հետ հարաբերման ահավոր շեղումները քաղաքականի դաշտում չեն, այլ շատ ավելի խորը-բազիսային են՝ մարդկանց աշխարհընկալման ու արժեքայինի մակարդակի վրա են: Որոնք էլ ավտոմատորեն գեներացնում են մնացած բոլոր ածանցված թուլություններն ու դրսևորումները «պետական» մակարդակի վրա:
Բերելով ասվածը գործնական հարթություն, հանգում ենք «Ամեն ազգ արժանի է իր իշխանություններին» հայտնի բանաձևին: Այսինքն ներկա իշխանությունն իր բոլոր ճյուղերով այդպիսին է, կա, գոյություն ունի, որովհետև մենք, ամեն մեկս որպես առանձին անհատներ, թույլ ենք տվել դա: Ոչ թե ֆորմալ ընտրել ենք, կամ չենք ընտրել, այլ կամ մասնակցել ենք, կամ համակերպվել, կամ էլ մեր մեծամասնության մեջ՝ թույլ ենք տվել:
Շեշտենք տարբերությունը–ոչ թե չենք ընտրել, այլ թույլ ենք տվել:
Սրանք բացարձակ տարբեր գործողություններ են: Չընտրելը պասսիվ, հայեցողական դիրքորոշում է: Իսկ թույլ չտալը զուտ ֆիզիկական գործ է, որը այլ մոտեցում ու մեթոդական է պահանջում, քան չընտրելը:
Սա է մեր դժբախտությունների հիմքը-հանրությունը կարծում է, որ իր անելիքը ընտրել-չընտրելն է, թուղթ գցել-չգցելն է, իսկ քրեականը թքած ունենալով մարդկանց կարծիքի վրա, զոռբայությամբ, ֆիզիկականով ու զինված բանդաներով ինքն է որոշում, իր ով լինելը, ինչ անելը և ինչ կարգի պետություն ունենալը:
Հետևաբար ներկա հանրային պատկերացումների ու դրվածքների առկայության պայմաններում, պետություն ունելու հնարավորությունն իսկ գոյություն չունի:
Չգիտեմ, թե արդյոք հնարավոր է մեզ տրված ժամանակահատվածում վերակերտել պետությունը, բայց որ այդ գործը լրիվ այլ մեթոդական է պահանջում, քան այն, որն առկա է հրապարակում, դա փաստ է: