Դեկտեմբերի 23-ին մեր պատմական հայրենիքն ու «էրգիրը» մեծացան 29 հազար քառակուսի կիլոմետրով:
«Գազային պայմանագիր» անվան տակ քվեարկման դրվեց հայկական պետության ինքաոչնչացման փաթեթը և զարմանալիորեն, իշխանությունը կռիվ տվեց այն հաստատելու համար:
Սա իհարկե չլսված, չտեսնված երևույթ էր աշխարհի պատմության մեջ, բայց մեր՝ վերջին քսան տարիների մղջավանջներով անցած հայաստանցիներիս համար՝ շարքային մի հանգրվան էր:
Իրականում կատարվածը կապիտուլյացիա էլ չէր, որովհետև կապիտուլյացիան ենթադրում է երկրի հանձնումը թշնամու ողորմածությանը, և պետություն մնալու շանսը այդ դեպքում բավական մեծ է:
Սույն պայմանագրով, և սահման չունենալով հանդերձ՝ մաքսային միությանը միանալու համաձայնագրերով, միարժեքորեն վերացվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Որովհետև առանց սեփական էներգետիկայի, որը յուրաքանչյուր պետության ողնաշարն է, և սեփական մաքսային քաղաքականության, որը տնտեսության կառավարման հիմնական լծակն է՝ պետության մասին խոսելն իսկ ավելորդ է:
Ինչպե՞ս մենք հասանք այս արդյունքին:
Այս հարցն իմաստալից է գոնե՝ «էրգրից» մեր հուշերը «հաջորդ սերունդներին պատմելու տեսանկյունից:
Իմ կարծիքով, 88 թվականից սկսած զուգադիպեցին և հայկական տարբեր իշխանական սուբյեկտների կողմից շահարկվեցին մի շարք գործոններ, որոնք մերթ որպես կենսական, մերթ որպես անվտանգության, մերթ որպես անխուսափելի խնդիրներ՝ մեզ տարան ինքնակործանման արահետով ու բերեցին այս աղետալի վիճակին:
1-ին գործոնն իհարկե դեռևս սովետ միության կազմում Ղարաբաղը Հայաստանին միացնելու տեսլականն էր, որը անձնազոհության, մեծ զոհերի ու զրկանքների տարավ մարդկանց, «սովորեցնելով» պատերազմին, ծայրահեղին ու անձնական կորուստներին, ինչպես նաև գամված պահելով՝ «անզգույշ» որևէ քայլ չանելու և ներողամիտ լինելու «մերկասառույցի վրայով քայլող» իշխանությունների հանդեպ:
2-ը Գենոցիդի կրկնության վախն էր Թուրքայի կողմից, որն անխնա շահագործվեց իշխանությունների կողմից:
3-ը քրիստոնյա Ռուսաստանի, իբր իր շահերից բխող՝ մեր հետ տրամաբանական դաշնակից լինելու միֆն էր, որը մեկուսացրեց Հայաստանը արևմուտքից և «բնական» դարձրեց հետսովետական կոռուպցիայի հարատևումը:
4-ը հավատն էր հանդեպ սեփական առաջնորդների հայրենասիրական նվիրվածությունը, որը հերոսի անվան տակ հրապարակ բերեց բացահայտ քրեականների ու հանցագործների ու կանաչ լույս վառեց նրանց առջև:
5-ը հավատն էր առ այն, որ մենք իրար նկատմամբ հոգատար ու առաքինի ազգ ենք, հետևաբար միասին հաստատ կհաղաթահարենք ցանկացած դժվարություն: Հենց այս խաբկանքով հրատապ խնդիրները մշտապես հետաձգելու շրջանի մեջ մտանք, փոխանակ պահանջատեր լինելու իշխանություններից՝ հասունացած հարցերը լուծելու:
6-ը երկրաշարժի հետևանքները հաղթահարելու հետ կապված, իբր օբյեկտիվ բարդություններն էին, որոնք շղարշեցին ու արդարացրեցին իշխանությունների մասնագիտական ու լայնամասշտաբ տգիտությունը համարյա բոլոր հարցերում:
7-ը սովետական մենթալիտետի հաղթահարման համար իբր սերնդափոխություն կարիքն էր, որն անիմաստ էր դարձնում առկա իշխանությունից լուրջ արդյունքներ պահանջելը: Չէ որ անիմաստ է մարդկանց փոխելը; մինչև ժամանակը չգա ու սովետական սերունդը իր բնական մահով չհեռանա ասպարեզից, հարցերը չեն լուծվելու:
8-ը հայկական իշխանությունների՝ մասնավորապես ԼՏՊ-ի բառացի ներշնչած միտքն էր, թե նախագահները կգան ու կգնան, իսկ Հայաստանը հավերժ կմնա: Սրանով մի կողմից մեղմացվեց ու շեղվեց պատասխանատվությունը իշխանություններից, մյուս կողմից կանաչ լույս տրվեց արտագաղթին /հանգիստ արտագաղթեք, Հայաստանն առանց ձեզ էլ կանգուն է ու կմնա/: Ինչպես նաև ներարկվեց հանդուրժողականություն ու համբերություն՝ որևէ բան անել պետք չէ, միայն սպասել է պետք, կամաց-կամաց ամեն ինչ կուղղվի ու լավ կլինի:
9-ը շահագործվող միտքն էր, թե հայկական պետականության պրոբլեմները պատմականորեն ու օբյեկտիվորեն շատ բարդ ու անլուծելի են, և ով էլ որ լինի իշխանություն, նույնն է լինելու: Սա հնարավորություն տվեց տգետի ու ոչ մասնագետի ներկայությունը ամենակարևոր պաշտոններին ու պառլամենտում, որով այլասերվեց ողջ իշխանականը՝ վարից վեր:
Կլինեն նաև այլ սկզբունքային գործոններ, բայց եղածները, հայկական պատմական ու սովետական մենթալիտետի առանձնահատկությունների հետ միասին, բավարար են մեր ներքին բոլոր ածանցված այլանդակությունները բացատրելու համար:
Որոշիչ թուլությունը- հանդուրժողականությունը՝ հանդեպ կողքի այլանդակը, անօրենը, սրիկայություններն ու ոչ մասնագետը, հանգեցրեց իշխանական բոլոր ճյուղերի կաշառվածության հարատևմանը:
Կաշառակեր իրավական- դատականը հնարավոր դարձրեց հանցագործի մուտքը որպես իշխանավոր՝ թե ընտրովի ու թե նշանակովի պաշտոններին:
Սկզբնական սակավաթիվ հանցագործ պաշտոնյաներն աստիճանաբար ամբողջ համակարգը լցրեցին ստորադաս հանցագործներով, և հանրությունն ամբողջապես մեկուսացվեց կառավարման լծակներից:
Հայաստանցին դուրս մղվեց ասպարեզից ու հանրային կյանքից ոչ միայն որպես քաղաքացի ու իշխանության տեր, այլև սկսեց հետապնդվել ամեն քայլափոխի՝ որպես կենսաբանական զոհ, որն «օրենքից դուրս» է, և որին թույլատրված է բառիս բուն իմաստով անպատիժ հոշոտել, թալանել, գնդակահարել ու արտաքսել:
Երկրի տնտեսությունը տեղափոխվեց մարդուն հոշոտելու՝ որպես ռազմագերի պահելով փրկագին կորզելու սխեմաների վրա, ինչն առկա էր ոչ սուբյեկտային զինված տարածքներում ինչպիսին օրինակ Սոմալին ու Զիմբաբվեն էին տարիներ առաջ:
Արտագաղթածներն օգնում են ներսում մնացած իրենց բարեկամներին մի կերպ գոյատևելու, փրկվելու ուժայինից, ոստիկանից, քննիչից, գողից, ավազակից ու մարդասպանից:
Փրկագինը՝ օձիգն ազատելու, չհետապնդվելու, չդատվելու, չբանտարկվելու, չզոհվելու ու չսպանվելու համար դարձավ հանրություն-պաշտոնյա-իշխանություններ հարաբերությունների առանցքն ու բանաձևը:
Այս անմարդկային պայմաններում, դեռևս սովետական ժամանակներում կուտակած տնտեսական պոտենցիալներն ու քիչ թե շատ առկա մարդկային արժանապատվությունն աստիճանաբար մսխվեցին, և ներկա պահին ունենք հուսահատված ու իրենց իրավունքներից հրաժարված, ստրկացված հանրություն և լկտիացած կրիմինալ ու արյունարբու իշխանություններ, որոնք կուրացած իրենց անսպասելի հարստությունից ու անպատիժ իշխանությունից, ունակ էլ չեն հասկանալու կատարվածն ու կատարվողը:
Արժե նշել, որ իշխանություններին զուգահեռ միշտ էլ եղել է համարժեք ընդդիմություն, որն իր գիտելիքով ու աշխարհընկալմամբ երբևէ ունակ չի եղել վեր բարձրանալ տարրականից ու անձերից դեպի օբյեկտիվ, պատճառահետևանքային իրականություն ու քաղաքականություն: Եւ դրանով իսկ և իրեն, և հանրությանը մատնել է առավել խորն անելանելիության:
Արդյունքում, որպես մարդկանց միակ հույս, 1998 թվականի նախագահականից ի վեր մնացել էր «փրկիչը:
Բանը հասավ նրան, որ վերջին անգամ որպես «փրկիչ» հանդես եկած նույն անձը ապահովեց բոլոր երեք՝ պառլամենտական, նախագահական ու քաղաքապետի ընտրությունների լեգիտիմությունը, ըստ որում բոլորն էլ տանուլ տալով խայտառակ արդյունքներով:
Այսօր էլ, գազային ու մաքսային պայմանավորվածություններով մենք արդեն ռուսական սահմանապահ կազարմայի կարգավիճակի տարածք ենք դարձած, որը սակայն հանրության աչքում դեռևս պետականության խաբկանքներ ունի իր մեջ:
Պարզ է, որ այս վիճակին մենք չհասանք հանկարծակի ու անսպասելի:
22 տարի շարունակ մենք ընթանում էինք վայրընթացով և այս վիճակում հայտնվեցինք սպառելով բոլոր ներքին ռեսուրսները:
Այժմ էլ՝
1. Դատելով նախորդ իներցիոնությունից, ակնհայտ է, որ ներկա դեստրուկտիվ պրոցեսը շատ ավելի մեծ հավանականություն ունի ընթանալու հենց նույն վեկտորով:
2. Երկիրը կրախի հասցրած իշխանություններն ամեն ինչ արեցին ռուսական «տանիքի» տակ մտնելու համար՝ որպեսզի տնտեսական ու քաղաքական կրախի պայմաններում սպասվելիք քաղաքացիական ընմբոստությունը կասեցնեն ռուսական ոստիկանական ու զինուժի միջոցով և իրենց վրա ծառացած խնդիրներն էլ այլևս վերագրեն ռուսական միջամտությանը:
3. Նման անփառունակ ձեռագրով՝ հանրային կոլապսի ձևով զիջելով սուբյեկտայնությունը Ռուսաստանին, արտաքին ոչ մի սուբյեկտ այլևս շահագռգիռ չի լինելու միջամտել մեր օգտին, քանի որ իսպառ կորսված է նրանց հույսը մեր քաղաքական «ողնաշարի» վերականգնման մասով:
4. Ռուսաստանը չէր կարող ապասուբյեկտացնել Հայաստանը, կամ համաձայնել հայկական իշխանությունների՝ որպես սուբյեկտ վերանալու տենչանքներին, եթե չունենար արդեն պատրաստի որոշակի ծրագեր՝ նրա ուտիլիզացիայի վերաբերյալ:
5. Մեր անմիջական ու հեռակա հարևանների աչքերում մենք արդեն որևէ արժեք ու իմաստ չենք ներկայացնում որպես տարածքի կայուն տերեր, և բոլորը սպասելու են՝ մեր վրա և մեր հաշվին իրացվող ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական, ռուս-վրացական ու ռուս –պարսկական բազառներին:
6. Իրենց հարցերը լավագույնս լուծելու համար ռուսները կշարունակեն «օպտիմալացնել» և համաձայնեցնել «Հայաստանի» բնակչության թիվն իրենց ծրագրերին՝ թե իրենց ներսում և թե ռեգիոնում:
7. Իհարկ, շատ բան կախված է լինելու Ռուսաստանի ու ռեգիոնալ մյուս ուժերի իրական կարողությունների հարաբերակցությունից ու արտաքին այլ միջամտություններից: Շատ հնարավոր է, որ ռուսական հաշվարկները Հայաստանի գնի վերաբերյալ խիստ չափազանցված են եղել, և սցենարները բոլորովին չհամապատասխանեն ծրագրածներին:
Բայց և, բոլոր տարբերակներում, Հայաստանի սուբյեկտայնության վերականգնումն անմիջական հարևանների շահին դեմ է: Իսկ հեռահար գերսուբյեկտների դեպքում էլ, ինչպես նշվեց, այլևս հավատը չկա մեր սուբյեկտային ունակությունների մասով:
Անհավանական ու անսպասելի թվացող, սրընթաց, ստորացուցիչ ու դժոխային հանգուցալուծում էր, որը սակայն օբյեկտիվ էր ու այս իշխանավորների առկայության պայմաններում՝ անխուսափելի: