Սովետ միության անկումով պայմանավորված անսպասելի անկախության առաջին իսկ օրերից, մեր քաղաքականում տիրում է տարերայնությունն ու անտեղյակությունը՝ թե իշխանավոր պատասխանատուների և թե շարքայինների պատկերացումներում:
Արդյունքում, Հայաստանը որպես պետություն, հանրային կառույց և հայրենիք, ընթանում է արագացող վայրընթացով, և հասել է այն վտանգավոր սահմանին, որից այն կողմ պետության կործանումն է:
Հարցերից հիմնարարը, դա անհատի և հանրության հոգեբանական և սուբյեկտային մոտիվացիաների գիտակցումն է, որը հիմք է ծառայում և սնում է պետականը, քաղաքականը:
Այս առումով ամենահիմնական հարցն այն է, թե ով է քաղաքականին մասնակից լիդերը, կուսակիցը, համախոհը՝ որպես սուբյեկտ: Ով ինչ մոտիվներով ու տրամաբանությամբ է մասնակցում, կամ մեկուսացած պրոցեսներից:
Այս հարցն է, որը մեզանում դեռևս չի քննարկված ու պարզաբանված որպես հանրային գիտելիք: ԵՎ որը հենց այն ելակետն է, որ պետք է առաջնորդի բոլորին՝ հասկանալու իրականությունն ու գործընթացները:
Համաձայնեցված գիտական սահմանում հայտնի չէ, բայց ընդունված է, որ «սուբյեկտային մարդ» է համարվում այն անհատը, ով մասնակցելով հանրային այլևայլ պրոցեսների, հետապնդում է իր անձնական շահը:
Հետևաբար, սուբյեկտային մարդը մշտապես, այս կամ այն խստության մրցակցության մեջ է հանրության մնացած բոլոր անհատների հետ:
Իրոք, կախված անհատների շահային հեռավորություններից, մարդիկ կարող են լինել մահացու հակառակորդներ և կարող են լինել մոտ համախոհներ:
Բայց և, անկախ շահերի մերձավորությունից, մարդկային էգոն «ապահովում է» մրցակցություն՝ ցանկացած երկու անհատի միջև:
Իսկ ավելի բարդացված հարաբերությունների՝ մրցակցություն-կոնֆլիկտ դաշտում, անհատի ու խմբի, անհատի ու ողջ հանրության միջև:
Որպես բացարձակ կանոն, իշխանությունը կազմված է լինում մրցակցային, իրենց շահն ատամներով հետապնդող անհատներից: ԵՎ այս ֆենոմենի տրամաբանությունն էլ պարզորեն ակընհայտ է: Իշխանությունը շահային բարձրագույն թիրախ-կիզակետ է, և թույլ անհատները դեպի այն բարձրանալիս պարտվում են պայքարի տարբեր փուլերում, և հետ մնում՝ տեղավորվելով իշխանական բուրգի տարբեր հարթություններում: Դրանով իսկ, թույլից դեպի ուժեղը՝ ներքևից վեր, կազմվում է իշխանական բուրգը:
Հետևաբար, որևէ պատահական մարդ չի կարող լինել կոնկրետ իշխանականի մեջ՝ նրանում միայն ու միայն «ուժեղներն են»:
Բայց բոլորովին այլ խնդիր է, թե ինչ «ասպարեզի ու որակի» ուժեղներ են դրանք: «Ուժեղության» տիպն ու որակն արդեն պայմանվորված է զուտ ներհանրային արժեքայինով:
Հենց հանրային արժեքայինն է, որը որոշում է մրցակցության ձևը, մեթոդաբանությունը, հաղթանակի տեսքն ու վերջնական հաղթողին:
Հանրությունն է, որը թույլ է տալիս, կամ արգելում է խաբեությունը, աճպարարությունը, կեղծիքը, հանցագործությունն ու մարդասպանությունը այդ մրցակցության մեջ:
Հանրությունն է, որ իր տաբուներով ու չգրված օրենքների ուժով կարգավորում է իր հավակնոտ անհատների մրցակցությունը և դրա շնորհիվ վեր հանում իրեն առաջնորդելու արժանիքներ ունեցողներին ու իրավունքներով օժտում իրապես հաղթողներին:
Հանրությունն է, որ պախարակում է խաբեբային, պատժում հանցագործին և պաշտպանում իր ընտրյալին ու արժանավորին:
Թեզը, թե ամեն հանրություն արժանի է իր իշխանություններին, հենց այս երևույթի խտացված բնութագիրն է:
Մեր մեծամասնությունը պնդում է, թե ինքը չի ընտրել այս իշխանություններին: Իհարկե, ֆորմալ առումով սա ճիշտ թեզ է: Բայց ըստ էության ինքնախաբեություն է, որովհետև մեր արժեքայինը թույատրել է կեղծիքը, խաբեությունը, բեսպրեդելն ու բնռնությունը իր իսկ հանդեպ:
Արժեքայինի մակարդակում կատարված ցանկացած քայլ հիմարար է, առաջնային ու անբեկանելի: Հետևաբար մեր խնդիրն է հասկանալը, թե շարքային անհատ-իշխանավոր՝ մրցակցային մարաթոնում որոնք են եղել մրցության կանոնների խախտումները, կամ մեր արժեքայինի թուլությունները, որոնք թույլ են տվել որպես իշխանավոր բարձրանալու բացարձակապես ոչ կոմպետենետ անհատների: Թույլ են տվել որ մրցակցությունը դառնա ավազակային, անմարդկային, կեղծ ու արյունոտ:
Խախտումը ընտրությունների արկղ փախցնելը, կամ մեռյալ հոգիներով ու լկտիությամբ կեղծելը չի եղել: Այն շատ ավելի խորքային հանրային դրվածքներում է, որը թույլ է տվել առաջին սրիկային՝ արկղը փախցնել ու չպատժվել, առաջին ճիվաղին՝ կեղծել ու չպատժվել, առաջին անարժանին՝ իշխանավոր դառնալ ու չպատժվել: ԵՎ հետագայում էլ այդ թուլությունը բուծել է հանցագործների ահռելի բանակ, որն այսօր հոշոտում է երկիրն ու պետությունը:
Վերը շարադրվածից հետևում է, որ մեր առաջնային պրոբլեմները հանրային զսպող կարծիքի թուլությունների մեջ են՝ հանցագործին մատնանշելու, պարսավելու, մարդուն արդարացի գնահատելու ու արժանավորին սատարելու մեջ:
Մենք անհաղորդ ենք մեր մերձակա շրջապատում, չտեսնելով ու չսաստելով սրիկային ու չմերժելով փոքր կարգազանցին, երբ նա դեռևս սափրագլուխ չէ, օլիգարխ չէ, կաշառակեր- պաշտոնյա չէ, այլ ընդամենը անինքնասեր, դեռևս աղքատ, շարքային, համառ սրիկա է:
Այս մեդալի հակառակ երեսն էլ արժանավորին, իրապես մասնագետին, մրցունակին, արդար-ուժեղին չգնահատելն է, չօգնելը, անտեսելը, նրա հետ հույսեր չկապելը:
Այս մեդալի երրորդ երեսն էլ ուժային, ու պաշտոնյա դառնալու համազգային մարմաջն է՝ «խի, ես ումից եմ պակաս» նշանաբանով:
Այս մեդալի չորրորդ երեսն էլ ընդդիմադիր դաշտի անորակությունն է, որը խնդիր չի տեսնում ինքնակրթվելու, հասկանալու իրական անելիքն ու իրապես պայքարելու, այլ ոչ թե կործանարար իմիտացնելու՝ արդեն 15 տարի:
Այս մեդալի հինգերորդ երեսն էլ ընդդիմության կողմից հանդուրժողականության, օրինականության, սահմանադրականով գնալու քարոզն է, որը անտեսում է մեր վիճակի՝ վերը նկարագրված խորքային ու սկզբունքային բոլոր արմատներն ու մարդկանց տանում անձնական ու հանրային կործանման:
Այս մեդալը մի քանի տասնյակ այլ երեսներ էլ ունի, որոնք բոլորն էլ նույն արմատից են սնվում՝ հանրության՝ սուբյեկտային հարաբերությունների մասին անտեղյակություն արմատից:
Մենք լիդեր չենք ծնում, որովհետև ունակ չենք արժանավորին սատարելու:
Անարժանին ենք վեր հանում, որովհետև գլուխ չենք դնում՝ նրա դեմն առնելու:
Մեր ընտրությունները կեղծվում են, որովհետև մենք համակերպված ենք մեր տականքի սրիկայություններին: Համակարպված ենք տականքին, որովհետև, Ռուզվելտի խոսքերով ասած՝ նա մեր շան լակոտն է:
Ու այս ամենի արդյունքում էլ կենսունակ պետություն չենք կերտում, որովհետև իշխանության համար, մեր իսկ օժանդակությամբ տարված ներքին կեղծ պայքարում հաղթած ապիկարներն ընդունակ չեն կառավարելու ու արտաքին իրական այրերի հետ ոտ գցելու:
ԵՎ հենց այս դրվածքների պատճառով մենք չունենք համարժեք ընդդիմություն, իսկ եղած ընդդիմադիր պայքարն էլ նենգափոխված է փրկության ու փրկիչի անիրական հույսերով:
Ներկա քաղաքացիականն էլ տեղապտույտի մեջ է, որովհետև այն գիտելիքը չունի տեսնելու սխալները, կամ էլ կամքը չունի՝ ազդարարելու մեր արժեքայինի դեֆեկտայնությունն ու հենց այդ խնդրով զբաղվելու:
Շարքային անտեղյակից մինչև Հայաստանի կապիտուլացիան ստորագրած նախագահը, առկա են տասնյակ միջանկյալ սուբյեկտներ, ովքեր նախապատրաստել ու իրենց գործունեությամբ պայմանավորել են Հայաստանի կործանումը:
Դրանք են՝ ընտանիքի չափը կտրած այլանդակը, որի հետ գլուխ չունեն ընտանիքի անդամները: Բարեկամականի սրիկա պաշտոնյան ու հարց լուծողը: Մուտքի, շենքի, քուչի հարց լուծող ու ընտրություն կեղծող տականքը, թաղի լավ տղեքը:
Մի խոսքով, գնալով այս շրջանակը ավելի ու ավելի է լրջանում, նեղանում ու վերջում դառնում օլիգարխիա ու նախագահ, որոնք սակայն մեր դժբախտությունների այսբերգի ընդամենը երևացող մասն են:
Իրական պրոբլեմները, շահերն ու խնդիրները հանրության ներսում են՝ շարքային սրիկայի, տականքի ու օրինազանցի մակարդակում: Ինչպես առվակներկից կերտվող գետը, իշխանությունն էլ փոքր տրամաչափի օրինազանցներով սնվող ու կերտվող դրվածք է, որը կանգուն է բոլորի փոքր շահերի հաշվառմամբ ու սպասարկմամբ:
Հայկական իշխանական-քաղաքական բուրգի մերձավոր շերտերում անտագոնիզմ համարյա չկա, «իրար թթու խոսք չասելու» ռեժիմի մեջ են: Իսկ հեռավոր շերտերի միջև հարաբերությունները բացարձակ բռնատիրական են: Այն աստիճան, որ ոստիկանը պատրաստ է իր ճանկն ընկած վարորդին սնակացնելու, դատավորը՝ անմեղին մահվան դատապարտելու, պաշտոնյան՝ իր թալանով երկիրն ամայացնելու, իսկ բոլորը միասին՝ պետականությունը վերացնելու:
Իշխանություններին հնարավոր չէ ստիպել ենթարկվելու, եթե հանրությանը ենթակա չէ իշխանության հենարանը կազմող շարքային տականքը:
Ընդդիմությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ քաղաքականի վրա, եթե ունակ չէ հանրությանն ազնվորեն բացատրելու իր գործի մանրամասները, գնահատելու, արժևորելու իր մարդկանց, ու նրանց համարժեք գործի մղելու:
Որպես միակ կարող ուժ է ներկայանում երիտասարդ քաղաքացիականը, որն էլ սակայն սահմանդրական հեզության դոգմատի ճնշման տակ է:
Այսօր արդեն մենք ազգային ու հանրային ծանրագույն ողբերգության մեջ ենք: Կորցնում ենք պետականությունը և հայությունը՝ հայկական տարածքներում:
Որևէ զիջման ու սթափության ակընկալիքն իշխանություններից անհնար է: Այն ընդամենը մեքենա է, որը կարող է շարժվել միայն ու միայն իր ծրագրավորված տրամաբանաթյամբ- թալանով ու ավիրումով:
Խնդիրը ներհանրային անհապաղ մոբիլիզացիան է՝ իշխանական հենարան հանդիսացող ստորին տականքին մեկուսացնելու ու պատժելու միտումով: Այսինքն մեզ ողբերգության հասցրած ներհանրային արժեքայինը վերափոխելու միտումով:
Սա կործանումից խուսափելու միակ հնարավոր ուղին է:
Ես հասկանում եմ, որ այն իրացնելու հնարավորությունը նույնիսկ տեսականորեն մոտ է զերոյին, բայց և իմաստալից եմ համարում այս մասին գոնե խոսակցություն սկսելը: