Ինքնակոչ իշխանությունների վարքը լրիվ տրամաբանական է՝ իրենց նպատակը ամեն գնով իշխանությունն է, որի նպատակն էլ սեփական գրպանը լցնելն է:
Անտրամաբանական է հայաստանյան ընդդիմության, քաղաքացիականի ու հանրության վարքն ու վերաբերմունքը հանդեպ կատարվողը:
Աչքի զարնող է երկիրն ավիրող խնդիրների վտանգավորության, ուժի, դինամիկայի չգիտակցումը, չընկալումը, ու դրանց դասակարգման իսպառ բացակայությունը հանրային գիտակցության ու ընկալումների մեջ:
Վերաբերմունքը հանդեպ ներհանրայինն ու արտաքին քաղաքականը զուտ պահային է, ռեակտիվ, անսկզբունք ու պատրանքային:
Մաքսային մտանք՝ վույ-աման, Վիլնյուսից վռնդեցին՝ վույ-աման, Պուտինն է գալիս՝ վույ-աման, լիսկայի տանը գենոցիդ արեցին՝ վույ-աման, իշխանությունը կեղծիքներով վերընտրվեց՝ վույ-աման, Շանթը փայտերով գնաց փողոց ու հետո էլ հոգեբուժարան՝ վույ-աման, Վարդան Պետրոսյանին բանտարկեցին՝ վույ-աման, երկիրը դատարկվում է՝ վույ-աման:
Հազար ու մի վույ-աման՝ բայց ոչ մի լուծում, լուծման գիտակցում ու լուծման ճանապարհ:
Սա ինքնին ինքնակործանում է:
Եւ դրանում ոչ արտագաղթողներն են մեղավոր, ոչ մնացածները: Մեղավոր է մեր վույ-ամանի համատարած արժեքայինը, որը դարերով մեզ տարավ անկման ու հիմա էլ պետականությունն է տանում գերեզման:
Եկեք վույ-ամանների վերը նկարագրված շարքը դասակարգենք ըստ դրանց պատճառահետևանքային բնույթի:
Այդ սկզբունքով դիտարկելիս կտեսնենք, որ Վարդան Պետրոսյանի բանտակությունը միակն է, որը տարբեր է մնացածից: Մնացածում գործ ունենք երկրի ոչ սուբյեկտայնության և օլիգարխիկ բեսպրեդելի հետ կապված հետևանքների հետ: Իսկ Վարդան Պետրոսյանը ճաղերի ետևում է հայտնվել զուտ մեր ներքին՝ բացարձակ կեղծ, դավաճան, անսկզբունքային, անմարդկային, հրեշային արժեքայինի պատճառով:
Եւ հենց մեր բոլորիս՝ քաղաքականների, քաղաքացիականների, իշխանությունների ու վերնախավի վերաբերմունքը հանդեպ Վարդանի դեպքը, ցույց է տալիս մեր բազմաչափ պրիմիտիվիզմը, հանրային կուրությունն ու «փչացածությունը» հանդեպ արդարությունն ու օբյեկտիվը:
Վթարի նկարների դիտարկման պահից իսկ պարզ էր, որ տեղի է ունեցել ողբերգություն, ուր կողմերի մեղավորության չափաբաժինններն ակընհայտ չեն:
Նման դեպքերում քաղաքակիրթ մարդկությունը գործի է դնում իր իրավական-քննչական լավագույն մասնագիտական ուժերը, որպեսզի պարզաբանի կատարվածը և ճշմարտությունը մատուցի հանրությանը: Որովհետև մի կողմից երկու զոհ կա, իսկ մյուս կողմից էլ սիրված ու հարգված եզակի արվեստագետ է ներգրավված:
Բայց ինչպես միշտ, կատարվեց «ավանդական հայկականը»: Առաջին իսկ պահից կոծկվեցին վթարի մանրամասները ու կեղծիքը մղվեց առաջ: Զուգահեռ բաց թողնվեցին ամենաանհավանական լուրեր՝ Վարդանի արագ քշելու, կամ խմած լինելու մասին: Պաշտպանական կողմը սկսեց հանդես գալ ոչ-համաչափ դատողություններով: Ու արդյունքում, քննիչի քմհաճույքով ու դատավորի անսկզբունքայնության պատճառով, ծանրագույն վիրահատություն տարած ու կյանքին սպառնացող հանգամանքներում Վարդան Պետրոսյանը հայտնվեց ճաղերի ետևում:
Բանը հասել է նրան, որ Վարդանի շատ խելամիտ երիտասարդ պաշտպանը հույսը դրել է ոչ թե դատարանի արդարության վրա, այլ փորձում է տուժող կողմի խելամտությանը դիմելով, հասնել համաձայնության ու մեղմել դաժանությունը Վարդանի հանդեպ:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնատիրության հետ լեզու գտնելու ճարահատ քայլ:
Ուր է հայ հանրային արդարամտությունը, ուր է մեր ներքին սկզբունքայնության ձայնը: Ուր են ամեն մի հետևանքային առիթով իրենց դոշ ծեծող քաղաքական ու քաղաքացիական գործիչները, ուր են բոլոր տեսակի «թասիբավորները»:
Ռուսաստանից ենք բողոքում: Այն Ռուսասատնից, որն աշխարհի գերհզորների շարքում է, զենք է վաճառում մեր թշնամուն ու մեզ էլ որպես էժանագին ապրանք՝ վաղը վաճառելու է հենց Ադրբեջանին ու Թուրքային:
Ռուսների և արտաքին որևէ մեկի դեմ բողոքելիք չկա: Միակ բողոքելիքը ինքներս մեզանից պետք է լինի, որ կերտել ու հանդուրժում ենք այս անօրեն իշխանություններին:
Մնացած բոլոր դրսևորումները հենց այս թուլության հետևանքն են:
Հետևաբար «վույ-ամանների» փոխարեն հայ քաղաքացիական հանրային միտքը պետք է վաղուց հասկացած լիներ, որ իր անելիքը պատճառների դեմ պայքարը պետք լինի, այլ ոչ հետևանքների ետևից վազելը:
Մեղավորին դատել-պատժելը հանրային կյանքի կարևորագույն պայմանն է, բայց դրանից առաջ կա դատավորի «ով» լինելու հարցը:
Հանրությունը պետք է ապահովի դատավորի ինքնուրույնությունն ու արդարությունը, նոր նրան դիմի որևէ հարցով: Այլապես, անարդար դատավորի դիմելը ինքնախաբկանք է, եթե ոչ՝ մազոխիզմ:
Եւ դրան հասնելու համար հանրությունը պետք է կարողանա դասակարգել իր առջև ծառացած խնդիրներն ըստ կարևորության, այլ ոչ թե հույսը դնի այս կամ այն գործիչի, անձնական հաշվարկներով պայմանավորված, անհեռանկար ակցիաների հետ:
Հայկական պետական ինքնուրույնությունը սկսվում և վերջանում է միայն ու միայն երկրի ու հանրության ներսում: Այն մեր ներքին հարաբերությունների ոլորտում է՝ թե ում ենք արժևորում և ում բանտարկում, ինչպես մեղադրում ու ինչպես արդարացնում, ինչպես գնահատում մարդուն, մասնագետին ու ինչպես վերաբերվում նրան, ինչպես օրվա հաց հայթայթում, ինչպես տնտեսություն աշխատեցնում կամ քանդում:
Պետություն ասածը հենց այսքանն է, մնացածը հետևանքեր են, որոնք բխում են նշված դրվածքներից:
Այսօր հայ պետականության ամենասարսափելի ճեղքը դա վերաբերմունքն է հանդեպ արդարամտությունն ու ճշմարտությունը, հանդեպ մարդը: Իսկ անելիքն էլ դատականին կարգի հրավիրելն է:
Վարդան Պետրոսյանի հետ պատահած դժբախտությունն ու դրանից օգտվող իշխանական հրեշությունն էլ այս պահի այն եղակի հարց-թիրախն է, որը բարձրաձայնելով ու արդյունքի հասնելով հայ հանրությունը պետք է իրեն վերագտնի և «երկիրը» պետություն սարքի:
Առանց ներքին արդարություն երկիր մտցնելու, քաղաքական ուղիներով հարց լուծելու հեռանկար գոյություն չունի:
Եւ ներկա անելիքն էլ Վարդան Պետրոսյանին անհապաղ կալանքից ազատելն է, քննիչի, դատավորի ու բոլոր ներգրավվածների դեմ պատժի մեխանիզմ գտնելն է:
Սա առաջնային հարց է մեր բոլորիս համար, երկրի ու մեր ապագայի համար: ԵՎ շարքային մարդիկ էլ պետք է կողմնորոշվեն հանդեպ քաղաքական երևելիները՝ հենց այս հարցի նկատմամբ նրանց դիրքավորումից:
Մինչև հիմա, հանրային հնչեղության համարյա բոլոր սպանությունների ու դժբախտությոնների դեպքերում միշտ առկա է եղել զոհի որոշակի մեղավորության, նրա համակարգի մաս լինելու տարրը:
Վարդան Պետրոսյանի դեպքում առակա են բոլոր նախանշաններն ու հիմքերը պնդելու, որ ինքը կամ բացարձակ անմեղ է, կամ էլ շատ ավելի քիչ մեղավոր է, քան տուժող վարորդն՝ իր անսարք մեքենայով, ճանապարհային ոստիկանությունը՝ նշանների տեղադրության ու այլ թերացումների հետ կապված, հայկական պետությունը կոչված կանտորան՝ իր վերաբերմունքով հանդեպ մարդը:
Եղած փաստերի լույսի ներքո անժխտելի է, որ պետական-իշխանական-անձնական հաշվերհար է իրացվում Վարդան Պետրոսյանի հանդեպ:
Եւ նրա նկատմամբ իրացվող այս հրեշային վերաբերմունքի պատասխանատուն հենց մենք ենք՝ «անոտուգլուխ» հանրությունը:
Անհատի կյանքը նույնքան կարևոր է, որքան պետական կարևորության ամեն մի հարց: Մարդու իրավունք կոչված նորմը ոչ թե դատարանի որոշմամբ պետք է հարգվի, այլ մեր բոլորի ներքին գիտակցությամբ ու վերաբեմունքով հանդեպ անհատը՝ առավել ևս Վարդանի նման անհատը:
Մենք պարտվում ենք Ռուսաստանի ու այլ երկրների հետ մեր հարաբերություններում, որովհետև դրանից առաջ տանուլ ենք տվել մեր ներքին պայքարը հանուն մարդու, հանուն արդարության ու սկզբունքայնության, հանուն իրական արժեքների ու հերոսների, հանուն ներքնապես ինքնիշխան պետականության: