Հաղթելու համար համառությունն ու պնդաճակատությունը քիչ է, խելք էլ է պետք
Հայաստանում ծավալվում է քաղաքացիական շարժում, այսինքն պրոցես, որում չկան առաջնորդներ, շեֆեր, բոսեր ու հեղինակություններ: Բոլորը հավասար են գործելու զուգահեռ, կամ տարամետ վեկտորների շրջանակներում և անելու այն, ինչ իրենք են կարևոր համարում:
Հոյակապ է, եթե՝
1. հարցերն առաջ մղելիս անհատների ու լիդերների համառությունը հավասարակաշվեր իրենց մեթոդաբանության հիմնավորմամբ ու գիտակցությամբ, որ իր արածը մանկական խաղ չէ, այլ հանրային, ազգային ու պետական ապագայի վրա մեծ ազդեցություն ունեցող վարք:
2. համառորեն հրապարակ գրավածը գիտակցեր ինչը հնարավոր է, ինչը հաղթահարելի է և ինչը՝ ոչ
3. հանրությանը գործի, միասնության ու մասնակցության կանչողն իրեն հաշիվ տար, թե իրոք իր առաջարկածը հոգեբանորեն, տեսականորեն ու անցած փորձի հաշվառմամբ ադեկվատ է անելիքին:
4. հաշվի նստեր իր ընդդիմախոսների կարծիքի հետ, պատասխաներ կողքիններին հուզող հարցերին, այլ ոչ կրկնօրինակեր իշխանակերպ «թքած ունենալը»: Ցավոք այս ամենը չկա, բայց առկա է անհաղորդ համառություն:
ա. 91-ից գնում է երկրի ու քաղաքների ֆիզիկական ու հոգևոր ավիրումը, մարդկանց արտաքսումը երկրից, թալանն ու ամեն քայլի անարգանքը:
բ. մինչև հիմա անցած ճանապարհը ցույց է տվել, որ ընդդիմադիր նախաձեռնությունների ամեն մի փուլից հետո իշխանություններըմի քայլ առաջ են գնում ցինիզմի, անմարդկայնության ու անօրինականության մեջ:
գ. Երևանն ավիրվել է հիմնովին: Պայթեցվել ու վերացվել են շենքեր, թաղամասեր, մարդկանցից խլվել է ունեցվածքը և հաստատվել է անկառավարելի անտերություն-օրինություն:
Ու այս պայմաններում քաղաքացիականները գնում են հուսահատ քայլերի՝ իբր վիճակը հետ բերելու հեռանկարով: Եվ առհասարակ քաղաքացիական պրոցեսները որպես կանոն ռեակտիվ են՝ բողոքում են արդեն կատարվածի մասին: Չկա որևէ պրոակտիվ նախաձեռնություն, որը հրապարակում լինի նախապես և կանխի հետագա անիրավությունները:
Մաշտոցի պուրակի պրոցեսը հենց պրոակտիվ էր: Այն սկսվեց շինարարության դեռ առաջին քայլերին, և շնորհիվ լիդերների մեթոդական բազմազանության ու հնարամտության՝ ավարտվեց եզակի ու աննախադեպ հաղթանակով:
Ուղեվարձի բարձրացման հարցը այլ ձևաչափի խնդիր էր, և դա էլ լուծվեց ադեկվատ մեթոդաբանությամբ:
Բայց ցավոք, այդ պրոցեսների շարունակությունը հանգել է փակուղային համառությունների՝ մի դեպքում քաղաքապետարանի դիմաց՝ պաշտոնյաների հեռացման անիրական պահանջի տեսքով, իսկ մյուսում էլ՝ փակ շուկայի դիմաց, շուկան հին տեսքի բերելու պահանջով:
Եթե այս պրոցեսները պարտվում են, ապա դրա հետ մեկտեղ պարտվում է Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի հեռանկարը: Որովհետև այդ պարտությունները կնախանշեն, որ դա էլ ճանապարհ չէ այս իշխանությունների դեմ պայքարելու:
Խնդիրն այն է, թե արդյոք մասնակիցները իրենց հաշիվ տալիս են հաղթանակի ու պարտության դեպքում ստացվելիք արդյունքների բալանսի մասով:
Եթե հաղթում են, դա իհարկե քաջալերող է, իսկ եթե պարտվո՞ւմ են:
Իրոք, եթե պարտվում են (որի հավանականությունը շատ ավելի մեծ է), հաշվել են արդյոք այդ պարտության հետևանքները: Հաշվե՞լ են, որ դրանով մարդկանց մոտ մարելու է երկրում մնալու վերջին հույսերը:
Ինքս չգիտեմ մի օրինակ, երբ որևէ երկրում իշխանությունները զիջած լինեն իրենց պաշտոնյային, եթե դրանում վտանգ չկա ողջ համակարգին:
Ես չգիտեմ մի օրինակ, երբ մի խմբի պահանջով տիրոջը ստիպած լինեն արածը քանդելու:
Այն, որ այդ օլիգարխն է շուկայի տերը ու կոնկրետ անձն էլ Երևանի քաղաքապետը, դա այսօրվա հարցը չի: Դրա հիմքերը դրվել են անցած 22 տարիների ընթացքում և հենց մեր հանրային թուլության պատճառով:
Եւ այսօր էլ հարցը փոխված չէ:
Օլիգարխիան վերացնելու, նրան կարգի հրավիրելու, պաշտոնյային պաշտոնազրկելու ու երկրի ցանկացած հարց լուծելու համար քաղաքացիական ակտիվիզմը դեղին գլխարկով պետք է մտնի կյանք ամեն քայլափոխի: Մարդկանց պարտադրի համակեցություն ու օրինականություն, սկզբունքայնություն ու մասնագիտական համարժեքություն:
Սա է ներկա պահի տարրական քաղաքագիտական տրամաբանությունը, որը համառորեն անտեսվում է հայկական միջավայրում:
Եւ մի կարևոր բան էլ:
Շուկան իհարկե պատմական հուշարձան է: Բայց հարցը, որ այս համակարգի պայմաններում այդ շուկան գնում էր կործանման, դա էլ փաստ է: Օլիգարխը էժանով գնել- յուրացրել է այն կոմպրոմիսով շահագործելու պայմանով: Այսինքն՝ վերակառուցում եմ այն իմ ուզածով, իմ բիզնեսի համար, ու համաձայն եմ զիջելու պատմամշակույթայինի մասով միայն շենքի ֆասադն ու առաջին կեսը:
Այս պայմանավորվածությունը նշմարվում է գործին մասնակից ճարտարապետների ու քաղաքային պատասխանատուների պարզաբանումներից:
Հիմա, օլիգարխն անտեսելով ամեն ֆորմալ ու ոչ ֆորմալ արգելք, հասցրել է գործը ավարտին:
Հարց. Ինչպես, ինչ ուժով, ու ինչ լծակներով է հնարավոր այն հին տեսքի բերել: Արդյոք նախախորհրդարանը հասկանում է, որ օլիգարխը, եթե հանկարծ հրաշքով դառնա իշխանությունների աչքի փուշն էլ, դա չի անելու ու անկարող էլ է: Կամարները 1952 թվականին Երևանի քաղաքաշինութան հետ կապված ընդհանուր հատուկ պատվերի մասն են եղել, և ներկայում հենց այդպիսի կամարներ, ողջ հայությունն էլ որ ուզենա, երևի ընդունակ չլինի սարքելու:
Հետևաբար պահանջը, թե թող վերականգնվի շուկան, հանրության աչքում առնվազն զարմանալի է, իսկ իրականում՝ անիրական:
Նույնն է նաև քաղաքապետարանի դեմ իրացվող բողոքի հեռանկարը, որ բազմաթիվ հիմնավորումներով ևս անիրական է:
Ի՞նչ է ստացվում:
Մաշտոցի պուրակի մեթոդապես հոյակապ հաղթանակից հետո, նրա նմանակումը այլ, շատ ավելի ծանր լուծելի հարցերում բերել է փակուղային վիճակների և քարկապել թե մասնակիցներին և թե հանրությանը:
Սպասելի է, որ այդ քարկապներն ավարտվելու են քաղաքացիականի պարտությամբ: Եւ հենց այդ պատճառով ես ինձ իրավունք եմ վերապահում սույն կարծիքով միջամտելու և կոչ անելու ակտիվիստներին՝ սթափ գնահատել իրենց հնարավորությունները և փոխել իրենց անելիքի թիրախները: Երկիրը հազար ու մի ցավի ու անիրավության տակ է և պետք է վերցվեն ու իրացվեն իրոք հաղթահարելի, հանրային առավել հնչեղության հարցերը:
Մաշտոցի պուրակի դեղին շինարարական գլխարկը նախախորհրդարանի մտահղացմամբ վեր է ածվել քաղաքացիական պայքարի մասնակցության հրաշալի սիմվոլի: Սա մի հզոր մեթոդական քայլ է, որն իր պարզությամբ կարող է գրավիչ լինել և մեզ և աշխարհով մեկ՝ որպես աշխատավոր մարդու՝ քաղաքացիականին մասնակից լինելու և դերային խորհրդանիշ:
Ժամանակակից հանրություններում մարդու, որպես դերակրի՝ փիլիսոփայությունը կանադացի սոցիոլոգ Իրվինգ Գոֆմանի զարգացրած տեսության մասն է: Դեղին գլխարկն այդ առումով իրոք մեծ քայլ է հայ իրականության մեջ: Եւ այն պետք է ծառայի իր նպատակին՝ ամեն անհատի քաղաքացի դառնալուն:
Դեղին գլխարկի ու այն կրողների խնդիրը կոնկրետ օլիգարխը չէ, քանի որ նրանք են իշխանություն ասածը և ատամներով են պահելու իրենց դիրքերը: Դեղին գլխարկի խնդիրը մեր ներհանրային այլանդակություններ են ու մեր շեղված երկիրն ուղղելն է, կռացած մարդուն վեր հանելն է, մարդ կրթելով ու օրինակ ծառայելով ողջ հանրությանը ցեխից հանելն է:
Քեզ քաղաքացի ես համարում՝դեղին գլխարկ դիր, հայրենասեր ես՝ դեղին գլխարկ դիր, ազգասեր ես՝դեղին գլխարկ դիր, սրիկային ու տականքին դեմ ես՝ դեղին գլխարկ դիր, երկիր ու ապագա ես ուզում՝ դեղին գլխարկ դիր, եւ առհասարակ, մարդ ես՝ դեղին գլխարկ դիր՝ Երևանում, Հայաստանում, աշխարհով մեկ:
Եկել է պահը զատվելու մարդկային գարշելիից և այդ մասին բացեիբաց հայտարարելու ինքդ քեզ, կողքինիդ, հանրությանն ու աշխարհին:
Օգտագործենք այս շանսը մեզ ուղղելու, մեզ ու քաղաքակիրթ աշխարհին իրոք մեծ նորույթ-գործիք մատուցելու համար:
Դեղին գլխարկն աշխատող- արարող մարդու սիմվոլն է: Վերցրեք ու կրեք այն, անկախ նրանից, թե առաջարկողը ձեր աչքի լույսն է, կամ փուշը:
Սա միջոց է, ձև է, գործիք է՝ հաղթահարելու նույնիսկ անհաղթահարելին:
Երբ կհավատաք ինքներդ ձեզ, կկրեք այդ գլխարկը, կմիավորվեք մի դաշտում, գյուղում, քաղաքում, երկրում, այնժամ կտեսնեք, որ դուք ու ձեր նմանները շատ են: Շատ ավելի շատ, քան կարմիր գլխարկներն ու անգլխարկները՝ միասին վերցրած:
Վերջացնեմ ասելիքս պնդմամբ, որ տգիտությունը գիտելիքի պակասը չէ: Այն աշխարհայացք է՝ նայելու ու չտեսնելու, լսելու ու չընկալելու, մտածելու ու չհասկանալու, հիշելու ու դաս չառնելու, համառորեն որպես մարդ ու քաղաքացի չկայանալու:
Փորձենք դուրս գալ տգիտության պարտադրանքներից: