Նրանք, ովքեր կզիջեն ազատությունը անվտանգությանը, արժանի չեն ոչ ազատության ու ոչ էլ անվտանգության
Բենջամին Ֆրանկլին
Կողմնորոշում
Ապրելով աշխարքաղաքական բուռն խաչմերուկում, մենք դարերով կանգնած ենք եղել ազատություն (այսինքն անկախ պետականություն)- անվտանգություն (այսինքն գոյատևում) երկընտրանքների միջև:
Ցավոք, շարունակաբար նախընտրել ենք գոյատևումը և պարտվել, կոտորվել, գենոցիդվել, նահատակվել՝ դասեր չքաղելով:
Որևէ մեկս չէր կարծում, որ այսօր, 21 դարում էլ նույնն ենք անելու: Բայց և ի զարմանս մեզ, մի ակնթարթում մտանք մեզ սովոր դարձած նույն արյունալի պատմական արահետը՝ մեր պետականությունը զիջելով Ռուսաստանի սպեկուլյատիվ կամակորությանը:
Մաքսային միություն մտնելու խնդիրը արևմուտք-Ռուսաստան կողմնորոշման խնդիր չէ: Այն զուտ ռազմաքաղաքական, աշխարհքաղաքական խնդիր է և Ռուսաստանի, և Արևմուտքի համար:
Եւ խնդիրը հենց այդպիսին պետք է լիներ նաև մեզ, հայերիս ու Հայաստանի համար: Որովհետև նախ և առաջ մենք ենք այս կարևորագույն տարածքի տերը և ոչ նրանք:
Եւ մենք ենք, որ ամենածանրակշիռ խոսքը կարող ենք ունենալ այս հարցերում, այլ ոչ թե վաճառվել՝ ինչպես օրվա հացի համար փողոցում հայտնված մուրացկանը:
Ռուսաստանն արդեն 22 տարի շարունակ, պարտությունների շղթայի մեջ է թե ներսում և թե դրսում: Հիմա էլ հասունացել է սիրիական ճգնաժամը, ուր Ռուսաստանին ստիպում են կապիտուլացվել և հետ կանգնել Սիրիայի ռազմաքաղաքական սատարումից և իր բազայից:
Փաստորեն, կնքված պայմանագրով, Մերձավոր Արևելքից հետ քաշվող Ռուսաստանի՝ որպես ռեգիոնալ գերտերության արտաքին սահմանն այլևս անցնելու է Հայաստանով՝ ի հաշիվ իր այստեղ տեղակայած ռազմաբազայի:
Որո՞նք են հաջորդ քայլերը:
Նայելով ռուսների ձեռագրին, դժվար չէ նկատել նրանց հաջորդ քայլը՝ խրամատավորվել Հայաստանում և փորձել հետագայում հայաստանյան իր ունեցվածքի վրա բազառ անել թուրքերի հետ:
Փոխադարձ սահման չունենալու, միջանկյալ երրորդ թշնամական երկրների առկայության դեպքում, նման պայմանագիրը և պարտադրելը, և այն ընդունելը անհեթեթություններ են: Չէ որ համաձայն ներկա աշխարհի սկզբունքերի, Ռուսաստանն իրավունք չունի օդով ռազմամթերք ու կենսապահովում հասցնել Հայաստանին, եթե դրան դեմ են հարող տարածքի երկրները:
Սուբյեկտայնություն
Եկեք իրատես լինենք: Այս պայմանագրով մի կողմից վերացվում է Հայաստանի փաստացի սուվերենությունը, իսկ մյուս կողմից էլ Հայաստանը վեր է ածվում ռազմակայանի, որը կարող է ռազմական հարձակումների ենթարկվել արդեն ոչ թե որպես երկիր, այլ որպես հենց ռազմական թիրախ:
Փաստորեն Սիրայից հետո մենք կարող ենք դառնալ հաջորդ ռազմական թատերաբեմն ու հետևաբար, նաև արյան գոտին:
Եւ ստացվում է, որ իրականում այս պայմանագիրը ոչ թե ապահովության հարց է լուծում, այլ հակառակը՝ Հայաստանը որպես պատերազմի դաշտի վերածելու, այն որպես պետություն վերացնելու և հետագայում էլ որպես տարածք՝ թուրքերին ծախելու հարցն է նախապատրաստում:
Իրոք, ռուսները տարիներ շարունակ վերցրել են մեր ստրատեգիական քիչ թե շատ արժեք ունեցող օբյեկտները, բայց տիրություն չեն արել, և գալու է այն օրը, երբ նրանք ամբողջ Հայաստանը որպես տարածք-ունեցվածք հենց գին տվողին են առաջարկելու: Եւ այս սցենարի շրջանակներում է տեղավորվում նաև հայերի տեղահանում-արտահանումը դեպի Սիբիրի անմարդաբնակ տարածքները, որպես մարդկային էժան ռեսուրս:
Ես հասկանում եմ, որ նման սցենարը սուպերլուրջ հայ երևելիներին դուր չի գա: Բայց և կգերադասեմ, որ դրանց դուրը չգա, իսկ հասարակ մարդիկ իմանան, թե սույն պայմանագրով ինչ կործանարար ուղու վրա ենք հայտնվել:
Մի երկու շաբաթ առաջ, փոխարտգործնախար Շավարշ Քոչարյանը փաստարկված հիմնավորում և անհնար էր համարում նման պայմանագրի ի հայտ գալը: Իսկ ներկայում, դրա հայտնելուց հետո, շատերը նսեմացնում են այն, ներկայացնելով որպես զուտ կողմնորոշման փաստ՝ ինչ է եղել որ, «միասեռական» Եվրոպայից կողմնորոշվել ենք դեպի «առնական» Ռուսաստանը:
Ես հասկանում եմ, որ երկրի նախագահը, ծանրաբեռնված լինելով լեգիտիմության ահռելի խնդիրներով, կարող է իրեն թույլ տալ ենթարկվել շանտաժի: Բայց չեմ հասկանում, մի՞թե երկրում չկան պաշտոնյաներ, որոնց բացի ֆիզիկական գոյությունից՝ սկզբունքի ու արժանապատվության հարցեր էլ են հետաքրքրում:
Նույնիսկ էն ամենահետամնաց երկրներում նախագահ-կառավարություն- հանրություն հակասությունների դեպքում կամ կառավարությունն է հրաժարական տալիս, կամ նախագահը, կամ էլ մարդիկ են դուրս գալիս փողոց ու իրենց կամքը պարտադրում առաջիններին:
Մեզ մոտ իհարկե դա չի լինելու, որովհետև ներքին դաժանության պատճառով մի կողմից մենք արդեն 1915 թվականի մայիս-հունիսի ռեժիմի մեջ ենք, իսկ մյուս կողմից էլ պետական մեքենան՝ ի դեմս ոստիկանության, հանդես է գալիս որպես «կարգի պահապան»:
Մինչև հիմա մենք որպես պետություն և ազգ ունեինք գենոցիդի պաշտպանական վահանը մեզ վրա: Սույն պայմանագրով Հայաստանի սուբյեկտայնությունն ու գենոցիդի վահանը վերացվեցին, և սկզբնապես որպես կողմնորոշման խնդիր ներկայացող երկընտրանքը վերածվեց մի կերպ գոյատևելու միարժեք անելանելիության:
Սովետի կարոտախտով տառապողներին էլ հայտնեմ, որ այս պայմանագիրը որևէ կապ չունի սովետի վերականգման հետ, քանի որ Ռուսաստանը նման խնդիր չունի իր առջև դրված:
Ըստ ցուցաբերած նկրտումների, Պուտինը շատ էլ խորամանկորեն սովետական կարոտախտն օգտագործում է ոչ թե սովետ վերականգնելու, այլ տեղական բնակչության մեջ պրոսովետական զգացմունքները շահագործելով զուտ ռուսական աշխարհքաղաքական արտաքին հավակնություններն իրագործելու համար:
Քաղաքականությունը, մանավանդ արտաքին քաղաքականությունը խելքի, կամքի ու սկզբունքների մշտական մրցակցության դաշտ է, որն ամեն պահի սպասարկում է պահանջում: Եւ այն իրացնելու կարևորագույն պայմանը լեգիտիմությունն է: Ներքին լեգիտիմության ուժն է, որը բացառում է արտաքին շանտաժները պետական պաշտոնյաների դեմ:
Եվ հենց մեր նախագահի անբավարար լեգիտիմության պատճառով մենք մտանք անենաաներևակայելի պետական անարգանքների մեջ՝ սկսած ֆուտբոլային տանուլ տված դիվանագիտությունից, վերջացրած սուբյեկտայնության սույն անփառունակ կապիտուլյացիան:
Շեշտեմ նաև, որ Հայաստանի հետ մաքսային պայմանագրի կնքումը ոչ մի զուգահեռում չունի Ռուսաստանի՝ մնացած հարևանների հետ կնքվողների հետ: Նրանց դեպքում առկա է միացյալ սահման և խնդիրն առավելապես իրոք տնտեսական կողմնորոշումն ու ինտեգրացիան է:
Փաստորեն, Ադրբեջանին զինելով և օգտագործելով հայկական նախագահի ցածր լեգիտիմության փաստը, Ռուսաստանը կապիտուլյացրեց Հայաստանը:
Պայմանագրի ապագայի առումով արժե հիշել, որ պետությունը կազմակերպված ուժ է: Եվ նրա ուժի հիմքը պետական ահռելի ապարատի ու պաշտոնյաների շահագրգռությունն է՝ մնալ նույն վիճակում, շարունակել իրենց գերակա դիրքերը պահելը:
Իսկ երբ պետություն ասածը կեղծվող ընտրություններով վերարտադրվող քրեաօլիգարխիկ իշխանական համակարգն է, ապա այն ոչ միայն կազմակերպված է, այլ դեմ է իրական պետականությանն իսկ և հոշոտում է ներսում իր դեմ հանդես եկող յուրաքանչյուրին:
Հայկական ներկա պետությունը հենց այդպիսին է: Այլապես պայմանագրի դեմ դուրս եկած, մի բուռ ցուցարարներին դաժանորեն չէին լցնի ոստիկանական մեքենաները, բանտարկեին և թքած ունենային հանրային կարծիքի ու պետության ապագայի վրա:
Ազգի և էլիտան, և տականքը ծնվում են ազգի միջինից, բևեռանալով ու կուտակվելով արժեքային տարբեր թևերում: Հետո արդեն այդ թևերի փոխազդեցությունների շնորհիվ կերտվում է հանրային նոր միջին մթնոլորտը՝ կրթելով կամ հակառակը՝ փչացնելով նրան՝ համաձայն թևերի գերակշիռ պոտենցիալների:
Վերջին 22 տարիների կյանքը ցույց տվեց, որ մեր էլիտան քիչ բանով է զիջում տականքին, և այդ երկուսի համատեղ ջանքերով կերտվեց ներկա կյանքը՝ իր իշխանավորներով, արժեքներով, արտագաղթող ժողովրդով, տականքով ու ինքնահոշոտվող պետականությամբ:
Բալագան
Մեր ճակատը ջնջխած նույն այս փոցխին կանգնել են դաշնակները՝ մտնելով թուրքական պառլամենտ:
Նույն այս փոցխին կանգնեց ողջ հայ ժողովուրդը՝ մի քանի դար շարունակ համակերպվելով թուրքական յաթաղանին ու վերջում էլ եկեղեցիներում կենդանի-կենդանի խորովվեց:
Նույն փոցխին կանգնեց հայությունը Ադրբեջանում, թե 20-ի դարասկզբին, ու թե վերջին:
Եվ հիմա էլ նույն փոցխին է կանգնել հայ մարդը, իր հողի վրա, Հայաստանում՝ հանդուրժելով ներկա ինքնապարփակ իշխանությունն ու անփառունակ քաղաքական առաջնորդներին:
Եթե մեր մեջ իր ապագայով անհանգստացող մարդը լիներ կենսունակ, հաջորդ առավոտ երկիրը պետք է թնդար բողոքի մեջ: Բայց փոխարենը մարդիկ իրար են երեսով տալիս, թե տեսար, այ գրանտակեր, դե հիմա էլ կտեսնես եվրոպական արժեքներ ու գրանտներ:
Ցավոք, մենք և որպես անհատներ, և որպես պետություն հեռու ենք սուբյեկտայնությունից և հետևաբար ազատ, արժանապատիվ ու ապահով լինելուց: