Սովետի կործանումից հետո, արտաքին ուժերի տեսադաշտում Հայաստանը ոչ ինքնուրույն էր ու ոչ էլ կոմպլեմենտար դրսևորումներով ռեգիոնալ սուբյեկտ: Այն ուղղակի պրոբլեմատիկ պետականությամբ անորոշ տարածք էր՝ հաշվառված և Ռուսաստանի, և Արևմուտքի կողմից:
Դա բխում էր նրանից, որ սովետի կործանումից հետո գերտերություններն ու ռեգիոնալ ուժերը դեռևս մեծ անորոշություններ ունեին նոր ստեղծված աշխարքաղաքական իրադրության մեջ, և ժամանակ էր պետք վերջնական ուժային բալանսների և սահմանների ճշգրտման համար:
Հետսովետական 22 տարիների ընթացքում արդեն հստակություններ մտցվեցին ռեգիոնի ուժային հավասարակշռությունների մեջ և ըստ առկա նախանշանների, ռուսները որպես ռեգիոնալ նշանակության գերտերություն, պարտվեցին այդ հեռահար պայքարում:
Եվ հիմա նրանց առջև խնդիր է դրված, թե ինչ մարտավարությամբ զիջեն ռեգիոնը՝ միանգամի՞ց, թե աստիճանաբար:
Ըստ եղած նախանշանների, նրանք աստիճանական քայլերի մեջ են:
Նրանք հասկացել են, որ անհույս վիճակ է ստեղծվել Հայաստանում ռեալ, աշխարհի համար ընդունելի կոնֆիգուրացիայով ռազմական հենակետ ունենալու ու դրանով ռեգիոնում իր կարգավիճակն ապահովելու հարցում:
Եվ առանց անմիջական սահմանի և անբարյացակամ հարևանությամբ շրջափակված ու հեռակա Հայաստանը պահելու խնդիրը նրանց համար դարձել է անլուծելի:
Իրոք, ներկա դասավորությամբ Հայաստանը որպես ռեգիոնալ հենակետ պահելու ոչ մի իրական ձև գոյություն չունի, և ի վերջո ռուսները ստիպված են լինելու Հայաստանը թուրքերին ու ադրեբջանցիներին հանձնել, իսկ ունեցվածքն էլ տնօրինել, կամ վաճառել նրանց՝ շուկայական, կամ ստրատեգիական գներով:
Այնպես որ, ռուսներն այսօրվա զենքի վաճառքից գոյացած միլիարդի հարյուրապատիկն են հետ ստանալու մեր հիդրոկայանների և այլ ենթակառուցվածքների վաճառքից, կամ տնօրինությունից:
Այսպիսի սցենարը շատ վաղուց սպասելի և նշմարելի էր: Դա հաշվարկելի էր նաև նրանով, որ անցած 22 տարիներին ռուսները Հայաստանում շանտաժով՝ այն էլ ձևի համար, միայն ունեցվածք և ենթակառուցվածքներն էին վերցնում: Որովհետև դրանք մնայուն արժեք ունեն և հետագայում կարող են վերավաճառվել նոր տիրոջը:
Իմ նախորդ հոդվածում շեշտել էի, որ իր դիրքի, կարողությունների և հավակնությունների դրսևորմամբ ռեգիոնալ մեծ խաղացող է դարձել Ադրբեջանը, և ռուսները ներկայում հենց Ադրբեջանի և թուրքերի հետ հարաբերությունների ճշգրտման փուլում են:
Զենքի այս աննախադեպ մատակարարումն Ադրբեջանին հուշում է, որ արդեն ինչ որ համաձայնություններ են արձանագրվել ռուսների և ադրբեջանցիների միջև, նահանջի գոնե սկզբնական փուլերի իմաստով՝ առաջին հերթին՝ Ղարաբաղի մասով:
Ըստ վերջին տարիների հայտարարությունների, ռուսներն ընդունում են Ադրբեջանի գերիշխանությունը Ղարաբաղի վրա և զենքի մատակարարմամբ, նրանք փաստորեն իրենց համաձայնությունն են տվել Ադրբեջանին՝ ռազմական միջամտությամբ այն վերցնելու:
Ըստ սցենարի, հիմա ռուսները հետ են կանգնում Ղարաբաղի մասով կոնֆլիկտին միջամտելուց: Եվ պարզ է, որ Ադրբեջանը ազատ է ցանկացած պահի սանձազերծելու պատերազմ, գոնե Ղարաբաղի մասով:
Թե ինչ կա ծրագրավորված հետագայի մասով, դժվար է կանխատեսել, բայց աշխարքաղաքական տրամաբանությունների շրջանակներում, և կախված Հայաստանի սուբյեկտայնության դրսևորումներից, պատերազմի վեկտորը առանց դժվարության կարող է շարունակվել նաև Հայաստանի վրա:
Դժվար է սպասել, որ սանձազերծած պատերազմից հետո, եթե հաղթանակ ապահհովի, Ադրեբջանը կանգ կառնի Հայաստանի սահմաններին՝ ըստ ռուսների պահանջի:
Ալիեւն արդեն իսկ բազմիցս շեշտել է, որ խնդիրն այլևս Ղարաբաղը չէ, այլ Հայաստանն է: Այսինքն նրանք հաստատ կանգ չեն առնելու, և ռուսները դա էլ շատ լավ գիտեն: Որևէ լավատեսական հեռանկար, այս զարգացումների տրամաբանության մասով, տեսնելը դժվար է:
Իհարկե, շատ բան կախված է նաև Հայաստանից, եթե անհապաղ սուբյեկտայնություն դրսևորի և տեր կանգնի իր ճակատագրին:
Բայց արդյոք մեր ներկա պետական ու հանրային պոտենցիալներով մենք ընդունակ ենք նման կտրուկ վերափոխումների և համախմբման:
Արտաքին քաղաքական սխալները մենք կատարեցինք անկախության հենց առաջին օրվանից՝ Ղարաբաղի հարցը տարանջատելով Հայաստանի անկախության հարցից:
Մենք որպես ռազմավարություն վերցրեցինք «ոչ ինձ-ոչ քեզ», անկախ Ղարաբաղի կոնցեպցիան, որը պետական թուլության մեծ նշան էր, և հենց դա ոգևորեց Ադրբեջանին սանձազերծելու Ղարաբաղյան պատերազմը:
Հիմա էլ, 20 տարի անց, մենք չենք հասկացել մեր արտաքին քաղաքական այս կործանարար թեզն ու շարունակում ենք նույն ջայլամային քաղաքականությունը:
Տեսականորեն վիճակը շտկելու ձևեր դեռ կան, բայց գործնականում դա անհնար է թվում:
Օրինակ, մենք կարող ենք հենց հիմա, անհապաղ, զենքի մատակարարումների, ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների, իր հանրությանը պատերազմի մոլագարության մղելու ու Թուրքիայի թշնամական կեցվածքի պայմաններում, վերանայել մեր արտաքին քաղաքական կոնցեպցիաները և աշխարհով մեկ ներկայացնել խնդիրը՝ որպես միացյալ թուրքերի կողմից սանձազերծված շարունակվող գենոցիդ:
Այդ ֆոնին՝ խզել կապերը Ռուսաստանի հետ, դիմել համաշխարհային հանրությանն ու նախապատրաստվել պատերազմի ամեն հնարավոր մեթոդներով:
Հայաստան-Ղարաբաղ՝ որպես մեկ սուբյեկտ կոնցեպցիան այլընտրանք չունի, և մինչև հիմա մեր վարած ջայլամային քաղաքականությունն ահռելի ավերածությունների է բերել՝ թե կոնկրետ զոհերի և թե արտագաղթի ձևով: Էլ չնշած ամենածանր՝ ներհանրային ու տնտեսական ողբալի վիճակը:
Մենք պետք է աշխարհով մեկ ահազանգենք սպասվողը, ամբողջ հայությանը մոբիլիզացնենք ու սպասվող պատերազմի խնդիրներին մասնակից դարձնենք: Եվ այդ ամենն անելու համար նախ և առաջ անհապաղ պետք է կարգի գցվի մեր ներսը:
Բոլոր օդիոզ դեմքերը պետք է հեռացվեն իշխանությունից, անմիջապես արձակվի պառլամենտը, ժամանակավոր կառավարություն ձևավորվի, շուտափույթ կազմակերպվեն պառլամենտական նոր ընտրություններ՝ որևէ տնտեսվարողի ու հարուստի մասնակցության բացառմամբ (ձևերը կգտնվեն, և դա առանձին քննարկման առարկա է):
Այս ամենը պետք է արվի մինչև պատերազմի սանձազերծումը: Որովհետև պատերազմի վերսկսման դեպքում մենք չենք կարող հանձնել Ղարաբաղը և դրա դիմաց երաշխիքներ ստանալ Հայաստանի մասով՝ դա ինքնախաբեություն է: Պատերազմական իներցիան և թուրքական ախորժակների դեմն առնել ոչ մեկը չի կարող, բացի մեզանից:
Եվ մի կարևորագույն հարց:
Մարդիկ բերանները ջուր են առել: Լուրջ խոսակցություն չկա էլ, թե ինչ է կատարվում մեր դեմ ու մեր ներսում:
Նշմարվում է 2 բևեռային տեսակետ՝
1. Որ չի կարելի զենքի մատակարարման և պատերազմի մասին խոսակցություններով խուճապ առաջացնել առանց այն էլ արտագաղթի պատրաստ հանրության մոտ:
2. Ոչ մի բան էլ չի կատարվել, մենք էլ նման զենքեր ունենք, և հայոց բանակն ունակ է ցանկացած ագրեսիա հետ մղելու:
Իրականում, ոչ մեկը և ոչ էլ մյուսը ադեկվատ չեն:
Ադեկվատը սառնասիրտ, առանց չափազանցությունների, առանց անհիմն օպտիմիզմի, նույնիսկ ամենավատ սցենարների սթափ դիտարկումն է, քննարկումը և ասիմետրիկ հակամիջոցներ ու ելքեր գտնելը:
1915 թվականի գենոցիդի օրերին ամբողջ գյուղը չտեսնելու էր տալիս հարևան գյուղի կործանումը, և սա շարունակվել, կրկնվել, տիրաժավորվել է ամբողջ պատմական Հայաստանով մեկ, ավելի քան կես տարի: Նույնը կրկնվեց և Սումգայիթում, և Բաքվում: Սա ոչ սուբյեկտայնության, այսինքն նախապես կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու անկարողության միարժեք ապացույց է:
Այսօր մենք նույն վիճակում ենք՝ մեր դեմ հասունանում է մեծ պատերազմ, և մենք լուռ ենք: Եվ տարօրինակն այն է, որ տարբեր հիմնավորումներով ու ձևերով ենք լուռ:
Մեկն իրեն շատ լուրջ է համարում՝ նման «մանրուքների» խառնվելու համար: Մյուսն իրեն շատ խելոք է համարում՝ նման սցենարին հավատալու համար: Երրորդ իրեն շատ փոքր է համարում՝ խոսելու համար: Չորրորդը թքած ունի մեր հետագայի վրա, որովհետև գիտի, որ կհասցնի փախչել: Հինգերորդը անմոռաց ռուսամետ է ու մեծամտորեն կարծում է, որ ռուսն է փրկելու ու վերականգնելու սովետը: Մյուսը կարծում է, թե հայկական բանակը կտա-կմտնի Բաքու ու Ստամբուլ:
Մի խոսքով, մեր հանրային ու անհատական կեցվածքները ոչ ադեկվատ են:
Բայց սա այլ դեպք է, սա սպասվող պատերազմի հարց է:
Բոլոր տեսակի «լռակյացներին» պետք է հիշեցնեմ, որ հիմա փոփոխված իրավիճակ է աշխարհով մեկ, և մեզ տեր կանգնողներ ուղղակի չեն լինելու:
ԱՄՆ-ը մտել են ներքին մեծ պրոբլեմների մեջ, ամբողջապես գտնվում է հրեական լոբբիի ազդեցության ներքո, և նրանք կամ չեն խառնվի, կամ կանեն այն, ինչը կբխի Իսրայելի շահերից: Իսկ Իսրայելի ու Հայաստանի շահերը բազմաթիվ կետերով բացարձակ հակամետ են:
Եվրոպան թաղվել է թե տնտեսական, և թե դեմոգրաֆիական մեծ ճահճի մեջ և որևէ ձևով չի միջամտելու: Ավելին, կանգնելու է Ադրբեջանի թիկունքին՝ գազի մատակարարում ապահովելու և Թուրքիային հաճոյանալու համար:
Այսինքն, ներկայում գերհզորների ուշադրության մեծ շեղում կա ու ռեգիոնալ բալանսների մեծ անտերություն:
Գլոբալ առումով մենք կանգնած ենք նոր, ավելի մեծ ավերման, մի նոր 1991–ի շեմին, երբ սովետի օրինակով արդեն փլուզվում է գլոբալ գեոքաղաքական համակարգը:
Ռուսները փորձում են իրենց ներկա սահմաններն ու 100 տոկոս ունեցվածքն ապահովել: Եվ հենց դա է թե զենքի տրամադրման, և թե Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի հիմքը:
Եվրոպան իր չինովնիկական մակարդակով անիմաստ ու մեծամիտ դեգերումների մեջ է, իսկ իրականում որպես ռազմաքաղաքական սուբյեկտ գոյություն չունի, և ներկա փուլում մեր հետ կապված՝ ոչ մի սատարող միջամտության ընդունակ չէ:
Մնում են ռեգիոնալ ուժերը, որոնք տանդեմավորված կլինեն ամենաթույլի՝ այսինքն Հայաստանի դեմ: Բոլորն են ծվատելու և վերցնելու իրենցը, ներառյալ Վրաստանն ու Իրանը:
Հիմա շատերը կասեն, թե նման սցենարի քննարկումը ևս խուճապ կառաջացնի:
Ոնց կուզեք, ինչ անուն ուզում եք դրեք, բայց սա է խորացող իրողությունը՝ եթե մենք շարունակենք ոչ սուբյեկտային մնալ:
Ոչ թե խուճապի է պետք մատնվել, այլ համախմբվել, իրատես լինել և անել հնարավորը՝ սպասվող վատը կանխելու համար: