Ինֆորմացիոն դարում տգետ մնալը գիտակցված ընտրություն է:
Մարդկությունը և մասնավորապես հայությունը նախօրոք երբևէ չի կարողացել կանխատեսել, թե իր հաջորդ օրն ինչպիսին է լիելու: Մենք երազել ենք, բայց անընդունակ ենք եղել մեր ապագան կանխատեսելու: Ներկայում, նույնիսկ այսօրվա ընթացքը բացահայտելու խնդիրն ունենք:
Իհարկե, եթե ընթացող գործընթացների տրամաբանությունն ու դինամիկան հայտնի է, ապա կանխատեսելը հեշտանում է, բայց ստույգության հարցը մնում է:
Օրինակ, եթե Հայաստանը օրական դատարկվում է ասենք 200 մարդով, ապա տարրական դպրոցի՝ ավազանը մեկ ծորակով լցվելու և առավել մեծ ծորակով դատարկվելու խնդրի պայմաններով, հարվածային աշակերտն էլ կհաշվարկի մեր լրիվ դատարկվելու վերջնակետային՝ նույնիսկ օրն ու ժամը:
Բայց այդ հաշվարկը զուտ տեսական է: Որովհետև հարվածային աշակերտը տեղյակ չէ, թե Հայաստան երկրի որ մինիմալ բնակչության թիվն է՝ մի կողմից դեռևս պետականորեն կենսունակ, իսկ մյուս կողմից էլ թուրք-ադրբեջանական «տղերքի»՝ պատերազմով հարց լուծելու ախորժակը չգրգռող:
Եւ հարցը միայն հարվածային աշակերտի չիմանալը չի: Մեր՝ նույնիսկ ակադեմիկոս ձևակերպված, և «օրինական» ախպերականն էլ դա չգիտի, ու ճիշտն ասած, վեջներն էլ չէ: Իրենց վեջը չէ, բայց որոշ մարդկանց համենայնդեպս դա հետաքրքրում է, և գոնե այդքանով արժե պրոցեսը հասկանալը:
Խնդիրն այն է, թե արդյոք կան ուղիներ, երկրի ու պետականության կործանումից խուսափելու:
Ես միայն մեկ ուղի եմ տեսնում, այն է՝ ժամանակակից աշխարհի ամենահիմնարար սկզբունքը՝ ամեն մարդու պաշտպանական զենք ունենալու իրավունքի սկզբունքն ու էությունը հասկանալը և այն մեզանում արմատավորելու ճանապարհը:
Արևմտյան հանրություններում ամենօրյա քննարկման առարկա է զենքի հասանելիության հարցը: Ամերիկյան սահմանադրության 1-ին լրացմամբ ամրագրված է ազատ խոսքի իրավունքը, իսկ 2-ով՝ քաղաքացիների զենք կրելու և օգտագործելու իրավունքը՝ որպես պետությունից և քրեականից պաշտպանության միակ միջոցի:
Մեզանում լայնորեն խոսվում է ազատ խոսքի իրավունքի մասին, բայց տաբուի տակ է զենքի օրինականության և հասանելիության մասին որևէ խոսակցությունը:
Սա վկայում է այն մասին, որ մենք՝ որպես հանրություն կամ աններելի պրիմիտիվ ենք, կամ ուղղղակի չենք հասկանում մարդկայինի ու հանրայինի հիմնարար սկզբունքները: Մեր ոչ հասուն քաղաքացիական միտքը շփոթված ու կարկամած է պացիֆիզմի ու պատերազմի, ներքին ու արտաքին թշնամու պատկերացումների, ժողովրդավարության ու կառավարման այլ համակարգերի, զենքի իրավունքի ու կրիմինալ հետևանքների հարցերում:
1. Մենք գինոցիդվել ենք զենք չունենալու պատճառով, և զենքի նշանակությունն ու իմաստը չհասկանալու պատճառով:
2. Ներկայումս էլ, երկրում տիրող քրեական բեսպրեդելն ու ընդհանուր ամենաթողության մթնոլորտն էլ արդյունք է հանրության տոտալ զինաթափման և քրեականի զինվածության:
Մի քանի տարի առաջ մամուլում եղան հրապարակումներ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 1050 ատրճանակ է նվիրել տարբեր մարդկանց: Եթե նման գործընթաց է եղել նաև այլ վարչապետների օրոք, ապա կարելի է ենթադրել, որ երկրում երևի 2-3000 օրինական գրացված ատրճանակ կա ինչ որ մարդկանց ձեռքին, որոնց անուններն անհայտ են հանրությանը:
Սրան գումարելով ոստիկանության, ուժայինների ու նաև բացարձակ քրեականի ոչ օրինական զենքը, կարող ենք խոսել արդեն տասնյակ հազարավոր ատրճանակների ու զինյալների մասին:
Եկեք ազնիվ լինենք ու չնենգափոխենք սկզբնապատճառն ու հետևանքը: Ոչ թե կաշառքը, բեսպրեդելն ու անօրինությունն են սկզբնապատճառը, այլ զինված արտոնյալներ, քրեականներ-անզեն հանրություն անհամատեղելի հակադրությունը:
Մարդկային պատմությունը վկայում է, որ զինյալին կարգի հրավիրելը, նրան օրինականության կոչելը անիմաստ գործ է: Իսկ զինաթափելը՝ մանավանդ արդեն իշխանության լծակներին տիրացած զինյալին զինաթափելը գրեթե անհնար գործ է: Մարդկությունն, ու ներկա ժողովրդավար դարում էլ՝ Արևմուտքն իր փորձով գործունյա միջոց է գտել, որ զինյալին կանխելու ամենաէֆեկտիվ միջոցը նրան հակակշռելն է առավել զենքով ու զինյալներով: Եւ ամրագրել է այս իրավունքը որպես սահմանադրական՝ թույլատրելով զինվել բոլորին:
Թշնամիներով շրջափակված երկրներն ավելի առաջ են գնացել, նրանք օրինական, զինված հանրային բանակներ են ստեղծել:
Օրինակ, Շվեյցարիան նման բանակ է պահում արդեն երկար ժամանակ և նաև դրանով է ապահովել իր կայուն չեզոքությունն ու բանկային կենտրոն լինելու փաստը: Ոչ հրապարակավ, նման ռեժիմի մեջ է նաև Իսրայելը:
Երբ նման միտք եմ հայտնում իմ շրջապատում, որպես կանոն, առաջին արձագանքն է լինում՝ «վայ աման, էտ ինչեր ես ասում, իրար կկոտորենք ու կվերջանանք»: Կամ էլ թե չէ՝ հո վայրենի չենք, էս ո՞ր դարն է:
Մի խոսքով, արձագանքները բազմազան են, բայց որպես կանոն՝ անտեղյակ, մակերեսային, կամ պարզապես միակողմանի:
Փորձեմ հիմնավորել ասելիքս, նշելով իմ պատկերացրած դրական ու բացասական հետևանքները:
1. Գենոցիդ վերապրելուց հետո ու ներկայում էլ բացահայտ թշնամական շրջապատում գտնվող հայերիս՝ որպես էթնոսի ու Հայաստանի՝ որպես պետություն փրկվելու միակ ձևը դա բնակչության համապարփակ զինումն է:
2. Եթե ուզում ենք դիմակայել ներքին անօրենին ու արտաքին թշնամուն որպես ազգ, հանրություն ու որպես պետություն, մենք այլ ելք ուղղակի չունենք, քան օրենսդրական որոշմամբ ազգովի զինվելը:
Այդ քայլը ներսում կբերի մարդկային, քաղաքացիական հավասարեցման ու բեսպրեդելի շուտափույթ վերացման:
3. Արտաքին թշնամուն կկանգնեցնի մոտ կես միլիոն զինված մարդու /հնարավոր է նաև կանանց կամավոր զինումը/ հաղթահարելու անհնարին փաստի առջև:
4. Կես միլիոն անձնական զենքի, և պաշտպանական-ռազմական նպատակով նաև որոշ քանակի ավտոմատների գինը բազմակի անգամ ցածր է մեր տնակերտ օլիգարխների մեկ տարվա, եթե ոչ մեկ ամսվա թալանի ծավալներից:
Չզինված երկիրը չի կարող հանրայնորեն առողջ և քաղաքականապես կենսունակ ու ապահով համարվել:
Կայուն երկրները արտաքին պաշտպանական նպատակով ունեն բանակներ, իսկ ներքին կայունությունն էլ ապահովում են անհատի զենք կրելու իրավունքով, օրենքի գերակայությամբ և հանրային կոշտ սկզբունայնությամբ:
Մեզանում արտաքին ոլորտը ռուսների ռազմական ու գեոքաղաքական երերուն շահերի ու աղոտ մոտիվների վրա է հիմնված, իսկ անօրեն ներքինն էլ տրված է օլիգարխիայի բեսպրեդելի ողորմածությանը:
Քրեաօլիգարխիայի կառուցվածքը, կեցվածքը, նպատակներն ու առօրյան գիտենք: Եւ այդ դասի «ծրագրերով» միայն հետագա դժբախտություններ են սպասվում:
Օլիգարխիան մեկ օրում և օդից չի ընկել, այն աստիճանաբար է ձևավորվել և խորը ներհանրային հոգեբանական, տեսական ու գործնական արմատներ ունի մեզանում: Եւ հիմնական արմատն էլ հայ մտավոր վերնախավի անսպասելի անտեղյակությունն է՝ հանրության կայունության հիմքերի և ներքին սկզբունքների մասով:
Սյունիքի տարածքի վաճառքը որպես արոտավայր նույնիսկ մտովի ի նկատի ունենալը մեծ ահազանգ է բոլորիս, որ միայն արտագաղթի լծակը չէ մեր գլխին կախված, այլ նաև տարածքի առաջընթաց հանձնումը:
Հասկանալի է, որ ուժի մոնոպոլ իրավունքի վրա եղած իշխանությունները չեն կարող համաձայնվել թույլատրել, որպեսզի իրենց դեմ կանգնի զինված քաղաքացին: Բայց ժամանակն է, որ երկրում մնացած առողջ մարդիկ հասկանան իրավիճակն ու տեսնեն լուծումների ճանապարհը, և իշխանություններին էլ ստիպեն, պարտադրեն դեռևս առկա վերջին փրկարար քայլերը:
Վերջին շրջանում, իշխանավորների թալանը որպես օրինական ունեցվածք հրապարակայնացնելու փաստերն ուրախալի են այն առումով, որ իշխանություններն էլ են հասկացել, որ այլևս այսպես շարունակել անհնար է, ու պահն է գողացված միլիոնի վրա վերջակետ դնելու և նոր, իսկապես օրինական խաղ սկսելու:
Ցավոք, դա ուշացած քայլ է: Հոշոտված ներքին անօրենի կողմից, մենք այլևս դարձել ենք «հեշտ» թիրախ արտաքին թշնամու համար: Երկիրն աննախադեպ արագությամբ լքվում է, դատարկվում մարդկանցից:
Իրեն արժանապատիվ մարդ համարող ցանկացած ներկա իշխանավոր պետք է հասկանա, որ դրված է երկրի ու ազգի ապագայի խնդիրը և փորձի խուսափել պատմության մեջ որպես ազգային-պետական դավաճան մնալու հեռանկարից:
Իշխանությունները պետք է հասկանան և ընդունեն, որ Հայաստանի գոյատևելու ու հանրային ներքին համերաշխության այլ ձև չկա, քան ողջ բնակչության զինումն է: Օր առաջ նրանք պետք է մտածեն առնվազն կես միլիոն մարդու /կամավորական սկզբունքներով, ամեն ընտանիքին, կամ հասուն տղամարդուն մեկ միավոր/ զինելու մասին:
Միգուցե իշխանություններին ընդունելի լինի բժշկական ստուգմամբ վստահելի համարվող գոնե ասենք 100 հազար մարդու նախապես զինելը: Թեկուզ և այսքան զենքի տրամադրումը մեծ վստահություն կմտցնի հանրության մեջ՝ և իշխանությունների, և վաղվա օրվա հանդեպ:
Մեզ ոչ ռուսական ռազմական օգնություն, ոչ էլ արտաքին որևէ կոլեկտիվ անվտանգության պայմանագրեր պետք չեն: Մեզ պետք է զինվել ինչպես Շվեյցարիան, կամ ինչպես Իսրայելը ու դրանով իսկ կարգի գցել մեր բոլոր հարցերը:
Մարդկության մեծագույն հայտնագործությունների շարքում ոչ միայն անիվն է, գործիքները, այլ նաև զենքը: Հենց միջուկային ռումբն է, որ ներկա աշխարհը պահում է համեմատաբար փոքր արյան մեջ:
Եւ դիմացինի անզեն լինելն է, որ գայթակղում է օրինազանցին՝ իր հարևանին հոշոտելու, իսկ արտաքին թշնամուն էլ՝ թույլին գենոցիդելու:
Հասկանում եմ, որ սույն մտքերի ընկալման գործակիցը զրոյամերձ է հայերիս մեջ, ինչևէ…