Միտքը, որը տիրապետում է նոր կենսափորձի, այլևս չի կարող վերադառնալ հնին (արևմտյան խոսք)
Նույնիսկ նախադպրոցական երեխան արդեն գիտի, որ տանկը կոճի թելով չի քաշվի, և որ այն ամրակուռ շղթաներով ու հզոր քարշիչներով է քաշվում:
Ցանկացած երկրի իշխանությունն ու հասարակությունը ամեն օր ու ամեն ժամ զբաղված են այս կարգի խնդիրներ պարզեցնելով՝ թե արդյոք այս հարցը ինչ կշռի «տանկ» է՞, ինչ տեղում է կանգնած՞, ինչ որակի ու ամրության «կոճիթելով կամ տռոսներով» ու ինչ քարշիչով է պետք այն տեղաշարժել:
Բայց մեր քաղաքական, հասարակական, ազգային գործերում դարերով միայն կոճիթելի հույսին ենք՝ առանց խորանալու խնդրի լուծման իրական ու ռացիոնալ պայմանների մեջ:
Իշխանաթյուններն իրենց կոճի թելով վերարտադրման «տանկն» են քաշում, ժողովուրդն էլ, իր կոճի թելով՝ ազգային «վերակենդանացման «տանկը»:
Ի հակադրություն իշխանականի՝ ժողովրդի ձեռքի կոճի թելը միշտ է կտրվում, և մենք էլ զարմացած այս ու այն կողմ ենք նայում, թե բա ինչի՞ էսպես ստացվեց, որ մերը կտրվեց, իսկ իշխանականը՝ տանկը «քաշեց»:
Ես միշտ էլ անհավատ եմ եղել կոճի թելով տանկ քաշելուն, բայց և խոստովանեմ, զարմացած եմ իշխանական կոճի թելի գերուժին: Շատ հետ չգնանք, նայենք վերջին 3 ընտրություններին միայն՝ խորհրդարանական, նախագահական, ու քաղաքապետի:
Սխեմացնենք դրանք ու փորձենք հասկանալ աներևույթ թվացող խորքայինը:
Որպես հիմնական, վստահության արժանի ընդդիմադիր ուժ այդ երեքում էլ մեծ է եղել ժառանգության դերը:
1. Խորհրդարանականում, Րաֆֆին միանձնյա կազմեց թեկնածուական՝ մեղմ ասած, «տարօրինակ» ցուցակը, որի կազմում իրենց արդեն իսկ դրականորեն ցուցաբերած մարդկանց փոխարեն հայտնվեցին թե բացահայտ իշխանական ներդրվածներ, և թե անհայտ անուններ:
Ընտրողներն անտեղյակ էին խորքայինին, բայց վստահում էին «Ժառանգություն» կոչված խորհրդանիշին ու նրա առաջնորդին, և ժառանգությունը ներդրված ու անհայտ մարդկանցով մտավ պառլամենտ: Հրաժարվելով մանդատից, Րաֆֆին նույնիսկ պառլամենտի շենք չմտավ՝ մի կողմից անարգելով իրեն ձայն տված հանրությանը, մյուս կողմից էլ՝ ոտնահարելով պառլամենտարիզմի հիմնասկզբունքները:
Արդյունքը – լեգիտիմացվեց կեղծիքներով ընտրված խորհրդարանը:
2. Նախագահական ընտրություններին համարյա թե նույնությամբ, բայց և մահափորձով ու դաժանության այլ դրվագներով կատարվեց նույնը՝ Ժառանգության առաջնորդը, անտեսելով ընդիմության՝ միասին բոյկոտելու հորդորները, առաջադրվեց և գրավելով ընդդիմադիր բոլոր ձայները՝ դարձավ ընդիմության հիմնական դեմքը:
3.Հետընտրական «պայքարը» տարօրինակ լինելով հանդերձ, նորություն էր հայ քաղաքական իրականության մեջ և շատերի մոտ (նաև իմ), հույս արթնացավ, թե մի գուցե խորհրդարանականի ժամանակ Րաֆֆիի արածները զուտ խաբուսիկ քայլեր էին, շատ ավելի մեծ ու կարևոր խաղը՝ նախագահությունը շահելու համար:
Մենք ազգովի լծվեցինք Րաֆֆիին «վերծանելու» գործին:
Ինքս մի քանի հիպոթեթիկ բացատրություն էի բերել այդ ֆենոմենին՝ տարօրինակությունները վերագրելով մեր և Րաֆֆիի կրթական, լեզվական , արժեհամակարգային այլևայլ օբյեկտիվ տարընթեռնումներին ու դրսևորումներին:
Մինչ հացադուլն ու «բարևն» առաջ էին գնում, մարդիկ հոգածությամբ հորդորում էին Րաֆֆիին դուրս գալ հացադուլից, և սթափ ու առողջ, անցնել լուրջ քայլերի:
Ինքս էլ նույն գործին էի, զուգահեռաբար հորդորելով նրան Սարդարապատի, քաղաքացիական ակտիվիստների հետ համագործակցության ու օր առաջ ստվերային իշխանություն ձևավորելու խնդրով զբաղվելուն:
Ժամանակն անցնում էր, բայց զարմանալիորեն, անտեսված էին մնում բոլոր ռացիոնալ ու ադեկվատ առաջարկներն ու քայլերը:
Նախագահականի հետ կապված հանգուցալուծումները թողած, Րաֆֆին համառորեն առաջ էր մղում Արմեն Մարրտիրոսյանին էլ քաղաքապետ «դարձնելու» հեքիաթային հեռանկարը:
Մայիսի 5-ին Արմեն Մարտիրոսյանը, համաձայն 100 տոկոսով կանխատեսելի սցենարի, քաղաքապետ չընտրվեց:
Ինչ արդյունք ունենք այսօր:
Ուզենք թե չուզենք, պետք է փաստենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքերով ու խաբուսիկ հեռանկարի մատուցմամբ, անցած 3 ընտրություններին էլ փոշիացվել են հասունացող քաղաքացիական բոյկոտի հնարավորությունները:
Մարդկանց մղել են կեղծիքներից որևէ կերպ չապահովված ընտրությունների, և արդյունքում իշխանությունը ստացել է լեգիտիմության անհրաժեշտ բոլոր հիմքերը: Բացի այդ, ստեղծված են պայմաններ, ամեն միջազգային ատյանի ներկայացնելու`
ա. պառլամենտ, լրացված «ընդդիմությամբ»
բ. նախագահական ընտրություններ՝ ընդդիմադիրի «ճնշման» ներքո
գ. լեգիտիմ քաղաքապետ, ընտրված հանրային մեծ ակտիվիզմով ու «ընդդիմության համառ» պայքարի արդյունքում:
Հայաստանյան վիճակում, նման դրական՝ իշխանությունների համար, և բացասական՝ հանրության համար արդյունքների, ոչ մեկը երազել անգամ չէր կարող:
Բայց արդյունքն ու փաստերը համառ գործոններ են: Ունենք այն, ինչ կա, և գործը իրացվել է նրանցով, ովքեր կոնկրետ մասնակցել ու ապահովել են այն:
Վերադառանանք նախաբանին:
Զարմանալի է, բայց նորից «աշխատեց», իրեն արդարացրեց իշխանական «կոճի թելը» ու կտրվեց հանրայինը: «Աշխատեց», որովհետև նման ծայրահեղ հանրային պայմաններում, ու վատացող հեռանակարի երկրում անհնար էր կոճի թելից բացի որևէ այլ հնարքով մարդկանց ընտրատուփին մոտեցնել իսկ:
Եu մի բան է այս ամենի մեջ աչքի զարնում` բոլոր 3 դեպքերում էլ հանրային կոճի թելի բանեցնողը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եu իշխանական կոճի թելի հաղթանակի համար պայմաններ ապահովողն էլ հենց ինքն է եղել:
Կասկածելի չէ” արդյոք այս մարդու բազմակի «բարեհաջող» բացասական, կասեի կործանարար դերակատարումը մեր կյանքի վայրընթացի այս ֆինալային պահերին:
Իմ կարծիքով, ավելի քան շատ են զուգադիպությունները:
Եu ես ինքս պարտավորված եմ զգում այդ մասին բարձրաձայնելը, որովհետև ինչպես իրեն սատարել ու հրապարակավ հանդես եմ եկել իր օգտին, այսօր էլ պահն է ակնհայտը տեսնելու և արժանին մատուցելու այդ «գործչին»:
1. Դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները Րաֆֆին գնաց Բաքու, և Հայաստանում տարածվեցին չկայացած «հերոսական» ելույթի տեքստեր ու անկապ հարցազրույցի դրվագներ: Պարզ էր, որ Րաֆֆին նախապես անցել էր հերոսի կերպարի մանրակրկիտ արարմանը: Բայց և այս քայլը հիմնականում կապվեց պառլամենտականում ձայներ հավաքելու հետ, ոչ որպես ավելի հեռանկարային քայլ:
2. Հացադուլից հետո Րաֆֆին թատերական էժանագին այցելություն կատարեց Մոսկվա: Պարզ էր, որ դրանով, զուգահեռ հռչակված «աշխարհամետությանը», իբր «ռուսամետություն էր ներկայացվում հիմնականում ռուսամետ հայ հանրությանը:
«Չուտվող», անամոթ քայլ էր, բայց հանդուրժվեց:
3. Արմեն Մարտիրոսյանի քաղաքապետի առաջադրմամբ Րաֆֆիի խաղն ամբողջությամբ կորցրեց իմաստային թելը: Իսկ Բաղրամյան 26-ի վրա գնալու հորդորներին «տեղի տալն» ու հաջորդող աղոթքը մնացին որպես խստագույն հաշվետվության ու պատասխանի սպասող հարցեր:
Անձամբ ինձ մոտ արդեն սպառվել են Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործիչին տրված վստահության բոլոր պաշարները: Եu ոչ թե այն պատճառով, որ ես եմ անհասկացող, կամ շատերի պատկերացմամբ «դավաճան», այլ որ ինքն է անցել զուտ աբսուրդի շրջանակներում մեկնաբանվողի բոլոր թույլատրելի սահմանները:
Այլ բան ենթադրելը, որ Րաֆֆին գործել է ոչ թե ինքնուրույն, այլ համաձայն արտաքին հրահանգների, դժվար ընդունելի է:
Խնդիրն այն էլ չէ, թե ով է հրահանգողը՝ արևմուտքը, Մոսկվան, թե հարազատ իշխանություները:
Այսօր հասունացել է պահը, որ մարդիկ հաշիվ պահանջեն թե Րաֆֆիից, թե քաղաքականության մեջ դեռևս ջուր պղտորող բոլոր երևելիներից:
Գենոցիդից մազպուրծ եղած այս երկիրն ու ժողովուրդը որբի գլուխ չեն, որ հայտնվող ցանկացած մեկը թալանի, խաբի, անարգի ու անպատիժ հեռանա: Մեծ հաշվով, իշխանություններն իրենք են մասնակից այս ամենին և որևէ հանդիպակաց քայլ չեն անելու, բայց հանրությունը գոնե պարտավոր է ադեկվատ վերաբերվելու այդ մարդկանց:
Երկիրը սրընթաց դատարկվում է, և ամեն ինչ արվում է այն ավելի արագորեն հայաթափելու համար, այլապես ոչ մի հիվանդի գլխում չէր հասունանա Սյունիքը որպես արոտավայր վարձով տալու գաղափարը:
Ժամանակն է, որ բոլորից՝ սկսած օլիգարխներից, վերջացրած մեր պատմությունը արյունով, արտագաղթով ու անեծքով լցնող ամեն մի հանցագործից ու դեմագոգից հաշիվ պահանջվի արածի ու չճարածի համար՝ գոնե հանրային գիտակցության ու վերաբերմունքի մակարդակով:
Հորդորս է, որ մարդիկ վերջ տան որպես փրկիչներ հրապարակ մտնող ցանկացած մեկին բանի տեղ դնելը և իշխանությունների որևէ դրական խոստումին ու միտումին հավատալը:
Ընդդիմության մեջ ուղեղակիրների շատ մեծ դեֆիցիտ կա, իշխանականի մեջ էլ՝ ախորժակի առավել մեծ ավելցուկ:
Անելիքն ամեն մեկինս է՝ մեր ճակատագիրն ինքնուրույն տիրապետելն ու կերտելը: