Ամեն մարդ մարդկության մասնիկն է, և պետք է մասնակցի նրա կերտմանը (Արևմտյան մտածելակերպից)
Վերջերս մի տեսանյութ էի նայում, ուր որպես քաղաքական կառույցի անդամ երևակվում էր բացարձակ կրիմինալը: Կրիմիալին իհարկե կարելի է դիտել որպես ցանկացած իրականության անքակտելի մի մաս: Բայց մյուս կողմից էլ, իմ ընկալամբ, մեզանում այն արդեն շատ մոտ է որպես հարց որոշող միակը և ամբողջը լինելու:
Եւ ժամանակն է, որպեսզի ամեն մեկս արտահայտվի վիճակից ելքերի մասին՝ անկախ նրանից, թե ով է կոնկրետ պահի Սասունցի Դավիթը:
Իմ պատկերացմամբ, միակ պայմանն այն է, որ ամեն ինչ իր անունով կոչվի և իրական իմաստով ու հետևանքներով գնահատվի:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը համակել է անթաքույց, բացարձակ կրիմինալ, ոհմակային մթնոլորտը: Եւ եթե բանը հասել է համապարփակության, դա նշանակում է, որ մենք՝ հայերս երևի սխալ գիտենք ոհմակ երևույթի իմաստն ու էությունը:
Ոհմակը միայն խումբը չի, ոհմակը որոշակի մտածելակերպ է, որոշակի մեթոդաբանություն, որոշակի արժեհամակարգ, որոշակի ներքին շահեր ու կապեր, որոշակի դաժանություն, որոշակի որսատեսակ:
Ոհմակի հակառակ կողմում ոհմակի զոհն է, «որսը»:
Շնագայլերի ոհմակը գայլերի ոհմակի վրա չի հարձակվի, որովհետև ամեն շնագայլը գայլից թույլ է, բայց միայնակ գայլի վրա ոհմակը կհարձակվի ու ոհմակով կհոշոտի:
Քանի որ ներկա Հայաստանը կրիմինալ ոհմակի ենթակայության տակ է հայտնվել, խնդիրը և ոհմակին, և մեզ՝ որպես զոհի, հասկանալն է:
Պատմությունը որևէ օրինակ չունի, որ զոհերով միավորվեն ու հաղթեն ոհմակին: Արտաքին թշնամուն հաղթելն ու ներքին՝ քեզանում բուն դրած ոհմակին հաղթելը, բացարձակ տարբեր բաներ են:
Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ընդունակ էինք արտաքին թշնամու դեմ միավորվելու: Բայց անցած 22 տարիները նաև ցույց տվեցին, որ անընդունակ ենք ներքին տականքին դիմակայելու:
Անկախության սկզբում, քրեական ոհմակի կազմակերպման առաջին փուլում, պրոցեսը մեզանում ընկալվեց ոչ որպես ոհմակացում, այլ իբր առաջին՝ ոչ օրինավոր միլիոնի կուտակման և կապիտալիստականին անցելու անհրաժեշտ «թուլություն»:
Առաջին գողացված միլիոնի մասին ձայն չհանելու հովերով էինք, ու պարզվեց, որ մեր մեջի ամենաանարժաններն են այդ՝ իբր հետագա կապիտալիստական երանություն սկզբնավորող միլիոնատերերը:
Մենք դեռ չգիտեինք, որ այդ միլիոնները ոչ թե տնտեսություն են մտնելու և մեզ բարօրություն կերտելու, այլ դառնալու են միջոց ու զենք՝ քաղաքական իշխանությունը բռնազավթելու ու արդեն միլիարդներ գռփելու համար:
Չգիտեինք, որ այդ միլիարդներն էին, որ հաստ վզերով ու անթափանց դեմքերով տականքների, որպես ոհմակի ստորին անդամների սնելու էին՝ մեր հանդեպ շնագայլություն անելու:
Հետագայում էլ, բազմագույն ու սին բացատրություններով տարբեր շղարշներ ու կեղծիքներ դրվեցին մեր առջև՝ որպես արժանապատիվ դիմադրության, իրական քայլերի այլընտրանքներ: Եւ 1993-94-ից սկսած սահմանադրականն ու հանդուրժողականությունը անհանդուրժելիի հանդեպ, դարձան մեզ կործանման տանող կյանքի ուղին:
Հասել ենք 2013-ին՝ կիսատված երկրով, անգո տնտեսությամբ, կիսագրագետ քաղաքագետներով, քրեական- շնագայլային-ոհմակային մթնոլորտով:
Ո՞րն է ելքը:
Լուռ, անձայն-անասնական հեզությամբ վերջնական կործանվե՞լը, թե գոնե քեզ հոշոտողին համապատասխան վերաբերվելով փրկության միջոցներ գտնելը:
Իսկապես, որո՞նք են տեսական ելքերը: Իմ պատկերացրած քայլերն ասեմ:
1. Գիտակցումը, որ ոհմակի և նրա զոհի ոչ մի հատկությունը նույնական չեն: Թեկուզ և նույն հանրությանը պատկանելով, նրանք այնքան են հեռացած միմյանցից, որ այլևս նույն հայը չեն, նույն մարդ արարածը, նույն հայրն ու նույն մայրը, եղբայրն ու քեռին չեն:
Իրոք, նպատակային տարբեր դաշտերում գտնվող մարդիկ անկարող են դիմացինի արժեքայինը խորապես հասկանալու: Կաշկանդող պայմաններում նրանք կարող են համակերպվել դիմացինի դրվածքներին, բայց ընկալել որպես հարգանքի արժանի արժեքային՝ անկարող են:
Սա սուբյեկտային վարքի նորմային դրվածք է: Այլ կերպ հնարավոր էլ չէ: Դա մոտավորապես նույնն է, որ գայլից ասենք շան կամ առյուծի վարքագիծ պահանջենք:
Օրինակ, կոնկրետ մեր դեպքում, հայկական քրեական ոհմակի նպատակը որսին հոշոտելն է, իսկ զոհի նպատակը՝ երկիր ունենալն ու արժանապատիվ ապրելը: Ի՞նչ տրամաբանական, միասնական եզր կա այս տարամետ նպատակների մեջ:
Մինչև հիմա, ու այսօր էլ, հայ քաղաքականի մտքում այս պարզ դրվածքի ոտնահարումն է՝ սկսած սահմանադրականին ապավինելուց ու սահմանադրական դատարանին դիմելուց, վերջացրած ներկա բուրժուադեմոկրատական «այլասերումը»:
2. Պետք է վերջ տրվի ոհմակի դեմ ֆրոնտալ քաղաքական ու քաղաքացիական դիմակայության գնալու բոլոր մեթոդաբանություններին՝ միտինգով, երթերով, հացադուլներով, սթափության կոչերով, կամ այլ հրապարակային ակցիաներով:
Ոհմակը նախապես մշակված մեթոդաբանություն ու պատասխաններ ունի ցանկացած նման ելույթների դեմ ու ամեն անգամ նման ճանապարհով գրանցած պարտությունն արտագաղթի մի նոր ալիք է սկզբնավորելու:
Նույնիսկ հեքիաթներից գիտենք, որ գայլերի ոհմակը միայնակ շանը գյուղից հանելու համար սկզբից շան մոտ է ուղարկում մի թույլիկ, բայց խորամանկ գայլի, որ գալիս տնկվում է գամփռ շան դիմաց ու հետո փախչում: Շունն էլ ոգևորված վազում է դրա հետևից մինչև գյուղից գուրս գալը: Ու ամայի տարածքում արդեն, կողքերից հայտնվում է գայլերի ոհմակը, շրջապատում և այդ խրոխտ շան հարցը լուծում:
Արդեն 22 տարի՝ մեր հայկական քրեական ոհմակը գնալով մեծացել, ճյուղավորվել, հաստագլխացել է, ու մեր կյանքն է հոշոտում: Ձայն հանողին էլ իրենց ոստիկանով, դատարանով ու բանտով ոչնչացնում են:
Բայց արի ու տես, որ այս պարզ տրամաբանության ու հարյուրավոր գործնական օրինակների պայմաններում էլ, հոշոտված մարդկանց հորդորում են լրացուցիչ՝ մի հատ էլ դատարանի բերանն ընկնելու:
Թվում էր, կորսվածը, պատմությունն ու անձնական դժբախտությունները բավարար են, որ ամեն մեկս հասկանա էականը, խորքայինը, բայց անտեսելով փորձը, շարունակում ենք հինը: Թվում էր, թե ունակ ենք տեսնելու, որ երկիրը մասնատված, ծվատված, ատոմացված է մինչև առանձին անհատների: Եւ որ այս պայմաններում ոչ մի միասնական կառույց անելիք չունի՝ ատոմացված հանրություն է, ատոմացված էլ միջոցներ են պետք:
Այսինքն, ամեն մեկն ինքն է պարտավոր իրեն ճնշողին, իրեն վնասողին, իրեն վատություն անողին անձնապես վերաբերվելու, իր վրեժը լուծելու: Որ վենդետան, ինքնադաստանն է այսօր արդեն օրակարգում:
Իհարկե, վենդետան հազվագյուտ կա մեր նեսում և այն համատարած է ոհմակի ներսում, ուր ոչ մեկը դատարանի չի դիմում, այլ ատրճանակով է իր հարցերը լուծում: Բայց հանրության համար այն դեռևս տաբուապատ է: Եւ մենք այն ընկալում ենք որպես բարբարոսություն, հաշիվ չտալով մեզ, որ ծախված դատարանին դիմելն է իրական բարբարոսությունը:
Ստացվում է, որ ոհմակը շատ ավելի լավ է տեղյակ մեր երկրի իրական դրվածքներին, քան նրա ամենօրյա զոհը, որը կուրացած է ֆիզիկականից էլ անդին:
Ինչո՞ւ մենք չենք տեսնում կապը մեր հանդուրժողականության ու մեր դժբախտությունների մեջ: Կապը՝ Գենոցիդի ու մեր այսօրվա մեջ: Կապը՝ մեր առաջնորդների տկարամտության ու մեր այսօրվա տնտեսական, քաղաքական ու ազգային հեռանկարի մթության մեջ:
Չեմ պատասխանի այս ինչու-ներին, քանի որ բազմիցս է ասվել: Բայց կասեմ իմ պատկերացրած անելիքը:
Մեր 2 միլիոնանոց երկրում, ոհմակի մարդաշատ՝ ստորին օղակի անդամներից՝ ողջ Հայաստանը հեռու է ոչ ավելի, քան մեկ պորտ, կամ մեկ ընկեր: Մենք, մեզանից յուրաքանչյուրն է պարտավոր իր բարեկամականի ու ընկերականի միջավայրում իր ձայնը բարձրացնելու՝ թե էս ինչ եք անում, այ անզգամներ: Եւ շարունակելու ավելի «ազդու» լեզվով ու կոնկրետ գործիքներով ու գործողություններով:
Ոչ մի այլ մեկը մեր՝ ամեն մեկիս փոխարեն դա չի անելու:
Եթե չենք ուզում անհայրենիք ու անհետագա մնալ, պարտավոր ենք հենց հիմա, այս պահից դրսևորվելու որպես ինքնուրույն պահանջատերեր, և չմնալ որպես ոհմակի հերթական զոհեր:
Հայաստանը ոչ մի ելք չունի, բացի տոտալ ներքին պատերազմից՝ ոհմակի ու նրա շրջապատի դեմ:
Կրիմինալին ոչ մեկը չի կարող ոչնչացնել, բացի նրանից կոնկրետ վնասված անձը, որը միայնակ իր վրեժը կլուծի կոնկրետ իրեն վատություն արած տականքից, կոնկրետ իրեն հասու ցանկացած ձևերով:
Մեզ համակած այս դժբախտությունների հիմնական պատճառը ոհմակն ու իշխանություններն էլ չեն, այլ ներհանրային հանդուրժողականությունն է հանդեպ կողքի փոքր պնակալեզը, կողքի փոքր խաբեբան, կողքի փոքր կարգազանցը, կողքի նոր-նոր ծիլ տվող տականքը, որը վաղը ոհմակ է մտնելու ու հոշոտելու է հենց մեզ:
Խնդիրը մարդկանց թմրեցնող, թուլակամության տանող հիպնոսից արթնանալն է ու առանձին-առանձին, առանց որևէ մեկի ընկերակցության (որպեսզի ավելորդ վկաներ չլինեն), իրենց անձնապես վատություն պատճառած տականքներին փոխադարձ վնասելը: Եթե նման գոնե 10 դեպք արձանագրվի, երկիրը կսկսի շնչել ու վերակենդանանալ:
Որևէ միասնական կառույցը, կամ լայն, հրապարակային ֆրոնտով՝ «քաղաքական- քաղաքացիականով» գնացողները հիմա անելիք չունեն:
Անելիքը մարդկանց հենց այսպիսի պարզ ճշմարտությունները բացատրելն է: Թաղերում ոչ թե բուկլետ է պետք բաժանել, այլ ծանոթներին անձնական զգաստության կոչել, որպեսզի նրանք էլ իրենց ծանոթներին կոչեն:
Պարտիզանական-ներքին քաղաքացիական-պատերազմական վիճակ է: Մեթոդապես չհիմնավորված որևէ ֆրոնտալ գործողությունը կխորացնի ճգնաժամը: Միայն անձնական, մեկ հոգանոց՝ փոխադարձ հաշիվների պարզեցման քայլերն են մնում իմաստալից: