30-ականների ամերիկյան տնտեսական ճգնաժամը հաղթահարվեց Քեյնսի մոտեցումներով: Դրա իմաստը պետության՝ որպես տնտեսական կարևորագույն միջնորդի, հանդես գալն էր:
Արտադրող-սպառող կապիտալիստական ճգնաժամային ցիկլի մեջ մտավ պետությունն իր ոչ շուկայական աշխատանքի ու աշխատատեղերի առաջարկներով: Պետությունը փող էր տպում և վարձատրում իր նախագծով իրականացվող հանրային, և ոչ շատ խորը մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքներում (ճանապարհներ, կամուրջներ, ինֆրակառուցվածքներ):
Դրանում աշխատած փողն արդեն սպառվում էր մասնավոր տնտեսվարողների առաջարկած շուկայական դաշտում: Սրանով իսկ գտնվեց կապիտալիզմին հատուկ՝ լճացման փուլը հաղթահարելու էֆեկտիվ միջոց:
Հետագայում էլ պարզվեց, որ սպառման արհեստական խթանմամբ հնարավոր է ավելացնել արտադրությունն ու ստանալ պետական-քաղաքական էֆեկտ: Օրինակ, եթե ամեն մարդ ոչ թե 8 ժամ է աշխատում, որ կերակրի իր ընտանիքը, այլ 14 ժամ, ու մարդ ու կին են աշխատում, ու գնում խանութ, առնում են 10 անգամ իրենց անհարժեշտ-պահանջվածից շատ ու թափում աղբարկղ, ապա այդ դեպքում ամբողջ պետությունը սկսում է ցուցաբերել 10 անգամ առավել բնակչությանը ու հզոր երկրին հատուկ համախառն պոտենցիալներ:
Ու դա էր նաև հետևանքը, որ բնակչությամբ մոտավորապես իրար հավասար ԱՄՆ-Սովետ մրցավազքում ԱՄՆ-ը իր ինտենսիվ սպառման հաշվին և դրանով խթանվող արտադրությամբ երևակվեց որպես միլիարդի կարգի բնակչության պոտենցիալին համարժեք էֆեկտիվ պետություն ու սովետին ստիպեց կապիտուլացիայի:
Իրականում հաղթեց ոչ թե կապիտալիզմի առավել լինելը, այլ արժեքային կարգախոսը՝ արտադրիր շատ, սպառիր շատ, փչացրու արագ:
90-ականներից այս սխեման էլ սկսեց վատ աշխատել, սպառողները սպառում էին միայն այնքան, ինչքան վաստակում էին:
Սա հաղթահարելու ձևն էլ գտնվեց- մտցվեց՝ լայն կրեդիտը, այսինքն պարտքով սպառելու մշակույթը: Դրա իմաստն այն էր, որ եթե դու վաղը փող ես վաստակելու, կամ մասնագետ ես դառնալու ու մեծ փող ես սարքելու, ապա արի հիմա պարտք վերցրու ու ծախսիր, իսկ հետո բժիշկ, ինժեներ, կամ մի որևէ բան դարձար, կամ աշխատավարձդ ստացար, հետ կտաս այդ փողն ու վրայի տոկոսը:
Ու սկսվեց բանկերի կողմից շատ ավելի մեծ փող սարքելը:
Սկսեցին մարդուն պարտքով առնել ստիպել՝ մեքենա, տուն, սառնարան ու նույնիսկ հագուստ ու ուտելիք գնել տալ:
Բանը հասավ նրան, որ հանրային կարծիքի լծակներով սկսեցին ստիպել, որ աշխատավարձի ու եկամուտի աճին համապատասխան տունդ փոխես, ավելի լավն ու մեծը գնես:
Ամերիկյան ներկա ստանդարտով միջին տունը վաճառքի է հանվում մոտ 5 տարին մեկ: Իսկ ինչպես հայտնի է, առաջին տարիներին վճարվում են հիմնականում տան բանկային տոկոսները:
Արդյունքն էլ է հայտնի՝ ներկայում Ամերիկայի միայն 10 տոկոսն ունի լրիվ վճարված սեփական տուն, մնացած տները կիսատ վճարված են և փաստորեն բանկերի սեփականությունն են:
2008-ին պայթեց նաև տների փուչիկը: Չմանրամասնելով ասեմ միայն, որ արդյունքում պարտք ունեցող տներն անցան բանկերին, մարդիկ շպրտվեցին փողոց, փողն ու ունեցվածքն էլ էլ ավելի կենտրոնացավ բանկիրների ձեռքում:
Պետությունն էլ դարձավ բանկիրի կցորդը, որովհետև ճգնաժամի պայմաններում բանկիրը շանտաժով ստիպեց պետությանը էմիսիոն փողով վճարել ոչ թե աշխատողին՝ հանրային գործ անելու դիմաց, ինչպես 30-ականներին դա արվեց, այլ ուղղակի փողը տալ իրեն՝ բանկին, որ բանկը չսնանկանա ու շարունակի իր աշխատանքը:
Այդպես էլ արվեց, բանկերին ներվեցին կուտակված պարտքերը, և որևէ մեկը պատասխանատվության չկանչվեց, որովհետև զուգահեռաբար առկա էր մշտական արհեստական պատերազմի ֆոնը «տեռորի դեմ», ու ձայն հանելու իրավունքն էր առևանգված մարդկանցից:
Հիմա էլ այդ ճգնաժամը, գումարած ֆինանսապես միացյալ, բայց քաղաքականապես դեռ տարանջատ Եվրոպայի քաղաքական անտրամաբանականի հետ, նոր թափով մտավ Եվրոպա:
Նույն համակարգի մեջ, ուր փող տպելու իրավունքը վերցված է անկախ պետություններից ու տրված է գերիշխող պետություններից կազմված մարմնին, սկսեցին խիստ երևակվել արտադրության ու սպառման տարբերություններն ու հակասությունները:
Պարզվեց, որ տարբեր երկրների մոտ, ներքին ֆինանսական էմիսիոն լծակների բացակայության պայմաններում, մեկը քիչ, մեկը շատ է սպառում ու արտադրում: Ու խախտվեց փողի իմաստն իսկ: Արդյունքում հիմա էլ բանկային լծակներով ուժեղները սկսեցին բռնագրավել ամբողջ թույլ երկրների ու մարդկանց ունեցվածքը:
Երեք օր առաջ տեղի ունեցավ ամենասարսափելին՝ բանկերը սկսեցին խաղալ մեծամաշտաբ խաղեր՝ փողի մնայուն էկվիվալենտը՝ ոսկին արժեզրկելու ուղղությամբ:
Դրա ուղղակի հետևանքը պետության դերի աննախադեպ նսեմացումն է լինելու և բանկային ֆինանսա-քաղաքական դիկտատի ծավալումը:
Շեշտեմ, որ պետություններն ունեն սուվերենության մի քանի առանձնահատուկ պարամետրեր, առանց որոնց նրանք այլևս պետություն չեն: Դրանք են սեփական արժույթը, բանակը, տարածքը:
Գլոբալացմամբ ու փողի միջազգային հոսունությամբ ինչ որ չափով արդեն անորոշացել էր տարածքի գաղափարը:
Ներկա հարձակումը փողի հիմքերի վրա ու բանակի մշտական ներքաշումը «տեռոր» կոչված հրահրվող երևույթի դեմ, ճգնաժամի մեջ կդնի գերտերություններին՝ որպես որոշումներ կայացնողի և միջազգային սուբյեկտների:
Աշխարհը ներկայում բաժանված է տրադիցիոն հին տիպի՝ ռեալ արտադրության վրա հիմնված տնտեսությամբ երկրների՝ Չինաստան, Ռուսաստան, ասիական զարգացող երկրներ, և դրանց հակառակ՝ Եվրոպա, Ամերիկա` գլոբալացված ու բանկային համակարգերի ճնշման տակ կառավարվող ու ֆիզիկապես սակավ արտադրող ու արդեն ոչ սուվերեն երկրների:
Ասելիքս ավարտեմ բանկային ծառայությունների իմաստը պարզեցնող մեկնաբանությամբ:
Դեռ կապիտալիզմի արշալույսին գիտակցվեց, որ փող-ապրանք-փող ցիկլի մեջ կա կրիտիկական ժամանակային դիսբալանս: Ապրանքի վերածումը փողի առավել մեծ ժամանակ է պահանջում, և հնարավոր կորուստներն էլ ավելի մեծ են նախորդ փուլի համեմատ:
Եւ առաջնային խնդիր դարձավ ժամանակի մեջ համաձայնեցնել, սինխրոնացնել այդ օղակները: Տարբերակը՝ սպասել, մինչև արտադրվածը վաճառվի ու հետո նոր խմբաքանակ արտադրվի, էֆեկտիվ չէր: Հետևաբար, առավել իմաստալից դարձավ պարտքով կողմնակի ռեսուրսներ, փող գտնելը, ֆինանսավորելու ոչ ցիկլային, համաչափ արտադրությունը, մինչև հետ կգա արտադրված ապրանքի վաճառքից ստացվող գումարը:
Այ այստեղ էր, որ որպես տնտեսվարողի գործընկեր, հայտնվեց բանկիրը, որը սկսեց ֆինանսավորել արտադրողին՝ փակելու այդ ժամանակային ճեղքը: Հետագայում տարբեր ասպարեզներում այդպիսի ճեղքերի փակելն անցավ մասնագիտացած բանկերին: Դրանց գումարվեցին նաև ներդրումային, վարկավորող բանկերը:
Կապիտալի պտույտի արագության մեծացմանը զուգահեռ, ներկայում մշակված են ստույգ ու խիստ քանակական սխեմաներ, որոնցով ապահովվում է ֆինանսատնտեսական- արտադրական ողջ ցիկլը:
Այսպիսով, սկզբնապես արտադրական պրոցեսում իրոք կարևոր, պետքական մաս լինելով հանդերձ, ներկայում բանկային համակարգերն անցել են մակաբուծման ու գերիշխանության՝ արտադրական, տնտեսական և արդեն պետական-քաղաքական պրոցեսների վրա: Եւ պարզ չէ, թե ինչ է լինելու ամենամոտ ապագայում իսկ: