Ավարտվեց ապրիլի 9-ը: Իմ հաշվարկներով, այն շարքային օր էր, բայց պարզվեց որ ոչ՝ փոխադարձ հաշիվ մաքրոցիի, իրար սխալ հանելու, մաղձ թափելու սկիզբ էր:
Հայաստանյան քաղաքական փոքր կաթսան բլթբլթաց, եռաց ու հիմա դանդաղ սառչում է: Րաֆֆիի արածն ու չարածն ամեն մեկը յուրովի մեկնաբանեց, չափեց, ձևեց ու թացն ու չորն իրար խառնած շպրտեց հանրության դատին:
Րաֆֆին էլ «պակաս չմնաց»՝ սկզբում ենթարկվեց Բաղրամյան 26 գնալու սադրանքին, հետո էլ, դեմ առնելով ոստիկանական պատնեշի, գնաց ոստիկանապետի հետ աղոթելու:
Իհարկե նորմալ օր չէր ապրիլի 9-ը՝ մի բաժակ ջրի մեջի մեծ փոթորիկ էր, որը խառնեց, տակն ու վրա արեց կուտակված քիչ թե շատ դրական սպասելիքը:
Րաֆֆիի արած-չարածի ու վարքի մասով
1. Րաֆֆին իրավունք չուներ տեղի տալ Բաղրամյան 26 գնալու կոչերին: Ինքը պարտավոր էր շատ վաղուց պարզեցնել իր խոսքն ու բացեիբաց հայտնել իր անելիքը, մեթոդաբանությունն ու քայլերը բոլորին:
Հայկական քաղաքականում ոչ մի թաքուն քայլ հնարավոր չէ անել: Եւ միակ ու լավանգույն ելքը Րաֆֆիի համար նախօրոք ամեն ինչ հրապարակավ ասելն էր:
Իշխանական համակարգն ակընհայտ ճգնաժամի մեջ է: Եթե հայտնի էին նրան հաղթելու, կազմալուծելու ձևերն ու քայլերը, ապա այդ մասին պետք է նախօրոք հայտնվեր և բաց քայլերով առաջ գնալ, որը և կավելացներ մարդկանց մասնակցությունը, և առավել կուժեղացներ ցուգցվանգը համակարգի ներսում:
Իսկ եթե քայլերը դեռ գտնված չէին և հույսը պատահականություններն էին, ապա դա ծայրահեղ անլուրջ է:
2. Իմ կարծիքով, Բաղրամյան 26 գնալու պահանջին Րաֆֆին պարտավոր էր մանրամասն բացատրել, որ այդ ճանապարհով ես չեմ գնալու: Ես կերտելու եմ մշտապես գործող ստվերային կառավարություն ու իմ անելիքն է լինելու այս իշխանություններին մեկնաբանելը, ամեն հարցի առթիվ ալտերնատիվ մոտեցումներ ու լուծումներ տալը, ամեն հարց հրապարակայնացնելն ու հենց դրանով իշխանության ու այն կազմող անձերի կյանքը «դժոխք» սարքելը: Որ ես, Րաֆֆիս, ձեր ընտրյալը, այսպես եմ տեսնում իմ հետագա անելիքը:
Եւ եթե սա ձեզ ձեռք չի տալիս, ապա գնացեք ձեր ճանապարհով, իսկ ես կմիավորեմ այս ձևով գնացողներին ու կշարունակեմ իմ պայքարը:
3. Որևէ ընդդիմադիր կուսակցություն չփորձեց միանալ Րաֆֆիին: Ավելին, ընդդիմադիր կուսակցական ու անձնական հողի վրա խանդոտ հատվածն ամեն ինչ արեց Րաֆֆիին տապալելու ու տապալված ներկայացնելու համար: Մի գուցե նաև նրանք էին, որ հրահրեցին քայլը դեպի Բաղրամյան 26-ի «քաղաքական փակուղին»:
Բայց, մյուս կողմից էլ, Րաֆֆին պարտավոր էր դա կանխատեսել ու նախօրոք պատրաստի հակաքայլեր- լուծումներ ունենալ:
4. Րաֆֆին պարտավոր էր արդեն իսկ ընդլայնված ու կոնկրետ ֆունկցիաներ վերցրած սատարողների թիմով ներկայանալ երդմնակալությանը, որը մարդկանց կայունություն ու լրջություն կներշնչեր: Բայց ինքը գերադասեց մեկուսացած մնալ քաղաքացիական շարժումներից ու նրանց համագործակցության առաջարկներից:
5. Այս 2 օրվա ընթացքում լրատվությունն ու կայքերը ողողվել են Րաֆֆիին պարտություն գրանցող վերլուծականներով, և հարվածը ծանր է լինելու ոչ միայն Րաֆֆիի, այլ մեզ բոլորիս համար:
Դժվար է տրամաբանական բացատրություն գտնել Րաֆֆիի այս վարքին: Միակը բացատրությունը, որ գալիս է միտքս, այն է, որ ինքը դեռ հույս էր փայփայում, որ իշխանությունները գնալու են զիջումների, և ինքը չէր ցանկանա ծանրաբեռնել իրեն պարտավորություններով հանդեպ իրեն միացածները՝ իշխանություններից կոմպրոմիսային համաձայնություններ կորզելու դեպքում:
Իշխանությունների վարքի մասով
1. Սերժ Սարգսյանի մեկուսի հավաքն ու երդմնակալությունը հանրային ծանր նստվածքով պրոցես էր, որը վայել չէր ոչ դարի ոգուն, ոչ նման վիճակում գտնվող երկրի կերպարին, ոչ էլ նրան մասնակից ու իրեն հարգող որևէ մեկին:
2. Ոստիկանությունը փորձեց ներկայանալ որպես անկոտրում եւ ուժ կիրառելու պատրաստ ուժ, որը մարտի մեկի հինգամյա ընդմիջումից հետո նոր, ծանր ահաբեկման բերեց հայաստանյան ժողովրդին:
3. Արդեն իսկ տարակուսանքներ կան շատերի մոտ, թե ով է երկրում հարց լուծողը՝ օլիգարխը, ոստիկանը, նախագահը, թե ուղղակի ավազակապետություն է: Նման է, որ գործ ունենք ամենածանրի հետ՝ անսկզբունք հավաքածու է, որը վտանգի պահին մոբիլիզացվում է զուտ պաշտպանական նպատակներով:
Մնացած պահերին իշխանություն ասածը անտեր ու աննպատակ, հանրային ռեսուրսները մսխող, մակաբուծող ու թալանող մարմին է երկրի գլխին:
4. Արտաքին որևէ պետական ֆունկցիայից զուրկ ու ներսում էլ ճամբարայինին համարժեք պայմաններ ստեղծած իշխանությունը միայն մեկ խնդիր ունի՝ ամեն գնով վերարտադրվելը: Դա արդեն մոլուցքի հասցված վիճակ է, որովհետև հանցագործությունների բեռի տակ՝ նրանց ուշքը-միտքը վիճակը կայուն պահելն է: Փաստորեն, ամեն մի նոր հանցագործություն ավելի է շաղկապում նրանց համախմբվելու, և համակարգը ողջունում է ցանկացած նոր հանցագործությունն ու նոր հանցագործի հայտնվելը թիմում:
Ինչ է լինելու վաղը կամ մոտ ապագայում
Ապրիլի 9-ին Րաֆֆիի վարքի վայրիվերումները դեռ որ շտկելի են, եթե ինքը սթափություն ցուցաբերի ու կտրուկ քայլերով ու փոխադարձ վստահության մթնոլորտում իր շուրջ համախմբի քիչ թե շատ կարող ուժերին:
Րաֆֆին պարտավոր է նախապես հանդես գալ իր հետագա քայլերի տեսական ու մեթոդական մեծ, կոնցեպտուալ գրավոր ելույթով, ուր պետք է ներկայացնի անելիքը, ճանապարհը, ձևերն ու ժամկետները: Միտինգը պետք է մղվի հետին պլան, և սկսվի լուրջ, անտեսանելի ստվերային աշխատանքը:
Ներկա պահի անելիքը միայն Րաֆֆիինը չէ: Րաֆֆին այն նախարժեքային սկիզբն է, որի շուրջ պետք է կուտակվի նոր միտքը, նոր մարդիկ ու նոր մոտեցումները: Րաֆֆիի պրոցեսին դավաճանելը ևս հայկական ավանդականի մասն է: Անցյալում «ախք»-ացնում էր հրապարակի տերը, հիմա մարդիկ իրենք են պատրաստ ախքացնելու ցանկացած մեկի, ով չկարողանա իրենց մանանա մատուցել:
Հենց այս մտայնությունն է պետք հիմա կոտրել: Րաֆֆին միգուցե մեղքեր ունի, բայց հիմնական մեղքը մերն է, որ որևէ կերպ չենք ուզում մասնակից լինել մեր խնդիրների մեր բաժնին: