Հայկական քաղաքական դաշտ կոչված մանկական խաղահրապարակը
Խաբեցիր ինձ մեկ անգամ- ամոթ քեզ: Խաբեցիր երկրորդ անգամ- ամոթ ինձ:
Ժողովրդական
Համաձայն ներկա քաղաքակրթական նորմերի, արտաքնապես ակնհայտ, նշմարելի մտավոր հետամնացություն ցուցաբերողներն ուսանում են հատուկ դպրոցներում, իսկ ոչ նշմարելի մտավոր թերություն ունեցողները հաճախում են նորմալ հանրակրթական դպրոց:
Եթե համակարգն արդար է, ապա տարիների ընթացքում ամեն մեկս մաղվում է իր ունակություններին համապատասխան, կյանք մտնելով կամ որպես 4 դասարանը մի կերպ հաղթահարած կռազի շոֆեռացու, կամ յոթն ավարտած գաջ քաշող, կամ էլ հետագա՝ բարդացող մասնագիտությունների ու կարողությունների ինչ որ սանդղակի անհատ:
Պարզ է, որ ամեն մեկս գիտելիքներ յուրացնելու ու կարողություններ դրսևորելու իր առաստաղն ունի: Այսինքն, օբյեկտիվորեն առկա է մտքի ցածր պոտենցիալներից մինչև մտքի տիտաններն ընկած մի աներևույթ առանցք, որի վրա մտովի տեղադրված անհատներս տարբեր դեր և նշանակություն ունենք թե մեր ու կողքինների և հանրության կյանքում՝ կախված հանրության արժեքայինից:
Վերջին հաշվով, հանրության որոշելիքն է, թե իր մտավոր հետամնացին ու տգետին ինչ տեղ կտա, և իր խելոքին՝ ինչ:
Սովետների օրոք մեր արժեքայինում չկար մեզ՝ հայերիս բնորոշ անհատի ներհանրային դերաբաշխման, պետականության ընկալման ու սպասարկման ֆայլը. համընդհանուր սովետականով էր այն փոխարինված: Բայց և մեզ թվում էր, թե մեզ հատուկ, արդար ու հոյակապ ֆայլը ամեն մեկիս մեջ էլ կա, ուղղակի սովետական բռնատիրականն է այն փակել:
Սովետների վերանալը ոչ թե մեր թաքցված ֆայլը բացեց, այլ մեզ թողեց մեն-մենակ մեր իսկ դեմ: Այսինքն, մեր տգետին, մեր մտավոր հետամնացին ու մեր քիչ թե շատ մասնագետին՝ դեմ հանդիման:
Եւ հենց այս՝ ինքներս մեզ օբյեկտիվ վերաբերվելու խնդիրը, մենք անընդունակ եղանք լուծելու:
Առաջին իսկ օրվանից կանգնեցինք պայմանական ասած կռազի շոֆեր-արժեքավոր մասնագետ երկընտրանքները չտարբերակելու վրա, և պարզվեց, որ կռազի շոֆեռը մեզ համար գրեթե ազգային մասունք է, իսկ մասնագետը՝ ավելորդ բեռ: Կռազի շոֆեռը դարձավ դրության տեր, իսկ մասնագետը՝ գաղթական:
Տեղի ունեցավ տեսականորեն սպասելին՝ անցումային փուլում մտավոր հետամնացն իր տգետ հալով խաբեց նորմալին:
Ի հետևանք, շուռ եկան հանրային նորմերը: Ոստիկանը դարձավ գողի պաշտպանը, դատարանը՝ հանցագործի, իշխանությունները՝ տականքի, և համատարած կարգով էլ՝ գիտունը՝ տգետի ստրուկը:
Եւ քանի որ պետք էր որևէ կերպ բացատրել չդադարող աղետը, հռչակվեց, որ մենք դեռ որ անցումային փուլում ենք:
Գալով տեսականին, փաստենք, որ ուժեղ և թույլ հանրությունների հիմնական տարբերակիչը անհատներին լավագույնս օգտագործելու մեթոդաբանություն և լծակներ ունենալն է:
Ուժեղներն ունեն մեխանիզմներ իրենց նորմալին առաջ քաշելու և պաշտպանելու, մտավոր հետամնացին, տգետին ու աճպարարին էլ մեկուսացնելու ներհանրային ավանդույթն ու գործիքները, իսկ թույլերը՝ ոչ:
Եւ հենց այս թուլությունն էր պատճառը, որ մենք անհույս պետականությամբ մեր աղքատիկ սարերում ենք, իսկ այլոք՝ բարգավաճ կյանքի ու ապահովության մեջ:
Մեր անտեղյակությունն այլ հանրությունների առողջ սկզբունքներից, տրամաբանականից ու նմանատիպ հարցերը լուծելու նրանց փորձից այնքան է հեռու, որ ծայրահեղ ավիրածություններից խուսափելու համար անհապաղ սթափվել է պետք և նոր քայլեր ձեռնարկել:
– Նախ պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ մեր ընկալումները ոչ ադեկվատ են մարդկային հայտնիին և ինչու այլոց փորձը չի կարողանում ներթափանցել մեր թերիի մեջ:
– Եթե թուլություններն արդեն իսկ ներդրված են մեր արժեքայինում, ապա ինչպե՞ս է հնարավոր վնասազերծել դրանք և փոխարենը նորը տեղադրել:
Ինչքան էլ դաժան թվա, մարդկային առաջընթացը ֆիզիկական ու մտավոր հաղթանակի հետևանք է՝ պատերազմում, միջանձնային ու հանրային կոնֆլիկտների մեջ, գիտելիքի ու նորի կերտման ասպարեզներում:
Նույնիսկ սրով ու խաբեությամբ տարած պատերազմական հաղթանակն էլ մի նոր հնարավորություն է՝ առաջ կամ հետ գնալու: Հաջորդ՝ խաղաղ կյանքի փուլում հաղթանակը լավագույնս օգտագործողը պատմություն է կերտում և մասնակցում առաջընթացին: Իսկ պարտվողը դուրս է մղվում պատմությունից և նորը կերտելու ասպարեզից իսկ:
Պարտվողի հետագա գոյությունն ընդամենը բնության կամ հաղթողի բարեհաճության հարց է: Եթե ֆիզիկապես չվերանա էլ, պարտվողը թերի է իր հիմնարար դրսևորումների մեջ, որպես հանրություն: Թերի և անընդունակ է նաև ընկալումների մեջ, որովհետև տաբուապատ է ու հաղթականին հասնելու ռացիոնալ մեթոդաբանականն է բացակայում նրա արժեքայինում:
Նման հանրությունն իր սուբյեկտիվ աշխարհընկալման գերին է՝ զուրկ ընթացող իրականը գնահատելու և պակասն ուրիշներից ընդօրինակելու հատկություններից:
Եզրակացություն. Պետականության կորստի հետ կապված մենք ոչ միայն զրկվել ենք պետականության ավանդույթներից, այլ շարունակաբար պարտվելու պատճառով մեր արժեքայինում ամրացել են բազմաթիվ հիմնարար, սկզբունքային, դրվածքային թուլություններ:
Արցախյան ազատամարտում մենք կորցրեցինք այդ թուլություններից զուրկ ազգի սերուցքը: Իսկ դրանից առաջ էլ, մեր արժեքայինից թուլությունները հանելու հարցը բարձրացրած Անդրանիկ ու Նժդեհ էինք արտաքսել երկրից, հազար ու մի փորձանքների մեջ հայտնվել, բայց անընդունակ եղել փաստելու և ինքնախոստովանելու մեր խորքային թուլություններից որևէ մեկը:
Զարմանալի բան է կատարվել՝ պարտվելով դրսերում, մեր մեջի մտավոր հետամնացը ներսում հոխորտացել է ու հանրությանը պարտադրել իր կործանարար արժեքայինը, կռացնելով նրան մինչև իր զրոյական մտավորը:
Նայենք մեր շուրջն այսօր՝ «ստռատեգների» պակաս չկա, բայց նույնիսկ հաղթական պատերազմից հետո արտաքին քաղաքականը ողբալի է: Ներքինում էլ՝ «գործարարների» պակաս չկա, բայց զրոյական արտադրություն է, և հումանիտար վիճակն էլ համարժեք Գենոցիդի հետևանքներին:
Անկախությունից 22 տարի անց, մենք դեռ կանգնած ենք կռազի շոֆեռ-գրագետ մասնագետ երկընտրանքի՝ մեր հանրայինը կարգի գցելու հիմնախնդրի առջև:
Եւ այս տրամաբանական ու գործնական պարադոքս թվացող փաստն է մեր երեկվա, այսօրվա ու վաղվա հիմնական խնդիրը:
Հետևյալ բացատրությունը կա կատարվողին:
Ներիշխանական գզվռտոցը, սպանություններն ու թալանը հայտնի են աշխարհին և ինչ որ առումով նորմալ են համարվում: Մեր օլիգարխը թեկուզ և ունի կռիշ ասածը, բայց և ինքն իրենից սուվերեն ուժ է ներկայացնում, և իշխանությունը ստիպված է հաշվի նստել նրանցից յորաքանչյուրի հետ:
Այսինքն, ներիշխանական հատվածում «ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ» է տիրում, քան ընդդիմադիր դաշտում: Իշխանականում ամեն մեկը սուբյեկտ է՝ իր շահերի տերն է ու ամեն մեկն անձնապես է զբաղված իր շահերի սպասարկմամբ: Ամենուր՝ առօրյա կյանքում, շուկայի բաժանման, սեփականության գռփման պրոցեսում, և նույնիսկ պառլամենտ մտնելիս նրանք ֆիզիկականով ու իրական պոտենցիալների ուժով են իրենց իրավունքները հաստատում:
Դրա համար էլ մեթոդները երբեմն նուրբ են, երբեմն արյունալի: Օրինակ, Արմավիան իր մոնոպոլ դիրքով մի քանի տերերի անխնա թալանն ապահովեց: Իսկ երբ համն արդեն դուրս էր եկած, և ասպարեզը լքելու խնդիր առաջացավ, արագորեն գնացին սնանկացման ձևակերպման ճանապարհով: Եւ թալանի ողջ կծիկն իր բոլոր դրվագնելով՝ ներառյալ նաև ինքնթիռի կործանումը ծովում, կմնա անցյալի մթության մեջ:
Մյուս օրինակը: Սամվել Ալեքսանյանն իբր դժգոհ է Կարֆուրից և «ստիպված է» նրան վաճառելու իր ցանցը: Փողերի լվացման հոյակապ ձև է՝ օրը ցերեկով մոնոպոլ – բեսպրեդել թալանի արդյունքն օրինականացվում է օրինական վաճառքով:
Այսինքն, իր բոլոր գեշություններով հանդերձ, ներիշխանական հարաբերությունները մրցակցային- տրամաբանական են:
Ընդդիմադիրն է անբնականը, ուր կոնկրետ անձի շահը քողարկված է, և զուտ հանրայինն է իբր առաջնային: Արդյունքում, անելիքն էլ է լղոզված ու անիրական:
Օլիգարխն իր բանդայով ու այլ պոտենցիալներով ֆիզիկապես է պարտադրում իր կամքը մնացած ախպերականին: Իսկ ընդդիմադիրը՝ չգործող սահմանադրականով, անատամ միտինգով ու չգիտես ում:
Ներօլիգարխական հիերարխիան խիստ կոնկրետ է՝ ով ինչքան փող, զորք ու հնարավորություններ ունի՝ համապատասխան դիրք է գրավում իշխանության մեջ:
Ընդդիմադիրների ներսում միակ տարբերակիչը միտինգի քանակ հավաքելն է ու խոսելու ձիրքը: Եւ քանի որ տարբերակիչը դա է, ապա ավտոմատ ծագում է ընդդիմադիր մոնոպոլիայի հարցը, որն էլ ամբոխի միջոցով սրան-նրան ախքացնելու մեխանիզմով է արվում:
Եթե մանրամասնելու լինենք, ապա կպարզվի, որ օլիգարխական այս հոշոտող համակարգը շատ ավելի կուռ ու տրամաբանական կառույց է, քան ընդդիմության հեղհեղուկ ամբոխավարությունն ընտրությունից ընտրություն:
Ո՞րն է սույն ոչ ադեկվատ ընդդիմությունը հրապարակից հեռացնելու և նորմալով փոխարինելու միջոցը:
Նրա գոնե մի հատվածը քաղաքացիական ակտիվիզմով փոխարինելն արդեն հաջող ընթացքի մեջ է, և մեծ գործ է արվել այդ առումով:
Այլ գործնական ելքերը շատ չեն, որովհետև «շահագռգիռ» լրատվությունը ողողված է նման ընդդիմադիրների գեղարվեստական խոսքով՝ առ սահմանադրական, բայց ոչ ժողովրդավարական անելիքը:
Իսկ սա փակուղի է, որովհետև մեր հանրության 95 տոկոսը չի տարբերում սահմանադրականը ժողովրդավարականից: Բացի այդ էլ, իր ճշմարտացիության մեջ համոզված ոչ մասնագետ մեկին չես կարող ապացուցել, որ ինքը սխալ է: Եւ լրագորղին էլ չես կարող արգելել՝ իր գործն անելու:
Եւս մեկ անգամ շեշտեմ, որ ժողովրդավարականը սահմանադրականը չէ, այլ սուբյեկտային վարքն է, որը պայքարի հազար ու մի ձև ունի: Միտինգիստները թող իմանան, որ անհնար է միտինգով հարց լուծելը, որովհետև ամենաքիչը միտինգը չեզոքացնում է ներիշխանական այդ պահի տարաձայնությունները և կոնսոլիդացնում նրանց՝ համատեղվելու ընդդիմության դեմ:
Անհնար է նաև սպասելով, հանդուրժելով, դիմանալով հարց լուծելը, որովհետև օլիգարխիան չի սպասում, գործում է, որի արդյունքում երկիրն է անդառնալի կործանվում:
Որպես իրական և երբևէ չօգտագործված ռեսուրս կարելի է նշել ներհանրային անհանդուրժողականության ձևավորումը հանդեպ փոքր և միջին տրամաչափի բարեկամ թալանչին: Բայց դա էլ ազգային ու հոգեբանական բարդություն ունի՝ մեծին որպես թիրախ սովորած մարդուն փոքրերով ու մանավանդ բարեկամ փոքրով չես հետաքրքրացնի, թեկուզ հազար ձևով էլ բացատրես, որ մեծի հենարանը քո պաշտելի փոքրն է:
Ելքի այլ հնարավորությունները խիստ սահմանափակ են: Խնդիրը դրանք տեսնելն է և նոր մեթոդաբանությամբ նախկին՝ պարտության տանող արահետներից դուրս գալը: