Դժոխքը դատարկ է՝ բոլոր սատանաներն այստեղ են
Վիլյամ Շեքսպիր
Կարծում եմ, որ բոլորս վաղուց հասկացել ենք, որ մեր քաղաքական խնդիրն այլևս ոչ թե իշխանություններն են, այլ իշխանություն փոխելու հանրային անկարողությունը:
Մեզանում նույնիսկ հանրահայտ ճշմատությունները չեն աշխատում:
Իմ կարծիքով, մեր հիմնական ու կարևորագույն բացը քաղաքականից ու քաղաքական ադեկվատ մեթոդաբանությունից հեռու լինելն է, այն անտեսելը, նրանից հրաժարվելը, այն հիմնովին մերժելը:
Տարիներ շարունակ նույնը կրկնելը ոչ մի կերպ չի օգնում, քանի որ «Ձայն բարբառո հանապատի»-ն համատարած է:
Իմ սույն ասելիքն ընդամենը համախոհների շփման դաշտում մի արձագանք է իրականությանը՝ հետագա հուշերի համար՝ միգուցե:
Նախապես համաձայնվենք մի քանի կարևոր ելակետերի շուրջ՝
1. Քաղաքականությունը դա սեփական կամքի պարտադրումն է դիմացինին, դիմացիններին, հարևաններին, ոչ հարևաններին, թշնամիներին, երկրներին, ռեգիոններին, աշխարհին, և նույնիսկ մարդկությանը:
2. Կամք պարտադրողը կոչվում է սուբյեկտ: Պարտադրվողը կոչվում է օբյեկտ, կամ էլ ավելի բարեհնչյուն՝ պարտադրման առարկա:
3. Օբյկետը չի կարող մասնակցել քաղաքականություն կոչված պրոցեսին, որին մասնակից են միայն ու միայն սուբյեկտները:
4. Ի տարբերություն մեր «ձեռներեց ու ճարպիկ» սուբյեկտների, ովքեր իրենց շահերի, դիրքի ու կամայական իրավունքների ու արտոնությունների համար ֆիզիկական պայքարի մեջ էին օր ու գիշեր, շարքայիններից ոչ մեկս իր շահի համար չպայքարեց, իր որևէ կոնկրետ անելիքը չտեսավ, չպատկերացրեց, հիմա էլ մտքում ու տեսադաշտում չունի:
5. Մենք չենք կերտում մեր կյանքը, այլ սպասում ենք, թե ինչ որ մեկն այն կապահովի մեզ համար:
6. Մենք կյանքն ընկալում ենք որպես դրսից մեզ մատուցվող իրականություն, ինչպես եղանակը, ինչպես Մերսեդեսը, նարինջը, ինչպես ամեն մի նորությունը, որի կերտողը ցանկացած ուրիշ մեկն է, բայց ոչ մենք:
Ասվածից բխում է մի անմխիթարելի հետևանք. որ օրինակ հայկական յուրաքանչյուր օլիգարխ, գող կամ հանցագործ, այսինքն՝ «իրենք», սուբյեկտ են, բայց ես, դու, նա, դուք, նրանք՝ օրինավոր, ենթակա մարդիկ՝ ոչ:
Լավ, ի՞նչն ենք սխալ անում կոնկրետ այս պահին, որը քաղաքական-քաղաքագիտական չէ: Ընտրությունը որպես փոքր սուբյեկտներ արեցինք, ձայներն էլ հոսեցին դեպի միակ ընդդիմադիրը: Ընտրյալը հացադուլի մեջ է, կողքը ահագին մարդ կա, կրակողներն էլ հեռու՝ իրենց պալատներում: Էլ ի՞նչ արվի՝ «արդարացիորեն» կհարցնի «հայոց-համազգային» ավանդական միջին հայը:
Բարդ հարց է թվում: Իրականում անելիքը չի երևում, որովհետև այն չկա մեր մտքերում և նույնիսկ տեսականորեն չի պատկերացվում:
Ամեն դեպքում, եկեք «ընկալողներով» ու «տեսնողներով» մեր տեսածն ու իմացածն իրար ցույց տանք ու պատմենք:
Օրինակ, ես ինձ ընկալողին ասում եմ՝ Րաֆֆիի հետ կգնամ իր ճանապարհով այնքան ժամանակ, քանի դեռ իր քայլերում քաղաքականի նշույլներ կան: Երբ շեղվեց դրանցից էլ, կդառնամ իր քննադատը, ոնց եղածի քննադատն եմ եղել մինչև հիմա: Կասեմ նաև՝
– Որ շարքայինները շատ ավելի հասունացած են քաղաքականապես, քան հրապարակային դեմքերը, որովհետև նրանք այլևս չունեն դոգմաներ ու կուռքեր, չեն հավատում որևէ մեկին՝ բացի իրենցից, և ավելորդ անգամ չեն ցանկանում խաբված լինել:
-Որ շատ մարդիկ են տեսնում, որ խնդիրն այլևս դաշտը ոչ քաղաքականներից ազատագրելն է:
Բայց ինչպե՞ս:
Օրինակ, հենց այս պահին Րաֆֆին հաղթել է նախագահական ընտրություններում և իր հաղթանակն ուզում է «ջրիկացնել», ի չիք դարձնել քաղաքային ընտրություններում սպասվելիք կործանարար պարտությամբ:
– Ինչպե՞ս իրեն ու իրեն հարող ահռելի հատվածին հակադրվես ու հաղորդես, որ պատահականության շատ մեծ մասնաչափով Րաֆֆին մնացել էր մենակ և այդ պատճառով էլ ավտոմատ ստացել էր ընդդիմության ձայները:
– Որ եթե ինքներս մեզ ազնիվ լինենք ու սթափ նայենք կատարվածին, ապա կտեսնենք, որ այլոց մասնակցության դեպքում, Րաֆֆիի չկեղծված ձայները չէին անցնի ասենք, առավելագույն լավատեսական 20 տոկոսից:
– Այս փաստերի ներքո, ին՞չ կշահի Րաֆֆին և Րաֆֆիի շուրջ կուտակված պրոցեսը, եթե նման կամ շատ ավելի համեստ արդյունք արձանագրվի սպասվող քաղաքային ընտրություներում:
Չէ՞ որ հանրահայտ քաղաքագիտական ճշմարտություն է՝ որ ինչքան ներքև ընտրական մակարդակներով ու պաշտոններով, այնքան մեծանում է մարդու կենցաղային փոքր շահը և փոքրանում ընդհանուր, հանրային-քաղաքականը: Եւ բացի այդ էլ, մեր թաղային ախպերականը «հոյակապ» է տիրապետում թաղ «նայելուն» և թույլ չի տա որևէ շեղում իր սցենարներից:
Գումարած այս ամենին, ընտրություններին մասնակից է ողջ ընդդիմադիր դաշտը, որն իր լծակներն ունի իր թեկնածուների օգտին, և վերցնելու է իրեն հասանելիքը:
Հետևաբար, հավանականությունները հաշվի առնելով, Րաֆֆիի ձեռնարկած՝ իր թեկնածուով քաղաքային ընտրություններին մասնակցելու պրոցեսը շատ մեծ հավանականությամբ անհաջող է լինելու:
Իսկ ինչ է նշանակում այդ անհաջողությունը, քաղաքագիտական լեզվով արտահայտած:
Ըստ այդ գիտելիքի, շարքայինը երբևէ չի ընդունում մեկ անգամ արդեն պարտվածին: Հանրությունը կարող է ընդունել խաբեությամբ պարտվածին, բայց կլքի նրան, երբ տեսնի, որ այդ անձը սխալ քայլերով նորից է պարտվում:
Հետևաբար, քաղաքայինում պարտությունը նշանակում է Րաֆֆիի նախագահական պրոցեսի ավարտ, կամ էլ առավել կոնկրետ՝ քաղաքական կործանում:
Ո՞րն է նման վախճանի տանող քայլին գնալու իմաստը: Չէ՞ որ ներկա վիճակում դրական ելքի շանսերը շատ ավելի մեծ են, որովհետև իշխանություններն իրականում որևէ ադեկվատ պատասխան չունեն: Կեղծել են, և դա ապացուցվել է բազմնաթիվ դրվագներով, իսկ հակադրմամբ ու զիջմամբ հանգուցալուծելու պրոցեսն էլ ընթացքի մեջ է:
Ո՞րն է առկա ռացիոնալը սպասվելիք իռացիոնալի հետ փոխելու տրամաբանությունը: Չէ որ իռացիոնալով մշտապես հաղթելու շանսը զրո է:
Ծայրահեղ դեպքում, ժառանգությունը որպես կուսակցություն կարող է մասնակցել ընտրություներին, և միայն այն դեպքում, եթե տեսնում է իրական շանսեր: Բայց դա որևէ կերպ չպետք է կապվի, առնչվի, միատեղվի Րաֆֆիի նախագահական պրոցեսի հետ: Չբացառենք նաև, որ իշխանությունները քիչ կկեղծեն, որովհետև եղածն իրենց բավական է:
Ի՞նչ է ասվելու չկեղծված, բայց պարտված ընտրությունների պարագայում:
Քաղաքական առաջընթաց պրոցեսը համեմատելի է ավտոբուսներով ճամփա գնալու հետ: Սկզբից նստում ես ասենք մինչև շրջանային տանող ավտոբուսը, որ հետո էլ այլ ավտոբուսով Մասիվ հասնես:
Ավտոբուսի մեջ եղած ժամանակ քո տերն ու տիրականը վարորդն է, ով կարող է քեզ կործանել էլ: Եթե տեսնում ես, որ վարորդն անփորձ է, վարել չգիտի, ապա կամ վերցնում ես ղեկը, ինքդ ես վարում, կամ էլ հենց առաջին կանգնառին իջնում ես, սպասում մի այլ ավտոբուսի՝ իր վարորդով:
Ասվածը քաղաքական տրամաբանական դաշտ տեղափոխելով այլաբանենք, որ
1. Հնարավոր է, որ մեկ լիդերով տեղ չհասնես՝ ինքը շեղվի քո ուղուց (եւ դա հիմնական հանդիպող տարբերակն է): Դու ես որոշողը, թե որ լիդերով ինչքան ես առաջ գնալու:
2. Ինքդ ես պարտավոր քաղաքական դաշտում աճեցնելու, սատարելու և ճանապարհ տալու այն լիդերներին, ովքեր առավելապես քո պես են մտածում, քո ճանապարհով կգնան և քո շահերի պաշտպանը կլինեն:
Կրկնվեմ՝ ոչ թե պատրաստի լիդեր պետք է հայտնվի ու քեզ ուղի ցույց տա, այլ դու պետք է ցանես այն սերմերը, դնես այն պահանջարկը, որից հենց քեզ առաջ տանող քո ուզած մեկը կաճի, կամ էլ հրապարակ կմտնի որպես պահանջված:
3. Եթե լիդերներից այրված, այլևս քաղաքականից ես հրաժարվում, ու տեղը ոչ մի այլ միջոց չես հակադրում ու չես էլ ակնկալում, ապա դու քաղաքականում անելիք չունես՝ և կգենոցիդվես, և կարտագաղթես, և կանտեսվես թե ներսում և թե աշխարհի կողմից:
Մի պարզաբանում էլ երկխոսության ու նամակագրության հաշվով:
Ժամանակն է բանահյուսական-քաղաքագիտական դեմագոգիայից դուրս գալու: Երկխոսությունը (դիալոգ) քաղաքական պրոցես չէ:
Երկխոսությունը հրապարակային կամ թատերական ակտ է, ուր 2 հոգի իրենց տեսակետներն են ներկայացնում ինչ որ բանի շուրջ՝ ի լուր հանդիսատեսի:
Քաղաքական պրոցեսը բանակցությունն է, ուր կոնֆլիկտող կողմերը ստիպված ներկայացնում են իրենց դիրքայինը, ու հետապնդում իրենց շահայինը՝ հետևում ունենալով իրենց շահերը, փաստարկները, ֆիզիկական սատարողներին ու իրական բանակները:
Երկխոսությունն ավարտվում է վարագույրով, զանգով ու երբեմն էլ ծափահարություններով, իսկ բանակցությունը՝ կռճտացող ատամներով, շոշափելի արդյունքով, կամ կորուստով: Րաֆֆիի հետևում սկզբում մեծ թվով ընտրական ձայներն էին, որոնք օրեցօր փոշիանում են քաղաքական ադեկվատ մեթոդաբանության ու կոնկրետ քայլերի բացակայության պայմաններում:
Բացի այդ էլ, ի վնաս Րաֆֆիի լարված է հացադուլի ժամացույցը, որը շատ շուտով գործը կհասցնի և ողբերգության, և անլրջությունների:
Խնդիրը մարդկանց մեջ ոչ թե հույս, այլ կամք արթնացնելն է:
Րաֆֆին պարտավոր է տղամարդավարի դուրս գալ հացադուլից և շարունակել իրական, ֆիզիկական պայքարը:
Դրանով իսկ Րաֆֆին մեծ, նոր, իրական իմպուլս կհաղորդի ժողովրդին: Ու ժողովուրդն էլ չի թերագնահատի այդ բաց, շիտակ կամայինը և իսկապես միլիոնով կհավաքվի իր շուրջը:
Ոչ մեկին դիակ պետք չէ (նույնիսկ Քրիստոսի դիակն իր ժամանակակիցներին պետք չէր): Գալով այս լեզուն ընկալողներին, եզրակացնեմ հետևյալը՝ Քաղաքականությունն առաջին հերթին իրատեսություն է պահանջում:
Իրատես լինենք, որովհետև պահն է երկիշխանության ձևավորման, և սա արդեն ոչ միայն Րաֆֆիի խնդիրն է, այլ այդ գործն առաջ տանող հանրության:
Հասել ենք մտածելակերպի և մեթոդաբանական սկզբունքային խաչմերուկի, և այլևս միայն ու միայն մրցակցությամբ պետք է գործն առաջ տարվի՝ գաղափարների, կազմակերպչական, լիդերների ու դեմքերի մրցակցությամբ:
Այս պահին Րաֆֆիի հիմնական խնդիրը հացադուլից դուրս գալն է ու առաջնորդելը (ի դեպ, ինքն արդեն իսկ ապացուցել է առաջնորդ լինելու իր հատկությունները):
Մեր խնդիրը երկիշխանություն կերտելն է:
Անհիմն լավատեսականի ու սպասումի ժամանակը չէ: Զգոնություն ու սթափ հաշվարկ է պետք և արագ, գործնական քայլեր, որոնք ըստ եղած մասնակիցների ու նախանշանների, արդեն դժվար չէ գտնել ու անել: