Իշխանության վերարտադրման հարցը համազգային մազոխիզմի է վերածվել:
Լրագրողը ոտքը գետնին զարնելով հացադուլավորից պահանջում է՝ թե «լսել եմ, որ դու նեղացկոտի մեկն ես, հա հացադուլ ես անում, նույնիսկ կենցաղում: Հլա մի հատ բացատրի, տեսնեմ»:
Քաղաքացիական ակտիվիստին ասում են՝ «Երանի քո հավեսին»:
Նախորդ «աբիժնիկների» մի քանի շերտեր են գոյացել, ու արդեն դժվար է հասկանալ, թե ով ում հետ ինչ պատճառով «չունի»:
Նորմայից դուրս խանդն ու տրամաբանականն անտեսող «լամ, թե խնդամ»-ն ամեն քայլափոխի միահյուսվել ու ֆանտասմագորիկ իրականություն են կերտել, որում շարքայինը կորցրել է քաղաքական, մարդկային ու արժեքային առանցքներն ու հենարանները:
20 տարի է տեղապտույտի մեջ ենք, բայց մարդկանց հուզողը ոչ թե պատճառներն ու դրանցից դուրս գալու ելքերը փնտրելն է, այլ պրոցեսի նկատմամբ հոգնած անհետաքրքրությունը:
Մի կողմից սա իրոք անհետաքրքրություն է, բայց մյուս կողմից էլ դիկտատ է, պարտադրանք՝ թե կողմ քաշվիր, տեղդ վեր ընկիր, դու ի՞նչ նոր խաղեր ես տալիս:
Փաստորեն պարտվածը, հոգնածը, իսկ իրականում տգետն ու թույլիկը համառորեն ու ամեն հնարքով դեռևս չհոգնած ու այլ կերպ մտածող ու գործող մարդկանց փորձում է հավասարեցնել իր մակարդակին ու սկզբունքերին:
Սա նորություն չէ, անցած իշխանությունները երկիրն իրենց մակարդակին կռացրեցին, հիմա էլ նոր տերերը հանրությունն են կռացնում մինչև իրենց մակարդակ, որ հավերժ իշխեն:
Արդյունքում այն մթնոլորտն է, ուր ամեն նորմալ քաղաքացու դեմ բազմաթիվ հակառակորդներ ու արգելակիչներ են գործի դրված՝ սկսած ծախված լրագրողից ու բարեկամ «մուննաթչի» մեկից, վերջացրած թաղ նայողը, գործատերը, օրվա հացի խնդիրն ու «հայոց-համազգային-արժեքային՝ «բա քեզ պետք ա»-ն:
88-ից էս կողմ իրար չհասկանալու Գինեսի ռեկորդը հաստատ մեր ձեռքին է: Հազարավոր նկարագրական հոդված գրվեց, թե էս մեկն էս արեց, էն մեկն էն արեց, էս մեկն էս արեց… Իսկ՝ ինչ անել, ոնց դուրս գալ էս աբսուրդից-ը պահանջարկ չունի: Դա ոչ մեկին իրապես չի էլ հետաքրքրում:
Տարբեր տրամաբանության ընդդիմություններ եկան հրապարակ՝ կնքեցին իրենց մահկանացուն ու անհետացան: Եւ նախորդ բոլոր ընդիմություններն էլ վայրկենական հաջողության հասնելու՝ անձանց փոխելով հարց լուծելու տրամաբանության վրա էին հիմնված:
Նույնն էր նաև նրանց պաշտպանող միլիոնավոր ժողովրդի մտածելակերպը: Եւ այս ամենից հետո էլ, նույնիսկ հեղված մեծ արյան առկայությամբ էլ, դեռ լիքն են մարդիկ, ովքեր ընդդիմության ուժը միտինգի քառակուսի մետրերով են տեսնում և հարցի լուծումն էլ՝ նորից հուժկու միտինգով ու հեքիաթային փայտիկի ուժով:
Հիմա էլ հանրությունը խիստ երկատված է, և մեծամասնության մոտեցումներն ու մտածելակերպը ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ մենք հեքիաթասեր ու մազոխիստ ժողովուրդ ենք:
Մեզ նաղդն է պետք, հենց հիման ու ամենակարևորը՝ որ հրաշքով լինի:
Թող Սերժը ինքնակամ տա իշխանությունը, թող օլիգարխիան ինքն իրեն՝ առանց մեր որևէ ջանքի դուրս գա խաղից, կորչի, վերանա:
Րաֆֆիին ամեն օր միկրոֆոնախեղդ են անում և հետո «վերլուծում»՝ թե դիակ կդառնա-չի դառնա, իսկապե՞ս սոված է, իսկապե՞ս մրսում է, իսկապե՞ս հայ է, իսկապե՞ս հակառուս է, մի գուցե ստի՞ց է:
Էս բարբարոսականի բարոյականը թողնենք մի կողմ, բայց ոչ մի խոսք չկա՝ թե Րաֆֆիի հետ, կամ առանց Րաֆֆիի, ինչ ու ոնց արվի:
Րաֆֆիին ազգովի գլադիատոր ենք սարքել ու դեռ մարտը չավարտված, մտքներում բութներս արդեն ներքև ենք ձգել:
Ամեն մի գեշ հեքիաթ ու երազ վերջ ունի՝ բայց ոչ մեր դեպքում:
Քանի որ այլևս կրիտիկականի սահմանն անցած ենք, պարզաբանեմ արժեքայինի մի կարևորագույն յուրահատկություն, որն այս դժոխքի հիմքում է, և որը վաղուց է շեղել մեզ ամեն տրամաբանականից:
Ազգային հանրային արժեքայինը դա նույն համամարդկային արժեքայինը չէ:
Համամարդկային արժեքայինը մտքերի ու պատգամների մի տեսական հավաքածու է, որը կառուցված է տրամաբանականի, կրոնականի, մարդկության հումանիստական վեհի ու դրական փորձի վրա: Այն ամբողջապես կիրառելի չէ որևէ երկրում և որևէ հանրության կողմից:
Ի հակադրություն դրա, ազգային- հանրայինը ոչ թե տեսական է, այլ խիստ գործնական: Դրանով են առաջնորդվում կոնկրետ մարդիկ ու կոնկրետ հանրությունները: Ու նաև դրանով են առանձնանում տարբեր ազգերը:
Այդ արժեքայինով են կոնկրետ անհատները հանրության միջավայրում առաջ գնում, կամ չհամապատասխանելով՝ պարտվում:
Համամարդկային վսեմին քաջատեղյակ լինելով հանդերձ, հանրությունը որոշակի պայմաններում կարող է վարվել որպես բարբարոս, իսկ կոնկրետ մարդն էլ՝ որպես բացարձակ սրիկա ու հրեշ: Ճիշտ այնպես, ինչպես ասենք հանցագործը շատ լավ իմանալով օրենսգիրքը, գնում է հանցագործության, իր կոնկրետը բավարարելու համար:
Նույնն է ներկա Հայաստանում: Մեկը տեսնում է, որ հանցագործը լավ էլ ապրում է, միլիոնատեր դառնում: Համամարդկայինն այդ մեկին ասում է՝ չի կարելի մարդ հոշոտելով ապրել, իսկ շրջակա իրական կյանքի փորձն ու հանրային արժեքայինը նրան հուշում են՝ թքիր մարդկայինի վրա, ու շարժվիր ներկա արժեքայինի տրամաբանությամբ, որ բարգավաճես:
Ու այդ սկզբունքով՝ մեկն իր հոգին ծախում է 5000 դրամով, մի ուրիշը $5000-ով, երրորդը գնում է արյուն թափելու, երկիրը դժոխք սարքում, բայց միլիոնատեր դառնում, իսկ մնացած 80 տոկոսն էլ չեն դավաճանում մարդկայինին ու շարունակում են «համամարդկային» մարդ մնալ, բայց կործանվող հայ:
Եւ երբ գալիս է հարաբերվելու, հաշիվ մաքրելու պահը, մարդկայինին դավաճանածը հանգիստ վերցնում է զենքն ու գնդակահարում չդավաճանածին: Որովհետև դա ևս իր արժեքայինի սահմաններում է այլևս: Չդավաճանածն էլ, ի պատասխան՝ գնում է հայաստանյան դատարան՝ համամարդկայինը վերահաստատելու: Արդյունքում, մի հատ էլ դատարանում են նրան նորից գնդակահարում:
Սկզբունքորեն, եթե դիտարկենք, ապա ոչ մեկի արածի մեջ էլ մեծ սխալ չկա՝ մեկը գործել է տեղային արժեքայինով, մյուսը՝ համաձայն գլոբալի: Խնդիրը գնդակահարվածների միամտությունն ու կարճատեսությունն է, որն իրենք չեն կարողանում տեսնել ու ընդունել:
Շեշտում եմ, ոչ թե գնդակահարողինը, այլ գնդակահարվածինն է սկզբնական, արժեքային մեղքը: Որովհետև ուժի «համն առած»-ին ու նրան տիրացածին անհնար է կարգի հրավիրել զուտ արժեքայինով: Դա է ցույց տալիս մարդկության փորձը, քաղաքագիտության տեսությունն ու մեր պատմությունն իսկ:
Ամեն իշխող արժեքային պաշտպանվում է կոնկրետ լծակներով ու գործիքներով:
Մեր 80 տոկոսը ստորադաս դիրքում կմնա այնքան, մինչև չհասկանա, որ արժեքայինն ինքն իրեն հարց լուծող ուժ չէ, այլ ամենօրյա կյանքում ադեկվատ հակամիջոցներ օգտագործելն է ելքը:
Եւ այդ 80 տոկոսը կկարողանա արդյունքի հասնել ու իրենը պարտադրել այն դեպքում, երբ կհակադրվի մեր 20 տոկոսին ադեկվատ գործիքներով, փաստացի սպառնալիքներով ու պարտադրանքով:
Շարքային հայը մտածում է, թե իշխանությունները հանցագործ են, և քանի որ դա իրենք էլ գիտեն, այդ պատճառով թող ինքնակամ հեռանան:
Այս մոտեցումը համատարած է՝ երկրով ու ամբողջ հայության մեջ:
Գեղեցիկ է ու հեշտ, մանավանդ անարյուն: Բայց այն անտեսում է քաղաքագիտական կարևորագույն նորմը՝ որ իշխանափոխությունը ֆիզիկական պրոցես է, որն իրացվում է կոնկրետ պահի ու կոնկրետ ձևերով:
Հանրության նույնիսկ 99 տոկոսը կարող է դեմ լինել բռնապետին, կամ փտած իշխանությանը, բայց այդ գեշ իշխանությունը կմնա հավերժ, եթե այդ 99 տոկոսի գոնե 10, 100, 1000 հոգանոց ավանգարդը չգնա ու ֆիզիկապես չվերցնի այն: Կամ էլ այլ իրական, ֆիզիկական քայլերով քաղաքական ճգնաժամ չստեղծի, որի պատճառով իշխանությունը ստիպված լինի զիջել դիրքերը:
Իշխանությունը վերցնելու ֆիզիկական պրոցեսը չպատկերացնելն է հայկական ընդդիմության սխալի արմատը, որը «հաջողությամբ» շարունակում է մնալ իր դերում՝ որպես անատամ միտինգ, որպես հավերժական տեղապտույտ:
Եւ նման ընդդիմությանը սնողն էլ 80 տոկոսանոց գլոբալ արժեքայինով ապրող հայն է, որը չի հասկանում մնացյալ 20-ի օբյեկտիվ տրամաբանությունը:
Պահի հիմնական խնդիրը տարբեր արժեքայինների մեջ խճճված քաղաքացին է՝ ով չի պատկերացնում, թե որն է առաջնայինը, որը երկրորդայինը և որ պահին ինչպես է պետք վարվել:
Ներկա հրապարակը՝ ի տարբերություն նախորդների, արդեն երկիշխանությամբ է պատկերացնում իշխանափոխությունը: Դա իրական իշխանափոխության ձևերի ծրագիր է, որը պետք է ֆիզիկապես ապահովի պրոցեսը:
Դրա համար կոնկրետ մասնագետները, տեղյակ մարդիկ պետք է հայտնվեն պրոցեսի մեջ և զուգահեռելով ֆորմալ իշխանություններին, հրապարակավ ցույց տան բոլորին, թե ինչ պետք է աներ իշխանությունը, որը չի արվում: Օրինակ, եթե գործի, ապա ստվերային իշխանության հետազոտականը ցույց կտա, կապացուցի, որ Սամվել Ալեքսանյանի պահանջով ու իշխանականի այս-այս կոնկրետ պատասխանատուների դավաճանության պատճառով, Կարֆուրի Հայաստան չմտնելը հանցագործություն է: Գործը կկազմվի իր մանրամասներով ու ապացույցներով ու կտրվի «ստվերային» դատարանին, և ստվերային դատարանն էլ իր վճիռը կկայացնի:
Զուգահեռ, նաև հանրությանը մատչելի կբացատրվի, որ եթե Կարֆուրը մտնի երկիր, ապա որպես հետևանք սննդամթերք ներկրողների արտոնությունները կվերանան, և գները կտրուկ կընկնեն: Ու նաև դրանով Սամվելն ու ներկրողների դասը կդառնան ենթակա մարդկայինին, այլ ոչ թե երկիր կդատարկեն՝ շահագործելով մեր հանրային թույլ արժեքայինը:
Կարևոր չէ, թե արդյունքում Սամվելը դեռ որ չի հայտնվի բանտում: Առավել կարևոր է, որ և Սամվելը, և ողջ հայությունը կիմանա, որ Սամվելը բացահայտված հանցագործ է:
Դրանով նաև աստիճանաբար կհամատեղվեն համամարդկային և հայկական արժեքայինների սահմանները:
Եւ այս ուղով մենք կմտնենք առաջադիմող հանրությունների ընտանիք՝ որին հիմա մասն ենք միայն կեղծ թղթաբանությամբ:
Նման մոտեցումներով ստվերային իշխանությունն աստիճանաբար, բայց բազմակողմանի կբացահայտի իրականությունը և դրանով իսկ ֆիզիկական լծակ կդառնա եղած իշխանությունը անցնցում կազմաքանդելու և նորը տեղադրելու համար:
Իսկ թե ով կղեկավարի պրոցեսը՝ հացադուլից դուրս եկած Րաֆֆին, թե Րաֆֆու ղեկավարությամբ նոր տիպի լիդրերների խումբը՝ ժամանակը ցույց կտա:
Ներկայում ակնհայտ է մի բան՝ մեր ելքը եղած արժեքայինը հաղթահարելն է: Այն արժեքայինը, որը իշխանությունը լցրել է հանցագործներով, դատարկել երկիրն ու սվաղել այդ սև իրականությունը: