Շատ ավելի արագ, քան սպասելի էր, հասանք ավանդական, երկիր ավիրած, մեզ հուսալքած, մեր անզորությունն ի տես աշխարհի բազմաթիվ անգամներ ցուցադրած միտինգին:
Ապրիլի 9-ին համահայկական երևելիների «ներկա-բացակայով» մի էնպիսի աշխարհացունց միտինգ ենք անելու, որ…
Այ, այս «որ»-ի հետագան է անհայտ, եթե ոչ կործանար՝ Րաֆֆիի և հանրության համար:
Ըստ տիրապետող կարծիքների, կտրուկ իշխանափոխության 3 ձև կա:
1. Ազնիվ ընտրություններով (սա մեզանում չի գործում):
2. Զինված ապստամբությամբ, կամ քաղաքացիական զինված առճակատմամբ (սա մեզ մոտ անցանկալի է, և դրա որևէ ռեսուրսն էլ չկա):
3. Լենինյան սխեմայով՝ երբ վերևներն այլևս անկարող են, և ներքևիններն էլ այլևս չեն հանդուրժում:
Եթե առկա է 3-րդ տարբերակը, ապա փոքր առճակատմամբ, իշխանությունը տեղի է տալիս ընդդիմությանը, զիջումներ բանակցում, երբեմն էլ` կապիտուլացվում:
Միտինգը սրանցից ոչ մեկում էլ առկա չէ, որպես անմիջական մեխանիզմ: Այն պայքարի լծակներից մեկն է, բայց ոչ իշխանափոխության մեխանիզմը:
Միտինգը կարող է ֆինալային զարկ լինել, բայց այդ դեպքում այն պետք է ունենա ֆիզիկական առճակատման իրական ռեսուրսներ, որոնք մեր դեպքում բացակա են:
Քանի որ մեզ համար ընդունելի է իշխանափոխության միայն 3-րդ տարբերակը, տեսնենք թե ինչ է իրենից ներկայացնում այն, և որոնք են նրա արտաքին ու ներքին երևակիչները:
Այն մասով, թե իշխանությունն անկարող է, որևէ խորը ապացույց պետք չէ: Անիմաստ է նույնիսկ խոսելը:
Անհայտ է երկրորդ բաղկացուցիչը՝ թե արդյոք ներքևիններն իրոք անհանդուրժող են այլևս: Սա այն հիմնական հարցն է, որն ընդիմությունն անտեսում է:
Արդեն տասնամյակից ավելի ընդդիմության երազանքը մեկ միլիոնանոց միտինգն է: Բայց «ինչու»-ն ու «հետո ինչպես»-ը համառորեն չի հիմնավորվում:
Ընդդիմությունը միշտ էլ մտածել է՝ դե կհավաքվենք, կգոռանք, կերթենք, իշխանությանը ճգնաժամի կբերենք, չեն դիմանա, մի քանիսը կառնետավազեն, ու իշխանությունն ինքն իրեն կփլուզի:
Իշխանությունն էլ լավ գիտակցելով սա, միշտ էլ հեշտորեն ցրել է միտինգը, այն որակելով որպես զինված ապստամբության փորձ ու գրանցել իր հաղթանակը:
Այ, այս խաղն ենք խաղում՝ ամառ-ձմեռ, գարուն-աշուն:
Ներկա իրավիճակի որ տարբերության հաշվին է, որ ապրիլի 9-ի այս աշխարհացունց միտինգով «հաղթելու ենք»:
Քննարկենք վերևինների չկարողանալու մասով:
– Երկիրը փաստորեն զրկվել է արտաքին սուբյեկտայնությունից: Տնտեսությունը գնալով վատանում է, արտագաղթը մեծանում, օլիգարխիան օրենքից դուրս է ու անկառավարելի, ուժայիններն իրենց գլխի տերն են, պետական գործերը բարձիթողի, իսկ օրենքն էլ մարդկայինից ու տրամաբանությունից դուրս: Մի խոսքով, ավելի վատ չի լինում:
Ներքևների չհանդուրժելու մասով
– Ձեռներեցները գնացել են, ջահելները, դիմադրողներն ու մասնագետները, հույսն ու օպտիմիզմը ևս: Մի խոսքով, ավելի վատ չի լինում:
Այս 2 զուգահեռ «շատ վատերի» դիմակայությունը 91-92 թվից գալիս է ու եկել է, հասել մեր օրերը: Իհարկե, ուժային պոտենցիալի առումով հարաբերակցությունն աճել է հօգուտ իշխանության, և փոքրացել դիմադրողականության ու անհանդուրժողականության առումով, ժողովրդի մասով: Այսինքն, ներկա միտինգային պոտենցիալն ավելի փոքր է, քան կար նախկինում: Դեռ չասած, որ մարդիկ առհասարակ չեն հավատում միտինգի որոշիչ ուժին, քանի որ նույն սխեմայով միայն պարտություն են տեսել:
Ավելին, սույն դեպքում միտինգի կազմակերպիչները հաշվի չեն առել, թե ինչ ֆիզիկական վիճակում կլինի Րաֆֆին ապրիլի 9-ին, և ով ու ինչ նպատակներով է օգտագործելու ձեռքին եղած միտինգն այդ պահին:
Ի՞նչ հետագա քայլեր են նախատեսված, եթե միտինգին 1000 մարդ է, 10000, 100000, կամ միլիոն: Թաքցնելիք ու խաբելիք չկա: Եթե անպարտելի սխեմա կա, ապա այն պետք է հիմա հայտարարվի, իսկ եթե խաբելիք է, ապա այս իշխանություններին խաբելն առհասարակ անհնար է: Ինչ-ինչ, բայց նրանում «որակյալ» խաբեբաների պակաս չկա, ու դրանցից ոչ մեկին նույնիսկ 10 միլիոնանից միտինգը չի կարող խաբել:
Ստացվում է, որ միտինգիստ հայկական քաղաքական նախաձեռնող այրերը հանրությունից ետ են և սթափության, և քաղաքագիտական գրագիտության, և հոգեբանական հաշվարկների մասով և տարրական «շուստրիությամբ»:
Լավ, եթե ոչ միտինգ, ապա ինչ՝ հենց այս պահին, երբ Րաֆֆին հացադուլ-կեղծադուլի է, իսկ շուրջ բոլորն էլ կրավորական սպասումի մեջ:
Իմն ասեմ, նախապես պարզաբանելով այս պահին 3-րդ տարբերակի որոշ առանձնահատկությունները:
1. Իշխանությունների անկարող ու ճգնաժամի մեջ լինելու փաստն անվիճելի է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ այն ընդունակ է ներքին համախմբան և վերադասավորման, եթե առկա է անմիջական ֆիզիկական վտանգը:
2008-ին մոտավորապես նույն վիճակն էր, բայց ամենքս ականատես եղանք, թե ինչպես բոլոր օլիգարխները ստացան իրենց բաժին զինամթերքը և դիրքավորվեցին՝ հասնելիք «ախպերական» գործն անելու:
Հիմա ներքին տարաձայնությունները միգուցե ավելի են, բայց և ընդդիմությունն էլ փոքր է ֆիզիկական զանգվածով:
2. Իշխանական ճգնաժամն ունի մի քանի եզրեր:
– Արտաքին ոլորտում դրանք աննշան են, որովհետև Հայաստանն իրեն զրկել է սուբյեկտայնությունից: Այցելություններն ու ֆորմալ հանդիպումները որևէ քաղաքական լրջություն չունեն իրենց մեջ և առանձնապես չեն սատարում, կամ ժխտում այս իշխանություններին:
– Ներքին տարաձայնություններն առավել անձնական են, քան օբյեկտիվ: Հիմնականում նախագահի, մի քանի օլիգարխների, ուժայինների ու ստվերում եղած Ռոբերտի ուժերի բալանսի հարցն է, որը լուծում չի ստացել և չի էլ ստանա, որովհետև եղած միկրոսկոպիկ Հայաստանն ավելի մասնատելն ու ամենքին իր ուզած առավել մեծ պատառ տալը դարձել է շատ դժվար:
– Իշխանությունները չեն զգում որևէ պատասխանտվություն երկրի ու հանրության ապագայի առումով, որովհետև նրանք ոչ թե ընտրվել են, այլ զավթել են իշխանությունը և այդ խնդիրն առհասարակ չունեն իրենց առջև: Եւ դա է նաև պատճառը, որ մասնագիտականի կարիքը չի եղել որևէ ասպարեզում, ու բոլոր ոլորտներն անցել են ոչ մասնագետներին:
– Իշխանությունը կազմող մարդիկ, մի քանի տարվա ընթացքում աղքատությունից մտան մուլտիմիլիոնատերերի ու միլիարդատերների ընտանիք: Սա այնպիսի մի թռիչք է, որով անցնելիս նախկինում հրեշտակ եղածն էլ ներկայում նորմալ մարդ չի կարող լինել: Նաև սա է նրանց հանրային անհաղորդության արմատը:
– Կայծակնային հարստացածների զուտ տնտեսականով զբաղվող հատվածը մի գուցե գերադասի ստանալ իր ու իր ունեցվածքի անձեռնմխելիության երաշխիքներ ու կողմ քաշվել, բայց զուտ իշխանական վերնախավը չի կարող վստահել նման սցենարի և կշարունակի պայքարել դիրքի համար:
– Նույն դիրքերում են նաև ուժայիններն ու ոչ մասնագետ գեներալները: Այս պահին հենց նրանք են ռեժիմի ամենամեծ ու վստահելի պահապանները:
3. Հայաստանը մշտապես ազատ է եղել մարդկանց և կապիտալի ելումուտի համար: Ազատ, բայց բացարձակ վերահսկելի ու հաշվարկելի: Օդակայանում և այլ մաքսակետերում գրանցվում է բոլորի ելումուտը, ամեն կիլոգրամի ու դրամի շարժը:
Սա որևէ կապ չունի ժողովրդավարության, կամ միջազգային պարտավորությունների հետ: Ոչ մի դատարկվող երկրի իշխանություն իրեն թույլ չէր տա նման «ազատություն», եթե դա իրեն ձեռնտու չլիներ: Երկրից մշտապես հեռացվում է ըմբոստ հանրային պոտենցիալը, և հետևաբար օրակարգից հանվում են իշխանափոխության ֆիզիկական-ուժային՝ ամենավտանագավոր տարբերակները: Ավելին, արտագաղթածները փոխանցումներով պահում են մնացած բարեկամներին, իրենց վրա վերցնելով կառավարման ամենածանր հարցը:
– Արտագաղթը գիտակցված քաղաքականություն է, որը ձեռնտու էր նախկին ու ներկա իշխանություններին և որը բերել է ընդդիմադիր պոտենցիալի խրոնիկ թուլությանը:
Հիմա, նկարագրածի ֆոնին տեղադրենք ապրիլի 9-ի «աշխարհացունց», բայց մշուշոտ սցենարով միտինգը, տեղում գամված Րաֆֆիին, միտինգիստների խրոխտ խոսքը, ժողովրդի ալեկոծությունն ու… ու ի՞նչ:
Չվերադարձա՞նք սկզբնակետ: Այսինքն նրան, որ ֆինալային միտինգը ոչ միայն պետք չէ, այլ կործանարար է, որովհետև, եթե միտինգով անելիք կա, ապա այն պետք է արվի հիմա, վաղը, մյուս օրը, ամենաշատը 4-5 օրից, բավարարելով վերը նշված պայմանները, և երբ Րաֆֆին ֆիզիկապես դեռ կարող է:
Ապրիլի 9 սպասելու իմաստը ո՞րն է: Եւ առհասարակ, ո՞րն է ընդիմության մշտապես ռեակտիվ պահվածքի իմաստը: Սպասենք թագադրության օրվան՝ միտինգ անենք, սպասենք սահմանադրականը մերժի՝ միտինգ անենք, սպասենք, մեզ լրիվ վերջացնեն, միտինգ անենք: Սա մազոխիզմ էլ չէ, սա շատ ավելի խորը մի արատ է:
Եթե միտինգ է արվելու, ապա պետք է հստակ ասվի, անում ենք այս-այս-այս, այ էսքան մարդով ու այ էսպես ու էսպես: Ոչ մի գաղտնիք, ամեն ինչ բաց ու ազնիվ, ասելով, որ այ էս էս հիմնավորմամբ, մեր միտինգային այս քայլին իշխանությունները այ էս պատճառով օբյեկտիվորեն չեն կարողանալու ադեկվատ պատասխան տալ ու խաղաղ բերելու են մեզ հանձնեն իշխանության բանալիներն ու աթոռները:
Եթե չկա նման հանճարեղ սցենար, ապա բարի եղեք մի կողմ քաշվել և լսել այլ առաջարկներ:
1. Մենք դասական երկիր չենք (քանի որ արտաքին սուբյեկտային չենք) և արդյունքում իշխանությունն էլ դասական չէ: Այն կիսաօլիգարխիկ է, կիսաավտորիտար, կիսաոստիկանական, կիսաքրեական: Թե ինչու է այդպես, մասնագետների որոշելիքն է: Բայց որ անկառավարելի վիճակ է, դա փաստ է:
– Ներքուստ իշխանությունը ներկայանում է որպես բազմակենտրոն, բայց ընդդիմության բացակայության պայմաններում այն դեգրադացվել է մինչև մասնակի անարխիայի: Այդ անարխիկ իշխանությունը չի կառավարում, բայց հաջողությամբ պաշտպանվում է հանրությունից, քանի որ ոստիկանությունն ու ուժայիններն էլ իշխանության մաս են, այլ ոչ թե հանրության հետ հարաբերվելու նրա գործիքները:
2. Րաֆֆի Հովհաննիսյանի՝ շատերի (նաև ինձ) համար անսպասելի հաղթանակը տետանուսի մեջ է գցել անարխիկ իշխանությանը, քանի որ նրանց պարզ է դարձել, որ իրենք իրոք չեն տիրապետում իրավիճակին: Նրանք գիտեին, որ վատ է, բայց չէին պատկերացնում, որ մարդիկ դեռ կենդանի են և կարող են իրենց կամքը արտահայտել ընտրություններին: Սա ինքնին լուրջ հարված է իշխանություններին: Նրանք սթափվել են ու ելքեր են փնտրում:
– Բռնություններ կիրառել չեն կարող, անիմաստ է, եղածն էլ կգնա երկրից, իսկ հետո՞:
– Զիջեն, բայց ինչպես և ինչքան: Ամբողջը չեն կարող, որովհետև սովոր չեն ու պատիվ չի: Կե՞սը: Բայց որ կեսը, ինչպես, ում, ինչ վերապահումներով ու երաշխիքներով:
Ընտրել են ամենաանվտանգը՝ սպասելը: Իրոք, Րաֆֆին չի կարող անվերջ դիմանալ: Իսկ եթե սպասեցին՝ մնալով միտինգի հույսին, ապա ավելի լավ, փաստորեն Րաֆֆին չի լինի որպես գործուն լիդեր, կվերամիավորվենք, կվախեցնենք ու միգուցե առանց կրակելու՝ դիմազրկելով ներկա ընդիմությունն ու կազմալուծելով հանրությունը՝ մի քանի տարի էլ էսպես քարշ կգանք:
Սա է եղածը: Որո՞նք են լուծումները:
Միակ ուղին ներկա պահից քաղաքացիական անհնազանդությունն է, անկառավարելիության պարտադրանքը, զուգահեռ երկիշխանության կերտումը, իշխանությունների դեմ ճակատային որևէ գործողությունից զերծ մնալը, միտինգն ու այլ արտաքին էֆեկտներն օրակարգից դուրս նետելը:
Սա երկարատև ու հետևողական պայքար է, որն անպայման կհանգեցնի զիջողական բանակցությունների:
Խնդիրը բանակցել կարողանալ է ու հնարավոր առավելագույն վերցնելը, որոշակի երաշխիքներ տալով եղածներին:
Ինչքան խորացած լինի երկիշխանությունը, այնքան շատ կզիջվի բանակցություններում:
Եթե հույսը մնա ապրիլ 9-ի ներկայացում-միտինգը ու զուգահեռ հրաշքների սպասումը, ապա դա կլինի կիսակենդան ու ընկճված հանրության վերջին շունչը, որից հետո՝ ով ինչպես:
Րաֆֆին պարտավոր է զգաստ գնահատել իր ֆիզիկական ու կազմակերպչական կարողություններն ու դերը ժամանակի մեջ: Րաֆֆու միջոցով, բայց Րաֆֆուն շրջանցելով իշխանության գալու, կամ առաջադիմելու հեռանկարը պետք է կասեցվի ամենախստագույն ձևերով:
Հրապարակն ինքնին արդեն իսկ երկիշխանության փոքր դաշտ է: Այն պետք է լայնացվի, զարգացվի, բայց ոչ նենգափոխվի:
Ո՛չ իբր հանգուցալուծող միտինգին: