Ասում են, թե քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Ու հիմնվելով այս թեզի վրա՝ մեկը սպասում է, մյուսը՝ հույս դնում, երրորդը կողմ քաշվում: Իրոք, բա ինչ անեն, չէ որ ամեն ինչ քաղաքական է: Ու եթե հնարավոր չի, ուրեմն «Չէ» է: Արդյունքում ունենք «Չէ» ի ռեժիմ ու «Չէ», ամեն քայլին ու ամեն դրվագում:
Բայց երբևէ հարցրե՞լ ենք մեզ՝ իսկ եթե սույն դոգմայի կիրառման պայմաններն են սխա՞լ:
Եթե եղածը ոչ թե քաղաքականություն է, այլ հոլ փախցնոցի՞:
Եթե մեր քաղաքական ասածը ոչ թե քաղաքական է, այլ թալան ու անօրենություն, ու դրանից բխող՝ երկիր դատարկելն ու դրանով իսկ այն կործանե՞լը:
Եթե մեր քաղաքականը ոչ թե քաղաքական է, այլ քաղաքական պատեհապաշտների խրախճանք ու պնակալեզությո՞ւն:
Եթե մեր քաղաքականը քաղաքականի տնազ է՝ քրեականի դերակատարմա՞մբ:
Եթե մեր քաղաքականը տգետի դիկտատ է ու որբի ոչ միայն լաց, այլեւ արյո՞ւն:
Խնդիրը հենց սա է, թե ինչ է իրենից ներկայում ներկայացնում Հայաստանում ընթացողը՝ իրոք քաղաքական, թե քաղաքականի տակ մատուցվող աճպարարություն ու խաբկանք:
25 տարի քաղաքական դժոխքներ չեն լինում, և եթե լինում էլ են, ապա այդ դժոխքները պահպանման հատուկ խթաններ ու ռեժիմներ ունեն, ու կան ներքին պատասխանատուներ, որոնց հենց այս դժոխքն է ձեռնտու:
Ես գիտեմ շատ ու շատ հարգելի մարդկանց, ովքեր իրենց ընթացիկ գործերին են՝ հույսով, որ ժամանակը, արտաքին ու ներքին տրամաբանությունները վերջ ի վերջո վիճակը կկայունացնեն, ու երկիրը խելքի կգա:
Ցավոք այդպես չէ, մեր ընթացքի դինամիկան ապագա մեծ ողբերգություն է աղետում, ինչպես փոթորիկից առաջ ցածր ճնշում ցույց տվող բարոմետրը:
Քրեականի ու համատարած հանրային տգիտության ճնշման տակ խնդիրների լուծման հնարավորություները գնալով նեղացել են՝ հանգեցնելով մարդկանց արտագաղթին ու տարածքի բազմակողմանի վաճառքին:
Սա աննախադեպ, պատմությանը երևի դեռ անհայտ ազգային-հանրային ինքնակործան վարք է, որը կարիք ունի թե ներհանրային և թե քաղաքագիտական բացահայտման:
Անմիջական հարևան երկրներին իհարկե ձեռնտու է այս վիճակը, նրանք պարզաբանման կարիքը չունեն՝ սպասում են տարածքը մաքրվի մեզանից, իրենք անարյուն գան տիրանան:
Հեռու դիտորդներն էլ դիտում-սպասում, են, թե մենք ինչ նոր ձևերով ենք «հարստացնելու» երկիր ու հանրություն կործանելու միջազգային-պատմական փորձը: Չէ որ մենք վաղուց բաց երկնքի տակի լաբորատորիա ենք, ուր ուսումնասիրվում է անհատական ու հանրային անինքնասիրությունն ու ինքնահոշոտումը:
Հանգուցալուծման ու դիմադրության ձևերի խնդիրն իմ ներկա քննարկումից դուրս է, բայց և վատ չէր լինի ներկա «հանդարտներին ու հույս ունեցողներին» ավելորդ անգամ հիշեցնել հետևյալը:
Մարդ արարածի տարբերությունը իր նախնիներից՝ նախապես տեսնելու ունակությունն է և դրա հիման վրա որոշակի արձագանքելու՝ սերունդներով կուտակված մշակույթը:
Արդեն կա ահռելի մարդկային փորձ ու մշակված ձևեր, ըստ որի՝ ասենք գողին բռնում են, դատապարտում ու բանտ նետում, տգետին՝ հեռու պահում կառավարումից, անբարոյականին՝ երեխաներից ու պաշտոնից, անասունին կապում են գոմում, իսկ ճիվաղին՝ տրորում:
Տեսնելն ու չարձագանքելը, տեսնելն ու աննորմալը հանդուրժելը չի աշխատում, ավելին՝ այն հակացուցված է մարդ ասածին:
Հետևաբար, մնալ այնպիսին, ինչպես որ կանք՝ դա անցած, ստուգված, փորձարկված և ապացուցված ուղի է՝ պարտության տանող ուղի: Կարող ենք այդպես էլ գնալ, դա էլ ելք է՝ կործանման ելք:
Բայց եթե այդ ուղիով ենք գնում, եկեք գոնե չաղաղակենք այդ մասին, լուռ մնանք: Որովհետև իրականությունից մեկուսանալն ու սպասելը որպես իմաստուն մեթոդաբանություն գովերգելը ոչ միայն լուրջ չէ, այլ ողբերգության արդեն սկիզբ է:
Մենք անցել ենք կուռքերի դարաշրջանը, երբ սպասելիքը կոնկրետ անձից էր: Մենք նաև բազմիցս ոտնահարել ու դավաճանել ենք մեզ հանրային սկզբունքայնության ու հասունության տանող մեր զավակներին:
Մենք 15 դար առաջ կորցրել ենք պետականությունը՝ այսինքն հանրային ինչ որ բան, ինչ որ սկզբունք էն չի եղել մեր մեջ:
88-ից հետո գրանցված մղձավանջներով մենք անցել ենք տրամաբանականի բոլոր սահմանները, և այսօր պահն է երևի միայն գերեզմանոցում ամենքիս հասնող պարզություն -ճշմարտությունն ընդգրկելուն՝ ամենքս էլ անցավոր ենք, լինենք արժանի մեր ժամանակավոր իբր մեծությանն ու իրական՝ տիեզերական փոքրությանը:
Մարդը փառահեղ է իր վեհությամբ ու իմաստությամբ և զարշելի՝ իր ստորությամբ: Մի գուցե հնարավոր է գոնե մասնակի փոխել մեր բալանսը դեպի առաջինը, տեղի տալով երկրորդից:
Ոչ բոլորն են դրան ընդունակ, բայց վերևում նշած իմ հարգելի՝ սպասող հատվածը հստակորեն ունակ է ու տեսնում է ամեն ինչը, բայց չի կողմնորոշվում այսօրվա ու վաղվա անելիքի մեջ, ներկա առաջնայինի ու վաղվա երկրորդայինի մեջ:
Եթե այդ հատվածը դուրս գա ներկա իր ոչ մարդկայինի պատյանից, ապա նրան կհետևի նաև չկողմնորոշվող հատվածը, որը մի գուցե մարդկայինի շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի, բայց չունի այն տեսնելու ու գիտակցելու ներուժն ու մեթոդաբանությունը:
Մարդու բնական զարգացումը բերել է նրան, որ մենք ձևակերպվել ենք որպես միալեզու ազգեր, իրենց հայրենիքն ու մերձավորը գնահատող հանրություններ:
Սա դրվածք է: Դրանից դուրս էլ մարդն իհարկե կա, բայց այն կոչվում է գաղթական, այսինքն մեկը, ով կտրված է արմատներից և ով ժամանակավորապես գոյատևում է այլ արժեքայինում, մինչև ֆիզիկապես վերանալը:
Ինքներդ դատեք, թե ինչն է ձեզ առավել ձեռնտու՝ ձեր եղբայր, ծանոթ-բարեկամ, քաղաքականություն խաղացող, կամ սպասարկող լկտիի ձեռքը հիմա բռնելը, հիմա նրա դեմն առնելը, թե գաղթական դառնալն ու մահվան սպասելը:
Միանալն ընթացող մաքրման պրոցեսին, թե ճահճում սպասելը:
Ես կարծում եմ, որ առաջիններն անելը ոչ միայն ճիշտ է, այլ առավել հեշտ: