Պահն է, որ ամեն քաղաքացի հասկանա, թե քաղաքական սուբյեկտներից որն ինչ ռեսուրսի տեր է, և դրանով իսկ հաշվարկի, թե ինչը սպասի Րաֆֆուց, ինչը օլիգարխիայից, իշխանություններից ու ինչը՝ կոնկրետ իրենից:
Ինչի՞ տեր է Րաֆֆին
Ինքն ունի նվիրյալների ու միացած քաղաքացիների փոքր խումբ, բայց ի տարբերություն իշխանականի կողմնակիցների, այդ խումբը շահային չէ՝ քաղաքացիական է: Այսինքն, այդ խմբի համար անձնականն առաջնայինը չէ, այլ փորձում է Րաֆֆու հետ, Րաֆֆու միջոցով ու օգնությամբ քաղաքական նոր արդյունքի հասնել՝ շեղելով իշխանական ռեսուրսայինը իրենց գրաված դիրքերից:
Հնարավո՞ր է դա, թե ոչ, և ի՞նչ դեպքերում է հնարավոր
Անորոշ պայմաններում իշխանության գումարային ռեսուրսը երևի մոտ 20 տոկոս է: Այն կարող է մեծանալ, կամ փոքրանալ միայն ու միայն որոշակիություն մտցվելու դեպքում:
Եթե Րաֆֆին թուլանում է, այդ հատվածը կողքի տատանվողների հետ միասին ամբողջովին շեղվում է դեպի իշխանական՝ ըստ որում, թվի ավելացմամբ:
Եթե Րաֆֆին ուժեղանում է, ապա այդ հատվածը սկսում է պոկվել իշխանականից, բայց և Րաֆֆին քանակապես դրա հաշվին չի ուժեղանում, որովհետև այդ դիստանցված հատվածը չի մտնում Րաֆֆու թիմ, այլ սպասում է կողմնորոշման՝ վերջանական ճշգրիտ արդյունքների հաշվառմամբ /առնետային սինդրոմը/:
Ստացվում է, որ ներկա պահին Րաֆֆու միակ լրացուցիչ ռեսուրսը ոչ իշխանական, բայց դեռ որ չեզոք ռեսուրսն է:
Իսկ կա՞ այն իրականության մեջ
Իմ կարծիքով կա, խնդիրն այն ակտիվացնելն է: Եւ այդ առումով էլ առաջին գործը «ինչպես անելն է»:
Իրոք, ինչպես անել, երբ մեր քաղաքական մշակույթում ձևավորված միակ չափը միտինգն է ու միտինգի լեցունությունը, և որպես արդյունք էլ՝ այդ հատվածի՝ ոչ թե միտինգի մասնակից լինելը, այլ միտինգի չափին հետևելը:
Սա ծանր, կործանարար տաբու է, որը կամ կհաջողվի կոտրել քաղաքական մեթոդաբանական նոր գործիքներով, կամ էլ այն վերջնականապես մեզ կկործանի:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացին, առավել ևս ընդդիմադիրը հանդիսատես չի, և իրավունք էլ չունի այդպիսին լինելու: Շարքային մարդիկ վերցրել են կաշառքը ու «հանդգնել են» Րաֆֆի ընտրել, իսկ իրեն ընդիմություն համարողը իր հաշվին միտինգի չի ուզում գնալ, մասնակցել ընդիմության ճակատին ու իր լուման ներդնել իր իսկ շահի համար:
Րաֆֆին կինո չի, որ գնաս, կամ չգնաս, նայես կամ չնայես, հավանես, կամ չէ: Ինքը քաղաքական դաշտում հայտնված նորություն է, ով ասում է՝ եկեք ինձ հետ միասին տեր կագնենք երկրին ու միասին պայքարենք, որ բոլորովս շնչելու օդ ունենանք, ուտելու հաց ու ապրելու իրավունք:
Այս պահին Րաֆֆին ավելին անել չի կարող: Ինքն իրոք մարմնեղ է, բայց ընդամենը մարդ է՝ ոչ կուռք ու փրկիչ:
Րաֆֆու կողմնակիցներից մեկը գրել էր, որ Րաֆֆին մտելով մի կեղտոտ շքամուտք, սկսել էր մաքրել այն, իսկ մյուսները մնացել են նայելով-քննարկելով:
Թե ինչքանով է այս միջադեպը ճշմարտացի կամ ոչ, երկրորդական է: Խնդիրն այն է, որ բոլորս էլ գիտենք, որ իրոք դա այդպես է, և որ հենց դա է մեր դժգույն հանրայինի արմատներից մեկը: Կեղտոտ շքամուտքը և դրա հանդեպ մարդկանց կեցվածքը հենց իրական Հայաստանն է:
Հանրային կարիքները հոգալը, հանրայինի միջոցով ընդհանուր բարօրություն կերտելը մեզանում մերժված դրվածք է, որը փոխելը ժողովրդավարություն հաստատելուց էլ առաջնային խնդիր է:
Եթե համակարգային, հանրային, պետական ու իշխանության հարց ենք ուզում լուծել՝ առաջինը մեր ընդհանուր տարածքը, շքամուտքը, այսինքն հանրայինը պետք է մաքրել, և լայն իմաստով՝ «մաքրություն» հարգող մարդն է պետք կերտել: Հավատացած եմ, որ Րաֆֆու քաղաքացիական շրջապատը հենց դրան է ձգտում: Բայց այդ խնդիրը միտինգային չէ, ամենօրյա է, ամեն քայլի ու պահի:
Հենց կեղտոտ շքամուտքը չտեսնողները, նախորդ ընդդիմության ու նախորդ մոտեցումներին սովոր հանրությունն ու իշխանական մեքենայի քարոզիչները, քաղաքական դաշտում մանևրող, գործ անող ու չանող կամ էլ հատուկ գործ փչացնող տեսաբանները, հեռուստատեսային դեմքերն ու անդեմները /մի խոսքով, մի ահռելի զանգված/ անընդհատ խորհուրդներ են տեղում Րաֆֆու գլխին, թե էս արա, էն արա, կոնկրետացրու, հստակեցրու, պահանջներդ դիր: Միաբերան օդ են տատանում, թե Րաֆֆու միտինգային որակներն իրենց իմացած ստանդարտներից ցածր են: Որ Րաֆֆին պլան ու գործ չի առաջարկում, որ Րաֆֆին պետք է կոնկրետ հրաժարական պահանջի, կոնկրետ քայլերով գնա:
20 տարի է պահանջներ են դրված: Դրանցից ո՞րն է հարգվել ու իրացվել իշխանությունների կողմից: Րաֆֆու դրվելիքն ինչո՞վ է տարբեր լինելու հներից: Տարբեր չի լինելու, բայց և բերելու է անցած արահետներին, որոնք արյունալի են: Իրականում սա տապալման տանող ամենակարճ ուղին է:
Ներկա պայքարի իմաստը անկառավարելի իրավիճակ ստեղծելն է, երբ իշխանություները կհամոզվեն, որ այլևս այս ձևով անհնար է շարունակել, և ստիպված կլինեն գնալու զիջումների:
Կոնկրետ պայքարի դեպքում հակամարտությունը կդառնա ճակատային, և ոչ մի զիջում հնարավոր չի լինելու կորզել, բայց և երկիրն է կործանվելու:
Միակ իրական, մեթոդաբանորեն ճիշտ ճանապարհը երկիշխանության ձևավորումն է իրենց չկեղտոտած երևելի մարդկանց, նախախորհրդարանի, Րաֆֆու թիմի, Անդրիասի և այլ գործիչների ներգրավմամբ:
Մի կարևոր պարզաբանում ևս
Մեզանում խմբակային շահը մտել է իշխանության մեջ և դարձել իշխանություն: Իսկ քաղաքագետներին հայտնի է, որ դա վատթարագույնն է պետության ու հանրության համար:
Խումբն իրեն քողարկում է որպես հանրության հավասար անդամ, իսկ իրականում գործում է միայն ու միայն խմբի ներքին շահերի համար:
Իսկ եթե այն նաև քրեական է, ապա պետության քողի տակ ու նրա փոխարեն ձևակերպում է ոստիկանապետություն /ոչ թե ավազակապետություն կամ օլիգարխիա/, և իբր օրինական, ոստիկանական-ուժայինի աջակցությամբ սկսում է թալանել երկիրը, հետապնդել ու խեղել մարդկանց:
Դա միարժեքորեն նման է վիրուսին, որը մխրճված է տիրոջ մարմնի բջիջների մեջ և վերարտադրվում է՝ ոչ թե նրա ռեսուրսների հաշվին /ինչպես օրինակ բակտերիաներն են անում/, այլ սպանում, ոչնչացնում է տիրոջ բջիջները:
Բնության մեջ վիրուսից ազատվելու ձևն այն է, որ օրգանիզմն իր իմունային համակարգով չեզոքացնում է դրանց: Իսկ եթե բավարար բարդ իմունային համակարգը չկա, ապա օրգանիզմն է զոհվում:
Այսօր այդ վիճակն է մեզ մոտ՝ երկրի մաշտաբով: Իշխանականը պրիմիտիվացած, վիրուսային պարզեցման հասած մի անուղեղ մեքենա է դարձած, որն ընդունակ չէ հասկանալու, որ իր վերարտադրվելով այլևս օրգանիզմն է սպանում:
Բոլոր հայրենասերներն ու ոչ հայրենասերները, քաղաքացի ու ոչ քաղաքացիները, խելոք ու ոչ խելոքները պետք է այս պարզ բանը գիտակցեն ու հասկանան:
Վիրուսի հետ հնարավոր չէ բարիշել, համագործակցել, նրանից զիջում ստանալ: Վիրուսն ուղեղ չունի, վիրուսը անկենդանի ու կենդանիի սահմանակից մի խժռող մեքենա է:
Վատ իշխանությունը, ստոր իշխանությունը, հրեշ իշխանությունն ինչ որ տեղ ընդունելի են: Բայց վիրուսն ինքը իշխանություն չի կարող լինել: Այն ընդամենը կործանարար մակաբույծ է ու պետք է հեռացվի որպես այդպիսին:
Եւ այդ վիրուսի դեմ պայքարը հենց ներկա համաժողավրդական ընդվզումը պետք է լինի:
Ինչպես Րաֆֆին չպետք է բանակցի, երկխոսի իշխանությունների հետ, այնպես էլ ընդդիմությունն իրավունք չունի «ջան» ասել դեմագոգ, ընտրազեղծարար, պնակալեզ իշխանամետին: Առավել ևս՝ իբր արվեստի մարդկանց, ովքեր զարմանում են, թե ինչպես կարելի է իշխանությանը դեմ լինելով ապրել: Իշխանականի կենսունակության հիմնական պայմաններից մեկն էլ էդ «ջանն» է, որը շռայլվում է ամեն քայլի:
Րաֆֆին հրապարակ է մտել իր էությամբ, կերպարով ու տրամաբանությամբ: Պետք է դրան գումարվի կողքինների համանման հաստատակամ էությունը, կերպարն ու տրամաբանությունը:
Ժողովրդավարությունը դա ամեն մարդու մեջ եղած հանրային էգոիզմն է և ամեն անհատի իրավունքի պաշտպանությունը՝ կողքինից ու հանրությունից, հենց անհատական ու հանրային սկզբունքայնության միջոցով:
Անհնար է «ով էշ-ես փալան» մտածելակերպի միջավայրում ժողովրդավարության մասին երազել իսկ:
Արդյունքի հասնելու համար՝
1. Մարդիկ պետք է տեր կանգնեն իրենց շահին ամեն մի պնակալեզի, օրինազանցի, մարդկային ոչնչության ու այդ կարգի շրջապատի հետ հարաբերվելիս: Հենց դրանք են իշխանության՝ վերը նշված 20 տոկոս կազմող սատարող հատվածը, որը չարաշահում է մարդկանց բարյացակամությունը և դրանով իսկ անվտանգ է զգում իրեն հանրության կողմից:
2. Չքծնեն ու չկաշառվեն, և դրանով չսնեն այդ 20 տոկոսին
3. Չլռեն, երբ կողքինին այլ մեկը հոշոտում է, քանիզի հոշոտողը հենց այդ 20 տոկոսի մեջ եղած ինչ որ մեկն է:
4. Լինեն սկզբունքային ամեն մանրուքի մեջ: Մանրուքները հատուկ կերտողներն ու կաշառք վերցնելով շրջանցել «օգնողները» հենց այս 20 տոկոսի մարդիկ են:
5. Հալած յուղի տեղ չդնեն որևէ մեկին և հույս ունենան միայն իրենց վրա: 20 տոկոսն է, որը խորհրդավոր, որպես ամենատեղյակ և պատասխանատու, հուշում է իշխանամետ ստրկամտություն, քարոզում հանդուրժողականություն ու սպասում մինչև լավ օրերի գալը:
6. Հարգեն գիտելիքը, որը կնկատեն ցանկացած մեկի մտքում ու գործի մեջ, անկախ նրա ով լինելուց: Եւ հենց դա թույլ կտա, որ ամեն մեկը և հանրությունը տարբերակի մարդուն պատեհապաշտից:
7. Առավելագույնն անհանդուրժող լինեն իրենց բարեկամ, ընկեր, հարևան օրինազանցի ու անարժանի նկատմամբ և հենց իրենք չեզոքացնեն նրան: Որովհետև իշխանություն ասածն իրականում հենց իր բարեկամ պնակալեզն է ու նրա վրա հենված ողջ վերին համակարգը:
Նույնիսկ Րաֆֆու միտինգի գալն է անիմաստ, եթե մարդիկ պատրաստ չեն իրենց կողքի, իրենց բարեկամ կեղեքիչի դեմն առնելու:
Նորմալ ապրելու համար մարդկանց միակ անձանական անելիքը դա է՝ մնացածն ածանացյալ են և ուրիշներն էլ կարող են անել: