Րաֆֆին առավել ձայներ է ստացել: Նախորդ բոլոր ընտրություններում էլ նույնն է եղել՝ ընդդիմադիրն առավել ձայներ է ստացել:
96-ին, 3 օր անց պարիսպները կոտրվեցին, պառլամենտը գրոհվեց, մի քանի կոտրվելու արժանի գլուխներ կոտրվեցին: Բայց արդյունքում բանակի տերը վերցրեց իշխանությունն, ու սկսվեցին երկիր ավիրող մանիպուլյացիաները:
96-ի մյուս արդյունքը եղավ այն, որ իշխանությունը կարողացավ ոչ միայն վարկաբեկել հանրային տարերային բողոքի ուժային ձևերը, այլև մարդկանց տեսադաշտից ու քաղաքական գործիքադարանից վերացրեց այն որպես եղկելի տհասություն:
Եւ հենց այս խեղաթյուրման արդյունքում է, որ հետագա բոլոր ընտրություններին ունենք ամենաանամոթ կեղծիքները, հետո բողոքի ստանդարտ միտինգը, հետո խաբեություն- բանակցություններն ու վերջում էլ՝ անպատիժ մարդասպանությունները, երբ հանրությունն իր կուռքին տեր չի կանգնում և չի ստիպում իր կամքն իրացնել, կամ էլ գոնե շարքերը չլքել:
Այսօր էլ արտաքնապես ամեն ինչ պատրաստ է հին արահետը մտնելու համար: Բայց և շատ բան այլ է:
Քննարկենք, թե որ սուբյեկտների մոտ ինչ սուբյեկտիվ վիճակ է և ինչն է այլ:
1. Ընտրողների հետ կապված
– Բացի երևանից մնացած քաղաքներում ընտրողը չի վախեցել վերցնել կաշառքը և քվեարկել առավել խոստումնալից ներկայացող Ռաֆֆու օգտին:
– Գյուղերում այս պրոցեսը քիչ ծավալ է ունեցել, որովհետև գյուղապետից ու նրա թայֆայից վախն առավել ազդու է եղել:
– Երևանում պետական աշխատողների ինչ որ մի մասը, կայունություն ունեցողները քվեարկել են Սերժի օգտին, ընդիմադիրը՝ Րաֆֆու:
Բոլոր 3 հատվածներում էլ հնարավորն է արվել կեղծելու հոգուտ իշխանության: Կենտրոնական ընտրականը ևս հնարավորն ու անհնարն է արել ու կանի կեղծելու համար
2. Ընտրացնողների հետ կապված, կամ որ նույնն է՝ օլիգարխիկ իշխանության պարագլուխների կեցվածքի հետ կապված:
«Տղերքը» առանց հասկանալու, իրենց հաշիվ տալու ու զգուշանալու, շարունակում են հնաոճ թալանն ու իշխելը, որն արդեն դրսում էլ, ներսում էլ, լցրել է բոլորի համբերության բաժակները:
Սա տիպիկ է լճացման մեջ գտնվող և ինքնակործանման գնացող իշխանական էլիտաների համար: Նրանք դառնում են ոչ լսողունակ ու անհաղորդ իրականությանը՝ տարված մնալով միայն կուտակելու, իշխելու ու մսխելու մոլուցքներով:
Ընթացող աննախադեպ մեծ արտագաղթի հետ կապված նրանք միգուցե ինչ որ աղոտ մտահոգություններ ունեն, բայց և անցած փորձը ցույց է տալիս, որ տղերքն ընդունակ չեն անձնապես զիջելու:
Այս ներքին անհամաձայնությունը բերել է նրան, որ այլևս միասնական իշխանական թիմ գոյություն չունի, և տղերքից ամեն մեկն առանձին է փորձում իր հարցերը լուծել:
Ամփոփելով սրանց, շեշտենք, որ իրականում ներկա իշխանությունը ներքուստ էլ խիստ անկայուն մի հավաքածու է, որը չունի փոխադարձ ընկալման ամենատարրական մեխանիզմներն իսկ:
3. Ընդդիմության մեթոդաբանության հետ կապված:
– Կուտակված նախկին կենսափորձը՝ այսինքն միտինգը, ունի սիրահարների մեծ բանակ: 1988 թվից այն հայկական քաղաքականի առանցքն է: Չնայած աննախադեպ պարտություններին, շատ-շատերը նոր հայտնվող ցանկացած ընդդիմության ուժը չափում են ոչ թե առաջադրվող ծրագրերով, մոտեցումներով ու մեթոդականով, այլ նրանով, թե ինչքան մարդ կհավաքի միտինգի:
Սա ոչ միայն դաժան, այլև կործանարար պահանջ է (թե իշխանություննների և թե տգետ ընդդիմադիրների կողմից բորբոքվող), որը թաղում է ցանկացած նորի մուտքը քաղաքական դաշտ:
Ըստ որում, ոչ միայն միտինգն է զմռսված, այլ նրա ավանդական ռիթմը, շարժը, ձևը, դինամիկան, տանջանքն ու քռքաշությունը:
– Րաֆֆին իր առաջին միտինգին մեծ դոզայի բացահայտ խոստումներ ու կոնկրետ հասցեատերերով հայտարարություններ ներկայացրեց, որոնք բավարար լրջություն ունեին իրենց մեջ: Դրանցից հրաժարումը կարծում եմ կոչնչացնի իրեն որպես քաղաքական գործիչ: Ոչ մի հանրություն էլ չի ներում նմաններին և մեր դեպքում առկա է այդպիսիների նույնիսկ քաղաքական մեծ պանթիոն:
Հիմա արդեն, Րաֆֆին կուտակել է դեռևս ոչ այնքան կոպիտ, հիմնականում մեթոդական սխալներ-խոստանալը, բայց գիշերը հրապարակում չմնալը, Սերժի մոտ գնալը, իր ասելիքը մշտապես հետաձգելը, իր թիմին և հանրային այլ ակտիվիստների կազմից անհատների՝ որպես իրապես արժանի, փոխարինող մարդկային մասնագիտական ու կամային ռեսուրս չներկայացնելը, հատուկ մտավոր առանցքի կենտրոն չձևավորելը, իսկ եթե այն կա էլ, ապա դրա գաղտնի պահելը, և այլն:
Այս բացից օգտվում են լրատվական դաշտն ու հանրային կարծիք ձևավորող բազմաթիվ անհատներ, ովքեր իրարամերժ տեղեկություններով ու վերլուծություններով թուլացնում են Ռաֆֆու դիքերը: (Իշխանությունների դիրքերը զրոյական են և այն թուլացնելու կամ ուժեղացնելու խնդիր գոյություն չունի):
4. Քաղաքական տրամաբանություններ, որոնք բացարձակ անտեսված են եղել մեր քաղաքական պատմության մեջ և հիմա էլ բացակայում են:
Րաֆֆու կողմնակիցները բացարձակապես վստահում են Րաֆֆու ինքնուրույն հնարավորություններին և չեն էլ մտածում ցուցաբերել վերահսկողության լծակներ նրա նկատմամբ, որը ներկայացվում է իբր որպես հարգանքի նշան:
Այս վերաբերմունքը տարրական քաղաքագիտական տգիտություն է, և կարծում եմ ժամն է այն հասկանալու և դրա հետ հաշվի նստելու:
Ժողովրդավարությունն ընդամենը վարից-վեր շահերի պաշտպանության ունիվերսալ մեխանիզմ է, որը վեր գնալով ճյուղավորվում, ձևավորվում, կոշտանում է ու վերադառնում անհատին որպես ստեղծագործ աշխատանքի ու իրավահավասար կյանքի պայմանների օրինական դաշտ:
Ընտրություներին ամեն անհատ իր ձայնն է տալիս այն գործիչին, որն առավելը կպաշտպանի հենց այդ ընտրողի շահերը: Գումարված քվեներով գործիչը մտնում է քաղաքական ասպարեզ և մյուսների դեմ կռվում, պայքարում, իրեն վստահած մարդկանց շահերը պաշտպանելու համար:
Իրականում, և Հայաստանում, և աշխարհում ամեն գործիչի հետևում կանգնած են ոչ միայն ձայն տվող քաղաքացիները, այլ նաև մեծահարուստներ, զինված շահային խմբեր, թայֆաներ, բանդիտներ ու հանցագործներ:
Հանրությունը, միավորված քաղաքացին ուժեղ է նրանով, որ իր թեկնածուի մեջքին կանգնելով բոլոր մնացածին հրապարակայնորեն, բացեիբաց հայտարարում է, որ եթե «նեղացրիք» իմ ընտրյալին, ես ձեզ բոլորիդ ջարդ ու խուրդ կանեմ ֆիզիկապես, որովհետև ես գործել եմ օրինականության դաշտում՝ ընտրել եմ ըստ խաղի կանոնների, իսկ դուք ինձանից թաքուն, իմ մարդուն խաբում եք, ճնշում, ձեր անդրկուլիսյանն եք իրացնում:
Նախորդ ընդդիմությունների բոլոր պարտությունների առանցքը նրանում է եղել, որ ուժայինը անօրեն հաշվեհարդար է տեսել ընդդիմության հանդեպ ու հետո էլ հորդորել է դիմել իր դատարանին: Դատարանն էլ դեռ մի բան էլ ավել՝ պատժել է բողոքողին: Այս հանցագործ վարքը որդեգրած են եղել համարյա բոլոր նախկին քաղաքական ընդդիմադիր լիդերները:
Վերը շարադրված միտքը հանրային քաղաքականություն կոչված պրոցեսի առանցքն է: Եթե ընտրողը լծակներ չունեցավ և պաշտպանելու, և վերահսկելու իր ընտրյալին, ապա ժողովրդավարության տարրականի մասին խոսելն իսկ ավելորդ է: Փոխարենը մեզանում դեռ տարածված է – Ребята, давайте жить дружно մանկական հեքիաթը, որն արդեն երկիրն է կործանել:
Հիմա, հենց այս թեզն ի նկատի ունենալով գանք ստեղծված իրավիճակին:
Ամեն ընտրող իր անձնական փոքր լծակն ունի և իշխանություների հանդեպ և իր ընտրյալի հանդեպ: Իշխանությունների հանդեպ լծակը դա քաղաքացիական անհնազանդության սպառնալիքն է, և հենց դրանով իշխանությունների կազմալուծման վտանգը: Այլն ուղղակի գոյություն չունի:
Ընդդիմության հանդեպ եղած լծակը նրան չվստահելը, մերժելը, և նրանից հեռանալն է:
Հիմա հանրություննն ընտրել է Րաֆֆուն, բայց և իրեն մի կողմ է դրել՝ թե Րաֆֆի, գնա հաղթիր Սերժին, վերցրու ղեկը:
Րաֆֆին էլ դա է անում, իրեն հաշիվ չտալով, որ առանց թիկունք ինքն իսկույնևեթ կպարտվի: Սա երկուստեք մանկամտություն է:
Առաջինը, որ միտինգի եկած ընտրողը պետք է աներ, իր ներկայացուցիչով պետք է պաշտոնապես, հրապարակավ հայտարարեր, որ հարգելի պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, մենք վստահել և ընտրել ենք Ձեզ, որպեսզի Դուք նախկինում Ձեր դրսևորած կամայինով ու այլ որակներով ազատեք մեզ այս իշխանություններից և կառավարեք այլ ձևերով և սկզբունքներով: Ձեզ վստահելով ու քվե տալով հանդերձ, մենք տեղյակ ենք, որ Հայաստանում իրական իշխանությունը կենտրոնացած է քրեաօլիգարխիկ ախպերության ձեռքում, իսկ Սերժն ընդամենը այդ ուժի պաշտոնական գործավարն է:
Մենք հասկանում ենք, որ Դուք միայնակ անզոր եք նման զինված և ոչ մի բանի առջև չկանգնող խմբի դեմ հաղթանակ տանելու համար: Այդ իսկ պատճառով, լիազորելով Ձեզ գործողությունների ու բանակցությունների, տեղեկացնում ենք, որ
ա. Դուք ունեք մեր ֆիզիկական պաշտպանությունը ևս:
բ. Դուք պարտավոր եք մեզ ասել այն մարդկանց անունները, ովքեր կհանդգնեն Ձեզ ստիպել, պարտադրել, համակերպվել, համաձայնվել, զիջել: Իմացեք, որ մինչև պաշտոնին հասնելը, Ձեզ չենք լիազորել ինքնուրույն զիջողական որոշումների կայացման: Այդ պատճառով այսուհետ բոլոր պաշտոնական խոսակցություններն ու բանակցությունները պետք է տարվեն բաց, հրապարակային, մեր իմացությամբ:
գ. Դուք պարտավոր եք նաև մեզ տեղյակ պահել Ձեր նկատմամբ իրացվող ցանկացած միջամտության մասին- լինի դա արտաքին, թե ներքին, որպեսզի մենք կողմնորոշվենք մեր անելիքներում ևս:
դ. Ձեզ վստահված քվեների մեջ կոնկրետ Ձեր անձին տրվածն ու իշխանությունների մերժածը որոշակի համամասնություն ունեն: Այդ պատճառով Ձեր կուսակցական թիմի անհատները հանրային այլ ակտիվիստների համեմատ չունեն այն իրավունքներն ու արտոնությունները, որոնք արդեն իսկ փորձում են դրսևորել: Դուք պետք է նրանց ևս սաստեք չափավորության:
Զուգահեռաբար, ճիշտ կլինի, եթե ներկայում հրապարակում առկա քաղաքացիական ուժերի համախմամբ ստեղծվի մի կոորդինացնող, վերլուծական մարմին, որը մշտապես կվերլուծի պրոցեսը և հանրությանը կառաջարկի ամեն պահի քաղաքացիական մասնակցության այլընտրանքային ձևեր ու միջոցներ, որպեսզի օլիգարխիայի և ուժայինների վրա հենված իշխանությունների դեմ եղած ճակատն ընդլայնվի և ստիպի դիմացինին ճեղքեր թողնելու:
Կարծում եմ նաև, որ նախախորհրդարանը պետք է մտնի ակտիվ պրոցեսների մեջ և լուծումներ առաջարկի, այլ ոչ թե սպասի առավել հաջող ընթացքների:
Ի մի բերելով, Րաֆֆին այսօր դեռևս մեկ մարդ է, և ինքը մեկ անզոր մարդ էլ կմնա, եթե կողքինները, հանրությունն իր անելիքը չտեսնի, տեր չկանգնի թե իր և թե Րաֆֆու ձայներին:
Եւ տեր կանգնելը դա միտինգը չէ, դա պատեպատ տրվելը չէ: Դա մեթոդական, երկարատև, գրագետ քաղաքական աշխատանքն է ամեն մեկի ու ամեն մի ուժի հետ, ֆիզիկական մասնակցությունը արտաքնապես օրինականության դաշտում թվացող, իսկ իրականում զուտ ուժայինով հանգուցալուծվող պրոցեսներում:
Աշխարհի պատմության մեջ ոչ մի հանցագործ խումբ առանց անխուսափելի ֆիզիկական պարտության վերահաս վտանգի չի հանձնվել: Հայկական օլիգարխիան ներքուստ տարամետ է, բայց նա բավարար պոտենցիալ ունի մինչև կործանվելը երկիրն էլ կործանելու, եթե ֆիզիկական ուլտիմատումը մինչև դա չստանա:
Հանրությունն այս անգամ արել է առավելագույնը՝ թուլացած իշխանություներին դրել է երկընտրանքի առջև.
1. Մի քանի ամիս ևս շարունակելու անիմաստ թալանն ու երկիրը տանել անվերադարձ կործանման:
2. Սթափվել, հաշվի նստել իրականության հետ, և նահանջել նվազագույն կորուստներով:
Ամեն ինչ կախված է ոչ միայն Րաֆֆուց կամ Սերժից, այլ նաև քաղաքացուց: Թե ինչքանով ինքն իրեն կկարևորի որպես անհատ, որպես արժանապատիվ մարդ, որպես իրավունքի տեր, այլ ոչ թե գողականի դեմ ստորացած ու ինքնակամ պատանդ: