Երեխան մեծերին նմանակելով և նրանցից սովորելով է մարդ դառնում: Գենետիկորեն արժեքավորով օժտված երեխան խելոք հասունին է հետևում ու նմանակում, իսկ հիմարը՝ հասուն հիմարին: Արդյունքում հիմարները հիմք են ծառայում նոր հիմարների աճի համար: Եւ եթե հիմարներին հնարավորություն է տրվում քարոզել իրենցը, ապա խելոքին այլ բան չի մնում, քան ճնշել իր գենետիկ խելոքությունը և ենթարկվել հիմարի դիկտատին:
Իմ այս պնդումը ապրիորի չէ, ներկայում առկա են ասվածի բազմաթիվ գիտական ապացույցները ևս:
Անցնելով բուն խնդրին, դնենք հիմնական հարցադրումը: Ո՞ւմ հույսին ենք մենք որպես հանրություն՝ խելոքների՞, թե հիմարների:
Այս առաջին հայացքից անպատեհ հարցը գոյություն ունի անկախ մեր ուզել- չուզելուց: Եւ նրան պատասխան տալը ոչ թե տաբուի, կամ ամաչելու խնդիր է, այլ առնվազն արժանապատվության և ապագա գոյության:
Դիտարկենք, թե որտեղից ենք մենք՝ որպես անհատներ ու որպես հանրություն, վերցնում մեր տեսակետները, մոտեցումները, կարծիքներն ու վարքի նորմերը:
Սովետի որոք, մեզ որպես մարդ ու հանրություն կրթողն ու կերտողը սովետական-ռուսականն ու ավանդական հայկականն էին: Մենք վերցնում էինք սովետից ու ռուսներից ինչ որ բան, բայց նրանց մեր մտքում «հիմար» որակելով, շարժվում էինք մեր ազգայինով ու արժեքայինով:
Գոնե մեծամասնության մեջ, գենետիկորեն խելոքներն ու գենետիկորեն հիմարները մոտավորապես զատված էին հանրային տեսադաշտում: Ներկա օլիգարխն այն տարիներին հիմնականում հանցագործ էր, իսկ կրթված մարդն էլ գոնե ոչ անարգված:
Սովետից հետո հայտնվեցինք «մենք մեզանով» և հիմա առավել ևս ենք այդ վիճակում:
Գենետիկորեն խելոքներն առնվազն կասկածում են, որ ինչ որ բան այն չէ մեր հիմնային դրվածքներում: Բայց չտիրապետելով ազդեցության որևէ լծակի և մերժված լինելով որպես անհաջողակներ, նրանք այսօր մեկուսացված են հանրության կողմից՝ դրսևորվելու և իրենց արժեքայինը մատուցելու հարցերում. «Եթե էդքան խելոք եք, ապա ինչո՞ւ եք էդ վիճակում» պատճառաբանությամբ:
Ինչևէ, մենք մտավոր և արժեքային կապանքների մեջ ենք, և ինքներս ենք պարտավոր տեսնելու մեզ ու մեր առջև ծառացած խնդիրները:
Փորձենք վեր հանել մեր հանրայինի հիմնային խեղաթյուրումներն ու դրանց պատճառները:
Մեր քաղաքագիտական էլիտան ասում է. «Արևմուտքը բարգավաճել է, որովհետև ազատ շուկայական-կապիտալիստական է, և նրանում առկա են համապատասխան ժողովրդավարական ինստիտուտներն ու կառույցները՝ սահմանադրություն, ընտրություններ, պառլամենտ, նախագահ, ազատ մամուլ, մարդու իրավունքներ և այլն: Եւ եթե մենք վերցնենք ազատ շուկան, կապիտալիզմն ու ինստիտուտները, դրանք տեղադրենք հայկական միջավայրում ու ազնիվ լինենք, ապա ավտոմատ մենք էլ կդառնանք բարգավաճ:
21 տարի այդ ֆորմուլան «աշխատեց», և մենք հիմա պարզ տեսնում ենք, թե մեր ազնիվ-բարգավաճն ինչ բան է, չհաշված ազատ շուկայի ու ինստիտուտների ազնիվը:
Արդյունքը կա, բայց նրա անկողմնակալ մեկնաբանությունը, բացատրությունը չկա:
Հանրության մի հատվածը համառորեն շարունակում է հինը, «Մենք մեր հնարավոր լավագույնը չէինք արել: Էս մեկը, կամ էն մեկը համը հանել էր: Էս մի անգամն էլ փորձենք, ու այս անգամ հաստատ կստացվի»:
Մոտ 20 տոկոսը իշխանամետ է և դուրս է քննարկումից, թե ինքն ինչ է մտածում: Այդ հատվածի վարքը պարզ է՝ ինքն իրեն է վերարտադրում և հենց այդ պատճառով ներկա քննարկման առարկան չէ:
Խելոք հատվածը չի էլ մտածում, ինքը շվարած է հիմարների ու մնացածի վարքի ու նորմերի արանքում և հեռանում է երկրից, որևէ կերպ չկարողանալով մասնակցել հարցերի թե քննարկմանը և թե լուծմանը:
Մի ազդեցիկ, սկզբունքային «էլիտար» հատված էլ՝ քաղաքական-քաղաքագիտական հատվածը, որն իբր գրագետ է, խելոք, հասկացող, մտահոգ ու ազնիվ, քննարկում է, երբեմն թիմերի մաս կազմում, իրեն ապարդյուն պատեպատ տալիս, բայց և ծառայում է նույնի, եղածի վերարտադրությանը:
Մենք սովորել ենք բոլորին մեղադրել դավաճանության, կամ պոտենցիալ պնակալեզության մեջ, բայց սույն հոդվածի նպատակն է ցույց տալ, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը, այլ քաղաքագիտական մակերեսայնությունն ու խորքայինից անտեղյակությունն է մեր այդ «էլիտար» շերտի անհաջողության հիմքը: Հենց այդ շերտն է, որ նայելով Արևմուտքին, չի տեսնում նրա էականը, նայելով հայկականին՝ չի տեսնում մեր էականը: Մտովի գումարում է մերն ու նրանցը ու շարունակում անարդյունք ճիգերը՝ ոչ գումարելիները գումարելու, չկիսվողները կիսելու, չհամատեղվողները համատեղելու համար:
Ամեն հանրային ունի հիմնարար, բազիսային արժեքներ, որոնց կրողներն անհատներն են: Հրեան հրեա է, վրացին՝ վրացի, անգլիացին անգլիացի է ու հայն էլ հայ է իր ընտանիքի, իր հանրության արժեքները որպես կյանքի ու ամեն օրվա ուղենիշ ունենալու և կիրառելու շնորհիվ:
Ամեն ազգ կաղապարված է իր արժեքայինի մեջ: Եթե այդ արժեքայինն ինչ-ինչ առումներով տկար է, կամ ազատությունների ու նորի մուտքը սահմանափակող, ապա այն կազմող անհատներն էլ կաղապարված են դրսևորվելու միայն ու միայն իրենց հանրային արժեքայինի թույլատրածի ու տաբուների սահմաններում:
Այս առումով մենք հայտնվել ենք ոչ լավագույն վիճակում:
Հետամնաց ազգերը մի մեծ առավելություն ունեն պետականության պատմություն ունեցողների համեմատ: Իրենք գիտեն, որ իրենց հանրային արժեքայինը օբյեկտիվորեն ցածր, թույլ է եղել զարգացած ազգերի արժեքայինից, և պատրաստ են առանց դիմադրության ընդօրինակելու առաջավորն ուրիշներից:
Մենք, մեր հազարամյա պատմության բեռի տակ լինելով, ընդունակ չենք նման «ստորացման»:
«Բա փառապանծ անցյալով մեր ազգին վայե՞լ է, որ ուրիշներից վերցնենք: Մենք կվերցնենք միայն ինստիտուները, վրան կավելացնենք մեր ազգայինը, ու մեզ հասնող չի լինի»: Ու վերցրինք պառլամենտը, նախագահին, սահմանադրական դատարանը, օմբուդսենին ու մնացածը: Լցրինք այդ մարմինները մեր «աղբով» ու հայտնվեցինք մեր իսկ ստեղծած ծուղակում:
Ի՞նչն էր պատճառը: Ինչո՞ւ այդպես ստացվեց:
Այդպես ստացվեց, որովհետև մենք անտեսեցինք հայ մարդուն՝ իր ահաբեկված, տանջահար, սովալլուկ, աղճատված, ստորացված ու կեղծ արժեքայինով:
Չկարողացանք հասկանալ, որ այդ սովալլուկն իր ցեղն ու շրջապատն է լցնելու արևմտյան ինստիտուտների մեջ, ու կաշառք է վերցնելու-տալու, որովհետև դա է տեսել ու դա գիտի: Հաշիվ չտվեցինք մեզ, որ մեզանում արգելված է անհատական ազնիվ մրցակցությունը հօգուտ բարեկամականի ու քծնանքի, գիտելիքը՝ հօգուտ առնովի-ծախովի դիպլոմի, ազնվությունը՝ հոգուտ անսկզբունքայնության, հերոսությունը՝ հօգուտ դոշ ծեծոցիի, մարդկայնությունը՝ հոգուտ փոր լցնելու: Եւ գնալով լծակները կենտրոնացան ամենակարկառունների ձեռքը, որոնք էլ արդեն սկսեցին պարտադրել ստորը:
Եւ ահա, մի կողմ թողած այդ կոնկրետ մարդուն ու նրա կարկառուններին, մենք սածիլեցինք արևմտյան ժողովրդավարությունը նրա համար անհամատեղելի հանրային միջավայրում: Ամեն քայլափոխի մենք արդեն տեսնում ենք դրա աճի ծիլերը՝ որպես ազգակործան կուսակցությունների, որպես ինքնագոհ ոչնչությունների, որպես ունիվերսալ հրեշների:
21 տարվա մեջ մեկը չասաց, որ հարգելի ժողովուրդ, ախր մենք լրիվ սխալ ենք հասկացել, որ առաջընթացը բարիշելով չէ, իրար հետ երկխոսելով չէ: Այն մշտական, ազնիվ, բացահայտ ու իրական պայքար է հիմարի ու խելոքի միջև, չարի և բարու, ռացիոնալի ու իռացիանալի, տրամաբանականի ու անտրամաբանականի, մասնագետի ու փինաչու, սրիկայի ու արժանապատիվի, նորմալի ու աննորմալի, հանցագործի ու օրինավորի միջև:
Որ եթե բարեկեցիկ կյանք ես ուզում, ձեռքերով, ուղեղով, քո ներկայությամբ մասնակցիր այդ պայքարին, այլ ոչ թե ծախվիր հիմարին, դավաճանիր ազնիվին, կաշառիր ու կաշառվիր, անտեղյակ ձևացիր հանուն քո պատեհապաշտ շահի:
Եւ այսքանից հետո էլ, հայ յուրահատուկ անհատը դեռ որ քաղաքագետների դիտարակման ենթակա չէ՝ «դե մարդ ենք, էլի, լավ-վատ՝ մարդ ենք: Ինչի՞, թուրքը կամ վրացին, կամ գերմանացին մեզնից լավն ե՞ն»: Սա է հարցի վերջնական պատասխանը:
Եւ եթե քիչ ավելի խորանաս, ապա քեզ ռասիստ ու հակահայ էլ կորակեն:
Տաբու է դրված հայկականն ու հային որևէ հարցում առաջավոր ազգերի համեմատ ստորադասված դիտարկելու վրա: Իշխանություններին նման դրվածքը ձեռնտու է, բայց ինչով է այն հարմար «հայրենասերների» ու ինտելեկտուալների համար՝ դժվարանում եմ հասկանալ: Մի՞թե անգիտակից վայրընթացը գերադասելի է արժանապատիվ ինքնախոստովանությունից, ու հենց դրանով իսկ առողջացման հեռանկարից:
Ամեն մեկը կասի, թե դա այդպես չէ, բայց և դրա ականատեսն ենք ամեն օր ու ամեն ժամ: Միակ բացատրությունն այն է, որ մենք գերադասում ենք կողմնորոշվել հիմարի անհիմն, մակերեսային օպտիմիզմով, քան խելոքի սթափ կանխատեսումներով:
Եւ հենց սա է պատճառը, որ մեր միջի հիմարներն են եղել դրության տերը դարերով ու վերջին 21 տարին էլ առանձնապես: Նրանք մեզ զուտ ջերմուկի արտահանմամբ դրախտային Հայաստան կանխատեսեցին, և մենք՝ չնայած թերահավատորեն, բայց չընդդիմացանք այդ ապուշ տեսլականին:
Կործանարար միտինգներով, տանել-բերելով, հետաձգելով, երկխոսելով, մարդկանց ինքնուրույն հանդես գալու արգելքներով ու բացահայտ կեղծիքներով ու քաղաքագիտական տգիտությունները որպես ճշմարտություն ներկայացնելով, նրանք դանդաղ, քայլ առ քայլ անարգեցին մի ամբողջ ազգի՝ հաշիվ չտալով ոչ իրենց ու ոչ էլ մեզ: Սնանկացրին մեզ, հոգնեցրին, զզվեցրին և արտաքսեցին երկրից, և մենք չընդվզեցինք ֆիզիկապես:
Դեռ 91-92-ին, առաջին քաղաքական խեղաթյուրումների քննադատությունների հետ կապված, հիմարների ջանքերով կտրականապես մերժվեց քաղաքացիական պատերազմի հնարավորությունը՝ «բա մենք, հայերով, մի բուռ ազգով, բա մեզ վայե՞լ է»:
Հաջորդ քայլով ներարկվեց այն կործանարար թեզը, թե «Հայաստանը հավերժ է՝ նախագահները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կանգուն է ու կանգուն էլ կմնա»: Այսինքն նախագահն ով է, որ երկիր կործանի՞: Հանգիստ եղեք, միլիոն սխալ էլ գործի, իր արածը հեչ է Հայաստան կոչվող «ապառաժի» համեմատ: Ժամանակավոր դժվարություններ են՝ կուգան ու կերթան: Հիմարներն ասացին, խելոքները համակերպվեցին, հանդուրժեցին, սպասեցին:
Հաջորդիվ խորհուրդ տրվեց հարևանից պարտքով յոլա գնալ, առանց բացատրելու, թե հարևանին փողը որտեղից: Վերցնողները տակ տվեցին, քաշեցին թե իրենց ու թե դիմացինին: Չվեցնողներն էլ չվերցրին, բայց և չընդվզեցին, ու յոլա գնացինք:
Հիշենք պարտք տվող ներկա համաշխարհային բանկիրությանն ու նրա տակ ճկռած մարդկությանը: Փոխադարձ պարտքերի քաոսը հանրությանը ներքին պառակտման ու հաշվեհարդարի հրապարակ դարձնելու ամենակարճ ուղին էր և, զարմանալիորեն, դա հորդորվեց՝ մի գուցե անզգուշորեն:
Հաջորդով սպարապետն ընտրություն ասածը նենգափոխեց ֆարսով և հետագայում լակոտ-լուկուտը սկսեց հաճույքով խաղալ այդ հրեշային թատրոնը՝ այն հասցնելով անգերազանցելի «կատարելությունների»: Գերադասեցինք լռելը և թատրոնին մասնակցելը:
Հաջորդիվ հանդուրժողականությունը, դիմանալը, համբերելը, բանի տեղ չդնելը, անարժանապատիվ գոյությունը գովերգվեցին որպես հային բնորոշ մեծագույն առաքինություններ: Իսկ «ազգիս բան չասես» -ը դարձավ հայրենասիրության ու ներհանրային համերաշխության առաջին պայմանը:
Հաջորդիվ հանցագործությունն ու կապիտալիստական սկզբունքները մեկտեղվեցին որպես առաջին միլիոնը կուտակելու բնական պահանջ: Իսկ հետագայում էլ ներարկվեց թեզը, թե կարգը դա է, տղամարդ ես՝ դու էլ հարստացիր՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի»:
Եի արդյունքում հանրային արդարության գիտակցության կրողը սկսեց որակվել որպես տգետ սոցիալիստ:
Հիմա էլ, ի ցույց դնելով արդեն ստեղծված դրվածքը, բացահայտ է ասվում, – «էս ա, չես ուզում, գնա ստուց»:
Երբևէ չասվեց, որ հարգելի ժողվուրդ, մեր կյանքը էս վիճակի բերողը մի կողմից իհարկե տգետ ու ապիկար, հիմար ընդդիմությունն ու ինքնակենտրոն իշխանություններն են, բայց մյուս կողմից էլ այդ մարդիկ մեր ամեն մեկի բարեկամ, ծանոթ ու ընկերներն են:
Որ արևմտյան ինստիտուտները մեզանում չեն աշխատում, որովհետև հենց էդ մեր բարեկամ-հարազատը մեր համար «բարեկամ» է, իսկ շրջապատի համար՝ հրեշ: Որ մենք պարտավոր ենք առաջին հերթին ոչ թե իշխանությունից բողոքել ու հաշիվ պահանջել, այլ մեր բարեկամից ու համագյուղացուց:
Որ առաջինը մենք ինքներս պետք է մեր ծանոթին կարգի հրավիրենք, արդարության կռիվը տանք, դեմն առնենք:
Որ պետությունը միշտ էլ հանրության գլխին նստած երախտամոռն է, բայց նորմալ երկրներում նրան չեն թողնում հրեշ դառնալ ոչ թե ինստիտուտները, այլ հանրությունը կազմող բոլոր մարդիկ, ովքեր ամեն քայլափոխի իրենցն են առաջ տանում իրենց տականք բարեկամ-ծանոթ իշխանավորին զսպելով, անարժանին դիպլոմ չտալով, կաշառք տվող-առնողին ապտակելով, հրապարակ բերելով ու անարգելով:
Արևմտյան միակ ինստիտուտը, որը նախապես պետք է երկիր մտներ, դա արևմտյան արժեքայինով մարդն էր՝ որն իր անհանդուրժողականությամբ՝ հանդեպ կողքինի հակահանրայինը, հայ մնալով հանդերձ, գար փոխարինելու մեր ավանդական հակահանրայինին, տգետին ու հիմարին:
Սա է մեր ու Արևմուտքի հիմնական տարբերությունը, և ոչ որևէ այլ բան:
Առաջընթացն ապահովվում է ճշտի ու սխալի, առաջավորի ու հետամնացի, բարու և չարի, այլանդակի ու գեղեցիկի, բոլոր հակամետությունների՝ ամեն պահի տարվող անողոք պայքարով, այլ ոչ թե երկխոսությամբ, բարիշելով, զիջելով ու յոլա գնալով:
Հայ մարդը, եթե բարեկեցիկ կյանք է ուզում, նա պետք է ոչ թե ծաղրի Անդրիասին, այլ հասկանա նրա առաջարկածը, նրա կողքին լինի: Ու կողքին լինի ոչ թե նրան օգնելու, այլ որպես մի նոր Անդրիաս՝ ինքն իր խղճի առջև զինվորագրվելու համար:
Եւ այդ նոր Անդրիասը ոչ թե իշխանությանը պետք է կարգի հրավիրի, այլ իր ծանոթ-բարեկամ-հարևան սրիկային, պնակալեզին, օրինազանցին:
Երկիր, պետություն ու ազգ ենք կորցնում: Փորձենք մոռանալ մեզ ներարկած կեղծ տաբուները, փորձենք մոռանալ կուռքերին ու կեղծ փրկիչներին:
Մեզանից ամեն մեկից բարձր արժեք գոյություն չունի: Պայքարենք հենց մեզ համար, այլ ոչ թե հանուն հանրայինի: Մեր բարեկամ-օլիգարխն առաջին հերթին մեր թշնամին է, այլ ոչ հանրության, մեր ընկեր-կաշառակերն առաջին հերթին մեր թշնամին է, այլ ոչ հանրության:
Եւ ամենակարևորը՝ նա մեզ չի օգնելու մեր նեղ օրվանը: Մենք ոչինչ ենք նրա համար, քանի որ ինքը փողի ծառան է այլևս, այլ ոչ մարդկայինի, հանրայինի, կամ բարեկամության:
Մեր քաղաքագիտական միակ խնդիրը հայ անհատն է: Թող քաղաքագետները ինքնակրթվեն որպես արևմտյան անհատ կոչված երևույթը հասկացողներ, գիտցողներ, և օգնեն հայ անհատին էլ տեսնելու այս պարզ իրականությունը:
Արևմտյանը նախ հասկանալ է պետք, ապա գնահատել նրա գոյության պայմանները և նոր միայն նշմարել, գտնել այն ուղին, թե ինչպես մեզանում էլ բարձանանք, հասնենք այդ անհատին:
Հայ կաշառակերը կմնա կաշառակեր, քանի նրա բարեկամը չի բռնել նրա ձեռքը: Ոչ թե ակտիվ, ինքնազոհ, շահագռգիռ, ամենահաս երիտասարդ քաղաքացին, այլ հենց շարքային, տարեց ու նույնիսկ ծերունի բարեկամը, հարազատը, ծանոթը: Որովհետև անհայտ երիտասարդի դեմ այդ կաշառակերը պետական զինված ոստիկան, բանակ, բերետավոր ու ծախու դատարան ունի: Իսկ հասակավոր կամ ծերունի բարեկամի դեմ նա չունի այդ լծակները, մանավանդ եթե բարեկամների մեջ մեծամասնություն դառնան հենց արևմտյան մտածողության հայերը՝ նոր Անդրիասները:
Եւ կարծում եմ, որ այդ հարցում իրենց մեծագույն անելիքն ունեն հենց մեր տարիքավորները՝ թե տղամարդիկ և թե կանայք: Նրանք, ովքեր անցած 21 տարիներին ամեն քայլափոխի պարտվեցին մի խումբ աճպարար անպիտանների ու ապիկարների:
Ճիշտ վերաձևակերպենք մեր առջև կանգնած ներքին խնդիրները, և լուծումներն իրենք իրենց կգտնվեն: