Դանդաղ, բայց անշեղ գնում ենք բոյկոտի:
Գործերի ընթացքն այնպիսին է, որ առանց մեծ միջամտությունների էլ բոյկոտը ստացվելու է: Խնդիրն այն է, որ բոյկոտն այնպես իրացվի, որ Հայաստանի դրական ապագայով շահագրգիռ կողմերը, բացի քրեական օլիգարխիայից, հասնեն մաքսիմալ հնարավոր արդյունքների:
Որպես Հայաստանը կործանման տանող հիմնական գործոնի, ուժի՝ ներկայում ես տեսնում եմ քրեական օլիգարխիային և նրան սատարող բարեկամական ու ընկերական տականքին, որը կուրացած է իր անձնական հարստության սպասարկման խնդիրներով և պատրաստ է երկիրն էլ, իրեն էլ հոշոտել՝ թվացյալ շահույթի համար:
Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատը ևս այդ կառույցի մասն է: Իսկ նա անձամբ երկակի վիճակում է: Որպես երկրի առաջին դեմք, որպես սուվերեն որոշում կայացնող՝ ինքը մի կողմից դեմ է իրեն խոչընդոտող օլիգարխիային, բայց մյուս կողմից էլ անկարող է նրան դիմադրել, «չէ» ասել և իրացնել իշխանությունը, որովհետև հենց օլիգարխիան է նրան «ընտրեցնում», ապահովում կեղծիքներն ու քվեները:
Անիմաստ է քննարկել չբոյկոտված ընտրություների տարբերակը, որովհետև ակնհայտ է, որ կունենանք այն, ինչը կար վերջին 17 տարիներին՝ շատ ավելի ծանր հետևանքներով ու ահագնացող դինամիկայով:
Իսկ ինչպիսի՞ն կլինի պատկերը բոյկոտվող ընտրությունների արդյունքում:
Բոյկոտի պարագայում, «օրինական» ընտրված Սերժ Սարգսյանն այլևս պատասխանատու չի լինելու ոչ ախպերականին և ոչ էլ հանրությանը: Ունենալու ենք օդում կախված մի իշխանապետ, որը ստիպված է լինելու նոր հենարան գտնել և նրան ապավինել:
Շատ բան կախված է լինելու Սարգսյանի ներքին և արտաքին քաղաքական հեռատեսությունից, հոտառությունից ու պահի ընկալումից:
Հնարավոր այլընտրանքները:
1. Ի՞նչ կստացվի, եթե բոյկոտված ընտրություներից հետո Սերժ Սարգսյանը նորից թեքվի դեպի քրեականն ու օլիգարխիան
Դրանով նա դավաճանած կլինի բոյկոտով իրեն իշխանության թույլտվություն ապահոված, բայց և քաղաքացի դարձած հանրությանը: Սարգսյանի և հանրության միջև եղած վիհը առավել կխորանա: Կսաբոտաժվի այդպիսի իշխանության ցանկացած քայլը:
Ծառայություն չմատուցած, բայց և առանց ջանքերի հենարան դարձած նոր օլիգարխիան ոչ միայն չի հանդուրժի Սարգսյանի թուլությունը, և պալատական հեղաշրջմամբ իր մարդուն կդնի նախագահ, ինչպես դա եղավ 97-98-ին:
Պարզ է, որ այս սցենարով Սարգսյանը ոչ միայն չի շահի, այլ կկորցնի: Միգուցե մի քանի ամսով, կամ մեկ-երկու տարով հետաձգվի իր երրորդական կարգավիճակով կյանքը, բայց մեծ անորոշության պայմաններում իր հետագան առհասարակ ահարկու է դառնալու:
2. Ի՞նչ կստացվի, եթե Սարգսյանը փորձի նոր պնակալեզ-ոչնչություններից նոր քաղաքական ու իշխանական շրջապատ կերտել
Չունենալով մարդկային ու նյութական անհրաժեշտ սեփական ուժային հենարանը, դրանք անմիջապես կդառնան օլիգարխիայի կամակատարը: Ու արդյունքում Սարգսյանի իշխանական ողջ նոր կառույցը կլինի իրականությունից կտրված, անկարող, անզոր ու ծիծաղելի՝ բոլորի աչքերում: Այն շատ շուտով կհանգեցնի պալատական հեղաշրջմամբ խորտակվելու սցենարին:
3. Որպես միակ ելք Սերժ Սարգսյանին կմնա ազգային համաձայնության կառավարության կերտումը՝ իրապես սկզբունքային գործիչների ու մասնագետների ներգրավմամբ:
Այս քայլն իրացնելու համար կան մի քանի կարևորագույն նախնական պահանջներ:
ա. Սարգսյանը պետք է կարողանա իրեն ենթարկեցնել ուժայիններին, որպեսզի կանխվեն պալատական հեղաշրջման հնարավորություները:
բ. Դա անելու համար, նախապես անհրաժեշտ կլինի ոչ մեծ տնտեսական ու քրեական հանցագործությունների մասով համաներման իրացումը: Դրանով կթուլանա օլիգարխիային սպասարկող մանր քրեականի անհանգստությունը, և նրանք կազատվեն այլևս օլիգարխից կախյալ լինելուց:
գ. Որպես հետևանք՝ մնալով առանց թիկնազորի, զինված բանդաների ու քրեական տականքի, օլիգարխիան ստիպված կլինի մտնել կամ օրինականության դաշտ, կամ հեռանալ երկրից:
դ. Քրեականից փոքր ինչ հեռացած իշխանությունը կդառնա ընդունելի՝ նորմալ մարդկանց ու մասնագետների համար, և շատերը ցանկություն կհայտնեն նրա հետ համագործակցելու:
ե. Որևէ կուսակցություն չպետք է ունենա իշխանությանը մասնակցության քվոտա: Իշխանությունը կկերտվի ոչ թե ըստ ուժային պարամատրերի, այլ ըստ անհատների մասնագիտական ունակությունների ու կարողություների, և հաշվետու կլինի հանրությանը:
Այսինքն, մինչ այժմ գործող թիմով, բանդայով, զենքով, զորքով առաջխաղացման մշակույթը ընտրություններին վերցրած մանդատով հենց Սերժ Սարգսյանի կողմից պետք է վերացվի:
զ. Բոյկոտով քաղաքացիական դաշտ մտած և քաղաքացի դարձած անհատը լրատվության և իրեն հասու այլ մեխանիզմներով կսկսի վերահսկել իշխանություն մտած մասնագետներին և նրանց առաջին իսկ սայթաքման դեպքում հրաժարականի պահանջով նրանց կպահի նորմալի սահմաններում:
Ներկայում, Հայաստանը հասել է ինքնահոշոտման ամենավերին կետին, որը անհամատեղելի է պետականության շարունակման հետ:
Օլիգարխիան, որն անխնա շահագործել ու մսխել է երկրի բոլոր ռեսուրսները, ներառյալ նաև մարդուն արտերկիր վաճառելը, սպառել է իր հետագա գոյության հիմքերը ևս: Ամեն ինչ ունի իր ավարտը, և մենք հասել ենք այդ ավարտին՝ առանց դա իրատեսորեն գիտակցելու:
Մեր ձեռքին վերջին մեթոդական շանսն է՝ իշխանությանն ինքն իրենով մենակ թողնելով՝ նրան իրավիճակի աբսուրդը և միաժամանակ ելքերը մատուցելով սթափեցնելն ու դրանով ստիպելը, որ քայլեր ձեռնարկի թե իրեն, և թե երկիրը այլ ուղու վրա դնելու:
Հրապարակում են բազմաթիվ շահային խաղացողներ՝ փառամոլ քաղաքական այրեր, քրեական մանկլավիկներ, օրվա հացի համար ստորացած թիկնապահներ, սեփական տեսողությունից ու աչքերից զուրկ զոմբի-նվիրյալներ, կարճատես-ինքնախփնվածներ, բացահայտ ծախու ոչնչություններ: Այս խառնամբոխը գումարային մի քանի տոկոսից ավել չէ:
Սրան զուգահեռ՝ կա նորմալների Հայաստանը, որը կքած է և ստիպված է դերավորվելու՝ որպես իբր հիմար, որպես համաձայնվող, որպես զիջող, որպես չհասկացող, որպես կաշառվող, որպես թուլակամ, որպես անկարող, որպես թիկնապահ ու պնակալեզ:
Նրան այդ կաղապարի մեջ են մղել ու զմռսել ոչ միայն մեր արյունոտ պատմությունը, այլ նաև երկիրն իրենցով արած՝ վերջին 20 տարիների քաղաքական տգետ այրերը: Դա արվել է քարոզով, ստիպելով, մարդկանց հիասթափեցնելով և ամեն ինչ պախարակելու անշեղ մեթոդաբանությամբ:
Հայաստանում առկա է մարդկանց կուրացնող, թուլակամ ու հլու-հնազանդների մասնատված տառապյալներ կերտելու ահռելի ներքին ու արտաքին ցանց, որը հայից հանդուրժող, համբերատար ու անսկզբունք մի ոչնչություն է կերտում՝ ամեն ժամ ու ամեն վայրկյան, սպանելով նրա մեջ հպարտ, ինքնիշխան մարդուն:
Մենք ոչ մի արտաքին խնդիր չունենք: Մեր միակ խնդիրը մենք ենք ու մեզ կործանման տանող մեր կեղծ արժեքայինը:
Ճակատագիրն այսօր տալիս է մեզ վերջին շանսը՝ որպես պետություն գոյատևելու: Խնդիրը պահի եզակիությունն ու կարևորությունը գիտակցելն է, սթափվելը և ազգովի ընդհանուր հայտարարի գալը:
Մեր պարտքն է իրեն նախահագահացու հրամցնող ամեն մեկին հարցնել՝
1. Հարգելիս, դու շատ լավ գիտես, որ ոչ միայն չես հաղթելու, այլ քո մասնակցությամբ լեգիտիմացնելու ես ընտրությունները, հնարավորություն ես տալու, որ օլիգարխիան իր կաշառքով ընտրեցնի Սարգսյանին և շարունակի մնալ և նախագահի, և քո, և Հայաստանի տերը: Դու իհարկե այդքանը հասկանում ես, բայց ինչու է քեզ թվում, թե ես չեմ դա հասկանում:
2. Հարգելիս, ինչու է քեզ թվում, որ քո անհագ ոչնչությունը բավարարելու համար, ես պատրաստ եմ ինձ, իմ ընտանիքն ու իմ հայրենիքը զոհելու:
3, Հարգելիս, ինչու է քեզ թվում, որ մշտապես անպատիժ ես մնալու՝ ոնց բոլոր հանցագործներն են նախապես կարծում:
Նախագահացվող Սերժ Սարգսյանի պարտքն է՝
1. Գիտակցել, որ բոլոր խաղերն ավարտված են, և իրեն է վիճակված փակելու, կամ բաց պահելու հայկական պետականության վարագույրը:
2. Կամք ունենալ չթողնելու, որ օլիգարխիան իրեն ընտրեցնի՝ կաշառելով, ընդիմության պայքար խաղարկելով և այլ էժանագին ծառայություններով: Դրա ժամանակն անդառնալի անցած է, և եթե նորից իրացվի, և իրեն, և բոլորիս է կործանելու:
3. Վերընտրվելով 2 իրական ու մնացած բոյկոտված, կամ նույնիսկ 2 միլիոն կեղծված ձայնով, ինքը 2 դեպքում էլ միայնակ է՝ որպես այսօրվա հայ քաղաքական իրականության պատասխանատու:
Այս ողբերգական ու ճակատագրական դատարկությանն է բերել մեր վերջին 20 տարիների անհոգ տգիտությունը:
Իսրայելը կերտվեց պայքարող անհատներով: Հրաշքով կերտված ու ժառանգված Հայաստանին բախտ է վիճակված գոյատևելու մնացած վերջին պատասխանատուի իմաստնությամբ ու կամքով: Չի դրսևորի Սերժ Սարգսյանը այդ կամքը՝ կմխրճվենք ներքին վերջնական հոշոտման մեջ:
Իրենց փրկիչ կարծող ընդդիմադիր, իսկապես ազնիվ գործիչների պարտքն է.
1. Հասկանալ, որ հայկական սույն իրականությունը, աբսուրդային լինելով հանդերձ, իրական -նյութական է: Այն մարդկանց ամենօրյա կյանք է, որոշակի մինիմում ապահովող առօրյա դրվածք, իրական հարաբերություններ, իրական ուժային դաշտեր և իրական ազդեցության լծակներ:
2. Անհնար է կախարդական փայտիկի ուժով այս իրականությունից մի այլ իրականության անցնել՝ առանց ռեսուրսների, ժամանակի ու շահային հուժկու դաշտերի հաշվառման:
3. Տականքը տականք է, բայց դրության տեր: Օլիգարխը, իշխանավորը հանցագործ են, բայց դրության տեր: Նշված անպետքը հրապարակից հեռացնելու և նոր սկզբունքերով գործելու համար մենք ունենք ընդամենը մեկ արահետ: Այն աներևույթ է, հազիվ նշմարելի ու դեռևս որևէ հայի կողմից չհաղթահարված:
4. Դուք պարտավոր եք ցած իջնել երևակայականից իրականություն, և շարժվել ըստ պահի հնարավորի:
Պահի գործնական հնարավորը ակտիվ քարոզվող, բայց պասիվ իրացվող բոյկոտն է: Եւ դրանով իսկ մեր երկրի հիմնական հակառակորդին՝ օլիգարխիային քաղաքական դերակատարումներից զրկելը:
Պահի կարևորագույն քաղաքական խնդիրն է առանց օիլիգարխների օգնության ընտրությունը, ընդդիմադիր թեկնածուների քայլերի խորքային դավաճանության հրապարակային քննարկումն ու մերժումը, և դրանով իսկ իրական քաղաքացու կերտումը:
Ընտրություններից հետո էլ հիմնական գործնական խնդրին է մասնագետների, սկզբունքային մարդկանց ու նորմալների ցանկը, ցուցակը ձեռքի տակ ունենալը, որը օդի ու ջրի պես անհրաժեշտ է լինելու Սարգսյանին, թե ֆիզիկապես և թե քաղաքականապես գոյություն պահպանելու, իսկ Հայաստանին էլ՝ գոյատևելու համար:
Ոչ մեկը չի կարող ներկայում մի հարվածով և Սարգսյանին ու նրան սատարող քրեաօլիգարխիկ համակարգը կործանել, և նորմալ Հայաստան կերտել: Դրա անհրաժեշտ օբյեկտիվ ռեսուրսներն ուղղակի չկան:
Ռազմավարությունը պետք է լինի մեկուսացած մարդուց քաղաքացի կերտելը՝ նրան դրսևորվելու հնարավարություն տալով և օլիգարխիայից իշխանությունը մեկուսացնելը՝ աստիճանաբար այն քաղաքացիականին վերադարձնելով:
Բոյկոտ: