Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Հայաստանը դատարկվում է մարդուց, մտքից, տրամաբանությունից

22 Դեկտեմբերի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Հայաստանը հորձանուտում  է՝ օլիգարխների, օլիգարխների արտաքին ու ներքին «տանիքների», գեոքաղաքական պարտադրանքների, հանրային վայրիվերումների, մասնագիտական տկարության, երկրի ինտելեկտուալ վերնախավի անտեղյակության ու անպատասխանատվության շռնդալից վայրընթացի մեջ:

Երկիրն արագությամբ դատարկվում է մարդուց, մտքից, տրամաբանությունից, հույսից ու իմաստից, բայց և քննարկում ենք:

Ամեն օր, ամեն ժամ, ամեն պահի՝ ընտրություն, Պուտին ու Եվրոպա ենք քննարկում: Եւ խոսելուց առաջ էլ մեզ նեղություն չենք տալիս սահմանելու մեր ասելիքի գոնե տիրույթները:

Գեոքաղաքականն ու աշխարհայացքայինը, ռեգիոնալն ու հանրայինը մի տեղ խառնած՝ խոսում ենք: Եվրաինտեգրվում ենք, եվրազիացվում, ինքնորոշվում, քաղաքացիականանում: Բայց ամեն ինչը մի տեղ, նույն կաթսայում,  նույն մարդկանցով ու նույն հնոտի մտքերով:

Հայաստանի ժողովուրդը որպես ներկա՝ զարգացող աշխարհի մաս, պարտավոր է գնալ առաջ, վերցնելով ամենաառաջավորը երկրագնդի ցանկացած մշակույթից,  նորույթից, նվաճումից: Սա պահի ասքիոմատիկ պահանջն է, և քննարկման առարկա չի էլ կարող լինել:

Մենք պետք է վերցնենք Եվրոպայից էլ, Ամերիկայից էլ, Չինաստանից էլ,  նույնիսկ Հոնդուրասից էլ, եթե մի բանն այնտեղ առավել է մնացածից:

Մեր հանրային առաջընթացը որևէ կապ չունի պետական արտաքին կողմնորոշումների հետ: Աշխարհն ազատ է, վերցրու այն, ինչը կարևոր ես համարում, շփվիր նրա հետ, ումից լավը, առաջավորը կսովորես: Որպես գործիքներ ընտրիր այն, ինչը ամենաէֆեկտիվը կլինի քո հարցերը լուծելու համար:

Այս ամենը մեր ներքին կողմնորոշման, գիտակցման ու անելիքի հարցեր են: Ոչ մեկը մեր ձեռքը չի բռնել, մեր ուղեղը չի կողպել ու պարտադրել, թե արա ամենահետամնացը, ռուսականը, ասիականը, ծայրահեղը, կամ թուրքական մուղամը երգիր:

Հենց մենք ենք մեր եղած արժեքայինով ճամփա տվել մեր տգետին՝ պլպլալու  որպես մարգարիտ: Մենք ենք մեզ կաղապարել: Մենք ենք մեր նորմալին լլկացրել ու մեր գլխին նստեցրել սրիկային ու տականքին:

Մեր խնդիրը մեր արժեքայինը վերակերտելն է: Այնանհնար է բիրիք, ֆիզիկապես ներմուծել, բերել, տարածել: Նաև ոչ ռուսը, ոչ եվրոպացին ու ոչ էլ ամերիկացին չի կարողանալու դա անել, եթե մենք փակ ենք նորի առջև հոգեբանորեն:

Եղածի մերժումը և նորի մուտքը պրոցես է, որը մեր վերնախավը պետք է կարողանա սկզբնավորել, ներդնել, քարոզել, տարածել: Իշխանություններին այս հարցում չի կարելի մեղադրել: Այն կոնսերվատիվ է համարյա բոլոր   երկրներում: Դա իշխանականի էությունն է, և մենք բացառություն չենք:

Եթե ամերիկյան սահմանադրության հանդեպ մեծագույն հարգանքը և հանրային օրինականության ներքին կապանքները չլինեին, վերջին տարիների ամերիկյան իշխանությունները, որոնք երևի ամենահետամնացներից էին աշխարհում, երկիրը կործանած կլինեին:

Ես գտնում եմ, որ այլևս որևէ մեղադրանք արտաքին հասցեատերերին՝ մեր հանրային կողմնորոշման հարցերում, առնվազն անինքնասեր անազնվություն է:

Մեր հետամնացության մեղավորը ռուսը կամ եվրոպացին, կամ որևէ այլ մեկը չէ, մենք ենք:

Այսինքն, կողմնորոշումն ունի առնվազն 2 բաղադրիչ՝ հանրային-արժեքայինը, և պետական-աշխարհքաղաքականը:

Եղած հետամնաց արժեքայինի մասով մեղավորը մենք ենք, «և վերջ»:

Հիմա քննարկենք հայկական պետության, այսինքն կոնկրետ իշխանությունների խնդիրները կողմնորոշումների առումով:

Հայաստանը զետեղված է գեոքաղաքական շատ կարևոր խաչմերուկում, ուր բազմաթիվ շահեր ու գործոններ են բախվում իրար: Դրանք են՝ Թուրքիա-թուրան առանցքը, Ռուսաստանի՝ որպես ռեգիոնալ գերուժի իր ազդեցության սահմանի ճշգրտման գործոնը, նմանապես ԱՄՆ՝ որպես գերտերության, և Իսրայելի՝ որպես ռեգիոնալ գերուժի՝ շահերի հարցը, Իրանի հետ պարտադրվող հարաբերությունների հարցը, ուժեղացող Ադրբեջանի և ինքնորոշված Վրաստանի ռեգիոնալ նպատակային դաշտերը:

Արտաքնապես իբր քիչ բան է փոխվել վերջին մի քանի տարիներին, բայց և խորքային մեծ տեղաշարժեր են կատարվել:

1. Եվրամիության ներքին խնդիրների հետ կապված Թուրքիան արդեն իսկ բավական հստակ կողմնորոշվել է որպես ինքնուրույն գերուժ, և կենտրոնացած է զուտ տարածաշրջանային իրավունքերի ծավալման վրա: Նա արդեն անթաքույց միջամտում է  իր հարևանների ներքին գործերին:

2. Թուրքիա-Ադրբեջանը գործում են ռեգիոնալ տանդեմի ձևով: Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքն արդեն իսկ միանաշանակ է՝ ագրեսիվ, պրովակացիոն և անհրաժեշտ գործնական քայլերով Հայաստանը տանում են լրիվ հայաթափման: Նրանք փաստորեն օրակարգից հանել են Ղարաբաղի հանգուցալուծման խնդիրը, այն փոխարինելով Հայաստանը հայաթափմամբ  նվաճելու խնդրով:

Նախորդ տարիների Հայաստանի կողմից արված բոլոր զիջողական առաջարկները մերժված են Ադրբեջանի կողմից հենց այդ նպատակով: Նրանք որևէ կերպ չեն համաձայնի մեր՝ նույնիսկ ամենամեծ զիջումներին: Հիմա եթե մենք Ղարաբաղի հետ Հայաստանի կեսն էլ առաջարկենք, նրանք որևէ պատրվակով դրանից էլ կհրաժարվեն, որովհետև ակնկալիքն ամբողջ Հայաստանն է:

3. Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ իր նոր գոյակերպի դոկտրինը մշակել և ներկայում տվայտանքների մեջ է: Ձեռքի հետ իրենով է արել Հայաստանի բոլոր ենթակառուցվածքները, բայց և չի պատկերացնում Հայաստանի հանդեպ գեոքաղաքական ներ ձևակերպման խնդիրները:

Եթե մենք սահմանակից լինեինք Ռուսաստանին, ապա կասկած չունեմ, որ  հիմա ընդամենը ռուսական մարզ էինք: Բայց քանի որ սահմանը չկա, և արանքում էլ ինքնորոշված ու Ռուսաստանին հակառակորդ Վրաստանն ու Ադրբեջանն են, ապա քաղաքական, գեոքաղաքական լուծումներ գոյություն չունեն:

Այդ պատճառով Հայաստանը, որպես սուբյեկտ, Ռուսաստանի ռեգիոնալ ծրագրերում վաղուց բազմակի իմաստների կրող է:

Որպես սեփականություն՝ այն արդեն վաղուց ռուսներինն է: Որպես ռուսական գերուժի սահման՝ այն ընդամենը ռազմական բազա-կազարմա է, որը ցանկացած պահի կարող է տեղափոխվել: Բայց նաև պարզվել է, որ Հայաստանը քրիստոնյա, սպիտակամորթ մարդկային ռեսուրս է, որը ռուսները դանդաղ արտահանում են երկրից:

Այս առումով մենք նման ենք սպանդանոցում մորթվող ու վերամշակվող կենդանուն, որի ամբողջ նյութն է օգտագործվում:

Իմ կարծիքով, ռուսականի շահերի ծիրում պատերազմ նախատեսված չէ: Ընթանալու է տարածքի դանդաղ հայազրկում՝ վերջնականապես այն զիջելով, որպես մանրադրամ ներկայացնելով Թուրքիա-Ադրբեջան տանդեմին՝ այլ  հատվածներում զիջումներ կորզելու համար:

Սրանում ոչ մի անսպասելի բան չկա: Ցանկացած ուժ միջազգային արենայում գործում է մեծագույն ցինիզմով և հենց նույն սկզբունքներով: Եւ ռուսները որևէ մեկից վատը կամ ավելի վատը չեն:

4. Ամերիկացիներն արդեն իսկ կորցրել են իրենց գլոբալ գեոքաղաքական տեսլականը՝ այն զիջելով տեղային, հատվածային, ժամանակավոր դրվածքները մի կերպ պահելու խնդիրներին:

Կոնկրետ մեր ռեգիոնում դրանք ամբողջապես զիջված են Իսրայելին, և Իսրայելն է ռեգիոնալ բոլոր նախաձեռնությունների հեղինակը: Եթե մանրամասն դիտարկենք կատարվողը, ապա կտեսնենք, որ միակ երկիրը, որը կատարվողից իր համար դրական արդյունքներ է գրանցում, Իսրայելն է:

5. Իրանը պաշտպանողական կեղցվածքի մեջ է, որովհետև Իսրայելը նրա դեմ է կենտրոնացրել իր միջազգային ողջ լոբբիստական կարողությունները և նպատակամղված գնում է պատերազմի սանձազերծման՝ Իրանի դեմ (թե ինչու պատերազմ, դա մեծ  խոսակցության նյութ է, որը սույն հոդվածի շրջանակներից դուրս է):

6. Եվրոպան ծանր ներքին պրոբլեմների մեջ է, ներկայում չի դրսևորում որևէ լուրջ արտաքին հավակնություն: Եւ չի էլ կարող, որովհետև ինքը միացյալ քաղաքական սուբյեկտ չէ: Փոխարենը փորձում է կողմնորոշվել, թե ինչպես լուծի իր ծերացող աշխատուժի թարմացման հարցը, գոնե մասնակիորեն մերժելով մահմեդականության հետագա աճն իր տարածքում:

Եւ այդ ծիրում արդեն նկատվում է մի անսպասելի միտում: Եվրոպան ևս շահագրգիռ է դառնում Հայաստանի ներքին և արտաքին տապալմանը, արտագաղթի պատրաստ հայերին դիտելով որպես ներկրման արժանի  քրիստոնյաների:

Փաստորեն, գալիս ենք այն համոզման, որ ներկայում, իր ինքնակամ թուլության պատճառով,  իր ոչ-սուբյեկտայնությամբ Հայաստանը որպես պետություն չի կարող նույնիսկ տեսականորեն դաշնակից ունենալ՝ բոլոր արտաքին սուբյեկտներն են շահագրգիռ (որոշ վերապահումներով, բացի Իրանից) նրա դանդաղ մահվան մեջ:

Հետևաբար, այսօրվա՝ ոչ-սուբյեկտային Հայաստան պետության արտաքին կողմնորոշումների հարցը մեզանից փաստորեն կախված չէ: Եւ Ռուսաստան, կամ Եվրոպա, կամ Արևմուտք քաղաքական կողմնորոշման հարցերը արհեստածին են ու անիմաստ:

Դիտարկենք, թե որ արտաքին գործոնները կարող են այս ահագնացող դրվածքները շեղել:

Միակ դրական, բայց և դեռ զուտ տեսականորեն հնարավոր գործոնը, որը ես կարող եմ նշել, հնարավոր քրդական պետության ստեղծումն է նաև թուրքական տարածքների հաշվին, որը սահմանակից կլինի Հայաստանին:

Այդպիսի պետությունը անմիջապես չի կարող մասնակից լինել Հայաստանի կործանմանը, որովհետև դա իրեն ձեռնտու չէ: Բայց և կմեծացնի Թուրքիա- Թուրան հեռավորությունը:

Քրդստանի ստեղծումը տեսականորեն ձեռնտու է շատ ու շատ արտաքին սուբյեկտների: Եւ ռուսներին, և Իսրայելին, և ԱՄՆ-ին, և Եվրոպային, և Չինաստանին (Չինաստանը խնդիր ունի ույգուրների հետ, որոնք էթնիկ թուրքեր են և թուրանի մաս լինելու հավակնություններ կարող են ունենալ): Ես Քրդստանի ստեղծմանը դեմ որևէ երկիր չեմ տեսնում, բացի թուրքերից (Իրանն էլ մի գուցե գնա որոշ զիջումների, իր մասնատումը կանխելու նպատակով):

Իսկ քանի դեռ Քրդստանը չի ստեղծվել, մենք պետք է մտածենք ներքին ռեսուրսների հաշվին փրկվելու մասին:

Կա՞ն արդյոք ներքին գործոններ, միջոցներ, քայլեր, որոնք կարող են կանխել Հայաստանի կործանումը: Տեսականորեն ես այդպիսիք կարող եմ թվարկել, բայց գործնականում, այդ ամենի հավանականությունը 100 տոկոս չէ:

ա. Եթե օլիգարխիան ինքնակամ զիջի իր դիրքերը քաղաքացիական իշխանություններին, համաձայնվի համագործակցել նրա հետ և գործի օրենքի շրջանակներում: Այսինքն, ստեղծվի իրապես ազգային համաձայնության կառավարություն, որը արտակարգ իրավիճակի ռեժիմով երկիրը կարգի կգցի:

Սրան հասնելու առաջին քայլը պետք է լինի տնտեսական թալանի ամնիստիան- ներումը, որը դժվար պատկերացնելի է և կասկածելի օլիգարխիայի համար: Նրանք գիտեն, որ թալանն ուղեկցվել է բազմաթիվ սպանություններով, և դժվար հավատան, որ գործը կկանգնի միայն տնտեսականի վրա: Եթե քրեական հանցագործությունների համապարփակ ներում ևս արվի, ապա մի գուցե այսպիսի քայլի հնարավորություն-հավանականությունը, իմ գնահատմամբ, դառնա մոտ 10-20 տոկոս:

բ. Քաղաքացիական պատերազմով իշխանությունը վերցվի օլիգարխիայի ձեռքից. սրա հավանականությունը 0,1 տոկոսից ավել չէ:

գ. Սերժը, Ռոբերտը, Լեւոնը համաձայնվում են իրենց թիմերով երկիրը հանել էս վիճակից. Հավանականությունն իմ կարծիքով բացարձակ զրո է:

դ. Քաղաքացիական այլընտրանքային կառուցներ են ձևավորվում, հանրությունը համախմբվում է դրանց շուրջը, իշխանությունները ևս, տեսնելով որ երկիրը գնում է կործանման և իրենք են լինելու հազարամյակների պատմության ժողովրդի ու նրա երկրի տապալման մեղավորը, ստիպված վերադասավորվում են, գնում են սկզբունքային զիջումների, և հիմնովին փոխում են իրենց գործելաոճը:

Նրանք պահում են իրենց դիրքերը որպես պաշտոնյաներ, բայց ստիպված են լինելու բոլոր հարցերում հաշվի նստել ալտերնատիվ կառույցների հետ: Սրա հավանականությունը ես դիտարկում եմ որպես 40-50 տոկոս:

Ես այսպիսին եմ տեսնում մեր ներկա խնդիրները:

Պարզ է, որ հիմա ռուսական, կամ եվրոպական կողմնորոշման խնդիր չունենք: Մենք պետականությունը փրկելու անհապաղ խնդիր ունենք, որի դեմ են դրսում, և որի դեմ են ներսում՝ մի շատ փոքր շերտ տգետներ, չտեսներ ու  դեգեներատներ:

Ողբերգական ընթացք է, որին շարունակում ենք անլուրջ մոտենալ:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes