Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Բոյկոտ

19 Դեկտեմբերի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Առաջիկա ընտրություններին վերաբերմունքի՝ մասնավորապես բոյկոտի կապակցությամբ տարակարծություն է նկատվում:

Բոյկոտի կողմնակիցների մի մասը գտնում է, որ բոյկոտն իմաստալից կլինի միայն այն դեպքում, եթե այն իրացվի ակտիվ, ցուցադրական, հրապարակային ձևերով: Նրանք բոյկոտը տեսնում են որպես մանիֆեստ իշխանության դեմ, որը կոնկրետ ինչ որ հարց կլուծի: Բայց թե ինչպես՞, այդ հարցի պատասխանը չունեն:

Եւ այդ նպատակով, նրանք առաջարկում են անպայման գնալ տեղամաս, հավաքվել, բողոքել, պատռել թվեաթերթիկները, կամ անվավեր դարձնել դրանք: Նրանք հույս ունեն, որ նման պայքարը կնկատվի ոչ միայն դրսի, այլ նաև իշխանությունների կողմից, և նրանք ստիպված կլինեն հաշվի նստել  բոյկոտի հետ:

Երկրորդ ուղղությունը Սարդարապատ շարժման որդեգրածն է, որն ըստ հրապարակված դիրքորոշումների, բոյկոտում է ընտրությունները, սակայն, միաժամանակ ընտրությունների պլատֆորմն օգտագործելու է այլտերնատիվ հանրային կառույցների կերտման համար:

Իմ հասկացածով, Սարդարապատի համար նշանակություն չունի բոյկոտի արտաքին տեսքը, դա իրենց համար երկրորդական է: Իրենք այլ նպատակային գործեր են տեսնում և դա են անելու:

Ես ողջունում եմ նման մոտեցումը և հնարավորինս կսատարեմ այդ կեցվածքին և դրան տանող գործնականին:

Բայց և անհրաժեշտ եմ համարում, որ մենք համակողմանի հասկանանք բոյկոտի իրացման տարբեր ձևերի իմաստն ու բերելիք արդյունքները:

21 տարվա խորացող պետական բեսպրեդելն ու 17 տարվա ընտրական կեղծիքների մեքենան այնքան է այլասերվել ու այլասերել շրջապատը, որ ներկա փուլում ընտրություններին մասնակցության ճանապարհով իշխանություն վերցնելու, կամ նրա վրա ներազդելու խնդիրն առհասարակ անիմաստ է քննարկել:

Երկիրն ամբողջապես  գտնվում է օլիգարխիայի ու նրա հենարանների ձեռքերում և լիովին վերահսկվում է ամեն մի քայլափոխի:

Նման տոտալ, անօրեն և ուժայինների ներգրավվածությամբ «կառավարելիության» պայմաններում հանրությունը չի կարող ճակատային որևէ մարտով, նույնիսկ ջախջախիչ հաղթանակով հաջողության հասնել: Երեկոյան մութն ընկնելուն պես, էկրաններին կհայտնվի մեկն ու կհայտարարի, որ՝ 100 տոկոս էլ հավաքեք, մենք ձեզ իշխանություն չենք տալու: Եթե ընդիմությունը հանկարծ ինչ որ հրաշքով հեռուստատեսությունը վերցրած լինի, այդ հայտարարությունը, մեկ է, տանկերով կարվի:

Մի խոսքով, մենք շատ ծանր վիճակի մեջ ենք և պետք է գիտակցենք ու ընդունենք այս իրողությունը:

Նաև պետք է իմանանք, որ այս վիճակը մեկ կամ մի քանի մարդկանցով չէ պայմանավորված, այլ արդեն առկա են հանրային շերտերի հակադիր շահեր:

Այլ երկրները, որոնք թաթախված են եղել քաղաքացիական պատերազմի մեջ, դրան են գնացել ոչ թե ինչ որ մեկի քմահաճույքով, այլ հանրության բավական մեծ հատվածների շահերի օբյեկտիվ բախման արդյունքում:

Մարտի մեկը մենք գնահատում ենք որպես սրիկայություն, հանցագործություն, ստորություն, «ոչ հայություն», բայց երբևէ այն չենք քննարկել որպես քաղաքացիական պատերազմի դրսևորում:

Իրականում այն քաղաքացիական հակամարտություն էր՝ հարուստ, դրության տերը դարձած կրիմինալ զինված խավի և անզեն ու իր շահերը անպաշտպան թողած շերտերի միջև:

Զինվածները լավ էլ գիտակցված կրակեցին և արյուն հեղեցին, որպեսզի շարունակեն պահել իրենց դիրքերը:

Մենք դիտարկում ենք միայն հրաման տվողին ու կրակողին՝ որպես քրեական հանցագործների, իրականում դրան մասնակից է եղել իշխանություններին ձայն տվողների բավական մեծ հատված: Այն հատվածը, որը մեծ պաշտոնյա է, կամ մեծ սեփականատեր, արտոնյալ է՝ կամ գողական, կամ այլ մոտիվներով  շահագռգիռ և իր մեծ շահն ունի ներկա ռեժիմից:

Սպասվելիք ընտրություններին էլ կլինի մի հատված, որն իշխանամետ է և հատված՝ որը կրակող է: Քանի դեռ լուծումներ չենք տեսնում կրակողի դեմն առնելու, որևէ խոսակցություն՝ խաղաղ ճանապարհով իշխանություն վերցնելու մասին, լուրջ չէ:

Հետևաբար, փորձենք հասկանալ, թե առաջիկա ընտրություներին մասնակցության տարբեր ձևերը ինչ կտան մեզ:

Ես չեմ քննարկում որևէ ընդդիմադիր թեկնածուի հետ հույսեր փայփայելը, նրա համար քվեարկելը, որովհետև դրա մեխանիզմը հայտնի է 95 թվից և միարժեքորեն պարտություն է ենթադրում:

Հետևաբար, այլընտրանքները ընդամենը 3-ն են:

1. «Ակտիվ» բոյկոտը, 2. Սարդարապատի՝ ալտերնատիվ իշխանական կառույցներ կերտելու ուղին

3. «Պասիվ» բոյկոտը:

Արդեն հայտնել եմ իմ կարծիքը Սարդարապատի ուղու մասին, և թող այն առավել մանրամասն մեկնաբանեն Սարդարապատի պատասխանատուները:

Գանք բուն բոյկոտի տարբերակներին:

Ինչպես ասվեց, ներկայում օլիգարխիան է երկրի տերը: Կոնկրետ որևէ օլիգարխ իհարկե չունի լիարժեք իշխանություն, բայց ժողովի, հավաքույթի,  համագումարին ներկա ահարկու նախագահության տեսքով, ու իր միջնադարյան զորախմբերով այն միացյալ է, կա ու հիմա անպարտելի է: 

Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդականով կարող է հանրությունը տեղաշարժել, կամ  զիջումներ պարտադրել կրակող ու համախմբված օլիգարխիային:

Ընդունենք բոլորի համար աքսիոմատիկ մի ելակետ, որ ցանկացած մասնակցության ու բոյկոտի դեպքում, միևնույն է, իշխանությունները նկարելու են իրենց ուզած թվերը: Հետևաբար, խնդիրը ոչ թե վերջնական արդյունքն է, այլ հակամարտող կողմերի վերադիրքավորումը:

Ակտիվ բոյկոտը տեսականորեն նույն՝ ընտրությանը մասնակցելու դասական տարբերակն է: Ինչպես մինչև հիմա ընդդիմությունը մասնակցել է ու պարտվել, նույնն էլ կլինի ակտիվ բոյկոտի դեպքում:

Քանի որ ակտիվ բոյկոտողն ինքնաբավ չէ, նա ընտրություններից հետո իշխանություններից պահանջում է կապիտուլյացիայի, կամ հանցագործության  խոստովանություն: Իշխանություններն էլ, իհարկե չեն անում, և ամեն ինչ վերադառնում է ելման կետի:

Ցանկացած իշխանություն ինչ որ մի տեսակի Չէ է: Եւ ոչ մի իշխանություն չի կարող իր «Չէ»-ն հենց այնպես զիջել, դարձնել «Հա»:

Ինչպե՞ս կարող է կեղծիքի վրա հիմնված իշխանությունը վկայական, կամ  թուղթ տալ հանրությանը, թե ինքը սխալ է, կամ ինքը պարտված է: Եթե տվեց այդ «թուղթը», ուրեմն ինքն այլևս իշխանություն չէ:

Հետևաբար, ակտիվ բոյկոտն իրականում հին մեխանիզմ է, և ի սկզբանե  պարտության տանող:

Քանի դեռ մենք պետք է համակարգին խնդրենք, կամ ապացուցենք, որ մենք էս ենք, էն ենք, շատ ենք, հաղթող ենք, միտինգ ենք, միահամուռ ենք ու ցանկացած այլ տիպի ենք, համակարգը թքած է ունենալու մեզ վրա: Այն շարունակելու է մակաբուծել և մեր տերն է մնալու:

2008-ի միտինգը կարծում էր, որ եթե մեկ միլիոն մասնակցի, ապա ավտոմատ իշխանությունն իրենը կլինի: Դա տգիտություն էր: Նույնիսկ 7-8 միլիոն ամբողջ հայությունը եթե գար, կանգներ հրապարակում, ասեր ես եմ տերը, իրական իշխանությունը իրենը չէր լինի:

Իշխանությունը իրական-ֆիզիկական է: Պետք է իրոք քո ձեռքում այն ունենաս: Իշխանության մեջ են նրա բոլոր կառույցները, գործիքները, շենքերը, բանակը, ուժայինները, պաշտոնյաները: Իշխանություն ունենալ նշանակում է այդ ամենի լիակատար վերահսկումն ունենալ:

Մեր պես կրիմինալի հասած երկրում, ուր մերժված է ամեն մի բարոյականը, ինչպե՞ս ենք տեսնում ընտրություններով պարտության ընդունումը:

Հիմա տեսնենք, թե ինչի կհանգեցնի «պասսիվ» բոյկոտը:

Երկրի վիճակն իրականում պայմանավորված է իշխանություններ- հանրություն իրական, խորքային, ֆորմալ ու ոչ ֆորմալ  հարաբերություններով:

Շատերը կարծում են, որ ցանկացած պարագայում իշխանությունները թքած ունեն հանրության վրա: Բայց դա այդպես չէ: Իշխանությունները թքած ունեն ենթակա, համակերպված, զսպված, վախեցած, ենթարկվող հանրության վրա: Բայց ագրեսիվ, իր իրավունքները հասկացած և իշխանությանը բանի տեղ չդնող հանրության հետ այն հաշվի չնստել չի կարող:

5000-ով ձայները գնող, վախեցնելով ընտրեցնող, մահացածների ու բացակաների փոխարեն քվեարկող իշխանությունները շատ էլ լավ գիտեն, թե իր ձայներն ինչ ձայներ են:

Երբեք այդ ձայների մեջ մեծամասնություն չի կազմել իշխանություններին բանի տեղ չդնող, ազատ, ինքնուրույն ու նրանից չվախեցող մարդը:

Խնդիրն այդ կեցվածքի մարդուն քաղաքական հրապարակ բերելն է ու նրան հաշվեկշռի մեջ դնելը:

Մինչև հիմա իշխանությունները  գիտեն, որ ասենք ձայների 40 տոկոսը ընդիմության շեֆի ձեռքի տակ եղած ձայներ են, որոնցով շախմատ կխաղանք ու ֆուկ կանենք: Մի 20 տոկոսը սեփական ձայներ են, մի 20 տոկոս 5000-նոց, մի 20 տոկոս էլ ասենք մեռած ձայներ:

Այսպիսի հարաբերությունների դեպքում ի՞նչ կտա ակտիվ բոյկոտը:

Հայտնի է, որ մասսայական գործողությունների գնալիս հաշվի են առնում նրա ամենաթույլ մասնակիցների ունակությունները, տրամադրությունները: Այսինքն, այն մինիմումը, որին բոլորն են ընդունակ, այլ ոչ թե առաջնորդների ու մի քանի ակտիվիստների մաքսիմումը կամ «ինքնազոհությունը»:

Ըստ եղած նախանշանների, ակտիվ բոյկոտի ընդունակ կլինեն ընտրողների մի չնչին մասը միայն: Արդյունքում միգուցե ակտիվ բոյկոտն արտաքնապես տեսք  ունենա, բայց նրա իրական ծավալը կլինի չնչին: Եւ պարզ է, որ իշխանությունները կկուտակեն բավարար փաստեր՝ հիմնավորելու, որ բոյկոտը չնչին է եղել:

Իսկ ի՞նչ կունենաք պասիվ բոյկոտի դեպքում, երբ ամեն մեկն այն կարող է իրացնել առանց «վտանգվելու» և հենց սկզբից երևակվելու: Իհարկե, իշխանությունը կգրի, որ 100 տոկոս իրեն են ձայն տվել, բայց և բոլորն էլ կիմանան,  որ առաջվա առնվազն 40 տոկոս ընդդիմադիր ձայները սպառված չեն, այլ իրենց տերերի մոտ են:

Այն փաստարկը, թե իբր չմասնակցելով մենք ավելի մեծ շանսեր կտանք իշխանություններին կեղծելու համար՝  սին են: Մենք մեկ-մեկուկես  միլիոն պակաս մարդ ունենք  երկրում: Իշխանություններն այնքան կքվեարկեն, ինչքան պետք է՝ անկախ իրական մասնակցությունից:

Բայց և պասիվ բոյկոտից հետո, երբ ընդիմադիր, քաղաքացի դարձած մարդու  ձայների տերն այլևս ընդդիմադիր երկխոսող չէ, իշխանությունը չի կարող  նախկինի պես շարունակել  իր բեսպրեդելը: Ամեն քայլափոխի չընտրած մարդը նրա երեսին է նետելու, որ կոնկրետ ինքը չի ընտրել:

Եւ ամենակարևորը՝ բոյկոտի ցուցադրումը ոչ մեկին պետք չէ, այլ պետք է հենց  իրեն՝ բոյկոտողին: Թե այն ինչ արտաքին տեսքով կլինի, դա նշանակություն չունի: Ամեն մեկի բոյկոտը դա աշխարհայացքային նոր վերակերտում է, որի համար ոչ մեկին ցուցադրվել պետք չէ:

Կարևորն այն է, որ բոյկոտողն իմանա, որ իր ձայնը չի յուրացվել, չի վաճառվել, չի մսխվել և դեռ իր մոտ է: Որ ինքը որպես քաղաքացի կատարել է իր պարտքը՝ մերժել է եղածը: Որ չէ ասելով հենց ինքն է դարձել իշխանության կրող:

Չընտրած, բոյկոտած մարդը հոգեբանորեն այլևս կախյալ չէ, իշխանության ենթական չէ:

Եւ դա շոշափելի է լինելու: Ամեն իշխանավոր դա տեսնելու և զգալու է իր մաշկի վրա՝ հաջորդ իսկ օրվանից:

Հեղափոխությունները, ցանկացած նորույթներն առաջին հերթին սկսվում են հոգեբանական վերակերտումներից: Պասիվ բոյկոտին մասնակցությունը հենց այդ կարգի հեղափոխությանը մասնակից լինելուն է վերաբերում:

Պասիվ բոյկոտն է այն առաջին քայլը, որը կտանի յուրաքանչյուրի ազատությանը: Ով կհասկանա ու կվերցնի ազատության իր բաժինը, վեր կկանգնի համակարգից՝ և դրանով իսկ կնսեմացնի համակարգը:

Մարդն ազատ է, երբ ինքն է գիտակցում իր ազատությունը, այլ ոչ թե ուրիշի   ողորմածությամբ ու թույլատրածով է ազատ:

Պասիվ բայկոտը քաղաքացի է կերտելու, իսկ ակտիվ բոյկոտը եղած նոսր ակտիվ շերտի նույն հին պարտությունն է տանելու:

Որպես նեգատիվ, ակտիվ բոյկոտը նաև աշխույժ քաղաքական միջավայրի տպավորություն է ստեղծելու, որն այս իշխանություների փրկարար օղակը կլինի:

Հայաստանում հիմա չկա ընդդիմություն: Եւ պասիվ բոյկոտը շատ ավելի հիմնարար ելքի շանս է, քան չեղած ու երկխոսող ընդիմությունը, փոքր ռեսուրսներով կրակողի դեմ պայքարող քաղաքացին:

Սա է պասիվ բոյկոտ-ակտիվ բոյկոտ երկընտրանքների սկզբունքային տարբերությունը:

Եթե այս երկու մոտեցումների նուրբ, բայց սկզբունքային-խորքային  տարբերությունները չհասկացվեն ու համառությամբ  իբր ակտիվ բոյկոտի գնանք, ապա այն հաստատ նոր հոգեբանական պարտության է բերելու, որը  վերջնականապես կկործանի Հայաստանը:

Բոյկոտը հասունանում է: Խնդիրն այն է, որ այն չհասունանա որպես անհուսություն, որպես հետևանք, որպես անելանելիություն, այլ որպես գործուն միջոց, որպես գիտակցված դիրքորոշում, որպես այլընտրանք՝ եղած բոլոր վայրիվերումներին ու պարտություններին:

Չի կարելի իշխանություններին շանսեր տալ նոր խաղեր հնարելու: Պետք է նստել տանը ու թեյ կամ սուրճ խմել, նարդի կամ շախմատ խաղալ, երեխա կերակրել կամ վիճել ում հետ որ դա մշտապես արվում է: Բայց ոչ մի դեպքում չի կարելի տեղամաս գնալ:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes