Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Մեզ «մի օր պետք եկող» տականքը

8 Դեկտեմբերի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Բռնապետություն-օլիգարխիա-կռիշանոց. Որտեղ ենք մենք և դեպի ուր ենք գնում

Սովետից հետո լիահույս էինք, որ հաստատ գնալու ենք ժողովրդավարության: Չէ որ սովետը պարտվել էր ոչ ժողովրդավար լինելու պատճառով, և մեր ապագան իհարկե միարժեքորեն անամպ ժողովրդավարությունը պետք է լիներ:

Թե ոնց եկանք այս օրին, դա քննարկվել է հազարավոր անգամներ՝ չկրկնվեմ: Բայց լրջորեն չի քննարկվել, թե որտեղ ենք մենք հիմա, ինչ վիճակ է երկրում և  ուր է այն տանում:

Ըստ եղած արտաքին նշանների, իբր օլիգարխիա է: Բայց և յուրօրինակ:

Բոլոր օլիգարխիկ երկրներում էլ օլիգարխիան քիչ առնչություն ունի  պետական արտաքին հարցերի հետ: Նրան հետաքրքրում են հիմնականում  ներքին կայուն այլանդակ դրվածքները, որ իր քսակն անվտանգ լինի և  վիճակն էլ՝ հավերժական:

Բայց, մյուս կողմից էլ, առանց արտաքին ապահովության պետություն չի կարող գոյություն ունենալ աշխարհում:

Չնայած այս տարրական պահանջին, մեր օլիգարխիան, որը կլանել է ողջ իշխանությունը, իրենից բացարձակ է հեռացրել արտաքին որևէ ֆունկցիա: Այն միայն ու միայն գզվռտոցի մեջ է՝ իրար մեջ ու հանրության դեմ:

Նախագահ-թագավորն է, որն իբր իրագործում է արտաքին ֆունկցիաները, բայց նա էլ, ներսում դիմանալու համար, պարտավոր է ևս օլիգարխ լինել ու հետ չմնալ մյուսներից՝ թե գզվռտոցի ու թե մեջ-մեջ անելու հարցերում:

Արդյունքում Հայաստանը հրաժարվել է արտաքին սուբյեկտայնության «գլխացավանքներից» ու այն զիջել ռուսին, թուրքին, եվրոպացուն ու ամերիկացուն, նույնիսկ վրացուն:

Ներքին մեծապատիվ գզվռտոցի հրապույրը անկախության առաջին իսկ օրվանից է այս կամ այն չափով գրավել նախագահներին: Եւ նրանք բոլորն էլ ձգտել են բաց չթողնել «քաջ նազար» լինելու շանսը:

Առաջին նախագահի՝ դեսը կամ դենը կանգնող տղերքը չարդարացրին նրա հույսերը: Հակառակը՝ ընդվզեցին ու իրենց ձեռքը վերցրին իշխանությունը, գաղափար իսկ չունենալով, թե ինչ է դա:

Երկրորդը հասցրեց շրջապատի ականջներն էլ ոլորել ու դառնալ ամենամեծ օլիգարխը: Բայց վրա հասավ ժամանակային եվրոստանդարտին ենթարկվելու  պահանջը, և նա էլ հրաժեշտ տվեց «արքայությանը»:

Երրորդի թափը չհերիքեց ականջ ոլորելու, որովհետև բացի իր մանիպուլյատիվ գործելաոճի բնույթից, նաև  աննախադեպ կոլորիտով եղբայր ուներ, որը և հոգեբանական բեռ էր, և ծաղրուծանակ, և մյուս կողմից էլ՝ իբր անհրաժեշտ պահակ-օլիգարխացու:

Ի վերջո, գլխավոր օլիգարխ-թագավորի մոտ պապենական-ներողամտականը հաղթեց, և մենք մտանք անտերանոցի փուլ՝ իհարկե անունը դնելով օլիգարխիա:

Եկեք տեսնենք, թե ինչ օլիգարխիա է մեզանում եղածը:

Նախ շեշտենք, որ չկա որևէ տարբերություն օլիգարխ ասած անձերի միջև: Նույն տգետ, ինքնագոհ, ինքնասիրահարվածներն են՝ շրջապատված միջնադարյան թիկնազորերով: Եւ բոլորն էլ զբաղված են բացեիբաց, անթաքույց լկտի մակաբուծությամբ-թալանով:

Եթե բռնապետը գոնե լիիրավ իշխանություն է, և այն հավերժացնելու գործելաոճ ու գաղափարախոսություն, ապա օլիգարխը միայն ու միայն  մակաբույծ է, որը խորշում է իշխանական պատասխանատվությունից՝ գերադասելով երկրորդականությունը, կռիշի տակ ապահով իր «գործը» շարունակելը:

Բռնապետը արյունարբու կամք է, օլիգարխը՝ անինքնասեր ճարպկություն:

Բռնապետը հոգ է տանում իր ողջ ունեցվածքի, երկրի արտաքին գոնե տեսքի ու մինիմալ պաշտպանողականության համար: Օլիգարխը թքած ունի երկրի էլ, հայրենիքի էլ ու ցանկացած այլ արժեքի վրա: Նրա միակ հոգսը իր փողերի աճն է: Թե ինչ հողի վրա, ինչ սկզբունքերով ու ինչ գնով դա կարվի, անիմաստ հարց է նրա համար:

Երկրի, պետության համար օլիգարխիան ամենակործանարար դրվածքն է, որի դեմը չառնելու դեպքում այն անխուսափելի կործանման է տանում երկիրը:

Ինչպես ասվեց, մենք ոչ թե պարզապես օլիգարխիկ ենք, այլ դրա ամենաչարորակ տարատեսակն ենք՝ զուրկ որևէ ներքին ու արտաքին կապանքներից, սկզբունքերից, նպատակներից ու մարդկային տրամաբանությունից:

Այսպիսի ընթացքը շատ ավելի հարմար է բակտերիալ աճի օրենքներով նկարագրելը, քան մարդկային-հանրայինի օրինաչափություններով:

Օրինակ, հայտնի է, որ բակտերիալ միջավայրում բակտերիաների գաղութը շարունակում է աճել ու բազմանալ մինչև 2 սահմանային պայմաններից որևէ մեկի վրա հասնելը. 1. երբ վերջանում են սննդի պաշարները, եւ 2-րդ՝ բակտերիալ աճի արտաթորանքները կենսաբանորեն՝ հետադարձ այնքան թունավոր են դառնում նրա համար, որ բակտերիան ուղղակի ֆիզիկապես է ոչնչանում է իր իսկ կերտած միջավայրում:

Մեզանում արդեն 2 վերջնական փուլերի նախանշաններն էլ առկա են: Ուղղակի տարբերությունն այն է, որ օլիգարխը բակտերիայի պես ֆիզիկապես չի ոչնչանալու: Ավելին, նա արդեն իսկ տեղափոխել է իր հարստությունը երկրից դուրս, և նվազագույն իսկ վտանգի դեպքում մենք այլևս չենք տեսնի այդ տիպին՝ ոչ միայն  Հայաստանում, այլև դրսում ևս: Նա կունենա նոր անուն, նոր քաղաքացիություն  ու նոր արտաքին նկարագիր:

Ասվածից գալիս ենք 2 ծանր հետևության.

1. Հայաստանը գնում է կործանման:

2. Կործանողը ոչ թե արտաքին թշնամին է, այլ ներքին՝ հանրային թուլությունը, որը հանդուրժում է մի քանիսի մակաբուծությունն իր վրա:

Շեշտում եմ, որ ոչ թե օլիգարխն է մեղավորը, այլ օլիգարխ հանդուրժող մեր արժեքայինը, աշխարհայացքը, հոգեբանությունը, և հարակից այլ դրվածքները:

Որո՞նք են ելքերը:

Լուսաբանենք ասելիքը մի կարծեցյալ օրինակի վրա: Ենթադրենք, թե առավոտյան արթնանում ենք, ու օլիգարխները հրաշքով վերացած են: Ի՞նչ կանենք մենք:

Իհարկե, նոր իշխանություն կկերտենք, քանի որ դատարկ տեղ է, բա չանե՞նք:

Բայց և համաձայնենք, որ կստեղծենք մի նոր օլիգարխիա, ավելի անորակ ու ապաշնորհ, ավելի աչքածակ ու տգետ անհատներով ու գործող անձանցով: Եւ այդպես կանենք ոչ թե որ հիմար ենք, այլ որովհետև մեր արժեքայինում չկա կուռ օբյեկտիվություն՝ հանդեպ մեզ, հանդեպ մեր մերձավորն ու մեր ընկերը:

Մեր բարեկամ տականքը մեր աչքին իհարկե տականք է (էն էլ ինչ տականք), բայց «օգտակար» տականք է, մեզ մի օր պետք եկող տականք: Եւ հենց այդ՝ տականքի մի օր պետք գալու փիլիսոփայություն-գիտակցությունն է, որ ամեն անգամ մեզ ստիպում է այսօր արդեն նրան հանդուրժել:

Ավելին՝ մենք առաջ ենք քաշում, օգնում, օժանդակում հենց դրանց՝ «բաշարողներին», ովքեր «կբաշարեն» նաև մեզ «փրկել» նեղ օրին:

Փաստորեն, ըստ եղած նախանշանների, բռնապետացու չկա, որը բոլորից բարձրանա, բռունցքով իր կամքը հաստատի, երկիրն իրենով անի ու դրանով բոլորին մի քիչ զգաստություն պարտադրի:

Ժողովրդավարության էլ հույսն իսկ չի կարող լինել, որովհետև ԽԾԲ-ով ապրելու, մշտապես «փրկվելու»՝ այս համատարած մարմաջի  պայմաններում ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել:

Ցանկացած ընտրություն կկեղծվի ոնց այսօր է: Ցանկացած նոր դատավոր կզանգի շեֆին, որ հարցնի, թե ոնց դատի: Ցանկացած գիտխորհուրդ դոկտորի աստիճան կտա իր մորաքրոջ տգետ տղային/աղջկան: Ցանկացած պաշտոնյա իր բարեկամին կազատի բանակից, մաքսային հարկից ու կալանքից:

Հետևաբար, ստեղծված անտերանոց-կռիշանոցից ելքերը խիստ մշուշապատ են: Ես տեսնում եմ 3 ուղի.

1. Ինքնաթողի էսպես էլ կգնանք պետականության կորստի:

2. Շատ ավելի փոքր հավանականությամբ, կհայտնվի բռնապետ և ժամանակավորապես, կամ սկզբունքորեն կփոխի վիճակը:

3. Ավելի փոքր հավանականությամբ քան 2-րդը, մի փոքր խումբ մարդիկ՝ մեթոդական նոր մոտեցումներով, կկարողանան մնացածին ցույց տալ նոր սկզբունքերով առաջ շարժվելու հնարավորությունը և դրանով բյուրեղացման կենտրոն կդառնան: Պրոցեսը կծավալվի, բավարար ուժ կհավաքի՝ իր կամքը պարտադրելու թե իշխանություններին և թե հանրությանը:

3-րդ տարբերակը, ինչպես տեսնում ենք, Մաշտոցի պուրակի պրոցեսային-մեթոդական տարբերակն է, որը նախագահական ընտրությունների ու հայ «քաղաքական երևելի դեմքերի» ավանդական խաղերի հետ կապված, ներկայում հետին պլան է մղված:

Իմ նախորդ հոդվածներով ես առաջարկել էի բոյկոտի տարբերակով հանրային վերադիրքավորման հնարավորության մասին: Ընդունելի և իմաստալից էի համարել նաև բազմաթիվ թեկնածուներով՝ հանրային թիմով  մասնակցությունն ընտրարշավին և նրանց բոլորի համաձայնեցված բոյկոտի հեռանկարը:

Նաև երկլեզու կոչով հանդես էի եկել ֆեյսբուքյան իմ էջում՝ այդ նպատակով համահայկական (և սփյուռքում, և հայրենիքում) գումարահավաքի մասին: Գումարի հավաքի առումով արձագանքը զրոյական է:

Անձնապես գալիս եմ այն համոզման, որ մենք ազգովի պատրաստ չենք մեզ սպասվող մարտահրավերներին: Մենք խուսափում ենք նախապես կանխագուշակել և ձևակերպել խնդիրները, մեթոդապես ձև գտնել դրանք հաղթահարելու համար:

Մենք նույն տրամաբանությամբ պարտվել ենք 1915-ին՝ ամբողջ պատմական հայրենիքով մեկ: 88-ին՝ Սումգայիթում, հետո Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում: Օրինակները բազում են: Երևի մեր ողջ պատմության ընթացքում նույն ոճն է եղել:

Հիմա եմ հասկանում, թե ինչու:

Մեզանում շատ են ծանծաղամիտ ու կիսագրագետ, բայց և հանրության աչքին վստահելի թվացող անհատները, ովքեր վտանգn ահազանգողին պիտակելով ի չիք են դարձնում սպասվելիքին դիմագրավման փորձերն իսկ:

Իհարկե, շարքային մարդուն շատ ավելի հաճելի է լսել, որ վտանգը չկա, որ ոչ մի բան էլ պետք չէ անել, որ անհանգստության կարիքն իսկ չկա:

Ես ինքս բազմիցս հանդիպել եմ այդ տիպին, որը զրոյական անալիտիկ ունակությունների տեր լինելով հանդերձ, նախատել է, թե իմ ասածները խուճապայնություն են պարունակում իրենց մեջ:

Ժամանակին այդպիսիներին ասում էի` կապրենք, կտեսնենք: Ապրեցինք ու եկանք հասանք այս վիճակին:

Նրանց մի մասը դարձավ փողատեր, և երևի դրա համար էր իմ ասածն իրեն ոչ ձեռնտու: Մի մասը հեռացավ երկրից ու այլևս տեղեկություն չունեմ իրենից: Բայց մի մասն էլ դեռ կա, նույն տգետն է, նույն «անշտապն» ու անկենդան -հավերժը:

Որևէ հույս չունեմ, որ 3-րդ սցենարը իրոք հասու է մեզ և իրագործելի:

Երևի կգտնվեն մարդիկ, ովքեր օլիգարխիկ կռիշանոցին իրենց կամքը պարտադրելու փոխարեն նորից նրանից ինչ որ բաներ կմուրան:

Կլինեն մարդիկ, ովքեր ազնվորեն, կամ անազնվորեն կառաջադրվեն նախագահացու:

Կլինեն մարդիկ, ովքեր իրոք, գիտակցված կփորձեն նոր Մաշտոցի պուրակի մարտավարություն մատուցել հանրությանը և իշխանություններին: Այս ամենն իրենց գործն է:

Իմ գործն էլ ես եմ շարունակելու: Փորձելու եմ ասել տեսած-ընկալած- հասկացածս, և դրան համապատասխան մեթոդական ելքերը:

Խնդրանքս ընթերցողին. Հայաստանը ճգնաժամից հանողն անհատների մի խումբ է լինելու և ոչ թե «փրկիչ»: Հանրության խնդիրն է «թացը չորից ջոկելը» և հենց  այդ խմբին, այդ տեսակին, այդ նորը բերողներին տեսնելն ու սատարելը:

Մի հավատացեք փրկչի: Ով էլ լինի, այդ մեկը պարտվելու է ախպերականին, տականքին, նրա վարձու ջոկատներին:

Միայն աներևույթ առաջնորդով թիմն է, որ Հայաստանը կհանի այս ցեխից:

Մի վարանեք թիմին էլ հարցնել՝ թե ինչպես, ոնց, ինչու: Առաջին պատասխանից հետո էլի հարցրեք ու էլի ու էլի, մինչև վերջին ՈՆՑԸ-ը՝ հարցրեք: Եւ եթե դուրներդ կգան այդ ՈՆՑ-երը, կհավատաք այդ ՈՆՑ-երի ձևերին, տրամաբանությանն ու արդյունավետությանը, ապա կանգնեք նրանց կողքին, դարձեք նրանց թիմակիցը՝ բոլորիս համար արժանապատիվ ապագա կերտելու գործում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes