Քաղաքական ամեն պահ ունի իր հիմնական խնդիրը, հիմնական իմաստը, հիմնական ձևն ու մեթոդը:
Ինչպես պայքարի տարբեր ձևերում, երբ ուժերը կենտրոնանում են ինչ որ մի կետի, տարածքի, սկզբունքային հարցի վրա ու խիստ որոշակի ձևով (ասենք շախմատում ինչ որ դաշտը տիրելու շուրջը, կամ էլ ռազմի դաշտում ինչ որ մի բարցունքի, առավելության տիրելը և այլն), այդպես էլ Հայաստանյան քաղաքական պայքարի մեջ միշտ եղել են այդպիսի սկզբունքային, հիմնարար ու հարց լուծող կետեր, պահեր, դաշտեր:
Ներկա պահին ևս կա այդպիսի կիզակետային խնդիր, և դա սպասվող նախագահական ընտրություններն են:
Կիզակետային հարցի գոյության և նրա հաղթահարման տեսական ու մեթոդական հաղթահարման ձևերի խնդիրը հայ քաղաքական մտքի ամենաաղոտ մասն է:
Մեր առաջին՝ 1988-ի ընդիմությունն ինքն առանձին քաղաքական խնդիր չէր ձևակերպել, այլ ուղղակի ռեակտիվ մտայնությամբ սատարում էր Ղարաբաղ սուբյեկտի հայտը՝ Ադրբեջան և Սովետական իշխանություններ սուբյեկտների հանդեպ:
Ադրբեջանն ու կենտկոմը քայլեր էին անում՝ մենք արձագանքում էինք: Հետագայում էլ Ադրբեջանը սկսեց պատերազմը՝ մենք պաշտպանվեցինք:
Եթե քայլ առ քայլ դիտարկենք անցած 24 տարիները, ապա կտեսնենք, որ ընդամենը մի քանի բացառություններով, մենք երբևէ նախաձեռնող չենք եղել, այլ արել ենք միայն ու միայն պարտադրված քայլեր:
Այսօր էլ հայկական ընդիմությունը նույն մեթոդաբանության վրա է: Իշխանությունները որևէ նախաձեռնող «վատություն» են անում, կամ էլ իշխանավորը մի այլանդակություն, հանցանք է գործում, և նոր միայն ընդիմությունն ու հանրությունն արձագանքում են:
Առաջընթաց, կանխարգելիչ, նախաձեռնող քայլերը մեր մտահորիզոնից դուրս են:
Զարմանալի է, որ միջպետական ռեակտիվությունը (հիշենք հայկական իշխանությունների արտաքին և ներքին քաղաքական անճարակությունների ամեն մի դրվագը՝ վերջին 24 տարիներին) տեղափոխվեց ներհայկական քաղաքական դաշտ, փաստորեն առանց փոփոխությունների:
Այստեղ էլ դրության տերը դառավ նախաձեռնող տիպը: Եւ քանի որ «կրթված» քաղաքական այրերի մոտ բացակայում էր նման մոտեցումների նույնիսկ գիտակցումը, մեջտեղ եկան ու դրության տեր դառան ներկա օլիգարխներն ու ախպերականը՝ իրենց «շուստրիությամբ:
Ընդհանրացնելով և փոքր ինչ մոդելավորելով կարելի պնդել, որ ներկա ընդիմության և ողջ հանրության հիմնական քաղաքական թուլությունը դա ռեակտիվ վարքն է: Այսինքն, միայն արձագանքելը (այն էլ ոչ ադեկվատ) և ոչ նախաձեռնող լինելը:
Գալով ներկա պահի կիզակետային՝ նախագահական ընտրությունների խնդրին, մտովի հիշենք դրանց պատմությունը և ֆիքսենք թե հիմա ինչ ռեակտիվ մտայնություններ կան ասպարեզում:
Սկսած 1995-ից բոլոր հայկական ընտրությունները կեղծվել են ավելի ու ավելի հստակ, քիչ բռի, և ավելի հուսալի մեխանիզմներով: Բայց և ամեն սպասվող ընտրությունից առաջ ընդիմությունը մեջտեղ է եկել և համոզել ընտրողին, թե ժողովուրդ ջան, էս մի անգամ հավատացեք՝ մենք հաղթելու ենք, եկեք ինձ ընտրեք:
Հանրությունն էլ այլ ելք չտեսնելով գնացել է, նորից պարտվել ու շարունակել հեռանալ երկրից:
Մի փոքր բացառություն կա 2008-ի հաշվով: Մարդիկ մտածեցին, հավատացին, որ Լեվոնը գիտի՝ թե ով-ով է ու կկարողանա հաղթահարել իր իսկ բուծած «գործիչներին»: Նրան ներվեցին ընտրազեղծարարի ներգարավումն ու հաղթանակներ ապահոված գործիչի ախք-ացումը: Ներվեց նույնիսկ մանվել- մանվել կանչը, և հետագայում էլ մարտի 1-ին տանը նստած՝ գործերին հեռուստացույցով հետևելը, բայց անարդյունք:
Ես փոքր հույս ունեմ, որ ներումների այս շարքով ավարտվելու է մեր կեսդարյա ազգային մեծ ողբերգության՝ Հայաստանի հայաթափման ու հանրությանը դեգրադացնող այս վայրընթացը:
Մենք անցել ենք «խելք հավաքելու» համար անհրաժեշտ բոլոր դժբախտությունների միջով և հիմա պահն է եզրակացություններ անելու:
Ով և ինչու է գնում 2013-ի նախագահական ընտրություններին՝ որպես ընդիմադիր թեկնածու, որպես այդ թեկնածուի ակտիվ կողմնակից և ով՝ որպես ընտրող:
Որո՞նք են սպասելիքները, որն է խաղը և ամենակարևորը՝ ո՞րն է այդ խաղի գինը:
Ո՞վ չգիտի, որ ամենագեշ ու զազրելի մեթոդներով կեղծվելու են ընտրությունները: Ո՞վ չգիտի, որ կաշառքն ու կեղծիքը գործելու են բոլոր փուլերում՝ կեղծ թեկնածուների առաջադրումից սկսած, վերջացրած ընտրատեղամասում խիստ կարիքավորներին ու «ըմբոստներին» 5000-ական բաժանելով:
Եթե բոլորս էլ ամեն ինչ գիտենք, ապա էս ի՞նչ ենք անում: Ինչո՞ւ ենք խաղում այս նվաստացուցիչ, ապականող, երկիր ու մարդ ավիրող խաղը: Որ ինչ որ մի անարժան մի ամիս իրեն որպես ֆիգուր պատկերացնի՞: Որ մի կիսատ- պռատի մեկը դրա կողքին որպես դեմք ֆռֆռա՞:
Ես հենց սա չեմ կարողանում հասկանալ:
Լավ, «դեմք» կոչվածներն անում են՝ հասկանալի է: Որոշները մեծ փող են սարքում, որոշները նարցիստիկ են, որոշները հրաման են կատարում, մի գուցե այլ ստոր մոտիվներ էլ կան: Բայց ինչու է մարդկանց 80 տոկոսը, որը հաստատ, էդ 5000-ով, կամ իշխանության վերընտրմամբ չի բարգավաճելու, մասնակցում այս ոճրին:
Կարծում եմ, որ հիմնական պատճառը քաղաքագիտական տգիտությունն է: Եւ հենց այդ տգիտությունն է պատճառը, որ ռեակտիվ վարք ու մտածելակերպ ունենք բոլոր հարցերում:
Իսկ ներկա պահի քաղաքագիտական տգիտութունն էլ այն է, որ որպես ընդիմադիր չենք հասկանում, որ չի կարելի մարտը վարել ամբողջ ճակատով՝ անտեսելով կիզակետային դաշտն ու կիզակետային սկզբունքը:
Միայն մեկ անգամ՝ Մաշտոցի պուրակի խնդրում, մարդկանց շատ փոքր խումբը կարողացավ մեթոդական նոր մոտեցմամբ մտնել խաղադաշտ, և իշխանությունները տեղի տվեցին, որովհետև մեթոդապես էին անզեն նոր մոտեցմանը:
Բայց հաջորդ իսկ պահին մենք հրաժարվեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել: Մաշտոցի պուրակի մեթոդական փորձը մոռացվեց, ու նորից անցանք իշխանություններից պահանջելուն-խնդրելուն՝ նեմեց պատժել խնդրելուն, դատավորների ձեռառնոցին հանդուրժելուն և այլն:
Պարզաբանեմ, որ չնայած ֆորմալ ձևակերպումներին, Մաշտոցի պուրակում ՉԷՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ, այնտեղ իշխանություններին ԹՈՒՅԼ ՉԷՐ ՏՐՎՈՒՄ անել իրենց ուզածը:
Սա սկզբունքային տարբերություն է: Դատարանից արդարություն պահանջելը և ինչ որ բան իշխանություններին անել չթույլատրելը հակառակ բևեռներ են: Ինչ որ է, գանք նախագահական ընտրություններին:
Եթե գիտենք, որ դրանք կեղծվելու են, ապա ինչու հենց այսօրվանից բոլորովս քայլեր չենք ձեռնարկում դրա դեմն առնելու և ավելին՝ հանրությանը ծառայեցնելու համար: Ասենք նրան կրթելու, նոր որակի, քաղաքացիական նոր մակարդակի բերելու համար:
Սպասվող կեղծիքը կանխել չենք կարող, բայց հո կարող ենք ընդդիմադիր ցանկացած թեկնածուի կարճ ու կոնկրետ՝ հիմիկվանից ասել-բացատրել, որ հարգելիս, եթե քեզ առաջադրեցիր, կամ էլ «առաջարկեցին» և դու «համաձայնվեցիր», մասնակցեցիր այս կեղտոտ խաղին, ապա պետության, ազգի ու ժողովրդի դավաճան ես:
Ապացուցիր, որ հաղթելու ես, գանք ազգովի քեզ ձայն տանք, բայց եթե դու ոչ մի շանս չունես, ինչու ես մասնակցում բլեֆին, ինչու ես լեգիտիմացնում էս իշխանություններին, որոնք կես ժողովուրդ են արտաքսել երկրից ու արագորեն քանդում են այն: Սա այն հարցն է, որին ոչ մի թեկնածու ու նրան սատարող՝ պատասխան չունի:
Այսինքն մեթոդական առումով արդեն իսկ հաղթանակի տանող մոտեցում է սա:
Իսկ որն է քայլը, որով հնարավոր է իրեն խողովակի տեղ դրած այդ ընդիմադիր թեկնածուին կարգի հրավիրել:
Հենց այս հոդվածը այդ կարգի մի քայլ է: Հաջորդ քայլերով էլ կարելի է քննարկել համազգային բոյկոտի խնդիրները, և եթե նման մոտեցման գան այլ մարդիկ էլ, մասնակցեն խնդրի քննարկմանը, տարածմանը, ապա կգոյանա հանրային մի ստվար շերտ, որը իրոք առաջադրվող թեկնածուներին դավաճանությունն ավելի տեսանելի, շոշոփելի ու հրապարակային կդարձնի, նրանց կպարտադրի դուրս գալ խաղից և բոյկոտն էլ կապահովի:
Պարզ է, որ հենց այս պահին, այս տողերը կարդացողների մեծ մասը կմտածի, թե մեկ է, առաջադրվողն առաջադրվելու է, կեղծողը -կեղծելու, ես ոչ մի բան էլ չեմ կարող փոխել եղած դրվածքներում, հետևաբար խոսելն էլ ավելորդ է:
Այ սա այն խնդիրներից է, որի մասին հենց ասելիքս է: Մարդիկ նախորդ փորձերի հուսահատական արդյունքների մեջ են ու ոչ մի կերպ չեն պատկերացնում, որ դա ոչ միայն փորձանք է եղել, այլ կարող է նաև ուսումնառության աղբյուր ծառայել:
Եւ այս հնարավորությունը հանրությանը բացատրելու, տեղ հասցնելու խնդիրը քաղաքական այրերի խնդիրն է, որը նրանք կուրորեն շարունակում են չտեսնել:
Հարց լուծելու իրավունքի տեր դառնալու համար մարդը պետք է ինքն իր կամքը կարողանա թելադրել հակառակորդին: Պարզեցնեմ՝ ՈՉ ԹԵ ԽՆԴՐԵԼ հակառակորդից, ԱՅԼ ԹԵԼԱԴՐԵԼ նրան:
Ներկա քաղաքական պահի ամենակարևոր թելադրանքի հնարավորությունը դա գալիք նախագահական ընտրություները բոյկոտելն է:
Չմասնակցելն ինքնին և վերաբերմունք է և գործ: Դու ցույց տուր քեզ հենց դրանով: Ոչ թե ձայնդ սպառիր սխալ, կեղծ կամ անհույս թեկնածուի վրա, այլ պահիր այն քո մոտ 5 տարի, և ամեն մի մեջտեղ ընկածին, որը երբևէ կխոսի պետության անունից, կամ քո դեմ, դեմ արա իրեն, որ ինքնակոչ է, հանցագործ ու ուզուրպատոր:
Մի կարծիր, թե իշխանական էս խղճուկ հավաքածուն ունակ է ցանկացած վերաբերմունքի պայմաններում գոյություն ունենալու: Դրանք վախից հիմա արդեն թիկնապահ բանակների պաշտպանության տակ են տանից դուրս գալիս: Նման ոչ-ընտրություններից հետո կընկնեն հոգեկան խանգարումների մեջ էլ, որովհետև գիտեն, որ ցանկացած հայ, ներառյալ նաև իր գրպանի հույսին եղած հաստագլուխը, ատում է իրեն:
Հաջորդ քաղաքագիտական տգիտությունը՝ դա լայն ֆրոնտով պայքարի գնալն է, այսինքն վստահություն-մտայնությունը, թե էս էլ կանենք, էս էլ ի նկատի կունենանք, էս էլ է կարևոր: Այսինքն եղած ուժերի փոշիացումն ու մարդկանց ապակողմնորոշումը:
Եթե կա գլխավոր կիզակետային դաշտ, խնդիր, ապա չի կարելի որևէ այլ հարցի մասին նույնիսկ խոսել, կամ մտքում ունենալ: Ռեսուրսներն այնքան սուղ են, որ նրանք պետք է տրամադրվեն միայն գերագույն ճակատին- որը, ներկա պահին, ԲՈՅԿՈՏՆ է:
Ես կարծում, եմ, որ բոյկոտը կարելի է նույնիսկ ճոխացնել մի էլեգանտ քայլով: Շատ լավ գիտակցելով, որ ոչ մի շանս չունեն, 2-3 կին կարող են ինքնառաջադրվել, և հանրության հավաքած գումարներով մասնակցել ընտրարշավին: Բազմաթիվ անգամներ նրանք կգնան իրար դեմ/հետ դեբատների, կքննարկեն ամենատարբեր հարցեր, և դրանով կkրթեն մարդկանց, ցույց կտան իրենց ու եղած տղամարդկանց վիհային տարբերությունները:
Բայց և նրանց օգտին քվեարկությունը ևս պետք է ենթարկվի գլոբալ բոյկոտի: Եթե նրանցից որևէ մեկը հանդգնեց իր օգտին ձայն խնդրել, ապա նրան էլ պետք է համարել որպես ներդրված ու ոճրագործ խաղի մասնակից:
Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ հիմա կան նման որակների մի քանի կանայք, ովքեր կարող են գնալ նման քայլի: Դա կլինի նաև տիրող գենդերային անհավասարության, հանրային զառամյալ մտածելակերպերի և հետամնացության դեմ՝ այս պահի համար խիստ կարևոր դեմարշ-մանիֆեստ:
Եկեք չլայնացնենք ու չկազմաքանդենք քաղաքացիական պայքարի ճակատը ու թվացյալի ետևից չգնանք: Կա կոնկրետ խնդիր, որն այս պահին ամենակարևոր ու ամենահարմարն է՝ յուրաքանչյուրիս իրավունքի տեր, սուբյեկտ, հարց որոշող դառնալու խնդիրը:
Հիշենք՝ ամեն պահի կա միայն մեկ խնդիր: Ձևակերպենք դրա մեթոդական անելիքը, հետևողական անենք միայն դա և հաղթանակը չի ուշանա:
Եթե այս մոտեցումը իրապես հասկացվի ներկա երևելիների կողմից, մատուցվի հանրությանը, լայնորեն քարոզվի ու տարածվի, ապա եղած օլիգարխիկ բեսպրեդելից հետք չի մնա շատ կարճ ժամանակում:
Հիշենք, որ կեղծիքի պայմաններում ընտրության մասնակցելը համագործակցություն է իշխանությունների հետ: Եu թող ամեն մեկն իրեն հենց այս հարցը տա՝ թե արդյոք իրապես հենց դա է ուզում: