Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Քաղաքական ուժեր կոչվող ֆարսը

30 Սեպտեմբերի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Քաղաքացիակա՞ն, թե կուսակցական

Հայկական էլիտար կյանքի մաս դարձած այս հարցն օրակարգում է և պատասխան է պահանջում:

Կուսակցականներն ունեն իրենց անբեկանելի պատասխանը՝ առհասարակ չկա որևէ քաղաքացիական՝ այն կամ արդեն քաղաքական է, կամ էլ քաղաքական է դառնալու հաջորդ վայրկյանին:

Քաղաքացիականներն էլ խուսափում են հարցի պատասխանից, քանի որ իրենց իրական գործը թողած՝ ընկղմվելու են անիմաստ ու անհեռանկար տեսական ու փակուղի տանող վիճաբանությունների մեջ:

Քանի որ ես բացակա եմ թե կուսակցական և թե քաղաքացիական կազմերից, ինձ իրավունք եմ վերապահում քննարկել հարցը, բացել փակագծերն ու պարզություն տալ խնդրին:

Իրականում կուսակցական մոտեցումը միջնորդավորված է քաղաքականով, և հետևաբար 3 հարց կա քննարկելու.

1. որն է քաղաքականը
2. որն է կուսակցականը
3. Որն է քաղաքացիականը

Ըստ դասական և ավանդական դոգմաների, քաղաքական են պետության ղեկավարման և դրվածքների ասպարեզի բոլոր խնդիրները, մասնակից անձերի, պաշտոնյաների և գործիչների գործունեությունը և նրանց նկատմամբ վերաբերմունքի խնդիրները:

Քաղաքականի հիմնական մաս են կազմում իշխանություն ձևավորելու ձևերը, սկզբունքներն ու մեթոդները և այդ գործունեության բոլոր դաշտերը: Քաղաքական է նաև մասնավոր անձանց վերաբերմունքը հանդեպ հրապարակային – պետական դեմքերը:

Ո՞րն է կուսակցականությունը: Այն քաղաքական պրոցեսին մասնակցելու կառուցվածքային ձև է, որը թույլ է տալիս հրապարակում եղած մոտեցումների ու գաղափարախոսությունների դասակարգման, պարզեցման, միջինացման ու հստակեցման շնորհիվ պակասեցնել պետության կառավարմանը հավակնող մասնակից սուբյեկտների քանակը և դրանով օգնել մարդկանց կողմնորոշվելու ընտրության պահին: Մյուս կողմից էլ, համախոհների ու սատարողների կուտակման շնորհիվ, կուսակցության լիդերներն էֆեկտիվորեն կենտրոնացնում, բազմապատկում են ուժերն իշխանության համար մղվող ընտրական պայքարում:

Պառլամենտում ներկայացված կուսակցությունները, իրացնելով իրենց գաղափարականը, կերտում են այն օրենսդրական դաշտը, որը կապահովի իրենց ենթադրած ապագան:

Ի հակադրություն կուսակցականի, ամենօրյա քաղաքացիականի նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ եղած իշխանություններին ստիպելը, պարտավորեցնելը, որ հենց եղած կազմով, հենց այս պահին իրացվեն պահանջվող փոփոխությունները:

Հետևաբար, միարժեքորեն պարզ է, որ քաղաքացիական պայքարը և գործնականում, և մոտեցումների, և ժամանակային առանցքի առումով քիչ առնչություն ունի կուսակցությունների՝ իշխանության համար մղվող պայքարի հետ:

Միգուցե լուծելիք խնդիրների ցանկի ու ձևերի առումով, պառլամենտական կուսակցությունների՝ բարձրացված խնդրին վերաբերմունքի առումով ու երկրորդական դրսևորումներով նրանց գործունեության դաշտերը համատեղելիության ինչ որ հատվածներ ունեն, բայց իրականում նրանց տարբերությունները սկզբունքային են:

Քաղաքականի մասնակից կուսակցություները կարող են գնալ փոխադարձ վերադասավորումների, մտքափոխումների, դավաճանությունների, գործարքների ու «բազառների», որի ականատեսն ենք արդեն 22 տարի:

Իսկ քաղաքացիականը զուրկ է նման հնարավորություններից: Այն չունի կենտրոնաձիգ կառուցվածք և ցանկացած զիջողականություն, անսկզբունքայնություն, կամ ոչ հրապարակային գործարք իսկույն կդադարեցնի նպատակի իրագործումը, և շարժումն ինքնըստինքյան կմարի:

Բացի այդ, քաղաքացիականը ամեն դեպքում ունի իր կոնկրետ կիզակետային խնդիրը, որով և նա տվյալ պահին ապրում, գործում և հարաբերվում է իշխանություների ու հանրության հետ:

Իսկ կուսակցականը, միշտ լինելով հրապարակի վրա, իրականում չունի որևէ հրատապ լուծելիք խնդիր, և եթե ընդդիմադիր է, ապա զբաղված է իշխանական սխալների փաստագրմամբ, որը կարող է օգտագործել որպես խաղաքարտ միայն հաջորդ ընտրություններին:

Այս հակիրճ բնութագրականներից հետո տեսնենք, թե ինչ վիճակ է Հայաստանում քաղաքականի, քաղաքացիականի ու կուսակցականի առումով, և ում արածն ու չարածն ինչի է արժանի:

Այս խնդիրը քննարկելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է հայկական ներկա պետությունը, որի շուրջ ծավալվում է կուսակցականների ու քաղաքացիականների վեճը:

Հայկական պետությունը սեփականություն է, և ի տարբերություն ժողովրդավարական երկրների, մեր պետությունը ոչ թե հանրության լայն շերտերի, այլ սահմանափակ թվով իշխանավոր-օլիգարխների ու նրանց սպասարկուների սեփականությունն է: Ապացույցներն ակնհայտ են և ամեն քայլափոխի:

Եւ որպես հետևանք՝ գործ ունենք բազմաթիվ կեղծ գործընթացների, լոզունգների ու սկզբունքների հետ:

Օրինակ, իրականում դեկլարատիվ են, կամ խիստ ասիմետրիկ են գործում պետական կարգ ու կանոնի ու ուժային մարմինները: Դեգրադացված ու սկզբունքայնությունից դուրս են կրթական, սոցիակալան ապահովման, և մնացած երևի բոլոր բնագավառներն ու դրանց գերատեսչությունները:

Այ էս պետությունը, որի իշխանություն կոչվածն արդեն 17 տարի միայն ընտրական կեղծիքով է վերարտադրվում, կարգի գցելու խնդիրն է իրականում կուսակցականների ու քաղաքացիականների «վեճի» առարկան:

Իհարկե, իմ համակրանքը քաղաքացիականների կողմն է: Որովհետև 1996-ի հետընտրական ջախջախումից հետո, Հայաստանում կուսակցականության խնդիրներն իրականում վերացած են:

Ընտրությունների հետ կապված միշտ էլ հայտնվել են ինչ որ մարդիկ ու միտինգներ են արել: Բայց խաղաղ միտինգ անելու արվեստը կապ չունի կուսակցականության և իշխանություն վերցնելու խնդրի հետ:

Ընտրությունների նախաշեմին իշխանամետ կուսակցություններն ընդամենը իշխանական նախընտրական մոբիլիոզացիոն շտաբներ են: Իսկ միջընտրական ժամանակահատվածում՝ երկիր հոշոտող թայֆաներ:

Քիչ այլ է պատկերը ընդդիմադիրների դեպքում: Սրանք էլ գոյություն ունեն միայն ու միայն սին պատրանքների ու խաբեության, մարդկանց անմար լավատեսության ու հույսերի հաշվին:

Ներկա կուսակցությունները, անկախ նրանց ընդդիմադիր լինելուց, իրենց գոյությամբ իսկ շղարշում են Հայաստանում կատարվող մարդկային հոգիների ահավոր սպանդը, իսկ իրականում գենոցիդը:

Ամեն 4-5 տարին մեկ ընտրություն կոչված խեղկատակությանը կուսակցությունների մասնակցությունն է նրանց պահում ջրի երեսին, դրանով իսկ այլասերելով հանրությանը և դատարկելով երկիրը:

Չլինեն այդ կուսակցությունները, իրականում լիարժեքորեն կբացահայտվի ընտրություն կոչված հայկական ֆարսը, և իշխանություները հնարավորություն չեն ունենա շարունակել երկրի ու ազգի կործանումը:

Բայց մյուս կողմից էլ, ոնց կարող է իր տգետ ու նախնադարյան ամբիցիաների գերի դարձած մեկը ազատ տեղը դատարկ թողնել: Նա կա ու կլինի, քան դեռ հանդուրժվում է հանրության կողմից:

Նախորդ «ընտրություններին» այն բոյկոտելու կոչերը խլացվեցին առաջին հերթին հենց ընդդիմադիր կոչվածների ջանքերով՝ մտացածին ցուցակներ կազմող այն մարդկանց ջանքերով, ովքեր այսօր մանդատից հրաժարվելով դեռ մտադիր են ֆարսեր անել որպես նախագահացու:

Ես տարբերություն չեմ տեսնում մոնոպոլ «բիզնեսով» միլիարդ թալանող օլիգարխ-հանցագործի ու շարունակաբար հանրություն մոլորեցնող քաղաքական գործչի միջև, որը համառորեն մի փոր հացի, կամ իր հիվանդագին փառամոլության համար քաղաքականություն է խաղում ոչ քաղաքական հայկական դաշտերում:

Սրան զուգահեռ, վերջերս մի լուսավոր բան է կատարվում երկրում: Հայտնվել է մարդկանց մի նոսր շերտ, որն իրեն երկրի տեր է համարում և իրապես պայքարում է երկիրը երկիր դարձնելու համար:

Նրանց քաղաքացիականը՝ բնապահպանի, քաղաքի, երկրի ու մշակութային հարցերով զգաստացածի, դեղին սաղարտով Մաշտոցի պուրակ ու երկիր ազատագրողի տեսքով աստիճանաբար կյանք է մտնում:

Եւ այս այլընտրանքային պայմաններում իրեն կուսակցական հորջորջողն այլևս իրավունք չունի պատնեշելու այս նոր երևույթը, հարցականի տակ դնելու նրա խնդիրներն ու գոյությունը:

Այո, նրանք քաղաքական չեն, քաղաքացիական են: Նրանք գործում են ամեն օր ու ամեն ժամ և ոչ թե ընտրությունից ընտրություն: Նրանք միտինգի թամաշայով չեն հետաքրքրացնում իրենց, այլ կոնկրետ արածով ու անելիքով:
Նրանք ամեն օր են ստիպում իշխանություններին անելու այն, ինչը կուսակցական միլիոնանոց միտինգը անընդունակ եղավ անելու, ներառյալ նույնիսկ մեկ զուգարան բացելը:

Ժողովրդավարությունն ունի երկու հանրային լծակներ: Մեկը պարբերական ընտրություններն են, որոնք ապահովում են նրա երկարաժամկետ կենսունակությունը, արդարամտությունը, զարգացումն ու մաքրությունը, և մյուսը քաղաքացիական ակտիվությունն է, որն ապահովում է ժողովրդավարականի միջընտրական, ամենօրյա, ամեն պահի ճշմարիտը, սկզբունքայինը, օրինականը, մարդկայինը:
Կուսակցականն ու ամեն պահի քաղաքացիականն իրար հետ մեծ հատումներ չունեն: Նորմալ երկրներում նրանք գործում են զուգահեռ: Կուսակցականը՝ ընտրություններին, քաղաքացիականը՝ և ընտրություններին, և միջընտրական ամեն պահի:

Ակնհայտ է, որ հայաստանյան ներկա իշխանությունների վրա ներգործության միակ ձևը դա քաղաքացիական մոտեցումներն են, ամենօրյա պայքարը՝ ըստ հանրային հնչեղության և ամենակարևորը՝ ըստ լուծելի խնդիրների:

Անհնար է կարգի հրավիրել օրինազանց, անձնական բանդա- բանակներով զինված ու հանցագործ իշխանությանը նրա սկզբունքային դաշտերում: Անկախ պահանջողի կշռից, եթե ֆիզիկապես անվտանգ է, իշխանությունը հարվածի տակ չի դնի իր հենարանին, իր կաշառակեր կամ հանցագործ դատավորին, դատախազին, մարդ հոշոտող գլխակերներին:

Բայց և ստիպված է հաշվի նստելու քաղաքացիականի պահանջին, եթե այն ուղղված է իշխանությանը այս պահին չտապալող տրամաբանականը, նորմալը, լուծելին անելուն:

Կուսակցականները պետք է ժամանակին ուժ, կամք ու պատասխանատվություն ունենային իրենց ձայն տվող միլիոններին մղելու անօրեն իշխանությունը հնարավոր միջոցներով տապալելու և այն վերցնելու: Նրանք բազմիցս են բաց թողել նման հնարավորությունները:

Եւ ոչ միայն չեն կատարել իրենց պարտադրված անելիքը, այլև արել են անհնարինը՝ պախարակել են իշխանության համար մղվող պայքարի մեթոդաբանության հիմնարար սկզբունքները՝ հիվանդագին հանդուրժողության քարոզով և կամազրկելով ամբողջ ազգին:

Ու մարդկանց առջև էլ արդարացրել են իրենց անճարակությունը՝ իբր ժողովրդավարության խաղաղ պայքարի ուղն ու ծուծին նվիրված լինելու սկզբունքայնությամբ:

Սա հայկական քաղաքական դաշտի ամենահիմնարար կեղծիքն է, որը խորտակելով ըմբոստ քաղաքացուն՝ քշեց նրան երկրից ու զուգահեռ էլ ծնեց ներկա այլասերված, վայրենի ու այլանդակ իշխանական ու քաղաքական դեմքերին:

Հայ կուսակցականերն իրենց գործած մեղքերի ու տգիտության պատճառով այլևս չունեն որևէ մենաշնորհ, և առավել ևս իրավունք՝ որևէ մեկին որևէ հարցում ուղղորդելու, քննարկելու, առավել ևս մեղադրելու կամ մերժելու:

Ես հույս ունեմ, որ հանրության և քաղաքացիական ակտիվության դաշտում գործող մարդկանց աստիճանական հասունացմանը զուգահեռ՝ ի վերջո քաղաքացիականը կստեղծի իր այլընտրանքային ստվերային կառույցները, և հայկական իշխանականը ստիպված կլինի ընթանալ մարդկայինի ու նորմալի հայտնի ուղիներով:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes